Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-ին գլխի վերնագրում «6.1» թիվը փոխարինել «5.1» թվով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:
«Գ Լ ՈՒ Խ 7
ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ
Հոդված 27. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը
1. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ)` գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:
2. Ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի, եթե նա Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության նույն վայրի հասցեով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
4. Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:
5. Խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ:
Հոդված 28. Խնամքի նպաստ նշանակելը եւ վճարելը
1. Խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:
2. Խնամքի նպաստը նշանակվում է.
1) խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո:
3. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է (սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված՝ վեց ամսյա ժամկետը հաշվարկվում է) այն ամսվա 1-ից, երբ շահառուն խնամքի արձակուրդի մեջ է եղել բոլոր գործատուների մոտ:
4. Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով նշանակվում է (սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված՝ վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
5. Խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդը ավարտվելը կամ սույն հոդվածով սահմանված՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
6. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը եւ որոշում է ընդունում՝ նշանակել խնամքի նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:
7. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):
8. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
9. Խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելն է:
10. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով նպաստ չի վճարվում:
11. Խնամքի նպաստը նաեւ վճարվում է ծնողի տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:
12. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
13. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:
14. Խնամքի նպաստ նշանակելու դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 28.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը եւ վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը եւ վերսկսելը, չվճարված նպաստի գումարը վճարելը
1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է.
1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում,
2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.
3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը դադարելու դեպքում.
4) խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որեւէ գործատուի մոտ խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում.
5) ծնողի աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդն ավարտվելու) կամ այլ գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու եւ ծառայություններ մատուցելու) դեպքում.
6) երեխայի եւ (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս եւ ավելի ժամկետով բացակայելու դեպքում.
7) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի եւ (կամ) ծնողի Հայաստանի Հանրապետությունում այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում (երբ ծնողը եւ երեխան հաշվառվում են բնակության տարբեր վայրերի հասցեներով).
8) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.
9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում, իսկ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ է կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.
10) երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում:
2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում նաեւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները:
3. Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է.
1) ծնողի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.
2) եթե խնամքի նպաստը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցամսյա ժամկետը լրանալու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3) ծնողին կամ նրա լիազորած անձին վեց ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ 6-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
4. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու դեպքում՝ եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով` դադարեցնելու օրվանից՝ բայց ոչ ավելի վաղ, քան կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (խնամքի արձակուրդում գտնվելու) օրվանից: Բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում նոր հիմունքներով, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է խնամքի նպաստ:
5. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է.
1) խնամքի նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով վերականգնվելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից.
2) խնամքի նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ ներկայացված դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է եւ խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:
6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստը վճարվում է դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող վեց ամսվա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք՝ մինչեւ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
7. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե նպաստը ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:
8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու եւ չվճարված խնամքի նպաստը վճարելու դիմումներ ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու եւ չվճարված խնամքի նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու, չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը տարածվում է այն դեպքերի վրա, երբ խնամքի նպաստը նշանակելու եւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը տարածքային բաժին է ներկայացվել 2016 թվականի հունվարի 1-ից հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն եւ վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները, ինչպես նաեւ վերացնել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած վրիպակը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Ներկայումս մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (այսուհետ` խնամքի նպաստ) վճարվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված` 2017 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարների վճարումը մեկ միասնական պետական մարմնի կողմից իրականացնելու վերաբերյալ դրույթը, նախատեսվում է, որ խնամքի նպաստը 2016 թվականի հունվարի 1-ից վճարվելու է սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից: Այս տեսանկյունից` նպատակահարմար է միասնականացնել խնամքի նպաստի եւ ծառայության կողմից վճարվող այլ դրամական վճարների նշանակմանն ու վճարմանն առնչվող հարաբերությունների կարգավորումը:
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-207-Ն օրենքով ներդրվեց մայրության նպաստի ինստիտուտը` չաշխատող մայրերի համար: Այդ նպատակով Օրենքը լրացվել է 6.1-ին գլխով, որը շարադրվել է 6-րդ գլխից հետո, այն դեպքում, երբ 5-րդ գլուխն ավարտվում է 23-րդ հոդվածով, 6-րդ գլուխը սկսվում է 24-րդ հոդվածով, ավարտվում` 26-րդ հոդվածով, 6.1-ին գլուխը բաղկացած է 23.1-ին եւ 23.2-րդ հոդվածներից: Այսինքն, ըստ հոդվածների համարակալման` 6.1-ին գլուխը պետք է շարադրված լիներ 5-րդ գլխից հետո եւ համարակալվեր 5.1:
1.2. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ եւ խնամքի նպաստին վերաբերող 7-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ, ինչպես նաեւ վերացնել Օրենքում տեղ գտած տեխնիկական վրիպակը:
2. Կարգավորման առարկան
Խնամքի նպաստի եւ ծառայության կողմից վճարվող այլ դրամական վճարների վճարմանն առնչվող հարաբերությունների նույնականացման նպատակով` նախագծով առաջարկվում է`
- որպես խնամքի իրավունք տվող պայման սահմանել ծնողի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն վայրի հասցեով հաշվառված լինելը (գործող օրենքով խնամքի նպաստի նշանակման գործընթացում տարածքային կենտրոնը ստուգում է նույն հասցեում հաշվառված լինելու տվյալի հավաստիությունը),
- հստակեցնել, որ խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ (գործող օրենքով դրույթը հայեցողական է` խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվում, եթե տեղեկատվությունը ներառված է համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական բազայում),
- սահմանել, որ խնամքի նպաստը հետադարձով վճարվում է խնամքի արձակուրդը սկսելու ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում, իսկ 6-ամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (գործող օրենքով նախատեսված է 12 ամիս),
- իրավակիրառական պրակտիկայից ելնելով` սահմանել, որ երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցո