Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1026-12.03.2025-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության մասին

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) ստորագրման համար բացվել է 1997 թ. ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել  1999 թ. դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2024 թ. մայիսի 16-ին:

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Օվիեդոյի կոնվենցիան միակ  իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում եւ՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, եւ՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Հայաստանի կողմից ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարեւոր նշանակություն ունի՝ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքները առողջապահության ոլորտում պաշտպանելու տեսանկյունից: Կոնվենցիայի վավերացումը ՀՀ կողմից կարեւորագույն վկայություն է առողջապահության ոլորտում ազգային օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխանության վերաբերյալ եւ դրական ազդեցություն կունենա ՀՀ միջազգային հեղինակության վրա:

Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի կողմից մշակված օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է եւ սահմանում է այնպիսի կարեւոր հարցերի կարգավորումներ, ինչպիսիք են` պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքը օրգանների եւ/կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում, գենետիկ ժառանգության պահպանումը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը, պտղի սեռի խտրական ընտրության արգլքը եւ այլն: Կոնվենցիան նաեւ հայտնի է որպես պացիենտների իրավունքների պաշտպանության եզակի իրավական փաստաթուղթ:

Կոնվենցիայի վավերացումն ընդգրկված է եղել դեռեւս ԵԽ-Հայաստան գործողությունների 2019-2022 թթ. ծրագրում, եւ այս համատեքստում ԵԽ-ն մեծապես աջակցել է ՀՀ իշխանություններին՝ Օվիեդոյի կոնվենցիան վավերացնելուն ուղղված ջանքերում, մասնավորապես՝  կենսաբժշկության մեջ իրավական նորմերը եւ իրավական պրակտիկան մարդու իրավունքների եւ էթիկայի եվրոպական չափանիշներին ավելի մոտեցնելու, ինչպես նաեւ իրավաբանների, առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում համապատասխան կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման հարցերում: Հարկ է նկատել ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում իրականացվող «HELP» դասընթացների կարեւորությունը՝ ուղղված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

ԵԽ-Հայաստան գործողությունների 2023-2026 թթ. ծրագրում կարեւորվել է ՀՀ-ի կողմից կոնվենցիային միանալու ջանքերը, անդրադարձ է կատարվել Առողջապահության նախարարության հետ կառուցողական համագործակցությանը՝ Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացման համատեքստում:

Հիմք ընդունելով Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կարեւորագույն սկզբունքները, ոլորտում ազգային օրենսդրության համապատասխանությունը Կոնվենցիայով ամրագրված դրույթներին,  Կոնվենցիայի վավերացման արդյունքում պացիենտների իրավունքների պաշտպանության հնարավոր բարելավումը` ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի կողմից Կոնվենցիայի վավերացումը:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝               ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիա) միջազգային իրավական միակ փաստաթուղթն է, որն անդրադառնում եւ ապահովում է կենսաբժշկության ոլորտում՝ բժշկական տեխնոլոգիաների առաջընթացին ու զարգացմանը զուգընթաց, մարդու իրավունքների պաշտպանությունը: Կոնվենցիային կից ընդունվել է 4 լրացուցիչ արձանագրություն:

Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրներից 37-ը ստորագրել են Կոնվենցիան, ուժի մեջ է մտել 30 պետության համար: Կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից ստորագրումն ու վավերացումն ընդգրկված է եղել ինչպես Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ., այնպես էլ ընթացիկ 2023-20206թթ. Գործողությունների ծրագրում:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999թ. դեկտեմբերի 1-ին:

Եվրոպայի խորհուրդը մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Կոնվենցիային միանալու ջանքերում, մասնավորապես՝ 2022թ. ՀՀ-ում ստեղծվել է Բժշկական էթիկայի կոմիտե, առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները՝ նպատակաուղղված կենսաբժշկության ոլորտի իրավական նորմերը եւ իրավական պրակտիկան մարդու իրավունքների եւ էթիկայի եվրոպական չափանիշներին ավելի մոտեցնելու, ինչպես նաեւ իրավաբանների, առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում համապատասխան կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացմանը: Հարկ է նկատել 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում շարունակվող ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» թեմայով «HELP» դասընթացների կարեւորությունը՝ ուղղված մարդու իրավունքների սկզբունքների վերաբերյալ կենսաբժշկության ոլորտում ներգրավված եւ առնչվող մասնագետների իրազեկվածության բարձրացմանը:

Վերոնշյալ միջոցների ձեռնարկման շնորհիվ՝ Հայաստանը Կոնվենցիան ստորագրել է 2024թ. մայիսի 16-ին Ստրասբուրգում՝ ԵԽ 133-րդ Նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության շրջանակում: Կոնվենցիան ստորագրելիս Հայաստանը վերապահում է ներկայացրել վերարտադրողական բժշկության ոլորտում երեխայի սեռի ընտրությունն արգելող Կոնվեցիայի 14-րդ հոդվածի առնչությամբ՝ հիմնավորելով, որ ՀՀ օրենսդրությունը նույն արգելքը նախատեսելով հանդերձ՝ բացառություն է կատարում այն դեպքերի համար, երբ, սեռով պայմանավորված, ժառանգական հիվանդության ռիսկ է առկա կամ ընտանիքում արդեն նույն սեռի երեք երեխաներ կան:

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիա)  ստորագրելու հաջորդ քայլը դրա վավերացումն է, եւ համաձայն 2021թ. վերլուծության, ՀՀ օրենսդրությունը, հիմնականում համապատասխանում է Կոնվենցիային՝ բացառությամբ որոշ օրենսդրական բացերի եւ անհամապատասխանությունների, վերջինիս վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է, որը միջազգային տիրույթում կնպաստի նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության դրական վարկանիշի շարունակական բարելավմանը:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ    ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայի (Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիա) (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է  1997թ. ապրիլի 4-ին-ին:

Հայաստանի Հանրապետութան կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2024թ. մայիսի 16-ին՝ վերապահումով:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ պետությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առնվազն չորս անդամ պետությունների կողմից 33-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները ստանձնելու մասին իրենց համաձայնությունն արտահայտելու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

2024թ. օգոստոսի 14-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրել է 37 պետություն, ուժի մեջ է մտել 30 պետության համար ( ցանկը կից ներկայացվում է ):

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ          ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1997Թ. ԱՊՐԻԼԻ 4-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիան պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող եւ նոր օրենքի ընդունում կամ օրենքի փոփոխություն նախատեսող դրույթներ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ համաձայն ստորեւ նշված 17-րդ եւ 20-րդ հոդվածների՝ համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի դեպքում միջամտությունը հնարավոր է՝ ելնելով բացառապես նրա ուղղակի շահից:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, եթե բացակայում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները: Նույն հոդվածի 5-րդ մասով օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում, եթե բժշկի կարծիքով բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, եւ պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, ապա բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկի կողմից: Սույն հոդվածը կարգավորում է բացառապես օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում բժշկական միջամտության թույլատրելիության նախապայմանները: Այսպիսով, թեեւ ՀՀ օրենսդրությունը կարգավորում է երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ բժշկական միջամտության համար համաձայնություն ստանալու կարգը եւ պայմանները, սակայն բավարար կերպով չի հստակեցնում, թե որ դեպքերում է համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի նկատմամբ բժշկական միջամտությունը թույլատրելի, մասնավորապես օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի ներկայության պայմաններում:

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական միջամտության վերաբերյալ բուժառուի նախկինում հայտնած ցանկությունները հաշվի են առնվում, եթե միջամտության պահին նա ի վիճակի չէ հայտնելու իր ցանկությունները: Այս կարգավորումը բացակայում է ՀՀ օրենսդրությունում:

Կոնվենցիայի 12-րդ հոդվածով սահմանված Գենետիկական թեստավորման կարգը եւ պայմանները, Կոնվենցիայի 13-րդ հոդվածով կարգավորվող մարդու գենոմի հետ կապված միջամտությունները Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն:

Կոնվենցիայի 5-րդ բաժնում սահմանվում են կենսաբժշկական հետազոտությունների ենթարկվող անձանց պաշտպանության պայմանները: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառում եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացում՝ Կառավարության սահմանած կարգով: Նույն հոդվածի    3-րդ մասի համաձայն մարդկանց բուժման նպատակով սույն հոդվածով նախատեսված հետազոտությունները եւ փորձարկումները կարող են իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում: Միեւնույն ժամանակ Կոնվենցիայի 16-րդ հոդվածով սահմանվում է մարդու նկատմամբ հետազոտություն իրականացնելու 5 նախապայման: Համապատասխան համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի նկատմամբ հետազոտություն իրականացնելու համար Կոնվենցիայի 17-րդ հոդվածով սահմանված են հավելյալ նախապայմաններ, որոնց առնչությամբ ՀՀ օրենսդրությունում կարգավորումները առկա չեն:

Միեւնույն ժամանակ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ Կոնվենցիայի 17-րդ հոդվածը կարող է խնդրահարույց լինել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:

Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելվում է օրգան կամ հյուսվածք վերցնելն այն անձից, որը չունի 5-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ համաձայնությունը տալու կարողություն: Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն, սահմանում է այն բացառիկ դեպքերը, երբ թույլատրելի է օրգան կամ հյուսվածք վերցնել անձից, ով չունի համապատասխան համաձայնությունը տալու կարողություն: Միեւնույն ժամանակ «Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որպես կենդանի դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլատրելիության նախապայման, սահմանում է դոնորի կողմից կամովին եւ գիտակցաբար տրված գրավոր համաձայնության առկայությունը: Սույն օրենքը չի սահմանում կամովին եւ գիտակցաբար տրված գրավոր համաձայնության պահանջի որեւիցե բացառություն: Այսպիսով, Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-րդ մասի եւ ՀՀ օրենսդրության միջեւ առկա է անհամապատասխանություն:

Կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն, եթե միջամտության արդյունքում վերցվում է մարդու մարմնի որեւէ մաս, ապա այն կարող է պահվել եւ օգտագործվել սկզբնական նպատակից տարբերվող այլ նպատակով միայն այն դեպքում, երբ դա արվում է տեղեկություններ տրամադրելու եւ համաձայնություն տալու պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կոնվենցիան ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝           ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» 1997թ. ապրիլի 4-ի կոնվենցիայում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» 1997թ. ապրիլի 4-ի կոնվենցիայում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ ԱԱ/10.2/20157-2024 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2024 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» 1997 թվականի ապրիլի 4-ի կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝     ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Առողջապահության նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն