Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-871-14.10.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության  «անձնագրին փոխարինող» բառերը փոխարինել «նույնականացման քարտը, անձնագրին փոխարինող» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ երկրորդ նախադասությամբ. «Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցելիս՝  նույնականացման քարտում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը չի ստուգվում, իսկ  նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:»։

2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Նշված օրենքի 2-րդ հոդվածի համաձայն  նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է:»: Միաժամանակ, օրենքը սահմանում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օրենքի անցումային դրույթներով սահմանվել է նաեւ՝

«Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչեւ դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաեւ նույնականացման քարտ, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` նշված օրենքով նախատեսված անձնագիր, եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նույնականացման քարտ եւ (կամ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիր, եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը` դակելուց հետո»:

Արդյունքում ստացվում է, որ նույնականացման քարտը հանդիսանում է անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ, որը տրվում է պետության կողմից եւ իր բովանդակային մասով լիարժեք փոխարինում է անձնագրին:

Սակայն, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն որպես ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ այն չի ճանաչվում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում: Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով` ներկայացնելով նաեւ ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը»:

Վերոհիշյալ իրավանորմերից ակնհայտ է դառնում, որ քաղաքացին իր ընտրական իրավունքն իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտի ներկայացմամբ, քանզի հնարավոր են իրավիճակներ, երբ անձն ուղղակի չի ունենա կամ անկարող է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը:

Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության` տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:

Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:

Ընտրել  եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն»:

Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ քաղաքացու ընտրական իրավունքները որպես սահմանադրական իրավունք չեն կարող սահմանափակվել, եթե վերջինս ներկայացնում է պետության կողմից ճանաչված եւ իրեն տրված իր անձը հաստատող միակ փաստաթուղթը` նույնականացման քարտը:

Հաշվի առնելով վերոգրյալը, նպատակ ունենալով ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ, սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ:

Միաժամանակ, նախատեսվում է, որ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում: