Հոդված 1. «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով եւ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով, փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարեկան ամփոփ ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում փոխհատուցման գումարը կարող է ստանալ նրա ժառանգը (ժառանգները):
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ ԺԱՌԱՆԳԻՆ (ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիների մահվան դեպքում, այդ իրավունքը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) փոխանցելու հանգամանքով` անկախ նրանից, թե փոխհատուցման ցուցակում հաշվառված, բայց մահացած ավանդատուի գումարը համապատասխան մարմին փոխանցվել է, թե ոչ: Կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ սահմանված ավանդների փոխհատուցման կարգի 29-րդ կետում ամրագրված է, որ «եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)»: Փաստորեն ըստ վերոգրյալ սահմանման փոխհատուցման ցուցակում ներառված ավանդատուի մահվան դեպքում ժառանգը(ժառանգները) կարող են ստանալ փոխհատուցման գումարը միայ այն դեպքում, երբ այդ գումարը փոխանցվել է համապատասխան մարմին: Այսինքն, եթե նախատեսված փոխհատուցման գումարը տեխնիկական կամ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ուշ փոխանցվի փոստային ծառայությանը, ապա մահացած ավանդատուի ժառանգները կզրկվեն փոխհատուցում ստանալու իրավունքից:Նկատի ունենալով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ նշված կարգով սահմանված նորմը ինչ որ չափ իր մեջ պարունակում է նաեւ կոռուպցիոն ռիսկեր, ուստի անհրաժեշտ է փոխհատուցման ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում, նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը տալ ժառանգներին` անկախ նրանից այդ գումարը համապատասխան մարմիններին փոխանցվել է, թե ոչ: