Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-876-21.10.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  54-րդ հոդվածը լրացնել 1.1 կետով.

«1.1 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոնների բացումը եւ փակումը ազդարարվում է Հայաստանի Հանրապետության օրհներգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
  

Հիմնավորում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Կարեւորելով համապետական ընտրությունները որպես երկրի համար կարեւորագույն ու վճռորոշ իրադարձություն առաջարկում եմ   «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարել լրացումներ, որոնց    համաձայն համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղամասային կենտրոնները պետք է բացվեն եւ փակվեն Հայաստանի Հանրապետության օրհներգով: Սույն օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է ընտրությունների մեկնարկին եւ ավարտին առավել պաշտոնական բնույթ հաղորդելու, դրանք առավել հանդիսավոր դարձնելու, տեղամասերում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորելու համար: Նման պրակտիկա կիրառվում է բազմաթիվ երկրներում, եւ արարողության հանդիսավորությունը էապես նպաստում է տվյալ իրադարձության համապատասխան ընկալմանը: