Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-385-18.11.2013,21.10.2015-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի  ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.2 մասով.

«3.2. Արգելվում է գովազդի հեռարձակման ժամանակ խախտել ձայնային ռեժիմի տատանման թույլատրելի մակարդակը։ Հեռարձակվող հաղորդումների ձայնային փոփոխությունների մակարդակը սահմանվում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված սանիտարական  նորմերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գովազդի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի հեռարձակման հետ կապված հնարավոր բացասական հետեւանքների նվազեցման պահանջով:

 Առաջարկվող օրենքի նախագծի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետությունում նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների տարեցտարի աճող տեմպերի կրճատմանը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2007-2011 թվականներին հանրապետությունում նկատվել է նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների աճ եւ որ ամենամտահոգիչն է՝ այդպիսի աճ նկատվել է նաեւ 0-14 տարիքային խմբի երեխաների մոտ (http://www.armstat.am/file/doc/99471458.pdf): Հարկ է նշել, որ երեխաների լսողական օրգանը շատ ավելի նուրբ եւ խոցելի է, քան մեծահասակներինը, հետեւաբար, գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ազդանշանների կտրուկ բարձրացումը ոչ միայն կարող է հանգեցնել սթրեսային հիվանդությունների առաջացման, այլեւ՝ լսողական օրգանների ֆունկցիոնալ խանգարման:

Գիտնականորեն հիմնավորված է, որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան-համակարգերի վրա (սրտանոթային, ստամոքսաաղիքային, հորմոնային): Հանկարծակի աղմուկը հանդիսանում է սթրես առաջացնող գործոններից մեկն:

Գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը ոչ միայն հանգեցնում է սթրեսի հակված անձանց մոտ մի շարք հիվանդությունների զարգացմանը, այլեւ՝ կարող կարող է խոչընդոտ հանդիսանալ արդեն իսկ սթրեսային հիվանդություններով տառապողների մոտ հիվանդության հաղթահարմանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացմամբ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանքի նշանակում գովազդակրի կողմից գովազդի հեռարձակման ժամանակ ձայնային ռեժիմի կտրուկ ավելացման դեպքում: Այսպիսի տուգանքի նշանակման դեպքում գովազդատուները ձեռնպահ կմնան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված դրույթների խախտումներ իրականացնելուց:

Օրենքի նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական շենքերում եւ բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» հրամանը փոփոխության ենթարկելու եւ հրամանում համապատասխան նորմ ընդգրկելու համար համար:

Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունմամբ  հայաստանյան հասարակությունը կապահովագրվի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի հեռարձակման հնարավոր վնասակար հետեւանքներից: