Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1030-24.03.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

  ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ կանոնակարգում դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) մշակութային արժեք՝ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում կիրառվող նշանակությամբ.

2) մշակութային աճուրդ՝ անգլիական դասական սակարկության ձեւ, (այսուհետ մշակութային աճուրդ), որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների համար առաջարկել է առավել բարձր գին.

3) մշակութային արժեքի եւ մշակութային նշանակության առարկայի լոտ՝ աճուրդով վաճառվող մշակութային արժեքներ եւ առարկաններ որոնք ունեն համապատասխան նկարագրություն, տվյալներ իսկ աճուրդի դեպքում` նաեւ մեկնարկային գին,

4) գնահատում` մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի մոտավոր շուկայական լոտի գին, որը ամրագրվում է աճուրդի կատալոգում,

5) մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որով մեկնարկում է աճուրդը,

6) քայլ՝ աճուրդում լոտի գնի հետեւողական բարձրացում,

7) աճուրդային գործունեություն՝ մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկանների աճուրդներ կազմակերպելու լիազորություններով օժտված մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ծառայությունների մատուցմանը.

8) աճուրդավար` ֆիզիկական անձ, որն անմիջականորեն վարում է մշակութային աճուրդը,

9) աճուրդային նվազագույն քայլ՝ մինիմալ մեծություն, որով իրականացվում է հետագա մեկնարկային գնի բարձրացումը,

10) աճուրդի կատալոգ՝ տպագիր կամ էլեկտրոնային հրատարակություն, որտեղ հրատարակվում են առաջարկվող լոտերի ցանկը՝ որոնք ենթակա են օտարման,

11) նախաաճուրդային ցուցադրություն՝ աճուրդում վաճառքի առաջարկված Լոտերի ցուցադրում` աճուրդի շահագրգիռ կողմերին անմիջականորեն ծանոթացնելու նպատակով,

12) աճուրդի մասնակից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով գրանցվել է եւ ցանկություն է հայտնել իրականացնել աճուրդի կազմակերպչի միջոցով մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի օտարման կամ ձեռքբերման գործընթաց,

13) աճուրդի հավելավճար՝ գնորդի կամ վաճառողի կողմից աճուրդի կազմակերպչին հավելյալ վճար՝ գնված կամ վաճառված Լոտի նկատմամբ աճուրդներ կազմակերպելու եւ անցկացնելու համար,

14) Մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի վաճառքի գին՝ գին, որը Գնորդը ի վերջո վճարում է առքուվաճառքի պայմանագրով իր կողմից գնված Լոտի (մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի) համար, որը ներառում է նաեւ աճուրդի գինը եւ աճուրդի հավելավճարը:

15) մշակութային աճուրդի կազմակերպիչ` իրավունքների տիրապետող, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկող, ինչպես նաեւ այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա եւ հանդես է գալիս նրանց կամ իր անունից.

16) աճուրդի մասնակցի համարանիշ՝ կազմակերպչի կողմից տրվող բնութագրող տարբերակիչ կոդանիշ,

17) հայտ՝ Աճուրդին մասնակցելու նպատակով Աճուրդի մասնակցի կամ կազմակերպչի կողմից ներկայացվող գնման (վաճառքի) առաջարկ, որում նշվում են այդ առաջարկի բավարարման բոլոր էական պայմանները,

18) Գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով,

19) մշակութային աճուրդային տուն՝ օֆլայն եւ օնլայն հարթակ՝որը նախատեսված է նյութական մշակութային արժեքների աճուրդային վաճառքի կամ այլ ընթացակարգերով օտարման կազմակերպման եւ իրականացման համար.

20) բիդ՝ այդ պահին ամենաբարձր գինը, որով առկա է գնման պատվեր.

21) մշակութային նշանակության առարկա՝ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում կիրառվող նշանակությամբ.

22) Դիլեր (մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների շուկայում), մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների շուկայում մասնագիտացված մասնակից է, որը կատարում է մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների գործարքներ իր անունից եւ իր հաշվին` եկամուտ ստանալով առքուվաճառքի գների տարբերությունից

23) լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով մշակույթի բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:

ԳԼՈՒԽ 2

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 3. Մշակութային աճուրդների դասակարգումը եւ տեսակները

1.Մշակութային աճուրդները դասակարգվում են ըստ ժամանակագրության (մ.թ.ա. ժամանակաշրջանից մինչեւ 20-րդ դարի երկրորդ կեսի կամ 21-րդ դար) եւ ժանրերի (հնագիտական, կիրառական արվեստ, պաշտամունքային նշանակություն ունեցող գեղարվեստորեն ձեւավորված առարկաներ, ձեռագիր եւ տպագիր գրական արժեքներ, երաժշտական գործիքներ. կահույք, գոբելեններ, գորգեր):

2. Մշակութային աճուրդային շուկան բաժանվում է նաեւ առաջնային եւ երկրորդային մակարդակների.

1) առաջնային մակարդակում մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկանը վաճառվում կամ ձեռք են բերվում անմիջականորեն վաճառողների եւ գնորդների միջեւ,

2) երկրորդ դեպքում մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկանները սեփականատերերից վերջնական սպառողներին են անցնում հատուկ ինստիտուցիոնալ կառույցների մշակութային աճուրդային տների, դիլերների միջոցով:

3. Մշակութային աճուրդները լինում են նաեւ բաց եւ փակ: Բաց աճուրդները իրականացվում են անմիջական մասնակիցների մասնակցությամբ հրապարակային, իսկ փակ աճուրդին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք:

Հոդված 4. Մշակութային աճուրդին մասնակցելու իրավունք ունեցող անձինք

1. Մշակութային աճուրդներին ուղղակիորեն կարող են մասնակցել միայն մշակութային աճուրդի մասնակիցները եւ մշակութային աճուրդի կազմակերպիչը:

2. Մշակույթային աճուրդի մասնակիցները եւ լիազորված ներկայացուցիչների` պետք է տիրապետեն աճուրդի կազմակերպման կանոներին, որը ստուգվում է մշակութային աճուրդի կազմակերպչի կողմից՝ հարց ու պատասխանի ձեւաչափով՝ նախքան աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրումը:

Հոդված 5. Մշակութային աճուրդի կազմակերպիչի եւ մասնակիցների իրավունքները ու պարտականությունները

1.Մշակութային աճուրդի կազմակերպիչը իրավունք ունի՝

1) իրականացնելու մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների փորձաքննություն՝ ներգրավելով փորձագետների.

2) աճուրդից հանելու մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ կամ փաստաթղթերը ներկայացվել են թերի:

2. Մշակութային աճուրդի կազմակերպչի պարտականություններն են՝

1) իրականացնել նախաաճուրդային ցուցադրություն,

2) աճուրդի մասնակիցներին տրամադրել ամբողջական եւ ստույգ տեղեկատվություն լոտերի վերաբերյալ,

3) նախապես (առնվազն 10 աշխատանքային օր առաջ) հրապարակել աճուրդի կայացման վայրի եւ ժամի մասին տեղեկատվություն,

4) տեղեկացնել կազմակերպվող աճուրդի կանոնների մասին,

5) ապահովել մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների պահպանման եւ ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազա, ապահովված՝ մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների անվտանգության միջոցներով, ցուցասրահների հասանելիությամբ եւ խելամիտ հարմարեցմամբ միջավայրով.

6) ապահովել եւ երաշխավորել աճուրդում ներկայացված մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների իսկությունը ու ներկայացնել դրանց հավաստիությունը հաստատող փաստաթղթեր.

7) երաշխավորում եւ իր գույքով պատասխանատու է, որ գնորդը փոխանցի անհրաժեշտ գումարը, իսկ վաճառողը տրամադրի մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան:

3. Մշակութային աճուրդի մասնակիցների իրավունքներն են՝

1) Ծանոթանալ աճուրդի կանոնակարգին եւ ստանալ ամբողջական եւ ստույգ տեղեկատվություն լոտերի վերաբերյալ,

2) ունենալ անձի գաղտնիության իրավունք.

4. Մշակութային աճուրդի մասնակիցների պարտականություններն են՝

1) գրանցվել եւ ներկայանալ աճուրդի,

2) տրամադրել եւ ապահովվել մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների իսկությունը,

3) իրականացնել անհրաժեշտ վճարումներ:

Հոդված 6. Մշակութային աճուրդի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Մշակութային աճուրդի լսումներն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ լսումների անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, լոտերի, օտարված արժեքների արդյունքների վերաբերյալ:

2. Մշակութային աճուրդի պաշտոնական լեզուն՝ հայերեն է: Էլեկտրոնային աճուրդի դեպքում պետք է լինի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն, անգլերեն, արաբերեն) կայք:

3. Մշակութային աճուրդների կազմակերպումը իրականացվում է վճարովի հիմունքներով: Վճարի չափը սահմանում է աճուրդի տունը:

Հոդված 7. Մշակութային աճուրդներում գործարքների իրականացումը

1. Մշակութային աճուրդների տարածքներում մշակութային արժեքների իրացման, ծառայությունների մատուցման, այլ վճարները, վճարումները, մշակութային արժեքների ու մշակութային նշանակության առարկաների գնահատման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով: Վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով:

2. Չի թույլատրվում իրականացնել ցանկացած գործարք այն արժեքների հետ որոնց վաճառքը կասեցված է դատական ակտով:

3. Մշակութային աճուրդում գրանցված եւ ներկայացված մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկաները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել պարտավորությունների դիմաց:

ԳԼՈՒԽ 3

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 8. Մշակութային աճուրդի կազմակերպումը եւ անցկացման ընթացակարգը

1. Մշակութային աճուրդները կարող են կազմակերպվել առկա մասնակցության եւ Էլեկտրոնային եղանակներով:

2. Մշակութային աճուրդները իրականացվում են անգլիական դասական եղանակով: Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով եւ մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը: Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է: Եթե երկու անգամ անըդմեջ դասական ձեւով չի օտարվում նույն արժեքը, ապա այն իրականացվում է նվազեցման եղանակով փոխադարձ համաձայնությամբ:

3. Մշակութային աճուրդը վարում է աճուրդավարը, ով հրապարակում է աճուրդի ձեւը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը (գնահատված արժեքի չափ), աճուրդային նվազագույն քայլի չափըորը կարող է կլորացվել գնի ճշտությամբ մինչեւ առավելագույն ամբողջ թիվը:

4. Մշակույթի աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին: Աճուրդավարը շարունակում է աճուրդը այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկող մեկ մասնակից, որից հետո աճուրդը դադարեցվում է: Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը՝ երեք անգամ: Լոտը մեկնարկային գնով երեք անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում տվյալ լոտի աճուրդը համարվում է չկայացած:

5. Մշակույթի աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով, բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը): Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելու եւ մուրճի երրորդ հարվածից հետո:

6. Մշակույթի աճուրդի ժամանակ, եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդում հաղթող համարված մասնակից է ճանաչվում առաջին բարձր գին առաջարկող մասնակիցը:

7. Մշակութային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը եւ աճուրդի կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: 8. Եթե մշակութային աճուրդի հաղթող ճանաչված անձը արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

9. Եթե մշակութային աճուրդով չի վաճառվում մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան, ապա մշակութային աճուրդային տունը չի ստանում գնորդի եւ վաճառողի հավելավճարները:

10. Մշակութային աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով: Մշակութային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ:

11. Եթե մինչեւ մշակութային աճուրդի անցկացումը մասնակիցներից մեկը հրաժարվում է հետագա գործարքից, ապա մասնակցության վճարը չի վերադարձվում:


ԳԼՈՒԽ 4

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ



Հոդված 9. Պարտադիր պահանջները եւ պայմանները

1. Էլեկտրոնային ձեւով կազմակերպվող աճուրդներին մասնակցելու նպատակով անձը պետք է մուտք գործի համապատասխան մշակութային աճուրդային տան Կայք եւ գրանցվի համապատասխան պատուհանի միջոցով, ընդ որում գրանցման համար պարտադիր են ներքոնշյալ տվյալների եւ փաստաթղթերի տրամադրումը.

1) անուն, ազգանուն եւ հայրանուն (Իրավաբանական անձանց դեպքում ֆիրմային անվանումը),

2) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, (Իրավաբանական անձանց դեպքում գրանցման համարը, ՀՎՀՀ-ն եւ իրավաբանական անձանց դեպքում պետական գրանցման վկայական),

3) բանկային քարտի կցում:

Հոդված 10. Մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզավորումը

1. Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լիցենզավորման «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պարզ ընթացակարգով: Լիցենզավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Լիազոր մարմինը

1. իրականացնում է մշակութային աճուրդների մշտադիտարկում,

2. իրականացնում է մշակութային աճուրդային տների հաշվառում:

3. սահմանում աճուրդների կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը:

Հոդված 12. Տեղեկությունների տրամադրումը

1. Մշակութային աճուրդային տների եւ մշակութային աճուրդների կազմակերպիչների կողմից մշակութային արժեքների գնման եւ վաճառքի վերաբերյալ տեղեկություններ կարող են տրամադրվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության գործողությունների, պետական բյուջեի եկամուտների հավաքագրման հսկողություն իրականացման, մաքսային հսկողության իրկանացման նպատակով:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մտնելուց հետո՝ իննը ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության 2-րդ հավելվածի Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրի ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ 2. Մշակութային եւ ստեղծարար ոլորտների արդիականացում, նորարարություն: 2.2 մասնավոր նպատակի Մշակութային եւ ստեղծարար ոլորտներում ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում գործողություն 4-ի Մշակութային առարկաների աճուրդի շուկայի ձեւավորում եւ խթանում միջոցառման պահանջից:

Հայաստանում գոյություն չունի գալերեաների եւ մշակութային աճուրդների մասին օրենք, էքսպերտային չափանիշներով գնահատման համակարգ, որի պատճառով բանկային համակարգն արվեստը կայուն արժեք չի համարում եւ գալերիստին իբրեւ վարկառու չի ընկալում: Այս ամենի բացակայությունից` բնագավառի մասնակիցները չեն կարողանում ֆինանսական շրջանառությունն ապահովել եւ զարգանալ, ինչպես նաեւ ձեւավորել բիզնես միջավայր: Հետեւաբար՝ մեր մշակութային քաղաքականության կամ պետական որեւէ փաստաթղթում նույնիսկ գոյություն չունի մշակութային աճուրդ սահմանումը: art-մենեջմենթ կազմակերպելու քայլեր Հայաստանում կատարվում են, հետեւաբար՝ կարեւոր է նաեւ այս նախագիծը, հակառակ դեպքում՝ գալերիստի, art-դիլերի, ներդրողի, շուկա ձեւավորողի քայլերն արդյունք չեն ունենա:Այս նախագծով գալի հեշտացվելու է ստեղծագործական աշխատանքների իրականացումը: Օրենքի ընդունման պարագայում օբյեկտիվորեն գնային քաղաքականություն է վարվելու եւ փաստերի հիման վրա արդարացնելու է իր սահմանած գնային համակարգը: Հնարավորություն կստեղծվի Հայաստանը ներգրավվել համաշխարհային մշակութային աճուրդային շուկայում: Բոլոր հնարավորություններն օգտագործվելու են հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջեւ երկխոսություն ստեղծելու, միավորելու համար, որը այժմ առկա չէ:

Բացի այդ ուսումնասիրվել է միջազգային փորձը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Սոթբիի ու Քրիսպի միջազգային աճուրդային տների աճուրդների կազմակերպման փորձը, ընթացակարգերը: Բացի այդ ուսումնասիրվել է ՀՀ օրենսդրության մեջ առկա խնդիրները՝ մշակութային արժեքների եւ առարկանների ձռքբերման եւ օտարման վերաբերյալ: Համապատասխան օրենք ունենալու անհրաժեշտությունը՝ պայմանավորված է նաեւ կոնկրետ դեպքերի օրինակով,
- կոնկրետ առաջարկություններ են ներկայացվել իրավիճակի բարելավման նպատակով: Առկա կարգավորումները չեն նպաստում բնագավառի կայացմանը, ավելին՝ կարող են լրջորեն վնասել: Մշակված նախագծի տրամաբանությունը մշակութային կազմակերպությունների հնարավորությունների բարձրացնելն է, ինչ կնպաստի մշակութային աճուրդների մշակույթի ձեւավորմանը, կանոների պարզեցմանը: Օրենքի նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Միաժամանակ, օրենքի ընդունման դեպքում սահմանվել է նաեւ վարչական պատասխանատվություն մշակութային աճուրդների կազմակերպման ընթացակարգի խախտման համար եւ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում կարգավորումներ են ամրագրվելու նաեւ մարմինների կանոնադրություններում:

2. Առկա իրավիճակն ու խնդիրները

Աճուրդների համակարգում ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները, որոնք ապահովում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի թափանցիկ մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս առումով մշակութային աճուրդները ճկուն հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում արվեստի շուկայի տեղաշարժերը եւ դինամիկ զարգացումները: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: Մասնավորաբար, կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները: Բացակայում է արվեստի պատկերասրահների եւ աճուրդային տների միջեւ համագործակցության էկոհամակարգը, որը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձեւավորման գործում: Միաժամանակ, արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը եւ թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու եւ պետության համար կարեւոր նշանակության մշակութային արժեքների ձեռք բերման տեսանկյունից:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թանփանցիկ գործիքակազմի ներդրմանը եւ առաջարկ-պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունմամբ կապհովվի ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարմանը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը եւ պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա:

6. Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրից՝ մասնավորապես 4.9 Մշակույթ գլխի Մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության պարբերության պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը միջոցառումից եւ Ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականության պարբերության արվեստի քննադատների ինստիտուտի ձեւավորումը եւ ակտիվացումը միջոցառումից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն