Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1032-26.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2024Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջեւ 2024թ. նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 10.1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝

  • ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո,
  • Եվրոպական միության «Հարեւանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո,
  • Երեւանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո:
  • Ծրագրի իրականացման նպատակն է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում եւ պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ:

    Հանրային շենքերի հիմնանորոգումը, սեյսմիկ ամրացումն ու վերակառուցումը պետական եւ համայնքային մակարդակում հանդիսանում են առաջնահերթություն, որով պայմանավորված՝ ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի վավերացումը հանդիսանում է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի կյանքի կոչման կարեւոր բաղադրիչ:

    Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում: Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.7 («Քաղաքաշինություն») եւ 3.4 («Էներգետիկա») բաժիններով նախատեսված միջոցառումների իրականացումից:

    Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը Համաձայնագրի վավերացումը գտնում են նպատակահարմար:


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Ծրագրի նպատակն ՝ Երեւան քաղաքի մի շարք շինություններում՝ մասնավորապես, 38 հասարակական շինություններում, 6 բուժհաստատություններում եւ 32 մանկապարտեզներում, նվազեցնել էներգիայի օգտագործումը, ինչպես նաեւ աջակցել էներգաարդյունավետությանը եւ վերականգնվող էներգիայի զարգացմանը:

    Ծրագրի ֆինանսավորման համար ներգրավվել են հետեւյալ ֆինանսական միջոցները՝ 25 մլն. եվրոյի չափով վարկ՝ Եվրոպական ներդրումային բանկից, 10.1 մլն..եւ հավելյալ 900 հազար եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներ՝ Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքից եւ 2 մլն. եվրո՝ Երեւանի քաղաքապետարանից:

    Համաձայնագրի ուժի մեջ մտելու կարգը սահմանված է դրա 32-րդ հոդվածով.

    «Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվից, երբ Բանկը գրավոր հաստատել է Դրամաշնորհի շահառուին, որ ստացել է սույն Համաձայնագրի 7.6 հոդվածի պարբերություն (ե)-ով պահանջվող ապացույցները Բանկի համար ընդունելի ձեւով եւ բովանդակությամբ»:

    Համաձայնագրի 7.6 հոդվածով սահմանվում է.

    «ե) Բանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացել է իրավաբանական եզրակացություն՝ անգլերենով, Բանկին բավարարող ձեւով եւ բովանդակությամբ, որով հաստատվում է, որ՝

    i) Դրամաշնորհի շահառուի կողմից սույն Համաձայնագրի կատարումը պատշաճ կերպով լիազորված է, եւ Դրամաշնորհի շահառուի անունից սույն Համաձայնագիրը ստորագրող անձինք պատշաճ կերպով լիազորված են եւ ունեն ստորագրելու հնարավորություն.

    ii) Համաձայնագիրը Դրամաշնորհի շահառուի՝ իրավական, գործող եւ պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր է, որը կատարելի է դրա ժամկետների համաձայն.

    iii) Դրամաշնորհի շահառուի կողմից սույն Համաձայնագրով նախատեսված նրա այլ պարտավորությունների վավեր լիազորման, իրականացման կամ կատարման համար չի պահանջվում Հայաստանի Հանրապետության որեւէ կառավարական կամ պետական մարմնի կամ իշխանության համաձայնությունը, հաստատումը, կարգադրությունը կամ լիազորումը կամ դրանց կողմից գրանցումը, հայտարարագրումը կամ մուտքագրումը.

    iv) Դրամաշնորհի շահառուի կողմից Համաձայնագրի իրականացումը, հանձնումը եւ կատարումը չի խախտում Հայաստանի Հանրապետության օրենքները կամ ի վնաս դրանց չէ եւ չի հանգեցնում այնպիսի համաձայնության կամ հանձնառության որեւէ էական խախտման, որը Դրամաշնորհի շահառուի համար պարտադիր է»:

    Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիր վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

    ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ:

    Մասնավորապես՝ Համաձայնագրի 7.6 հոդվածի (e) կետի (v) ենթակետով սահմանվում է, որ դրամաշնորհային գումարները չեն հատկացվի, քանի դեռ Բանկը չի ստացել Արդարադատության նախարարության կողմից տրված իրավական եզրակացությունը, որը հաստատում է Լյուքսեմբուրգի օրենքների կիրառումը որպես hամաձայնագրի պատշաճ օրենք եւ դրամաշնորհի շահառուի վավերական ներկայացումը արբիտրաժ՝ ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն: Սույն դրույթը հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի՝ Արդարադատության նախարարությունը տրամադրում է վարկային կամ դրամաշնորհային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող իրավաբանական եզրակացություն, եթե նման պահանջ սահմանված է պայմանագրով: Այսպիսով, Արդարադատության նախարարությունը իրավասու չէ տրամադրել Նախագծի 7.6 հոդվածի (e) կետի (v) ենթակետով պահանջվող եզրակացությունը:

    Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

    ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑ


    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

    Եզրակացություն

    Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

    Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

    ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

    ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

    ՆԱԽԱԳԱՀ

    ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
    ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
    ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ

    Հարգելի՛ պարոն Խուդաթյան,


    Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

    ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
    ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
    Ժամանակավոր պաշտոնակատար


    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2024Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024թ. նոյեմբերի 12-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված աշխատանքների կատարման պատասխանատու մարմին է հանդիսանում Երեւանի քաղաքապետարանը՝ Երեւանի քաղաքապետի թիվ 3604-Ա որոշման համաձայն իրականացման աշխատանքները վերապահելով «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի գրասենյակ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը:
     

    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն