Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1031-26.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ  ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024թ. նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ 236 մլն եվրո գումարի չափով:

Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի եւ Քաջարանի միջեւ նոր 60 կմ երկարությամբ մեկ երթեւեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) մի մասի ֆինանսավորմանը: Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝

1. Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27.1 կմ  երկարությամբ,

2. Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ,

3.Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:

 Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ),  3 երթեւեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ եւ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ (Ծրագրի թունելի հատվածը կֆինանսավորվի առանձին):

Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի Ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային եւ Հարավային ենթահատվածների կառուցումը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:

Պայմանագրով սահմանված են նաեւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033թ. դեկտեմբերը (շինարարության ավարտ՝ 2031թ. դեկտեմբեր, որակի երաշխիքային ժամկետ՝ 2033թ. դեկտեմբեր):

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ տուրիզմի զարգացմանը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան–Քաջարան հատվածում 60 կմ երկարությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3.2 բաժնի (Ճանապարհաշինություն) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացում ենթակետով ստանձնած պարտավորությունից:

Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար առաջացնում է ֆինանսական պարտավորություններ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը Պայմանագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ  ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Հայաստանի Հանրապետության եւ  Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական  պայմանագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Ֆինանսական պայմանագրով  նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը:

Ծրագրի ֆինանսավորման նպատակով Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 236.000.000 եվրո վարկ՝ Պայմանագրի սահմանված պայմաններով եւ կարգով:

Ծրագիրը ներառում է Սյունիքի մարզում Սիսիան-Քաջարան նոր 60 կմ երկարությամբ միակողմանի ճանապարհային կապի կառուցում, որը հանդիսանալու է Հյուսիս-հարավ ճանապարհի առանցքային հատվածը:

Ֆինանսական պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է 12.3. հոդվածով.

«Սույն Պայմանագիրն ուժի մեջ կմտնի Բանկի կողմից Վարկառուին ուղղված նամակում նշված ամսաթվից, որով հաստատվում է, որ Բանկը ստացել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Բանկի համար ընդունելի ձեւով եւ բովանդակությամբ իրավաբանական եզրակացությունը եւ ապացույց, որ անհրաժեշտ պաշտոնական եւ գերատեսչական բոլոր հաստատումները, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացումը եւ այդ նամակը համոզիչ ապացույց են առ այն, որ սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտել:

Եթե Ուժի մեջ մտնելու ամսաթիվը սույն Պայմանագիրը կնքելու ամսաթվից հետո 12-րդ (տասներկուերորդ) ամսում կամ դրանից առաջ ընկած ամսաթիվը չէ, ապա սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, եւ հետագա գործողությունների անհրաժեշտություն կամ պահանջ չի լինում»:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ  Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական  պայմանագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
 ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                              ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ+ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող դրույթ:

Մասնավորապես՝ Համաձայնագրի 8-րդ հոդվածի 8.4 մասի «բ» կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ վարկառուն խորհրդակցում է Բանկի, Հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության հետ սույն Ֆինանսական պայմանագրի ստորագրման մասին հաղորդելու վերաբերյալ: Սույն դրույթը խնդրահարույց է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից, համաձայն որի` ՀՀ միջազգային պայմանագրերը ենթակա են հրապարակման օրենքով սահմանված կարգով՝ վավերացման մասին օրենքի կամ հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հետ միաժամանակ:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
 ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                 ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) եւ Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով ԵՆԲ-ն համաձայնում է Վարկառուին տրամադրել վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Խուդաթյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝    ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ժամանակավոր պաշտոնակատար
 
 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ  ՄԻՋԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1»  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024թ. նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր):

Պայմանագրի իրականացման համար պատասխանատու պետական մարմինը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է:

Պայմանագրով սահմանվել է նաեւ ծրագիրն իրականացնող մարմինը, որը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է: Հիմնադրամը ստեղծվել է Կառավարության 2021թ. օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որպես ծրագիրն իրականացնող մարմին, պատասխանատու է ծրագրի համակարգումը, կառավարումը, մշտադիտարկումն ու գնահատումն իրականացնելու համար, ներառյալ՝ ծրագրի համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների, խորհրդատվական ծառայությունների գնումների իրականացումը, ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում ֆինանսավորման իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը համապատասխան մարմիններին եւ Պայմանագրով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն