Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1034-27.03.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Կանոնավոր փոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը, որն ընտրվում է մրցութային եղանակով, բացառությամբ սույն օրենքի 11.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում եւ անցկացնում են լիազոր մարմնի, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը՝համապատասխան համայնքի ղեկավարի կազմած մրցութային հանձնաժողովները՝մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

3. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաեւ մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է ունենան 10-ից ոչ ավելի տարիք եւ պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի եւ շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին եւ արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար: Ներհամայնքային (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջեւ) կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային, ներմարզային եւ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջեւ կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ուղեւորների անվտանգությունը ապահովելու նպատակով ավտոբուսի սրահը եւ դրսի հատվածը, կանգառասրահները կարող են լուսանկարահանվել եւ տեսանկահանվել օրենքով սահմանված կարգին համապատասխան:

6. Բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կարող է կազմակերպել լիազոր մարմինը՝համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա:

7. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի եւ փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջեւ կնքված համապատասխան պայմանագրով, որի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման կարգով: Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: Էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերն ստեղծում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր փոխադրումների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունն ստանում է էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերի տեղեկատվական շտեմարաններից: Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, որը գանձում է օպերատորը:

11. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն), ինչպես նաեւ մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Կանոնավոր փոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները, բացառությամբ սույն օրենքի 11.1-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 11.1-ին հոդվածով՝հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.1. Կանոնավոր փոխադրումների կազմակերպումը գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի միջոցով

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մրցույթային կարգից բացի, համայնքի ղեկավարի որոշմամբ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով կամ առանց մրցույթի եւ առանց գնման գործընթացի կազմակերպման՝100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով: Համայնքի ղեկավարի սույն մասում նշված որոշումը փոփոխման ենթակա չէ մրցույթի կազմակերպման կամ գնման ողջ գործընթացում:

2. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայության կազմակերպման տեղական վճարը սահմանվում է տվյալ համայնքի ավագանու կողմից:

3. Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն եւ այլ) իրականացվելու դեպքում տվյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող է ներդրվել համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն եւ սահմանվել նշված միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարը, այն վճարելու եղանակը եւ տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը:

4. Սույն հոդվածով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների եւ համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության տեղական վճարները գանձում է համայնքը՝օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ օրենսդրությամբ նախատեսված վճարումն ընդունող այլ միջոցներով: Օպերատորին եւ մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով համայնքին ծառայություններ մատուցած կազմակերպություններին ծառայությունների համար վճարումը իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորին եւ մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով համայնքին ծառայություններ մատուցած պետական եւ համայնքային կազմակերպություններին՝յուրաքանչյուր տարի հաստատվող տարեկան եկամուտների եւ ծախսերի հաստատված նախահաշվով:

5. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում օպերատորի եւ համայնքի ղեկավարի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով՝5-10 տարի ժամկետով, որի ձեւը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ՝հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքով պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները:

6. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները:

8. Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման նպատակով սույն հոդվածի 7-րդ մասով նշված անձինք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար:

9. Ուղեւորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը եւ այլն) եւ մինչեւ ուղեւորության ավարտը իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը եւ տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը եւ վավերացում կատարված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետեւանքները կրում է ուղեւորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

10. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող անձին շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝դիմապատկերով նույնականացնելու նպատակով բնակչության պետական ռեգիստրից ստանալ տեղեկատվություն եւ սույն մասում նշված անձանց կողմից նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմել ոստիկանություն՝սույն մասում նշված անձանց նույնականացնելուն կամ իրենց լիազորություններն իրականացնելուն աջակցելու, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝այդ անձանց ոստիկանություն տեղափոխելու նպատակով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները եւ պայմանները: Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղեւարափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է, որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Բացի այդ, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաեւ քաղաքացիներին վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝իրենց հայեցողությամբ, արդյունքում՝փոխադրվել առավել հարմարավետ եւ արագ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղեւարափոխադրումները հետ կապված հարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:

Օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնելու Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 3.1-ին կետից, որով որպես նպատակ սահմանված է նաեւ տրանսպորտի զարգացումը՝ միասնական տոմսային համակարգի ներդնումը, ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ վերահսկողության մակարդակի բարձրացումը եւ այլն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն