Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10341-27.03.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝Օրենսգիրք) 137-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 137.8-րդ հոդվածից հետո լրացնել նոր 137.9-րդ հոդված՝հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 137.9. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը կամ փոխադրավարձը չվճարելը

1. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը.

առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը.

առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

3. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունների համար նախատեսված միասնական ծառայության տեղական վճարը որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղեւորությունների համար վճարված լինելու կամ տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելը.

առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի երեքապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 3-րդ մասում «114-րդ,» բառերից հետո լրացնել «137.9-րդ,» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «137.9-րդ,» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին մասում «անձը պարզելու,» բառերը փոխարինել «անձը պարզելու կամ» բառերով, իսկ «թույլատրվում են» բառերը փոխարինել «թույլատրվում է կատարել անձի նույնացում կամ» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել նոր 7-րդ մաս՝հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենսգրքի 137.9-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են եւ որոշում է ընդունվում իրավախախտման հայտնաբերման պահին՝առանց լսումներ հրավիրելու:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները եւ պայմանները: Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղեւարափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է, որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Բացի այդ, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաեւ քաղաքացիներին վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝իրենց հայեցողությամբ, արդյունքում՝փոխադրվել առավել հարմարավետ եւ արագ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղեւարափոխադրումները հետ կապված հարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:

Օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնելու Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 3.1-ին կետից, որով որպես նպատակ սահմանված է նաեւ տրանսպորտի զարգացումը՝ միասնական տոմսային համակարգի ներդնումը, ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ վերահսկողության մակարդակի բարձրացումը եւ այլն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն