Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10342-27.03.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 22-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերով՝հետեւյալ բովանդակությամբ.

«22) «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու համար.

23) Համայնքի վարչական տարածքում տրոլեյբուսով կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու համար.

24) Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 22-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերով՝հետեւյալ բովանդակությամբ.

«22) «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու դիմաց փոխհատուցման վճար.

23) Համայնքի վարչական տարածքում տրոլեյբուսով կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու դիմաց փոխհատուցման վճար.

24) Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) իրականացնելու դեպքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու դիմաց փոխհատուցման վճար:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝հետեւյալ բովանդակությամբ.

«3. Համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքի եւ տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման եւ (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտում համապատասխան լրացումները կատարվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները եւ պայմանները: Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղեւարափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է, որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Բացի այդ, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաեւ քաղաքացիներին վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝իրենց հայեցողությամբ, արդյունքում՝փոխադրվել առավել հարմարավետ եւ արագ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղեւարափոխադրումները հետ կապված հարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:

Օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնելու Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 3.1-ին կետից, որով որպես նպատակ սահմանված է նաեւ տրանսպորտի զարգացումը՝ միասնական տոմսային համակարգի ներդնումը, ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ վերահսկողության մակարդակի բարձրացումը եւ այլն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն