Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«սպառող՝ ֆիզիկական անձ, ով հանդես է գալիս եւ գործում է իր առեւտրային գործունեության, գործարարության, արհեստի կամ մասնագիտական գործունեության շրջանակներից դուրս .».
2) 2-րդ պարբերությունում «արտադրանքի» բառը փոխարինել «ապրանքի» բառով.
3) 3-րդ պարբերությունը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձ» բառերը.
4) 4-րդ պարբերությունից հանել «սպառողների համար պայմանագրով» բառերը, «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձ» բառերով.
5) 5-րդ պարբերությունից հանել «առուվաճառքի պայմանագրերով» բառերը, «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձ» բառերով.
6) 12-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«տնտեսավարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն.
միջին սպառող՝ սոցիալական, մշակութային, լեզվական եւ այլ գործոնների հաշվառմամբ կամ սպառողների որոշակի խմբի պատկանելու պայմաններում ողջամտորեն իրազեկված եւ շրջահայաց անձ.
սպառողների խումբ՝ որոշակի հատկանիշով անհատականացվող խումբ.
խոցելի սպառող՝ մտավոր, ֆիզիկական խնդիրների, տարիքի, դյուրահավատության կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված առավել զգայուն սպառող.
էլեկտրոնային առեւտրային հարթակ՝ ծրագրային ապահովում, այդ թվում՝ կայքէջ կամ դրա մաս, էլեկտրոնային հավելված, որը շահագործվում է վաճառողի կողմից կամ վաճառողի անունից, որը հնարավորություն է տալիս սպառողներին էլեկտրոնային եղանակով կնքել պայմանագրեր տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ.
վարկանիշ՝ էլեկտրոնային առեւտրային հարթակում ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) տրված հարաբերական գնահատական՝ հավաքագրված, ներկայացված եւ հասցեագրված վաճառողի կողմից՝ անկախ դրա համար օգտագործվող տեխնոլոգիական միջոցներից.
սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպ՝ տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, առեւտրային հաղորդակցություն, գովազդ եւ ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացմանն ուղղված այլ միջոցառումներ, որոնք անմիջականորեն կապված են ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սպառողին գովազդելու, վաճառելու, մատակարարելու, ծառայությունը մատուցելու կամ աշխատանքը կատարելու հետ.
սպառողի տնտեսական վարքագծի վրա ազդեցություն՝ սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպի դրսեւորում, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է կամ կարող է ազդել սպառողի տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի վրա՝ դրանով իսկ սպառողին դրդելով կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի.
վարքագծի կանոնագիրք՝ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների խմբի կողմից սահմանված վարքագծի կանոնների ամբողջություն կամ համաձայնագիր, որին միացած տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է պահպանել վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնները սպառողի նկատմամբ իր առեւտրային գործելակերպի շրջանակներում.
առեւտրային հաղորդակցություն՝ հաղորդակցության ցանկացած ձեւ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության խթանմանը.
գնման հրավեր՝ առեւտրային հաղորդակցություն, գովազդ, որը կիրառվող առեւտրային հաղորդակցության միջոցին համապատասխան եղանակով մատնանշում է տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) առանձնահատկություններն ու գինը՝ դրանով իսկ սպառողին գնում կատարելու հնարավորություն ընձեռելով.
անհարկի ազդեցություն՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ ճնշման գործադրում, որը կարող է դրսեւորվել նաեւ առանց ֆիզիկական ուժ գործադրելու կամ ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի, այնպիսի եղանակով, որը սահմանափակում է կամ կարող է սահմանափակել սպառողի կամավոր որոշում կայացնելու ունակությունը.
գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, ապրանքի (աշխատանքի, ծառայության) վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե՝ ոչ.
մարքեթինգային բուրգ՝ սխեմա, որի շրջանակում սպառողի՝ նյութական օգուտ ստանալու հնարավորությունը առավելապես պայմանավորված է նոր սպառողներ ներգրավելով, քան ապրանքի (աշխատանքի, ծառայության) վաճառքով.
էկոլոգիական հավաստում՝ առեւտրային հաղորդակցության շրջանակում տեքստային, պատկերային, գրաֆիկական եւ ցանկացած այլ եղանակով, այդ թվում՝ պիտակների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանման, ֆիրմային անվանումների, ապրանքային նշանի տեսքով, որը սահմանում կամ տպավորություն է ստեղծում, որ վաճառողը, ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), ապրանքախումբը, ապրանքային նշանի իրավատերը ունի դրական կամ զրոյական ազդեցություն շրջակա միջավայրի վրա կամ ավելի քիչ բնապահպանական վնաս է հասցնում, քան այլ վաճառողները, ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), ապրանքային նշանների իրավատերերը կամ ապրանքախմբերը, կամ վերջիններս ժամանակի ընթացքում բարելավել են իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
ֆունկցիոնալություն` ապրանքի՝ իր նպատակային նշանակությանը ծառայելուն ուղղված գործառույթներ իրականացնելու հատկություն.
ֆունկցիոնալ տարր՝ ապրանքի ցանկացած բաղադրիչ, այդ թվում՝ պահեստամաս, որը պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել կամ փոխարինել՝ ապահովելու ապրանքի ֆունկցիոնալության անհրաժեշտ մակարդակը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ հոդվածով.
«Հոդված 4.1. Սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը
Սպառողն իրավունք ունի ազատորեն ընտրելու ապրանք (աշխատանք, ծառայություն) առանց որեւէ ճնշման կամ սահմանափակման:»:
Հոդված 3. Օրենքի 10.1-րդ հոդվածի 1-ին մասում «Էլեկտրոնային հարթակ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Էլեկտրոնային առեւտրային հարթակ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով եւ նույն հոդվածի 1-ին մասում «Էլեկտրոնային հարթակը» բառերից հետո հանել «(ինտերնետային կայքը, էլեկտրոնային հավելվածը կամ համանման այլ միջոցներ)» բառերը, իսկ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «առեւտրային» բառով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ III1 գլխով.
«ԳԼՈՒԽ III1
ԱՆԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ
Հոդված 37.1. Անարդար առեւտրային գործելակերպի արգելք
1. Առեւտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին եւ ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) նկատմամբ դրսեւորած տնտեսական վարքագծի վրա, ում ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի տնտեսական վարքագծի վրա, երբ առեւտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբին:
2. Առեւտրային գործելակերպը, որն ունի կամ կարող է ունենալ ազդեցություն խոցելի սպառողների վարքագծի վրա, ինչը տնտեսավարող սուբյեկտը կարող էր կանխատեսել, պետք է գնահատվի այդ խոցելի սպառողի տեսանկյունից:
3. Անարդար առեւտրային գործելակերպ են սույն օրենքի 37.2-37.3-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունը, անգործությունը կամ վարքագիծը:
4. Սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի անարդար առեւտրային գործելակերպն արգելվում է:
Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը եւ անգործությունը
1. Գործողությունը համարվում է մոլորեցնող, եթե այն պարունակում է ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձեւով, որ թեեւ այն փաստացի ճիշտ է, սակայն կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, ինչը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին, եւ դրդում է կամ կարող է դրդել, որ սպառողը կայացնի գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
2. Անգործությունը համարվում է մոլորեցնող, եթե տնտեսավարող սուբյեկտը ոչ պարզ, ոչ հստակ, ոչ լիարժեք կամ անորոշ ձեւով կամ ոչ ճիշտ ժամանակին տրամադրում կամ չի տրամադրում տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, որը սպառողին անհրաժեշտ է գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար, ինչը սպառողին դրդում է կամ կարող է դրդել կայացնել գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված տեղեկատվությունից բացի՝ գնման հրավերի դեպքում տնտեսավարող սուբյեկտը պետք է նաեւ տրամադրի հետեւյալ տեղեկատվությունը.
1) ապրանքի (աշխատանքի, ծառայության) հիմնական բնութագրերը.
2) ապրանքի (աշխատանքի, ծառայության) գինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, բոլոր հավելյալ բեռնափոխադրումների, առաքումների կամ փոստային ծառայությունների գինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճարման ենթակա լինելու հանգամանքը.
3) վճարման, առաքման, բողոքների ներկայացման կարգն ու ուսումնասիրման քաղաքականությունը.
4) դադարեցման կամ չեղարկման իրավունք վերապահող գործարքների դեպքում այդպիսի իրավունքի առկայությունը.
5) էլեկտրոնային առեւտրային հարթակում ներկայացված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դեպքում տեղեկատվություն արդյոք ապրանքներն (աշխատանքները, ծառայությունները) առաջարկողը վաճառողն է, թե այլ անձ՝ էլեկտրոնային առեւտրային հարթակին տրված հայտարարության հիման վրա.
6) էլեկտրոնային առեւտրային հարթակում սպառողների կողմից բանալի բառերով, արտահայտություններով կամ այլ եղանակով վաճառողների կամ այլ անձանց կողմից առաջարկվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որոնման հնարավորության դեպքում, անկախ այն հանգամանքից սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ, էլեկտրոնային առեւտրային հարթակի ինտերֆեյսի հարցման արդյունքները արտացոլող հատուկ հատվածում պետք է ներկայացվի որոնման արդյունքում ցուցադրվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դասակարգման չափանիշների եւ դրանց հարաբերական նշանակության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը.
7) էլեկտրոնային առեւտրային հարթակում սպառողների կողմից ապրանքին (աշխատանքին, ծառայությանը) տրված գնահատականներ ներկայացված լինելու դեպքում վաճառողի կամ այլ անձի կողմից պետք է ներկայացվեն այդ գնահատականների՝ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.
8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատման ծառայության դեպքում՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատության մեթոդը, համեմատվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) եւ դրանք առաջարկող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ չափանիշները, որոնցով ապահովվում է տեղեկատվության պարբերաբար թարմացումը:
4. Ցանկացած դեպքում մոլորեցնող առեւտրային գործողություն է համարվում.
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարելը, որ վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ է, այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտը փաստացի վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ չէ.
2) հավաստագրային կամ դրան համարժեք այլ նշան, համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթուղթ ցուցադրելը՝ առանց դրա առկայության.
3) Էկոլոգիական հավաստումը ամբողջ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կամ տնտեսավարող սուբյեկտի ամբողջ տնտեսական գործունեության մասին, երբ այն վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոնկրետ հատկանիշին կամ վաճառողի տնտեսական գործունեության կոնկրետ ուղղությանը.
4) տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարելը, որ վարքագծի կանոնագիրքը հաստատվել է պետական մարմնի կողմից, այն դեպքերում, երբ վարքագծի կանոնագիրքը որեւէ պետական մարմնի կողմից չի հաստատվել.
5) տնտեսավարող սուբյեկտի կողմից վարքագծի կանոնագրքով ստանձնած պարտավորությունների պահպանման խախտումը.
6) հայտարարելը, որ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպը կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հաստատվել կամ թույլատրվել է լիազորված պետական մարմնի կամ մասնավոր ընկերության կողմից, երբ իրականում այդպես չէ, կամ այդպիսի հայտարարություն անելը՝ չհամապատասխանելով հաստատման կամ թույլտվության համար անհրաժեշտ պայմաններին.
7) տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, երբ վերջինս ուներ օբյեկտիվ հիմք ենթադրելու, որ չի կարողանա անձամբ կամ այլ մատակարարի միջոցով ապրանքի (աշխատանքի, ծառայության) գովազդից բխող ողջամիտ ժամկետներում եւ ծավալներով մատակարարումներ իրականացնել.
8) տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, այնուհետեւ՝ գովազդվող ապրանքը սպառողին ցուցադրելուց կամ դրա համար պատվերներ վերցնելուց, ողջամիտ ժամկետում առաքելուց հրաժարվելը կամ ապրանքի թերություններ ունեցող նմուշ ցույց տալը՝ մեկ այլ ապրանք (աշխատանքը, ծառայությունը) գովազդելու մտադրությամբ.
9) անմիջապես գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու եւ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից կամ բավարար ժամանակից սպառողին զրկելով՝ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով.
10) հայտարարելը կամ այլ կերպ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է օրինական ճանապարհով վաճառվել, երբ իրականում այդպես չէ.
11) օրենքով սպառողներին տրված իրավունքները եւ ապրանքի (աշխատանքի, ծառայության) եւ դրա իրացման վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների կատարման ներկայացումը որպես տնտեսավարող սուբյեկտի առաջարկի առանձնահատուկ հատկանիշ.
12) լրատվության միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ եղանակներով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գովազդելու նպատակով խմբագրական բովանդակություն կիրառելը, երբ տնտեսվարող սուբյեկտը վճարել է գովազդի համար, սակայն այդ փաստը սպառողի համար հստակ նույնականացվող եղանակով (պատկերներով կամ ձայնային միջոցներով) չի հստակեցրել բովանդակության մեջ.
13) սպառողների կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առցանց որոնման արդյունքների ցուցադրումը՝ առանց ակնհայտ ձեւով ներկայացնելու վճարովի գովազդի կամ վճարում կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը, որը իրականացվել է դրանց դասակարգման համար ավելի բարձր վարկանիշ ձեռք բերելու նպատակով.
14) սպառողի կողմից ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) չգնելու դեպքում իր կամ իր ընտանիքի անվտանգությանը սպառնացող ռիսկի, դրա բնույթի եւ չափի վերաբերյալ կեղծ հայտարարություն անելը.
15) հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել իր ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ.
16) հայտարարելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է նպաստել շահումով խաղերում հաղթելուն.
17) թյուր տպավորություն ստեղծելը կամ հայտարարություն տարածելը, որ դեղամիջոց չհամարվող ապրանքը կարող է օգնել հիվանդություններ, ֆունկցիոնալ խանգարումներ կամ զարգացման արատներ բուժելուն.
18) մարքեթինգային բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ գովազդելը, որի դեպքում սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջին հերթին պայմանավորված է մարքեթինգային բուրգում այլ սպառողների ներգրավմամբ, այլ ոչ թե ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացմամբ կամ սպառմամբ.
19) շուկայական պայմանների կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գտնելու հնարավորության մասին էական ոչ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելը՝ սպառողին շուկայական պայմաններից տարբերվող, անբարենպաստ պայմաններով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ձեռք բերելուն դրդելու նպատակով.
20) հայտարարելը մրցութային կամ մրցանակային խրախուսման մասին՝ չշնորհելով նկարագրված մրցանակները կամ դրանց համարժեքը.
21) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) որպես «անհատույց», «անվճար», «առանց գումարի» կամ համանման ձեւով ներկայացնելը, եթե սպառողը պարտավոր է կատարել այլ վճարներ՝ բացի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ստանալու կամ դրա առաքման հետ կապված ծախսերից.
22) էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով գնման գործընթացում ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացման հաշվարկային փաստաթղթի տպավորություն ստեղծող փաստաթղթերի ներառումը, ինչը սպառողի մոտ տպավորություն է ստեղծում, որ ապրանքն արդեն ձեռք է բերվել, երբ իրականում այդպես չէ.
23) հայտարարելը կամ թյուր տպավորություն ստեղծելը, որ տնտեսավարող սուբյեկտը չի գործում իր տնտեսական գործունեության նպատակներից ելնելով կամ կեղծ ձեւով ինքն իրեն ներկայացնում է որպես սպառող.
24) միջոցառումների տոմսերի վերավաճառումը սպառողներին, եթե վերավաճառողը դրանք ձեռք է բերել ավտոմատացված միջոցների կիրառմամբ՝ շրջանցելով տոմսերի քանակի ցանկացած սահմանափակում կամ տոմսերի ձեռքբերման համար սահմանված այլ կանոններ.
25) էլեկտրոնային առեւտրային հարթակում ապրանքի (աշխատանքի, ծառայության) վերաբերյալ ներկայացված գնահատականները ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ նշումը, այն դեպքում, երբ չեն ձեռնարկվել համաչափ եւ ողջամիտ քայլեր պարզելու, որ գնահատականները ձեւավորվել են այդ սպառողների կողմից.
26) էլեկտրոնային առեւտրային հարթակում տնտեսավարող սուբյեկտի կամ վերջինիս օգտին այլ անձանց կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման խթանման նպատակով կեղծ գնահատականներ ստեղծելը կամ այլ ապակողմնորոշիչ միջոցառումներ իրականացնելը, այդ թվում՝ դիտումների կեղծ քանակի ներկայացումը.
27) ծրագրային ապահովման թարմացման արդյունքում ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման վերաբերյալ սպառողին տեղեկատվություն չտրամադրելը.
28) ծրագրային ապահովման թարմացումը ներկայացնել որպես ֆունկցիոնալության պահպանման անհրաժեշտ պայման, այն դեպքում երբ այն ուղղված է ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերի ֆունկցիոնալության բարելավմանը.
29) սպառողին տեղեկատվություն չտրամադրելը այն մասին, որ ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը նվազեցնում են ապրանքի պիտանիության ժամկետը այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը տեղյակ էր դրա մասին.
30) սպառողին կեղծ տեղեկատվություն ներկայացնելը ապրանքի պիտանիության ժամկետի վերաբերյալ.
31) ապրանքի վերանորոգման հնարավորության վերաբերյալ կեղծ տեղեկատվության տրամադրումը, երբ ձեռքբերված ապրանքը հնարավոր չէ վերանորոգել.
32) սպառողին դրդել առանց տեխնիկական անհրաժեշտության վաղաժամ փոխարինել կամ թարմացնել ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը.
33) վաճառողի կողմից սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ իր կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազմանը.
34) սպառողին կեղծ տեղեկատվության տրամադրումն այն մասին, որ այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման:
Հոդված 37.3. Ագրեսիվ առեւտրային գործելակերպը
1. Առեւտրային գործելակերպը համարվում է ագրեսիվ, եթե ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման, կամ անհարկի ազդեցության միջոցով զգալիորեն թուլացնում է կամ կարող է թուլացնել միջին սպառողի՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքը, դրանով իսկ դրդում է կամ կարող է դրդել միջին սպառողին կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որը վերջինս այլ պարագայում չէր կայացնի:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ առեւտրային գործելակերպի շրջանակներում ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի կամ անհարկի ազդեցության գործադրման հանգամանքը որոշելիս հաշվի են առնվում հետեւյալ հանգամանքները.
1) դրա իրականացման ժամանակը, վայրը, բնույթը եւ (կամ) շարունակականությունը.
2) սպառնալից կամ վիրավորական բառապաշարի օգտագործումը կամ վարքագծի դրսեւորումը.
3) տնտեսավարող սուբյեկտի կողմից դժբախտ պատահարի կամ այնպիսի հանգամանքի շահարկումը, որի մասին վերջինս տեղյակ է եւ որը կարող է ազդել սպառողի գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու վրա.
4) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի իրավունքների իրացման արտապայմանագրային արհեստական խոչընդոտների ստեղծումը, այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է օգտվել պայմանագրով նախատեսված, ներառյալ՝ պայմանագիրը դադարեցնելու կամ մեկ այլ ապրանքով փոխարինելու կամ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտից այն ձեռք բերելու իրավունքներից.
5) անօրինական գործողություն ձեռնարկելու սպառնալիքը:
3. Ցանկացած դեպքում ագրեսիվ առեւտրային գործելակերպ է համարվում`
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն ստեղծելը, որ սպառողը չի կարող լքել վաճառքի իրականացման տարածքը, այդ թվում նաեւ՝ էլեկտրոնային առեւտրային հարթակը, առանց ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման.
2) սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը, հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանն ուղղված շարունակական եւ անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ.
3) գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ.
4) տնտեսավարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք (աշխատանք, ծառայություն) մատակարարելը սպառողին, եւ դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը.
5) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողին հայտնելը, որ վերջինիս կողմից ապրանք (աշխատանք, ծառայություն) ձեռք չբերելու պարագայում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կվտանգվի.
6) կեղծ տպավորություն ստեղծելը, որ սպառողն արդեն շահել է, շահելու է կամ կոնկրետ գործողություն կատարելիս կշահի մրցանակ կամ կստանա այլ համարժեք օգուտ, երբ իրականում մրցանակ կամ այլ համարժեք օգուտ առկա չէ կամ դրա ստացման համար պահանջվող գործողությունը ենթադրում է գումարի վճարում կամ այլ ծախսերի կատարում:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1-րդ հոդվածով.
«Հոդված 38.1. Անարդար առեւտրային գործելակերպի դեմ սպառողների իրավունքների պաշտպանությունը
Տնտեսավարող սուբյեկտի կողմից անարդար առեւտրային գործելակերպի դրսեւորման յուրաքանչյուր դեպքում սպառողն իրավունք ունի օգտվելու օրենքով նախատեսված պաշտպանության կառուցակարգերից:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում