Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-835-14.07.2015,23.10.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի  105-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

 «5.1. Նիստի սկզբում տրվում են ոչ ավելի, քան երկու գրավոր հարցի պատասխան:»,

2) 6-րդ մասում «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով, իսկ «երկու» բառերը` «մեկ» բառերով,

3) 7-րդ մասում «Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա» բառերը փոխարինել «Գրավոր հարցերի պատասխաններն ավարտվելուց հետո» բառերով,

4) 7.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7.1. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում բանավոր հարցերը տրվում են հետեւյալ հերթականությամբ՝

ա) ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը.

բ) ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը.

գ) հերթագրված մյուս պատգամավորների հարցերը:»,

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.2-րդ մասով.

«7.2. Եթե բանավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով տրվում են գրավոր հարցերի պատասխաններ: Հարցերի բացակայության դեպքում նիստն համարվում է ավարտված:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակն է կանոնակարգել ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով նախատեսված պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը:

Հաշվի առնելով, որ պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր եւ բանավոր հարցերով, ընդ որում՝ սահմանված կարգով առաջինը հնչում են ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերը, երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից, այդ պատճառով ավելի նպատակահարմար է նիստի սկզբում առաջինը հնչեցնել 2 գրավոր հարց, այնուհետեւ՝ բանավոր հարցերը:

Նախագծով հստակեցվում է նաեւ բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը:

Գործող կարգով առաջինը բանավոր հարցերով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո   բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Նշված կարգով ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում ոչ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները շատ հաճախ չեն կարողանում հասցնել նիստի ընթացքում իրենց հարցը հնչեցնել: Ներկայացված նախագծով առաջարկվում է փոխել այս կարգը: Ներկայացված նախագծով 2 գրավոր հարցերից հետո՝ առաջինը հնչում են ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների, այնուհետեւ, ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների եւ դրանից հետո հերթագրված մյուս  պատգամավորների հարցերը: Այսպիսով, ներկայացված ընթացակարգի շնորհիվ առավել շատ պատգամավորներ հնարավորություն կստանան կարցեր ուղղել կառավարությանը:

Առաջարկվում է նաեւ կրճատել կառավարությանն ուղղվող հարցի ներկայացման եւ դրան տրվելիք պատասխանի, պատասխանի վերաբերյալ պատգամավորի կարծիք արտահայտելու  եւ վերջինիս վերաբերյալ կառավարության անդամի արձագանքի համար օրենքով սահմանված ժամանակը: Օրենսդրական այս փոփոխությունը եւս կնպաստի մեկ նիստի ընթացքում կառավարությանն  ավելի շատ հարցերով դիմելուն:

Այսպիսով, նախագծի շնորհիվ կստեղծվեն ՀՀ կառավարությանը հարցեր տալու համար համեմատաբար հավասար պայմաններ թե ընդդիմադիր եւ թե ոչ ընդդիմադիր անկախ պատգամավորների համար: