Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1) տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների հափշտակությամբ, եթե բացակայում են սույն մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշները»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում: Այն անմիջականորեն կապված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, այնպես էլ՝ այն հանգամանքի հետ, որ նման գողություններ կատարելն ավելի դյուրին է, իսկ պատասխանատվությունը համապատասխանում է ոչ մեծ ծանրության հանցատեսակի համար սահմանված պատժատեսակներին: Ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար (եթե դրանք Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի որակյալ մասի հատկանիշներ չեն պարունակում) անձը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, որի պարագայում դատարանները, հաճախ հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրության լինելու հանգամանքը, կալանավորումը որպես խափանման միջոց հազվադեպ են կիրառում, իսկ պատիժներն էլ սահմանվում են ըստ այդմ: Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ եւ գտնվելով ազատության մեջ, շարունակում է դրսեւորել հակաիրավական վարքագիծ, շարունակում է տրանսպորտային միջոցներից կատարել գողություններ:
Ուստի, նշված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար, առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել լրացում:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը (տրանսպորտային միջոցի դրսի կողմից կատարված) դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն, եւ օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման 2-րդ հավելվածի Նպատակ 5՝ «Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ» աղյուսակի 6-րդ՝ «Քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացում» կետից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայումս լայն տարածում ստացած հանցատեսակի աճը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում