Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1039-01.04.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«Հոդված 47.16.
 
 
Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը
 
 
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի եւ ներմուծողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին:

2.Սույն հոդվածի 1-ին մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո  առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

3. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացումն առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

5. Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տուգանքների չափերը կազմում են իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան գործունեության իրականացման ժամանակահատվածի հասույթի նկատմամբ նույն մասերով նախատեսված տոկոսները:

6. Ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի եւ խեժի՝ տեխնիկական կանոնակարգերով թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

8. Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ եւ մանրածախ վաճառքը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 47.17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտություն.

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 035/2014) դրույթներով սահմանված պահանջները: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 47.16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում՝ հաշվի առնելով, որ ներկայումս ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված պարտադիր պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջները:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր եւ վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:  Չնայած այս հանգամանքին՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայում դեռեւս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք (հին տուփերով): Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ծխախոտային արտադրանքի արտադրություն եւ ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ (նշանակվել են տուգանքներ)՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ, որի համար հիմք հանդիսացող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 47.16-րդ հոդվածում առկա է միայն Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված պահանջների մասին դրույթը՝ այն ինչ ներկայումս արդեն գործողության մեջ է դրվել Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգը: Փոփոխություն է կատարվել նաեւ վարչական պատասխանատվության (տուգանքի)  դրույքաչափում:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի»  47.16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով կարգավորվում են միայն Հայաստանի Հանրապետությունում կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հետ կապված իրավակարգավորումները, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություն առաջնորդվում է ԵԱՏՄ սահմանված կարգավորումներով, անհրաժեշտ է փոփոխություն կատարել՝ սահմանելով ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող արտադրանքի համար վարչական պատասխանատվություն: Ծխախոտային արտադրանքի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում հանդիպել են այնպիսի իրավիճակներ, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձը կրկին կատարում է միեւնույն վարչական իրավախախտումը:

Հաշվի առնելով այն, որ գործող իրավակարգավորումներով տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրության եւ ներմուծման համար նախատեսված տուգանքի չափը փոքր է, հետեւաբար իրավախախտում թույլ տված անձը ուղղակի վճարում է տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանքը՝ միեւնույն ժամանակ չդադարեցնելով իր ոչ իրավաչափ վարքագիծը:

4. Կարգավորման նպատակը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակաուղղված է ապահովելու ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաեւ կանխարգելելու վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագծի կատարումը կրկնելու դեպքերը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակաուղղված է ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում արտադրության ու շրջանառության բացառմանը:

7. Այլ տեղեկություններ.

Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել նաեւ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 11-րդ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի դրույթներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն