Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-890-03.11.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308-Ն  օրենքի 5-րդ  հոդվածի  1-ին  կետի  ը) ենթակետը  «մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը» բառերից հետո լրացնել «, պատշաճ հիմնավորման պարագայում դիմել պատկան մարմիններին բարձրացվող հարցի վերաբերյալ համապատասխան քննարկումների կազմակերպման համար.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Հանրությանը հուզող եւ պատգամավորների կողմից բարձրացվող տարատեսակ հարցերի շուրջ երբեմն անհրաժեշտություն է լինում ստանալու բազմակողմանի տեղեկություններ, համադրելով տարբեր կարծիքներ, ինչպես նաեւ գործադիր գործառույթներ իրականացնող մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների տեսակետներ ստանալով, ձեւակերպել համապատասխան եզրակացություններ: Լինում  են կարեւոր հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջանում ստանալ առավել ծավալուն եւ բազմակողմանիորեն քննարկված տեղեկություններ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմարկներից եւ կազմակերպություններից, ինչի լավագույն տարբերակը հենց տեղում քննարկումներ կազմակերպելն է: Ելնելով վերը շարադրվածից առաջարկում ենք  կատարել լրացում Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքում, որով պատգամավորները իրավունք կունենան դիմել պատկան մարմիններին բարձրացվող հարցի վերաբերյալ համապատասխան քննարկումներ կազմակերպելու համար: