Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1051-18.04.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

 «ա) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, եւ ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն՝ բացառությամբ մինչեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-5 օրենքի ուժի մեջ մտնելը արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերի, եթե արգելոցի տարածքից ջրառ իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» գործող օրենքի 16-րդ հոդվածով սահմանված է, որ պետական արգելոցի տարածքում արգելվում է ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, եւ ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն: Վերոնշյալ հոդվածից հետեւում է, որ պետական արգելոցի տարածքից ցանկացած դեպքում եւ ցանկացած իրավիճակում ջրառն արգելված է:

Հարկ է նշել, որ համանման դրույթ առկա է եղել նաեւ 1991 թվականի փետրվարի 12-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՕ-5 օրենքում (ուժը կորցրել է 04.01.2007թ.), համաձայն որի 9-րդ հոդվածի՝ պետական արգելոցային տարածքներում արգելվել է ջրային պաշարների շահագործումը եւ ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության պետական արգելոցներում առկա են մի շարք ջրային համակարգեր, որոնք կառուցվել են դեռեւս ԽՍՀՄ տարիներին՝ նախքան պետական արգելոցների համար վերը նշված արգելքը սահմանելը, մինչդեռ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում նշված ջրային համակարգերից խմելու-կենցաղային եւ ոռոգման նպատակներով կազմակերպություններին տրամադրել նոր ջրօգտագործման թույլտվություններ, ինչը գործող իրավակարգավորումների պարագայում խնդրահարույց է:

«Շիկահող» պետական արգելոցի տարածքում դեռեւս ԽՍՍՀ-ի տարիներին կառուցվել է դեպի Շիկահող բնակավայր խմելու ջրամատակարարման համակարգը, իսկ տարածքում՝ դեպի տվյալ համայնք խմելու նպատակով ջրամատակարարում իրականացնելու համար այլընտրանքային աղբյուրներ առկա չեն:

Գառնի մայր ջրանցքը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, կառուցվել է դեռեւս 1972 թվականին եւ ներկա պահին փաստացի ապահովում է 650 հա պտղատու այգիներ եւ 25 հա բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգումը:  Վերոնշյալ հողատարածքները ոռոգելու համար տարածքում այլընտարնքային աղբյուրներ առկա չեն, հետեւաբար՝ բացառապես Գառնի մայր ջրանցքով է հնարավոր իրականացնել վերոնշյալ 675 հա ընդհանուր մակերեսով հողամասերի ոռոգումը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ կարեւորելով արգելոցներում արժեքավոր էկոհամակարգերի անխաթար վիճակով պահպանությունը, ինչպես նաեւ հարակից համայնքներին խմելու կամ կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) ջրով ապահովելու կենսական նշանակությունը՝ օրենքի նախագծով նախատեսվում է գործող օրենքի մեջ ներառվել է համապատասխան դրույթ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ նախատեսում է ստեղծել իրավական հիմք որի միջոցով՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հանդիսանում հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով ջրամատակարարումը ապահովելու համար եւ երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն: Կարգավորումը վերաբերվելու է միայն մինչեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-5 օրենքի ուժի մեջ մտնելը արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերին, ինչը կբացառի դրանից հետո՝ իրականացված դեպքերը:

Սույն կարգավորման ուժի մեջ մտնելու պարագայում՝ գործող օրենսրդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության տրամադրմամբ հնարավորություն կընձնեռվի վերահսկել եւ բացառել արգելոցի ջրային ռեժիմի վրա հետագա բացասական ազդեցությունները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համադրել համայնքների կենսապահովման կարիքները եւ պարենային անվտանգությունը շրջակա միջավայրի պահպանության հիմնական նպատակների հետ՝ ստեղծելով հավասարակշռված եւ պատասխանատու լուծում: Կարգավորման արդյունքում համայնքները կկարողանան օրինական հիմքով ստանալ անհրաժեշտ ջրային ռեսուրսներ, իսկ արգելոցների տարածքից ջրառի իրականացման գործընթացը կդառնա առավել վերահսկելի: Միեւնույն ժամանակ, կսահմանվեն խիստ պահանջներ եւ վերահսկողական մեխանիզմներ՝ ջրառի ծավալների եւ ժամկետների սահմանման առումով, ինչը կնպաստի արգելոցների կայուն կառավարմանը:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ»

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքում փոփոխությունը համահունչ է՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 4-րդ կետի 4.3-րդ միջոցառման հետ, քանի որ միջոցառման հիմնական նպատակներից է օրենսդրական բարեփոխումների միջոցով ամրագրել բնության հատուկ պահպանվող տարածքների  կառավարման սկզբունքները եւ պահպանության ռեժիմները: Նախագիծը համահունչ է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014  թվականի սեպտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագիրը եւ միջոցառումները հաստատելու մասին N 1059-Ա որոշման պահանջներին:

Օրենքում համապատասխան դրույթի սահմանումը առանցքային խնդիր է, որի լուծումը հնարավորություն կստեղծի ապահովել պետական արգելոցների արդյունավետ կառավարումը՝ հարակից համայնքների պարենայի անվտանգության ապահովման համատեքստում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ  ծախսերի ավելացում  չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն