Armenian ARMSCII Armenian
Կ-8773-22.10.2015,03.11.2015-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը օդանավակայանում գործող անմաքս առեւտրի խանութի կազմակերպչին:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման եւ վերադրոշմավորման կանոնները (այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 1.1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 1.2-րդ մասի «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ» բառերը փոխարինել «հարկ վճարողի» բառերով, իսկ «գերավճարի գումարին կամ» բառերը հանել.

4) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ակցիզային դրոշմանիշերը կորցնելու կամ վնասվելու փաստն արձանագրելու (ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրության կազմման կամ հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման) օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկ վճարողը նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե:».

5) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից օրենքով սահմանված դեպքերում հետ չընդունվելու կամ ակցիզային դրոշմանիշերի կորստի դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված կամ կորցրած ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին եւ տարողությանը համապատասխան, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:».

6) 11-րդ մասից հանել «հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում,» բառերը.

7) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Հարկ վճարողը կիրառությունից դուրս եկած ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ դրանց կիրառությունից դուրս գալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:».

8) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Սույն հոդվածի 2-րդ եւ 12-րդ մասերով սահմանված վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափով:»:

Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «յուրաքանչյուր ամիսը» բառերը փոխարինել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված ժամանակաշրջանը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված վճարողները ակցիզային հարկի հաշվարկներ չեն ներկայացնում եւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչեւ դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը եւ դրա հաշվարկման վերաբերյալ տեղեկություններն արտացոլումեն ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկում:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է օրենքով սահմանված ակցիզային հարկի վճարման ժամկետում:

Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:»:

Հոդված 4. Oրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով»բառերը փոխարինել«մուտքագրվում են միասնական հաշվին» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի:

Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, իսկ գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա: