Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1063-28.04.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2024 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) եւ «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:

4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

5. Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

6. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետեւյալ փոփոխությունը.

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի մարտի 3-ի ՀՕ-135-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածից հանվել է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնից՝ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90119):

7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321,688.82 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 315,725.51 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 15,147.5 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 5,963.31 հազար հայկական դրամ:

8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 226,971.16 հազար հայկական դրամ:

9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2024 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 94,717.65 հազար հայկական դրամ:

10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

11. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 1-ին հավելվածում :

12. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետեւյալն է.

1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2024 թվականի ընթացքում 4 գնորդի կողմից ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, 1 գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հետեւանքով գործը գտնվում է դատական գործընթացում եւ 1 գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունը կատարվել է, իսկ ներդրումային պարտավորությունը չկատարելու հետեւանքով հաշվարկվել է տուգանք 30 000 000 հայկական դրամի չափով:

2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 2-րդ հավելվածում :

13. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել:

3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

14. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել: