Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1068-12.05.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) այն քաղաքացին, որը՝

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).

2) տիրապետում է հայերենին եւ իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը «հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերից հետո լրացնել «, համայնքային ոստիկանի, ավագ համայնքային ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկանի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.

«6.3. Համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 6.1-ին, 6.2-րդ, 8-րդ մասերում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 55-րդ հոդվածի 10-րդ մասում, 55.1-ին հոդվածի 1-ին, 5-րդ եւ 6-րդ մասերում «նախնական մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 55-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած եւ համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները եւ ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչեւ համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչեւ համայնքային ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով փոփոխություն է կատարվում գործող օրենքի 11-րդ հոդվածում՝ վերանայելով ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները: Ուսումնասիրությունների  եւ վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է, քանի որ առաջնային նշանակություն ունեն որակական չափանիշները: Եթե անձը իր մասնագիտական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ ու առողջական վիճակով համապատասխանում է սահմանված չափանիշներին, ապա տարիքը նման պարագայում չպիտի հանդիսանա որոշիչ չափանիշը, որը կխոչընդոտի ոստիկանությունում ծառայության անցնելուն: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաեւ 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարեւոր ուղղություն է համարվում համայնքային ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը եւ համայնքային ոստիկանությունը արհեստավարժ կադրերով համալրելը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի ձեւավորման համատեքստում նախատեսվել է, որ շարունակական կրթության տրամաբանության մեջ համայնքային ոստիկանների պատրաստումն իրականացվելու է միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանակներում, որի մուտքային պահանջ է լինելու արհեստագործական ոստիկանական կրթություն ստանալուց հետո մեկ տարվա ծառայության ստաժը: Հաշվի առնելով նշված գործընթացի տեւականությունը՝ քրեական ոստիկանության օրինակով համայնքային ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով համալրելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակելու եւ իրականացնելու համայնքային ոստիկանի որակավորման մեկանգամյա արհեստագործական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները եւ ոստիկանության գործող ծառայողները:

Բացի այդ, գործող օրենքով սահմանված է, որ ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Նախագծով նախատեսվում է փոփոխել «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել նշանակումից երկու ամիս հետո:

Միաժամանակ, առաջացել է գործող օրենքում խմբագրական բնույթի շտկումներ կատարելու անհրաժեշտություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել: Նախագծով հնարավորություն է տրվում նաեւ ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ երկու ամիս անց: Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար: Ընդ որում, արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:

Նախագծերով սահմանվում է, որ համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք:  Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:

Բացի այդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի կարգավորումներն առաջարկվում է համապատասխանեցնել «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի տերմինաբանությանը: Մասնավորապես, «նախնական մասնագիտական կրթություն» բառերը փոխարինվում են «արհեստագործական կրթություն» բառերով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից:

4.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024թ. նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 7-րդ՝ «Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում» ուղղության 1-ին՝ «Երեւանում եւ մարզերում նոր կառուցվածքով եւ ֆունկցիոնալ հստակեցմամբ գործարկված Համայնքային ոստիկանության ինստիտուցիոնալ կայացում» գործողությունից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանությունն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը, լավարկել ոստիկանությունում ծառայության անցնելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ հնարավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում, իսկ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն