Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1069-12.05.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈւԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է բնակչության պետական ռեգիստրի ձեւավորման իրավական հիմքերը, բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմը, բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված լրացուցիչ տեղեկությունները, բնակչության պետական ռեգիստրի վարման կարգը, ռեգիստրում տվյալների մուտքագրման, տվյալների մշակման, այդ թվում՝ թարմացման, տվյալների անվտանգության պահպանության, տեղեկություններին հասանելիության ապահովման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման եւ նշված գործառույթների նկատմամբ մոնիթորինգի իրականացման հետ կապված հարաբերությունները: Սույն մասով նախատեսված հարաբերությունները կարգավորելիս անձնական տվյալներն օգտագործվում կամ տրամադրվում են պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները՝

1) բնակչության պետական ռեգիստր կամ բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարան՝ տեղեկատվական համակարգ, որն օգտագործվում է օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացմամբ ծառայություններ մատուցելու համար.

2) բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգ (այսուհետ՝ կանոնակարգ)՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման եւ դադարեցման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման եւ տվյալների շտեմարանի թարմացման, տվյալների շտեմարան հավաքագրվող տվյալների կազմի, հավաքագրման աղբյուրի, դրանք ներկայացնողների եւ ներկայացման, անհրաժեշտության դեպքում նաեւ շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ պարունակող նորմատիվ իրավական ակտ, որն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

3) տվյալների փոխանակման շերտ՝ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս տեղեկատվական համակարգին միացած այլ տվյալների բազաների եւ բնակչության պետական ռեգիստրի միջեւ ապահովել ցանցային կապ եւ փոխանակել տեղեկություններ թվային անվտանգ միջավայրում.

4) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, որոնց վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները ներառվում են բնակչության պետական ռեգիստրում.

5) բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմ՝ համակցված եւ համակարգված տվյալների ամբողջություն, որը ներառվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում եւ հանդիսանում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի՝ անձնական,  բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, ինչպես նաեւ իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվություն.

6) բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմիններ՝ բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմիններն են այն պետական, տեղական ինքնակառավարման մարմինները կամ իրավաբանական անձինք, որոնք պարտավոր են սույն օրենքով սահմանված տեղեկությունները ներկայացնել բնակչության պետական ռեգիստր.

7) բնակչության պետական ռեգիստրի վարում՝ բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ տվյալների մուտքագրման, տվյալների մշակման, այդ թվում՝ թարմացման, տվյալների անվտանգության պահպանության, տեղեկություններին հասանելիության ապահովման համակարգված թվայնացված գործընթաց.

8) տվյալների ներկայացում, թարմացում՝ բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ անձնական,  բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի, այդ թվում՝ խնամակալության եւ հոգաբարձության վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման գործողությունը կամ արդեն իսկ մուտքագրված տեղեկությունների նորացումը բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմինների կողմից.

9) տվյալների անվտանգության պահպանություն՝ բնակչության պետական ռեգիստր մուտքագրվող, բնակչության պետական ռեգիստրում պահվող եւ փոխանցվող տվյալների ամբողջականությունը, իսկությունը, գաղտնիությունը եւ անհերքելիությունը, պաշտպանվածությունը պատահական կորստից, չարտոնված մուտքից, չարտոնված օգտագործումից եւ բացահայտումից, խափանումից, չարտոնված փոփոխումից, ոչնչացումից, հարձակումից, կրկնօրինակումից, ձայնագրումից, տարածումից եւ այլ անօրինական միջամտությունից.

10) տեղեկություններին հասանելիություն՝ բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկությունը պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելը կամ թվային անվտանգ միջավայրում ծառայություններ մատուցելը, ինչպես նաեւ պետական,  տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությանը վճարովի հիմունքներով հասանելիություն տրամադրելը.

11) հանրային ծառայությունների համարանիշ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության կամ գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին, ինչպես նաեւ այլ անձանց հատկացվող թվային տասը նիշերի համակցություն, որը ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անձնական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաեւ ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար եւ ճշգրտող մեկ նիշ.

12) անձը հաստատող փաստաթղթեր՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը` միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչեւ 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը.

բ. փախստական ճանաչված, ինչպես նաեւ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

գ. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.

դ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը: Այն դեպքում, երբ օտարերկրացին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր), ապա Հայաստանի Հանրապետության տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նաեւ ներքին անձնագիրը.

ե. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` «070» ծածկագրով տպագրված անձնագիրը, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը

13) մշտական բնակություն ունեցող անձ՝ սույն օրենքի իմաստով մշտական բնակություն ունեցող է համարվում այն անձը, ով ընթացիկ տարում օրինական հիմքերով Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի գտնվել է 183 եւ ավելի օր: Մշտական բնակություն ունեցող անձինք են համարվում նաեւ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր թեպետ ընթացիկ տարում 183 եւ ավելի օր փաստացի չեն գտվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն գտնվում են դիվանագիտական ծառայության մեջ օտարերկրյա պետություններում գտվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում.

14) բնակչության հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայությունը բնակչության պեական ռեգիստրում.

15) hիմնական հասցե՝ այն վայրը, որտեղ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր.

16) ոչ հիմնական հասցե՝ այն վայրը, որը բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը հայտարարում է որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ այլ մարմիններից պաշտոնական ծանուցումներ ստանալու հասցե կամ հանրային ծառայությունների մատուցման հասցե:

Հոդված 3. Բնակչության պետական ռեգիստրում ձեւավորվող տվյալներին ներկայացվող պահանջները

1. Բնակչության պետական ռեգիստրում ձեւավորվող տվյալները պետք է լինեն պարզ, հստակ եւ իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ.

2. բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ բնակչության ռեգիստրում առկա տվյալները մատչելի են միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների (անձանց) համար:

3. Բնակչության պետական ռեգիստրում կուտակվող տվյալների հավաքագրումը պետք է իրականացվի հնարավորինս փոքր ռեսուրսներով եւ ապահովվի ռեգիստրում առկա տեղեկությունների թարմացումն ու արդիականացումը:

4.Արգելվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալները սույն օրենքից բխող նպատակներով այլ միջավայրերում հավաքագրելը, օգտագործելը, մշակելը եւ շրջանառելը:

5. Սույն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող տվյալների մուտքագրումը մերժվում է, ինչի վերաբերյալ միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն իրազեկում է տվյալը ներկայացնող մարմնին՝ նշելով մերժման պատճառը:

Հոդված 4. Բնակչության պետական ռեգիստրում տվյալների պահպանումը

1. Բնակչության պետական ռեգիստր մուտքագրված տվյալները պահպանվում են անժամկետ՝ ապահովելով պատմական տվյալների հասանելիությունը եւ հետագծելիությունը:

2. Բնակչության պետական ռեգիստրում մուտքագրված տվյալների  պահպանության եւ տվյալների արխիվացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ԳԼՈւԽ 2

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԸ, ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Հոդված 5. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը

1. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ են հանդիսանում՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված քաղաքացին.

2) օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում տրվել է Հայաստանի Հանրապետությունում կացության որեւէ կարգավիճակ կամ օրինական որեւէ այլ հիմքով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք.

3)  Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը.

4) ապաստան հայցողը, ում տրվել է ապաստան հայցողի անձը հաստատող վկայական.

5) քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձինք.

6)  անձը, ով ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ում ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ հանդիսանում են սույն կետի 2-5-րդ ենթակետերում նշված անձ.

7) հանրային ծառայությունների համարանիշ ստացած այլ անձինք:

Հոդված 6. Բնակչության պետական ռեգիստրը եւ դրա կառուցվածքը

1. Բնակչության պետական ռեգիստրում հավաքագրվող տվյալները հանդիսանում են հիմնարար տվյալ: Արգելվում է բնակչության պետական ռեգիստրում հավաքագրվող տվյալների հավաքագրման եւ մշակման համար առանձին տվյալների շտեմարանների ստեղծումը: Արգելվում է այլ շտեմարանների օգտագործումը որպես բնակչության պետական ռեգիստրում պարունակվող տվյալների սկզբնաղբյուր:

2. Բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքը, կառուցվածքին վերաբերող տեխնիկական պահանջները, ինչպես նաեւ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, տվյալների թարմացման, տեղեկությունների պահպանման ու պաշտպանության, ինչպես նաեւ տվյալների մուտքագրման մերժման եւ այդ մասին տվյալը ներկայացնող մարմնին ծանուցելու կարգը սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:

3. Բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինները պարտավոր են ապահովել իրենց կողմից ներկայացվող տեղեկությունների ճշգրտությունն ու արդիականությունը:

Հոդված 7. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմը եւ բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված լրացուցիչ տեղեկությունները

1. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմը բաղկացած է հետեւյալ տվյալներից՝

1) անձնական.

2) բնակության վերաբերյալ.

3) իրավական կարգավիճակի վերաբերյալ.

4) ազգության վերաբերյալ.

5) անձանց իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի, այդ թվում՝ խնամակալության եւ հոգաբարձության սահմանման վերաբերյալ:

2. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է նաեւ այլ տվյալնների շտեմարանների հետ, որի միջոցով տվյալ շտեմարաններից ստանում է լրացուցիչ տեղեկություններ հետեւյալի վերաբերյալ՝

1) անձի՝ զինվորական հաշվառման վերցված լինելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած լինելու, պահեստազորում հաշվառված լինելու, օրենքով սահմանված կարգով բժշկական վերափորձաքննության ենթակա լինելու եւ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ենթակա լինելու վերաբերյալ.

2) պետական սահմանի հատման վերաբերյալ.

3) անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ.

4) անձի կենսաչափական տվյալների վերաբերյալ.

5) բնակչության պետական ռեգիստր ներկայացվող տվյալները հաստատող փաստաթղթերի վերաբերյալ.

6) բնակչության հաշվառման վերաբերյալ.

7) կառավարության որոշմամբ սահմանված դեպքում այլ տվյալների վերաբերյալ:

3. բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինները պարտավոր են ապահովել իրենց կողմից ներկայացվող տեղեկությունների ճշգրտությունն ու արդիականությունը:

Հոդված 8. Անձնական տվյալները

1. Բնակչության պետական ռեգիստրում մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ հետեւյալ անձնական տվյալները՝

1) անունը, ազգանունը (առկայության դեպքում), հայարանունը (առկայության դեպքում).

2) սեռը.

3)  ծննդյան տվյալները, ներառյալ ծննդյան ամսաթիվը եւ վայրը.

4) հանրային ծառայությունների համարանիշը.

5) ծնող(ներ)ի հանրային ծառայության համարանիշ(եր)ը (առկայության դեպքում):

Հոդված 9. Բնակության վերաբերյալ տվյալները

1. Բնակչության պետական ռեգիստրում մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ հետեւյալ բնակության տվյալները՝

1) հիմնական հասցեն.

2) ոչ հիմնական հասցեն:

Հոդված 10. Իրավական կարգավիճակի եւ ազգության վերաբերյալ տվյալները

1. Բնակչության պետական ռեգիստրում մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ քաղաքացիության, իսկ մի քանի քաղաքացիություն ունենալու դեպքում, բոլոր քաղաքացիությունները, ազգության վերաբերյալ տվյալները՝ առկայության դեպքում, ինչպես նաեւ կացության վերաբերյալ տվյալները:

Հոդված 11. Անձանց իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ տվյալները

1. Բնակչության պետական ռեգիստրում մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ հետեւալ տվյալները՝

1) հայրության ճանաչում.

2) որդեգրում.

3) ամուսնություն.

4) ամուսնալուծություն.

5) անվան փոփոխություն.

6) մահ.

7) խնամակալության սահմանում.

8) հոգաբարձության սահմանում.

9) դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու եւ պատիժը կրելու վերաբերյալ տեղեկատվություն:

Հոդված 12. Բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված լրացուցիչ տվյալները

1. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է պաշտպանության բնագավառի կառավարության լիազոր մարմնի տվյալների շտեմարանի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի՝

1) զինվորական հաշվառման վերցված լինելու վերաբերյալ.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելու վերաբերյալ.

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած լինելու վերաբերյալ.

4) պահեստազորում հաշվառված լինելու վերաբերյալ.

5) օրենքով սահմանված կարգով բժշկական վերափորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ.

6) պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ենթակա լինելու վերաբերյալ:

2. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի՝ պետական սահմանի հատման վերաբերյալ:

3. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է անձը հաստատող փաստաթղթերի տվյալների շտեմարանի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի անձը հաստատող փաստաթղի տեսակի, համարի, տալու ամսաթվի, վավերության ժամկետի եւ տրամադրող մարմնի վերաբերյալ:

4. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է անձի կենսաչափական տվյալները պարունակող շտեմարանի հետ, որի միջոցով տեղեկություններ է ստանում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի կենսաչափական տվյալների վերաբերյալ:

5. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է բնակչության ռեգիտր ներկայացվող տվյալները հաստատող փաստաթղթերի գրանցամատյանի հետ:

6. Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապվում է նաեւ կառավարության որոշմամբ սահմանված այլ տվյալների շտեմարանների հետ:

7. Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված՝ սույն հոդվածով նախատեսված՝ այլ տվյալների շտեմարաններում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունների որոնումն իրականացվում է սուբյեկտի հանրային ծառայությունների համարանիշի փնտրման միջոցով:

8. Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաեւ տվյալների օգտագործման  կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Հանրային ծառայությունների համարանիշը

1. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված յուրաքանչյուր անձ պետք է ունենա հանրային ծառայությունների համարանիշ: Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստրում անձի անձնական տվյալների կամ դրանց մի մասի մուտքագրման արդյունքում:

2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է եւ ենթակա չէ փոփոխման:

3. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի  կողմից տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տրված ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում:

4. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` տվյալների շտեմարաններում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մարմիններն իրենց գործառույթներով պայմանավորված ծառայություններ մատուցելու դեպքում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտին ծառայությունը մատուցում են հանրային ծառայությունների համարանիշով վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, բնակչության պետական ռեգիստրում վերջինիս վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում մերժում են ծառայության տրամադրումը եւ անձին ուղղորդում են միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի մոտ՝ միաժամանակ այդ մասին հայտնում է միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

6. միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալուց հետո բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրումն իրականացնում է արտահերթ՝ ներքին գործերի բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով եւ սեղմ ժամկետներում:

7. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`

1) աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու եւ վճարելու ժամանակ.

3) բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական աջակցության ծրագրերից օգտվելու ժամանակ.

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.

6) օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:

8. Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվում է հետեւյալ կերպ.

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամսաթիվն ու սեռը եւ կարող է լինել`

ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար.

բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.

2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ եւ 4-րդ նիշեր) արտացոլում է անձի ծննդյան ամիսն ու դարը եւ կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14).

բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ եւ 6-րդ նիշեր) արտացոլում է անձի ծննդյան տարեթիվը եւ կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ եւ 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը եւ կարող է լինել 001-999.

5) վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

9. Հանրային ծառայությունների համարանիշին բնակչության պետական ռեգիստրում կարող է տրվել ակտիվ կամ պասիվ կարգավիճակ:

10. Բնակչության պետական ռեգիստրում ակտիվ կարգավիճակ ունեցող հանրային ծառայությունների համարանիշերի հիման վրա ձեւավորվում է բնակչության հիմնական կազմը:

11. Հանրային ծառայությունների համարանիշին ակտիվ կամ պասիվ կարգավիճակ տրամադրելու կարգը եւ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցումն իրականացվում է միայն հանրային ծառայությունների համարանիշի ակտիվ կարգավիճակ ունենալու պարագայում:

ԳԼՈՒԽ 3

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 14. Բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմիններ

1. Բնակչության պետական ռեգիստր  տվյալներ ներկայացնող մարմիններն են՝

1) բժշկական կազմակերպությունները՝ ծննդի ընդունման կամ ծննդի ժամանակ բժշկական օգնություն ցույց տալու դեպքերի, ինչպես նաեւ բժշկական կազմակերպություններում տեղի ունեցող մահվան դեպքերի մասով.

2) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինը՝ ծննդի, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան փոփոխման դեպքերի պետական գրանցման մասով.

3) խնամակալության եւ հոգաբարձության մարմինը՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվելու դեպքերի մասով.

4) դիվանագիտական ծառայության մարմինները՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, ինչպես նաեւ սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված այն դեպքերի մասով, որոնք տեղի ենք ունենում օտարկերկրյա պետություններում.

5) դատական դեպարտամենտը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքերի մասով.

6) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձանց մասով.

7) բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմում ներառված եւ սույն կետի 1-6-րդ ենթակետերում չնշված տեղեկությունների մասով տվյալներ ներկայացնող մարմին է հանդիսանում նաեւ միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի պետական լիազոր մարմինը:

Հոդված 15. Բժշկական կազմակերպությունները

1. Բժշկական կազմակերպությունները ծննդի ընդունման կամ ծննդի ժամանակ բժշկական օգնություն ցույց տալու դեպքերում պարտավոր են մինչեւ ծննդյան օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը բնակչության պետական ռեգիստրում մուտքագրել անձի ծննդյան վերաբերյալ հետեւյալ տվյալները՝

1) ծննդյան ամսաթիվը եւ վայրը.

2) սեռը.

3) ծնող(ներ)ի հանրային ծառայությունների համարանիշերը (առկայության դեպքում), իսկ օտարերկրացի ծնողների դեպքում ծնողների անուն, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Ընդ որում, ծնող(ներ)ի՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու դեպքում բժշկական կազմակերպությունը լրացնում է ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները եւ նշում է կատարում հանրային ծառայությունների համարանիշ բացակայության վերաբերյալ:

2. Բժշկական կազմակերպությունները բժշկական կազմակերպությունում անձի մահվան դեպքում պարտավոր են մինչեւ մահվան օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը բնակչության պետական ռեգիստրում՝ մահացած անձի հանրային ծառայության համարանիշի փնտրման միջոցով նշում կատարել անձի մահվան վերաբերյալ՝ մուտքագրելով մահվան ամսաթիվը եւ վայրը:

3. Բժշկական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստրում մուտքագրելուց հետո որոշվում է անձի կարգավիճակը եւ ձեւավորվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը, որի մասին բժշական կազմակերպության կողմից տեղեկացվում է անձի ծնողին կամ օրինական ներկայացուցչին: Հանրային ծառայությունների համարանիշը հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից անձի ծննդյան վկայականը ծնողին կամ օրինական ներկայացուցչին տրամադրելու համար:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր ներկայացնող բժշկական կազմակերպությունների ցանկը միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին  տրամադրում է առողջության բնագավառի պետական լիազոր մարմինը:

5.  Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տվյալները բժշկական կազմակերպությունների կողմից բնակչության պետական ռեգիստր ներկայացնելու կարգը եւ պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:

Հոդված 16. Քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինը

1. Քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինը բնակչության պետական ռեգիստրում իրականացնում է անձի ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան փոփոխման դեպքերի պետական գրանցում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները

1. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինն անձի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տվյալը մուտքագրում է բնակչության պետական ռեգիստրում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում խնամակալության եւ հոգաբարձության մարմինը բնակչության պետական ռեգիստրում մուտքագրում է հետեւյալ տվյալները՝

1) այն անձի հանրային ծառայության համարանիշը, ում նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն.

2) խնամակալի կամ հոգաբարձուի հանրային ծառայության համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

3) խնամակալության կամ հոգաբարձության սահմանման ամսաթիվը:

3.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը  խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից բնակչության պետական ռեգիստրում գրանցելու կարգը եւ պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:

Հոդված 18. Դիվանագիտական ծառայության մարմինները

1. Դիվանագիտական ծառայության մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով համապատասպան տվյալը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մուտաքագրում են բնակչության պետական ռեգիստրում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դիվանագիտական ծառայության մարմինը անձի որոնումը բնակչության պետական ռեգիստում իրականացնում է հանրային ծառայությունների համարանիշի որոնման միջոցով:

3. Դիվանագիտական ծառայության մարմինները բնակչության պետական ռեգիստրում մուտքագրում են նաեւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը, այն դեպքերի մասով, որոնք տեղի են ունենում օտարերկրա պետություններում: Նշված տեղեկատվության մուտքագրումը բնակչության պետական ռեգիստրում տեղի է ունենում սույն գլխով բնակչության պետական ռեգիստր  տվյալներ ներկայացնող մյուս մարմինների համար սահմանված նույն կարգով:

Հոդված 19. Դատական դեպարտամենտը

1. Դատական դեպարտամենտը օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր:

2. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում բնակչության պետական ռեգիստրում անձի որոնումն իրականացնում է հանրային ծառայությունների համարանիշի որոնման միջոցով, եւ բնակչության պետական ռեգիտրում նշում է կատարում անձի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված լինելու եւ վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելու ամսաթվի վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը  դատական դեպարտամենտի կողմից բնակչության պետական ռեգիստրում գրանցելու կարգը եւ պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:

Հոդված 20. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձանց, ինչպես նաեւ նշված անձանց՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կրումը ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը քրեակատարողական մարմնին հայտնի դառնալու նույն օրը մուտքագրում է բնակչության պետական ռեգիստր:

2. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը մուտաքգրելու նպատակով բնակչության պետական ռեգիստրում անձի որոնումն իրականացնում է հանրային ծառայությունների համարանիշի որոնման միջոցով, եւ բնակչության պետական ռեգիտրում նշում է կատարում անձի՝ դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու եւ պատիժը կրելու կամ նշված անձանց՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կրումը ավարտելու վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը  քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը կողմից բնակչության պետական ռեգիստրում գրանցելու կարգը եւ պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:

Հոդված 21. Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի պետական լիազոր մարմինը

1. Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի պետական լիազոր մարմինը բնակչության պետական ռեգիստրում մուտքագրում է սույն օրենքով բնակչության պետական ռեգիստրի կազմի այն տվյալները, որոնք ենթակա չեն մուտքագրման բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող այլ մարմինների կողմից եւ բխում են Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի պետական լիազոր մարմնի լիազորություններից:

2. Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստրում մուտքագրում է ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ անձանց դիմումի հիման վրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրելու կարգը եւ պահանջները սահմանում է միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը :

ԳԼՈՒԽ 4

Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

Հոդված 22. Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի խնդիրներն ու  լիազորությունները

1. Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի խնդիրներն են՝

1) բնակչության պետական ռեգիստրի ստեղծման, ներդրման եւ կառավարման կազմակերպումը.

2) բնակչության պետական ռեգիստրի անվտանգության եւ օրինականության ապահովումը.

3) բնակչության պետական ռեգիստրի զարգացման եւ կատարելագործման ապահովում.

4) բնակչության պետական ռեգիստրի տվյալների թարմացման, տեխնիկական սպասարկման եւ անվտանգության ապահովումը:

2. Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորություններն են՝

1) բնակչության պետական ռեգիստրի կառավարումը.

2) բնակչության պետական ռեգիստրի ներդրման, տվյալների մշակման, բնակչության պետական ռեգիստրի թարմացման, տեխնիկական սպասարկման եւ անվտանգության ապահովման աշխատանքները օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի լիազորելը.

3) բնակչության պետական ռեգիստրի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու կառավարումը, օրենքով կամ շտեմարանի կանոնակարգով նախատեսված դեպքերում ապահովելով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական կամ պատվիրակված լիազորությունների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրի օգտագործումը.

4) բնակչության պետական ռեգիստրի վարումը.

5) բնակչության հաշվառումն իրականացնելը.

6) անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը.

7) հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումը.

8) սույն օրենքի պահանջների պահպանման նկատմաբ մոնիթորիգի իրականացումը եւ իրավասու մարմինների կողմից բնակչության պետական ռեգիստր պարտադիր մուտքագրման ենթակա տվյալների չմուտքագրման կամ թերի կամ սխալ մուտքագրման դեպքերը հայտնաբերելու դեպքում իրավասու մարմիններին տվյալները մուտքագրելու մասով պարտադիր կատարման ենթակա ուղղորդումների ներկայացումը.

10) սույն օրենքով կամ այլ օրենքներով միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությանը վերապահված այլ գործառույթների իրականացումը:

10) սույն օրենքով կամ այլ օրենքներով միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությանը վերապահված այլ գործառույթների իրականացումը:

Խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս անձնական տվյալներն օգտագործվում կամ տրամադրվում են պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները:

3. Բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմինների կողմից տվյալների ներկայացման աշխատանքների իրականացման շրջանակներում միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորություններն են՝

տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքի մոնիտորինգը.

1) տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքի հետ կապված խնդիրների լուծումը.

2) տվյալներ ներկայացնող մարմիններին խորհրդատվական բնույթի ցուցումներ կամ պարզաբանումներ կամ օգնության տրամադրումը:

ԳԼՈՒԽ5

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկություններին հասանելիության ապահովման եղանակները

1. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկությունների հասանելիությունն ապահովում է ներքին գործերի բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հետեւյալ եղանակներով՝

1) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից իր վերաբերյալ տեղեկությունների հարցմանը, իսկ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու դեպքում նաեւ այլ սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունների հարցմանը պատասխանելու միջոցով.

2) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտին բնակչության պետական ռեգիստրում իր մասին առկա տեղեկություններին թվային ձեւաչափով հասանելիության տրամադրման միջոցով : Սույն կետում նշված դեպքում տեղեկություններին հասանելիությունն ապահովվում է տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով կառավարության սահմանած կարգով.

3) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրում առկա այն տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու միջոցով, որը բխում է տեղեկատվություն հայցող մարմնի օրեսնդրությամբ վերապահված լիազորություններից: Տեղեկատվությանը հասանելիության տրամադրման համար գանձվում է պետական տուրք:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մուտքի հարթակում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը մուտքագրում է իր հիմնական եւ ոչ հիմնական հասցեները, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն:

3. Հիմանական հասցեն մուտքագրելը պարտադիր է: Հիմնական հասցեն անձի մշտական բնակության վայրն է: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է այդ մասին նշել տեղեկատվական մուտքի հարթակում: Անձը կարող է հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում: Անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից: Հիմնական հասցեն հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու եւ ընտրողների ցուցակը կազմելու համար:

4. Բնակչության հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ոչ հիմնական հասցեն օգտագործվում է պաշտոնական ծանուցումների ստացման համար: Ոչ հիմնական եւ հիմնական հասցեները կարող են համընկնել: Անձը ցանկացած ժամանակ կարող է փոփոխել իր ոչ հիմնական հասցեն:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մուտքի հարթակում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից իր էլեկտրոնային փոստի հասցեն մուտքագրելուց հետո համակարգը հնարավորություն է տալիս բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտին նշում կատարել պաշտոնական ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու համաձայնություն տալու մասին: Սույն մասով նախատեսված համաձայնությունը տալու դեպքում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցումները համարվում են պատշաճ ծանուցում, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:

7. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվության հասանելիության տեխնիկական, անվտանգության պահանջները, տեղեկատվությանը հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, վերջիններիս համար բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվության հասանելիության ծավալները եւ տեղեկատվության հասանելիության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության կողմից՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի սկզբունքներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 6

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 24. Բնակչության պետական ռեգիստրի պահպանումն ու ֆինանսավորումը

1. Բնակչության պետական ռեգիստրի պահպանումն իրականացվում է լիազոր պետական մարմնի կողմից՝ ապահովելով ռեգիստրի տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը եւ արդիականությունը:

2. Բնակչության պետական ռեգիստրի վարման եւ պահպանման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

3. Բնակչության պետական ռեգիստրի վարման եւ պահպանման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում՝ համապատասխան ֆինանսական տարվա համար:

ԳԼՈՒԽ 7

ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

Հոդված 25. Սույն օրենքի կատարման նկատմամբ մոնիթորինգը

1. Սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նպատմամբ մոնիթորինգն իրականացնում է միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը :

2. Սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նպատմամբ մոնիթորինգի իրականացնման շրջանակներում բնակչության պետական ռեգիստրի միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը իրականացնում է՝

1) պարբերական ուսումնասիրություններ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, տեղեկությունների թարմացման, պահպանման ու պաշտպանության գործընթացների նկատմամբ.

2) ապահովում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների անվտանգությունը՝ պաշտպանելով դրանք չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից եւ ոչնչացումից.

3) ուսումնասիրում է բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքը՝ ապահովելու տվյալների ներկայացան ձեւաչափին վերաբերող պահանջների պահպանվածությունը.

4) ապահովում է տվյալների սուբյեկտների վերաբերյալ տվյալների ուղղումը, հեռացումը եւ դրանց հասանելիության սահմանափակումը, եթե առկա է տվյալներին հասանելիության չատոնված դեպք.

5) ներքին գործերի բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ բնակչության պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ՝ ներառյալ տվյալների մուտքագրման, թարմացման եւ անվտանգության վերաբերյալ տեղեկությունները.

6) ապահովում է աուդիտի իրականացումը՝ բացահայտելու համար համակարգի խնդիրները եւ ապահովելու դրանց վերացումը.

7) հայտնաբերում բնակչության պետական ռեգիստրի գործունեության հետ կապված խախտումները եւ տվյալներ ներկայացնող մարմիններին առաջարկներ է ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ.

8) հետեւում է բնակչության պետական ռեգիստրի եւ այլ տվյալների շտեմարանների միջեւ տվյալների փոխանակման գործընթացների պատշաճ իրականացմանը՝ ապահովելով դրանց օրինականությունն ու անվտանգությունը.

9) ապահովում է բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմինների համար սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված վերապատրասումների կազմակերպումն ու իրականացումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մոնիթորինգն իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետոըթյան կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ 8

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը գործարկվում է մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՀՕ-419-Ն եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՀՕ-288-Ն օրենքները:

3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի:

4. Բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքին վերաբերող տեխնիկական պահանջները, ինչպես նաեւ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, տվյալների թարմացման, տեղեկությունների պահպանման ու պաշտպանության, տեղեկատվության հասանելիության տեխնիկական, անվտանգության պահանջները եւ կարգը սահմանող տվյալների շտեմարանի կանոնակարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Թվային հասարակության առանցքային պահանջներից մեկը պետության հետ մարդու հարաբերությունները հատկորոշելու կարողությունն է, որովհետեւ հենց սրանից են բխում նրանց միջեւ մնացած բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Քաղաքացիների միջեւ էական իրավական հարաբերությունները նույնպես կարեւոր պայման են բազմաթիվ ծառայությունների համար: Բնակչության կայացած ռեգիստրը, հետեւաբար, հույժ կարեւոր է եւ հատուկ ուշադրության է արժանի: Բնակչության կայացած ռեգիստրը հնարավորություն է տալիս ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը,  անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու եւ անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը:

Ներկայումս բնակչության ռեգիստրում տվյալների հավաքագրումն իրականացվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի հիման վրա: Օրենքն ընդունվել է 2002 թվականին եւ ռեգիստրի արդիականացմանն ուղղված փոփոխություններ ըստ էության չեն կատարվել: Ներկայումս բնակչության պետական ռեգիստրի առկա վիճակի պատկերը հետեւյալն է.

- Բնակչության պետական ռեգիստրը կազմակերպչական առումով գործում է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում,

- Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) տրվում է ԲՊՌ կողմից

- Ծննդյան ամսաթիվը պահվում է ԲՊՌ-ում, անձի ՀԾՀ-ը պարունակում է ծննդյան ամսաթիվը եւ սեռը

- ՀԾՀ-ն ստեղծվում է ծննդյան գրանցման պահին

- ԲՊՌ-ն գրանցում է ծնունդը Արդարադատության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա, որը տնօրինում է ծննդի գրանցման գործընթացների հետ կապված տվյալների բազան

- Նորածինների մասին տեղեկատվությունն առաջինը գրանցում է Արդարադատության նախարարությունը

- Անձի անունը Արդարադատության նախարարության միջոցով գրանցվում է մնացած բոլոր տվյալների հետ մեկտեղ:

Այսինքն, բնակչության ռեգիստրը հանդիսանում է բնակչության ռեգիստրում գրանցման ենթակա տեղեկատվության հավաքագրման երկրորդային օղակ, ինչը հանգեցնում է ռեգիստրում այլ տեղեկատվական համակարգերից մուտքագրվող տվյալների թերի լրացման, համակարգի լեզուների անհամապատասխանության, ուստի եւ ոչ հստակ տեղեկատվության հավաքագրման: Բացի դրանից, առկա են նաեւ մի շարք խնդիրներ տեղեկատվական այլ համակարգերի հետ փոխգործելիության, տեղեկատվության արդիականացման հետ կապված: Արդյունքում բնակչության ռեգիստրը իրենցից ներկայացնում ոչ թե անձանց վերաբերյալ թարմացված ու արդիականացված տվյալների բազա, այլ անձանց փաստաթղթերի վերաբերյալ մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ:

2. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Մինչդեռ «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակադրված է մեկ միասնական տեղեկատվական համակարգում մեկտեղելու բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Բնակչության ռեգիստրի մասին նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը,  անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու եւ անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնով կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն: Որակյալ ծառայությունների մատուցման հիմքը արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունն է, որն էական է քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար:

Միաժամանակ նախագծերի ընդունումը բխում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի թիվ 02/2022 արձանագրության 3-րդ հարցի քննարկման արդյունքներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական  բյուջեի եկամուտներում էական փոփոխություններ չեն նախատեսվում: Բնակչության ռեգիստրի նոր համակարգի ներդրման մասով կառաջանա պետական բյուջեի ծախսային ուղղությունների փոփոխման կարիք, սակայն դրա չափը ներկայումս հնարավոր չէ կանխատեսել:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն