Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1070-12.05.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.6-րդ հոդվածի 2-րդ մասում «200-ապատիկի» բառը փոխարինել «800-ապատիկի» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան եւ տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցածր գներով ներմուծվող իրանական ցեմենտը կարող էր հանգեցնել Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների գործունեության խաթարմանը՝ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային Ժողովի կողմից 2019 թվականին տրվեցին օրենսդրական կարգավորումներ, որոնք նպատակ ունեին տեղական շուկայում ստեղծել հավասար պայմաններ ներմուծվող եւ տեղում արտադրվող ցեմենտի համար:

Մասնավորապես՝ նկատի ունենալով, որ Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հզորությունները (շուրջ 2.5 մլն տոննա) գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.) եւ հաշվի առնելով, որ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտը կարող էր հանգեցնել տեղական ցեմենտ արտադրող ձեռնարկությունների գործունեության խաթարմանը՝ ցեմենտի տեղական շուկայի վարքագիծն ուսումնասիրելու արդյունքում Կառավարության կողմից առաջարկվեց կիրառել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործունեության որոշակի սահմանափակումներ, սահմանելով այն որպես լիցենզավորվող գործունեություն եւ կիրառելով պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածին համապատասխան, ինչը գանձվում է ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիա տրամադրելու համար:

Ուսումնասիրելով վերը նշված իրավական կարգավորումների արդյունքում ցեմենտի տեղական շուկայում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաեւ նշված գործընթացներին ճկուն արձագանքելու նպատակով՝ պարբերաբար ներկայացվում են առաջարկություններ վերը նշված իրավական կարգավորումների վերանայման վերաբերյալ: Օրինակ՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի ամռանը գրանցվեց իրանական ցեմենտի եւ կլինկերի գների աճ՝ առաջարկվեց կատարել փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում, որի արդյունքում ցեմենտի ներմուծման լիցենզավորման համար պետական տուրքը 14 հազ.դրամ/տ. իջեցվեց մինչեւ 2 հազ.դրամ/տ., իսկ կլինկերի ներմուծման գործունեության համար գանձվող տուրքն ընդհանրապես հանվեց:

Ներկայումս, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներում տեղի է ունենում իրանական ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ եւ ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի եւ ներմուծվողի միջեւ:

Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում 2024 թվականին արտադրվել է ընդամենը 1.05 մլն տ. ցեմենտ՝ ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 92.7%-ը (անկման հիմնական պատճառները նշված է հիմնավորման 1-ին մասում):

Ներկայումս իրականացվող արտադրական գործունեության արդյունքում տեղական արտադրության ցեմենտի ձեւավորված միջին ինքնարժեքը կազմում է 42-44 հազ. դրամ (առանց ԱԱՀ):

Ինքնարժեքը ձեւավորող հիմնական տարրերն են (միջինացված ցուցանիշներով)՝

Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 75-85 մլն տոննա, որից 13-15 մլն տոննան արտահանվում է: Արտահանման հիմնական երկրներ են հանդիսանում Իրաքը, Քուվեյտը, Պակիստանը, Սիրիան, Աֆղանստանը: Ըստ Իրանի ցեմենտ արտադրողների ասոցիացիայի ղեկավարության՝ նախատեսվում է, որ հաջորդ տարի եւս 8.8 մլն տոննայով կաճի ցեմենտի արտադրությունը Իրանում ի հաշիվ 13 նոր արդյունաբերական նախագծերի իրականացման:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 253.6 հազ.տ. ցեմենտ, ինչը կազմում է նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրված ցեմենտի 22.3%-ը,

Ըստ Պետական եկամուտների կոմիտեից աշխատանքային կարգով տրամադրված տվյալների՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 72%):

Մեկ տոննա իրանական ցեմենտի գինը Հայաստանի սահմանին տատանվում է 35 ԱՄՆ դոլարի սահմաններում, մաքսատուրքը՝ 1 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ տարածքում տեղափոխումը՝ միջինը 40 ԱՄՆ դոլար:

Արդյունքում, իրանական ցեմենտի ինքնարժեքը Երեւանում կազմում է շուրջ 76 ԱՄՆ դոլար (կամ 30-31 հազ.դրամ)

Իրանական ցեմենտի ցածր գինը պայմանավորված է մի շարք գործոններով.


Վերոհիշյալ հանգամանքներից ելնելով ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերել տեղական շուկայում:

Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները (չդիմանալով ներմուծվող ցեմենտի մրցակցությանը եւ նվազեցնելով վաճառքները) կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում եւ կանգնել, ընդհուպ մինչեւ արտադրական գործունեության դադարեցման վտանգի առջեւ: Իսկ ցեմենտ արտադրող երկրից ցեմենտ ներմուծող երկիր դառնալու փաստը կարող է հանգեցնել նրան, որ ներմուծող ընկերությունները (չունենալով տեղական արտադրող մրցակիցներ) կարող են կտրուկ բարձրացնել ներմուծվող ցեմենտի գները: Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում, ցեմենտի տեղական շուկայի ամբողջական պահանջարկի բավարարումը ներմուծման միջոցով իրականացնելու դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, կապված անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակություն հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական 100-ից ավելի մեքենա` 15 տոննա տարողությամբ, կավելանան մաքսակետերում եւ ճանապարհներին:

Միեւնույն ժամանակ, ցեմենտի տեղական արտադրության դադարեցման արդյունքում կարող է վերանալ արդյունաբերության այդ ճյուղը, իսկ Հայաստանի ցեմենտ օգտագործող ոլորտները ամբողջությամբ կախված կլինեն ներմուծումից, ինչն իր հերթին՝ կնվազեցնի ռազմավարական ապրանք համարվող՝ ցեմենտի ապահովվածությունը, հանգեցնելով տեղական արտադրանքի փոխարինումը ներմուծվողով, ինչը նույնպես հակասում է Կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականության սկզբունքներին:

Տեղական շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է կատարել ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետական տուրքը չափի փոփոխություն` ապահովելով տեղական արտադրողների համար (ներմուծողների նկատմամբ) հավասար մրցակցային դաշտ:

Միեւնույն ժամանակ կարծում ենք, որ այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին չտա «հանգստի ռեժիմի» հնարավորություն, այլ ստեղծի պայմաններ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով (գործող՝ 200-ապատիկի փոխարեն):

Միեւնույն ժամանակ, առաջարկվում է նախագիծը համարել անհետաձգելի եւ նշված ընթացակարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ցեմենտի տեղական շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունները կրում են դինամիկ բնույթ եւ անհրաժեշտ է ճկուն արձագանքել այդ փոփոխություններին:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխության անհրաժեշտություն չի առաջացնում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանություն: Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում եւ արտադրանքի մրցունակության բարձրացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում եւ հավասար մրցակցային պայմանների ապահովում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները եւ շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

5. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ ցեմենտի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջեւ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից եւ ապահովում է Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ եւ 5.5-րդ կետով սահմանված դրույթների շարունակականությունը, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում եւ ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն