Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքում (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում՝
1) «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման» բառերով,
2) հանել «պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության,» բառերը:
Հոդված 2. Օրենքի հավելված 1-ի՝
1) վերնագրում եւ 1.1-րդ կետում հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի» բառերը,
2) 1.2-րդ կետի «ա» ենթակետում հանել «տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսվարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման,» բառերը,
3) 1.2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«բ) գերավճարների գումարը որոշելու անհրաժեշտությունը.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ` նախագծերի փաթեթ) առաջարկվում է հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը: Այդ նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես`
- կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը,
- սխալ վճարումների հետեւանքով տույժեր այլեւս չեն հաշվարկվի,
- կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու եւ դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացում, եզրակացությունների կազմում եւ այլն),
- կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման եւ վերադարձման գործող ընթացակարգերը եւ դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը,
- կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներ» կուտակվելու հնարավորությունը,
- կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը),
- եկամտային հարկի եւ արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային,
- բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները,
- հստակեցվում եւ պարզեցվում է հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը,
- ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակած դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաեւ հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,
- հանվել են տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները:
Միաժամանակ, նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ՝
- ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված եւ վճարված ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաեւ արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով, ինչի արդյունքում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանողները կազատվեն իրենց ներմուծող գործընկերոջ կողմից արտահանմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը սահմանված ժամկետում չուղարկելու հետեւանքով առաջացող հարկային պարտավորությունների բեռից,
- մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ինչպես նաեւ ջերմոցների իրացումը նույնպես ազատել ԱԱՀ-ից (քանի որ դրանց ներմուծումն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից), որպեսզի արտոնության շղթան լինի ամբողջական:
2. Կարգավորման առարկան
Նախագծերի փաթեթով կարգավորվում եւ պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները, դրանով իսկ կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթի ընդունմամբ`
- կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը,
- սխալ վճարումների հետեւանքով տույժեր այլեւս չեն հաշվարկվի,
- կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու եւ դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացումը, եզրակացությունների կազմումը եւ այլն),
- կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման եւ վերադարձման գործող ընթացակարգերը եւ դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը,
- կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներ» կուտակվելու հնարավորությունը,
- կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը),
- եկամտային հարկի եւ արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային,
- բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով կնույնականացվեն հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները,
- հստակեցվի եւ պարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը,
- ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակած դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաեւ հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,
- կհանվեն տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները:
- կհստակեցվի եւ կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը: