ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները եւ սահմանում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում պետական քաղաքականության ձեւավորման ու իրականացման սկզբունքները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների վրա՝ անկախ նրանց կազմակերպական-իրավական ձեւից:
Հոդված 2. Բարձրագույն կրթության եւ գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, «Կրթության մասին» օրենքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) բարձրագույն կրթություն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, բարձրագույն կրթության ծրագրերով իրականացվող կրթական գործընթաց, որի սահմանված կարգով ավարտի դեպքում ուսանողը ստանում է տվյալ աստիճանին համապատասխանող որակավորում (բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի).
2) բարձրագույն ուսումնական հաստատություն (այսուհետ՝ բուհ)՝ ոչ առեւտրային կազմակերպություն, որի գործունեության առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Կախված հիմնադրից բուհերը կարող են լինել՝
ա) հանրային (պետական) բուհ՝ պետության կողմից հիմնադրված բուհ.
բ) միջպետական բուհ՝ միջպետական պայմանագրի հիմքով հիմնադրված բուհ.
գ) մասնավոր բուհ՝ բուհ, որի հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա պետության բուհի մասնաճյուղ.
3) հետազոտական համալսարան՝ բուհ, որն իրականացնում է կրթական ծրագրեր բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ ունի իր կազմում գործող առնվազն մեկ գիտական կազմակերպություն եւ կանոնադրությամբ սահմանված կառուցվածքային այլ միավորներ.
4) հետազոտությունների եւ մշակումների ոլորտ՝ նոր գիտելիքի ստեղծմանը կամ դրա կիրառման նոր ուղղությունների հայտնաբերմանն ուղղված մտավոր ստեղծագործական, համակարգված գործունեության ոլորտ, որը բաժանվում է հետեւյալ տեսակների.
ա. հիմնարար հետազոտություններ՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի եւ զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած համընդհանուր գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն՝ առանց որոշակի ուղղակիորեն գործնական կիրառման նկատառման,
բ. կիրառական հետազոտություններ՝ հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի հայտնի կամ սահմանված խնդիրների լուծմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն,
գ. փորձարարական մշակումներ՝ հետազոտությունների կամ պրակտիկ փորձարկումների միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված՝ նոր արտադրանքի կամ գործընթացների ստեղծմանը կամ առկա արտադրանքի կամ գործընթացների կատարելագործմանն ուղղված համակարգված գործունեություն.
5) գիտական գործունեություն՝ սույն օրենքի իմաստով՝ հետազոտությունների եւ մշակումների ոլորտում իրականացվող գործունեություն.
6) նորարարական (ինովացիոն) գործունեություն՝ տնտեսական շրջանառության մեջ առկա արտադրանքի կամ ծառայության համեմատ էականորեն ավելի կատարելագործված կամ նոր արտադրանքի կամ ծառայության մշակմանը միտված գործունեություն.
7) գիտական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ օրենքով սահմանված հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ հետազոտական համալսարանի կազմում ինքնավարության սկզբունքով գործող կառուցվածքային միավոր, որն իրականացնում է գիտական գործունեություն: Ըստ հիմնադրի գիտական կազմակերպությունը կարող է լինել՝
ա. հանրային (պետական) գիտական կազմակերպություն՝ պետության կողմից հիմնադրված գիտական կազմակերպություն.
բ. միջպետական գիտական կազմակերպություն՝ միջպետական պայմանագրի հիմքով հիմնադրված գիտական կազմակերպություն.
գ. մասնավոր գիտական (հետազոտական) կազմակերպություն, գիտական կազմակերպություն, որի հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն կամ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա պետության գիտական կազմակերպության մասնաճյուղ.
8) ակադեմիական միավոր՝ բուհի ինքնուրույն կառուցվածքային միավոր, որը որոշակի մասնագիտություններով կամ մասնագիտությունների բնագավառում իրականացնում է կրթական կամ գիտական գործունեություն.
9) ակադեմիական քաղաք՝ կրթության, հետազոտության, փորձարարական մշակումների, նորարարության, ինչպես նաեւ մշակութային եւ մտավոր ժամանցի համար պետության կողմից ստեղծված արդիական միջավայր, որն ապահովում է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջեւ ցանցային համընթաց համագործակցությունը եւ երաշխավորում է ոլորտների միջազգային մրցունակությունը եւ գերազանցությունը.
10) ուսանող (կուրսանտ)՝ բարձրագույն կրթության որեւէ մակարդակի կրթական ծրագրով ուսումնառող անձ.
11) հետավարտական լրացուցիչ ուսումնառություն՝ Կառավարության կողմից սահմանված կարգավորվող մասնագիտություններով ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով հավելյալ գործնական, որոշ դեպքերում նաեւ տեսական ուսումնառություն՝ աշխատանքային միջավայրում՝ մասնագետի հսկողությամբ.
12) բարձրագույն կրթության որակավորում (այսուհետ՝ որակավորում)՝ կրթական կամ գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության տվյալ աստիճանում կրթական ծրագրի ուսումնառության սահմանված կարգով ավարտը եւ հաստատվում է համապատասխան դիպլոմով.
ա. բակալավրի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը,
բ. մագիստրոսի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է սահմանված կարգով բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը,
գ. դոկտորի որակավորում՝ գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը՝ ներառյալ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը.
13) կրթական ծրագիր՝ բուհի կողմից առաջարկվող, սահմանված շրջանակին եւ չափանիշներին համապատասխան կառուցված ուսումնական եւ հետազոտական բաղադրիչների ամբողջություն, որը միտված է ուսանողի կողմից որոշակի կրթական վերջնարդյունքների՝ գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ձեռք բերմանը եւ այդ վերջնարդյունքներին հասնելու փաստի ճանաչմանը՝ ստուգմանը, որի արդյունքում շնորհվում է բարձրագույն կրթության համապատասխան որակավորում, մասնագիտություն եւ նախատեսված լինելու պարագայում նաեւ մասնագիտացում, որոնք արտացոլվում են դիպլոմում.
14) կարգավորվող մասնագիտություն՝ ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար, օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափանիշներին համապատասխան հետավարտական լրացուցիչ ուսումնաության պահանջներ եւ աշխատանքի փորձառություն պահանջող մասնագիտություն.
15) հեռավար ուսումնառություն՝ հիմնական կամ լրացուցիչ կրթական ծրագրերի առաձին ակադեմիական մոդուլների ուսումնառության կազմակերպման ձեւ, որն իրականացվում է համաժամանակյա ու տարաժամանակյա մեթոդով, որի ընթացքում դասավանդողի եւ ուսանողների միջեւ հաղորդակցումն իրականացվում է հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միջոցներով եւ ուսումնառությունն ու վարչարարությունն իրականացվում են պաշտպանված թվային կրթական հարթակում.
16) կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգ (այսուհետ՝ ԿՓՀ)՝ Հայաստանի Հանրապետության կրթական տարածքում կիրառվող ակադեմիական կրեդիտների հաշվարկման, կուտակման եւ փոխանցման համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համադրելիությունը եւ փոխանցելիությունը, ինչպես հանրապետության, այնպես էլ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կազմակերպությունների հետ, ու դյուրացնում է ուսանողների շարժունությունը եւ ուղղված է կրթական ծրագրերի ու դասընթացների թափանցիկությանը.
17) ԿՓՀ ակադեմիական կրեդիտ (այսուհետ՝ կրեդիտ)՝ ուսումնառություն ստանալիս ուսանողի ծանրաբեռնվածության ու կրթական կամ հետազոտական վերջնարդյունքների ձեռքբերման չափման պայմանական միավոր.
18) ակադեմիական մոդուլ՝ կրթական ծրագրի բաղադրիչ հանդիսացող ամբողջական դասընթաց, դասընթացի մի մաս կամ հետազոտական բաղադրիչ, որի վերջնարդյունքների գնահատման հիման վրա շնորհվում է կրեդիտ.
19) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին ակնկալվող գիտելիքի, կարողությունների եւ հմտությունների նվազագույն լրակազմ.
20) ամփոփիչ ատեստավորում՝ բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջնարդյունքներին շրջանավարտի գիտելիքի, կարողությունների եւ հմտությունների համապատասխանության ստուգման եւ գնահատման գործընթաց, որի դրական արդյունքով շնորհվում է համապատասխան որակավորում.
21) դիպլոմ՝ բարձրագույն կրթության կրթական ծրագրով (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման կրթական ծրագրերով) որակավորում շնորհելու փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ.
22) համատեղ դիպլոմ՝ երկու կամ ավելի բուհերի կողմից իրականացվող համատեղ կրթական ծրագրի կամ կրկնակի որակավորման կրթական ծրագրի արդյունքում որակավորում շնորհելու փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ.
23) որակավորման ճանաչում՝ օտարերկրյա որակավորման համադրելիության պաշտոնական ճանաչում (հավաստում)՝ որակավորումը կրողի մուտքը բարձրագույն կրթության հաջորդ աստիճան կամ աշխատանքային գործունեություն արտոնելու համար.
24) որակի ապահովում՝ որակի ներքին (ներբուհական) եւ արտաքին (պետական) գնահատման սահմանված չափանիշներին համապատասխան՝ բուհի եւ դրա կրթական ծրագրերի մշտադիտարկման, գնահատման եւ բարելավման շարունակական գործընթաց.
25) ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման եւ հավաստման համակարգված գործընթաց, որի միջոցով հաստատվում է, որ բուհը որպես ամբողջություն՝ իր կառավարման, ակադեմիական, հետազոտական, վարչական եւ ռեսուրսային համակարգերով համապատասխանում է հավատարմագրման սահմանված չափանիշներին եւ պայմաններին.
26) ծրագրային հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման եւ հավաստման համակարգված գործընթաց, որի միջոցով հաստատվում է, որ բուհի որոշակի կրթական ծրագիր՝ իր ուսումնական նպատակներով, բովանդակությամբ, իրականացնող մասնագիտական կազմով, ուսանողակենտրոն մեթոդներով եւ սպասարկող ռեսուրսներով, համապատասխանում է հավատարմագրման սահմանված չափանիշներին եւ պայմաններին, որի միջոցով հաստատվում է տվյալ կրթական ծրագրի որակը եւ ավարտողների որակավորման ճանաչելիությունը՝ պետական եւ միջազգային մակարդակներում.
27) կրթաթոշակ՝ պետության, մասնավոր կազմակերպությունների, միջազգային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ անհատների կողմից կրթության շարունակականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, որը կարող է տրվել բուհ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության, այլ ձեռքբերումների, նպատակային ուսուցման կամ ուսանողի կարգավիճակով պայմանավորված այլ դեպքերում.
28) ներառականություն՝ յուրաքանչյուր ուսանողի եւ աշխատողի համար, այդ թվում՝ կրթության եւ աշխատանքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ մատչելի պայմանների եւ խելամիտ հարմարեցումների ապահովման միջոցով կրթական եւ հետազոտական գործընթացին առավելագույն մասնակցության ապահովում.
29) մատչելի միջավայր՝ կրթության եւ աշխատանքի ներառականության ապահովմանը միտված միջավայր, որն իր մեջ ներառում է ֆիզիկական միջավայրի (շենքային պայմաններ, փոխադրամիջոցի հարմարեցումներ, սննդի կետեր, սանհանգույցներ, հանգստի գոտիներ, այլ անհրաժեշտ հարմարեցումներ), տեղեկատվության (տեղեկատվության միջոցներ, ուսումնական ծրագրեր եւ նյութեր, ներառյալ մեթոդական) եւ հաղորդակցության միջոցների (հաղորդակցման հարմարեցված գործիքներ ներառյալ թվային հավելվածներ կամ այլ միջոցներ) բաղադրիչները.
30) գիտական (հետազոտական) դրամաշնորհ՝ Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների կամ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտական գործունեություն իրականացնող սուբյեկտներին հետազոտությունների կամ մշակումների իրականացման նպատակով անհատույց եւ անվերադարձ տրամադրվող ֆինանսական կամ այլ միջոցներ.
31) ակադեմիական գործունեություն՝ բուհում իրականացվող կրթական եւ գիտական գործունեություն.
32) ակադեմիական էթիկա՝ մասնագիտական եւ աշխատանքային էթիկայի եւ վարքագծի սահմանված կանոններ, որոնց պահպանմամբ եւ հիմքով իրականացվում է գիտական, կրթական կամ աշխատանքային այլ գործունեություն.
33) ակադեմիական ազատություն՝ ակադեմիական կազմի կամ գիտական աշխատողների մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ մտքի ու խոսքի, հետազոտության եւ դասավանդման մեթոդներն ընտրելու, գիտական գործունեություն իրականացնելու եւ դրանց արդյունքները հրապարակելու ազատություն.
34) ակադեմիական շարժունություն՝ ուսանողների ուսումնառության առանձին փուլերի, հետազոտական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաեւ բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական եւ վարչական կազմի մասնագիտական զարգացման, հետազոտական եւ դասավանդման աշխատանքների իրականացում այլ բուհում կամ գիտական կազմակերպությունում կամ կրթական ծրագրի շրջանակներում պրակտիկայի իրականացումը միջազգային կամ մասնավոր կազմակերպություններում.
35) բուհական ինքնավարություն՝ բուհի ակադեմիական, կազմակերպական, մարդկային եւ ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու գործառույթներն ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու եւ իրականացնելու իրավասություն, որով երաշխավորվում է բուհի՝ գաղափարական, քաղաքական եւ կրոնական միջամտությունից զերծ գործունեությունը.
36) գիտական աշխատող (հետազոտող, ճարտարագետ)՝ գիտական կազմակերպությունում գիտական գործունեություն իրականացնող, առնվազն մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող եւ գիտական արդյունք ստեղծող անձ.
37) ճարտարագիտատեխնիկական աշխատող՝ գիտական կազմակերպությունում գիտական գործունեության իրականացմանը նպաստող եւ գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ.
38) որակավորումների պետական գրանցամատյան՝ ուսանողներին տրված դիպլոմների, դրանց հավելվածների եւ դրանց վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաեւ հետավարտական լրացուցիչ ուսումնառության արդյունքում շնորհված ավարտական փաստաթղթերի հաշվառման միասնական թվային շտեմարան.
39) բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքագրման, վերլուծման եւ տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է լիցենզիաների եւ հավատարմագրերի էլեկտրոնային գրանցամատյանը, տեղեկություններ բուհերի եւ գիտական կազմակերպությունների կառավարման, տնտեսական, ուսումնական եւ գիտական գործունեության, ինչպես նաեւ ուսանողների, կլինիկական ռեզիդենտների ու աշխատողների (այդ թվում՝ գիտական) մասին, որում ներմուծված տեղեկատվությունն օգտագործվում է լիցենզավորման, հավատարմագրման, պետական ֆինանսավորման գործընթացների կազմակերպման, հաշվետվությունների ներկայացման, մշտադիտարկման եւ թափանցիկության ապահովման նպատակով.
40) գիտական փորձաքննություն՝ ստեղծման եւ ներդրման տարբեր փուլերում գտնվող գիտական գործունեության օբյեկտի գիտական մակարդակի ուսումնասիրության, վերլուծության եւ գնահատման, ինչպես նաեւ այդ օբյեկտի վերաբերյալ որոշում կայացնելու համար հիմնավորված մասնագիտական եզրակացություն պատրաստելու նպատակով իրականացվող համակարգված գործունեություն.
41) գիտական փորձագիտական եզրակացություն (այսուհետ՝ փորձագիտական եզրակացություն)՝ գիտական փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության արդյունքներն արտացոլող եւ փորձաքննության առջեւ դրված հարցերի պատասխանները պարունակող փաստաթուղթ.
42) միկրոորակավորում՝ որակավորում չշնորհող կրթական ծրագրով կամ ոչ ֆորմալ կրթության եղանակով ուսուցման արդյունքում սովորողի կողմից որոշակի մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերումը հավաստող գնահատման արդյունքում հաշվառված վկայական, որը կարող է օգտագործվել ինչպես առանձին, որպես հիմք՝ տվյալ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները պահանջող ուղղությամբ զբաղվածության համար, այնպես էլ որպես որակավորում շնորհող կրթական ծրագրի բաղադրիչ, եթե տվյալ միկրոորակավորման ծրագիրը հավատարմագրված է եւ դրա արդյունքում շնորհվում են ԿՓՀ կրեդիտներ, ինչպես նաեւ եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է կրթական ծրագրով.
43) ակադեմիական կոչում՝ կրթական եւ գիտական գործունեության որոշակի մակարդակը հավաստող կարգավիճակ, որն ամրագրվում է համապատասխան դիպլոմով եւ հանդիսանում է գործոն ակադեմիական պաշտոնների հավակնելու համար.
44) ակադեմիական կազմ՝ բուհի կամ գիտական կազմակերպության դասախոսական, գիտական եւ ճարտարագիտատեխնիկական աշխատողների համախումբ.
45) ուսանողի փորձառություն՝ բուհում ուսանողի կողմից՝ ակադեմիական, սոցիալական եւ անհատական հարթություններում ստացած փոխգործակցության միասնական արդյունք, ինչն ապահովվում է կրթական ծրագրերի, ակադեմիական կազմի, ֆիզիկական ենթակառուցվածքների եւ ծառայությունների հասանելիության, ինչպես նաեւ անհատական զարգացման հնարավորությունների միջոցով եւ ապահովվում է բուհի ներքին կանոնակարգերով, ծրագրերով, սոցիալական, մշակութային, մարզական եւ ժամանցային միջավայրով:
Հոդված 4. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում պետական քաղաքականության սկզբունքները եւ հիմնական ուղղությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) պետական եւ միջազգային մակարդակում մրցունակ մասնագետների պատրաստումը.
2) կենտրոնացումը բազմակողմանի զարգացած եւ ժամանակին հարիր հմտություններով ու կարողունակություններով զինված անհատի ձեւավորման վրա.
3) ստեղծագործական եւ հետազոտական ազատությունը.
4) ակադեմիական էթիկան.
5) ակադեմիական շարժունությունը.
6) ակադեմիական ազատությունը եւ ինքնավարությունը.
7) կառավարման թափանցիկությունը եւ հրապարակայնությունը.
8) իրավահավասարությունը, հանդուրժողականությունը եւ խտրականության բացառումը.
9) բարձրագույն կրթության հասանելիությունը եւ ներառականությունը.
10) բարձրագույն կրթության շարունակականությունը.
11) բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում բարձր ստանդարտներն ու միջազգային մրցունակությունը.
12) միջմասնագիտական երկխոսությունը.
13) փոխանցելի գիտելիքների եւ հմտությունների ձեւավորումը.
14) ուսանողի փորձառության համադրելի մակարդակի երաշխավորումը.
15) գործունեության անվտանգությունն ու ենթակառուցվածքների մատչելիությունը.
16) մարդասիրական եւ ժողովրդավարական սկզբունքների ապահովումը.
17) ակադեմիական կազմի կողմից հանրային պատասխանատվության գիտակցման ձեւավորումը.
18) ազատությունների եւ պատասխանատվությունների հավասարակշռված կիրարկումը.
17) բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների ապաքաղաքական եւ աշխարհիկ բնույթը:
2. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
1) պետության հանրային եւ տնտեսական առաջընթացին, տեխնոլոգիական զարգացմանը եւ անվտանգության ապահովմանը նպաստող կրթության եւ հետազոտությունների խթանումը.
2) հայագիտության զարգացումը.
3) գիտելիքի եւ տեխնոլոգիաների փոխանցման արդունավետ համակարգի ձեւավորումն ու զարգացումը, ներառյալ տեխնոլոգիաների գնահատման համակարգի ձեւավորումը.
4) բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում ծառայությունների թվայնացումը.
5) մրցունակ եւ ինքնուրույն անհատի ձեւավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստելը.
6) գիտական ներուժի զարգացումը եւ առավել արդյունավետ կիրառումը.
7) մտավոր սեփականության պաշտպանությունը եւ առավելագույն սոցիալ-տնտեսական արդյունքի ստացումը.
8) բուհերի եւ գիտական կազմակերպությունների հետ պետության եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների գործընկերության խթանումը.
9) Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին եւ Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ինտեգրումը՝ կրթական եւ գիտական լավագույն ավանդույթների եւ նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ.
10) բարձրագույն կրթություն ստանալու եւ հետազոտություններ իրականացնելու համար հավասար հնարավորությունների ու հասանելիության ապահովումը.
11) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալու մատչելի պայմանների եւ խելամիտ հարմարեցումների ապահովումը՝ համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան.
12) բարձրագույն կրթության համակարգում լրացուցիչ եւ շարունակական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը.
13) բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության, կրթական եւ հետազոտական գործընթացների մասնակիցների ակադեմիական ազատության երաշխավորումը.
14) բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը՝ հաշվի առնելով անձի պահանջմունքները, պետության կարիքները, համաշխարհային զարգացման ուղղությունները եւ աշխատաշուկայի պահանջները.
15) գիտական եւ նորարարական գործունեության զարգացման ապահովումը եւ արտադրության հետ դրանց ինտեգրմանը նպաստելը, ինչպես նաեւ տնտեսության մեջ նոր գիտական արդյունքների եւ տեխնոլոգիաների կիրառման խրախուսումը եւ գիտատար ձեռնարկությունների ստեղծման ու առաջընթացի խթանումը.
16) բուհերի ուսանողների սոցիալական երաշխիքների ապահովումը եւ կրթաթոշակների տրամադրումը.
17) բարձրագույն կրթության եւ հետազոտությունների եւ մշակումների ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնմանը նպաստելը.
18) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային հեղինակության ու գրավչության բարձրացումը.
19) ուսանողների եւ ակադեմիական կազմի ակադեմիական շարժունության խթանումը.
20) բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողի աշխատանքային առաջխաղացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
21) արտերկրի հայագիտական կենտրոնների աջակցությունը եւ Հայաստանի Հանրապետության բուհերի եւ գիտական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը.
22) բուհի եւ գիտական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը եւ ֆոնդհայթայթման միջոցառումներին աջակցելը, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ներդրումների խրախուսումն ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովումը.
23) բուհերին եւ գիտական կազմակերպություններին գիտական եւ նորարարական գործունեության համար, ինչպես նաեւ ուսանողական նախաձեռնությունները խթանելու, սոցիալական աջակցություն ցուցաբերելու, բուհի զարգացման ռազմավարական ծրագրերն ապահովելու նպատակով պետական աջակցության ցուցաբերումը՝ կառավարության առանձին որոշումներով՝ դրամաշնորհների, կրթաթոշակների, վարկավորման, նյութատեխնիկական ռեսուրսների տրամադրման եւ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով.
24) ուսանողներին պատշաճ աշխատանքային կամ ձեռնարկատիրական հմտություններով զինելուն կոչված բարձրագույն կրթության համակարգի ձեւավորումը, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրացման հնարավորությունների ընձեռումը.
25) բուհերի նկատմամբ որակի վերահսկողությունը՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի մշտադիտարկման եւ ապահովման նպատակով գնահատման եւ հավատարմագրման միջազգային չափանիշների ներդրմամբ:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը ներառում է՝
1) բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի պետական կառավարման մարմինները եւ այն կազմակերպությունները, որոնք բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում իրականացնում են օրենքով սահմանված համապատասխան գործառույթներ.
2) բուհերը եւ գիտական կազմակերպությունները.
3) բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում ներգրավված ուսանողներին, ակադեմիական եւ վարչական կառավարման գործառույթներ իրականացնող կազմի աշխատողներին, գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողներին եւ այլ մասնակիցներին.
4) լիցենզավորման գործընթացները եւ չափանիշները.
5) ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները եւ չափանիշները.
6) լիցենզիաների եւ հավատարմագրերի պետական գրանցամատյանը.
7) որակավորումների ազգային շրջանակը, ոլորտային որակավորումների շրջանակները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը.
8) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը եւ որակավորումների եւ միկրոորակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները եւ գործընթացները.
9) որակավորումների պետական գրանցամատյանը.
10) բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգը:
Հոդված 6. Բուհի գործունեության հիմնական ուղղությունները եւ գործառույթները
1. Բուհի գործառույթներն են՝
1) բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ուսումնական գործընթացի կազմակերպումը եւ որակյալ, հետազոտության վրա հիմնված կրթության իրականացումը.
2) բուհի առաքելությանը հավատարիմ եւ դրան անշեղորեն ուղղված գործունեության կազմակերպումը.
3) յուրաքանչյուր մակարդակում կրթական ծրագրերի՝ որակավորումների ազգային շրջանակով եւ, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակներով սահմանված նկարագրերին եւ այլ պահանջներին ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանության ապահովումը.
4) բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության եւ գնահատման արդիական մեթոդների ներդրումը եւ դրանց բազմազանության ապահովումը.
5) կրթական գործընթացի շարունակականության եւ թափանցիկության ապահովումը.
6) բարձրագույն կրթության ժամանակակից, մրցունակ եւ միջազգայնորեն համադրելի կրթական ծրագրերի մշակումը՝ պետության ու աշխատաշուկայի կարիքների գնահատմամբ, ինչպես նաեւ ուսանողների ներգրավմամբ.
7) քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, ազգային եւ համամարդկային արժեքների արմատավորումը:
8) բարձրագույն կրթության միջազգայնացումը.
9) բարձրագույն կրթության համար պետական եւ մասնավոր միջոցների ներգրավումը.
10) կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը եւ ստացված եկամուտի տնօրինումը՝ կանոնադրությամբ եւ առաքելությամբ սահմանված նպատակների համար:
2. Հետազոտական համալսարաններն ի հավելումն վերը նշվածների՝ իրականացնում են հետեւյալ գործառույթները՝
1) նոր գիտելիքի ստեղծումը, ընդլայնումը եւ տարածումը.
2) գիտական գործունեության միջազգայնացումը.
3) գիտական գործունեության համար պետական եւ մասնավոր միջոցների ներգրավումը.
4) Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ պետական այլ մարմինների կամ կազմակերպությունների կարիքների համար հետազոտությունների եւ փորձարարական մշակումների իրականացումը.
5) կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը, այդ թվում՝ իր կողմից ստեղծված գիտելիքի առեւտրայնացումը, եւ ստացված եկամուտի տնօրինումը՝ կանոնադրությամբ եւ առաքելությամբ սահմանված նպատակների համար:
3. Բուհը, սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված լիազորություններին համապատասխան.
1) կազմակերպում եւ իրականացնում է ընդունելության գործընթացը, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների՝ ըստ բուհի կրթական մակարդակների եւ կրթական ծրագրերի.
2) ստեղծում է մատչելի միջավայր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության կազմակերպման համար.
3) մշակում եւ հրատարակում է ուսումնամեթոդական նյութեր ու գրականություն.
4) կազմակերպում է ուսումնական գործընթացը՝ ընտրելով կրթական ծրագրով նախատեսված բոլոր վերջնարդյունքների ապահովմանը նպաստող ուսուցման անհրաժեշտ մեթոդները եւ տեխնոլոգիաները, ինչպես նաեւ զարգացնում է ուսանողների հետազոտական եւ ակադեմիական գրագրության հմտությունները.
5) սահմանում է ուսանողների կողմից կրեդիտների կուտակման, փոխանցման եւ փոխճանաչման ներբուհական ընթացակարգը, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, ամփոփիչ ատեստավորման ձեւերն ու պարբերականությունը.
6) կատարում է ուսանողների ուսումնառության ընդհատումը (ազատումը, հեռացումը, դադարեցումը), տեղափոխումը եւ ուսանողական իրավունքների վերականգնումը.
7) մշակում եւ հաստատում է ուսումնական, գիտական, վարչական, ֆինանսական եւ տնտեսական ու հարակից գործունեություն իրականացնող աշխատողների ընտրության եւ նշանակման կարգերը.
8) կազմակերպում է ակադեմիական, գիտական եւ կառավարման (վարչական) գործառույթներ իրականացնող կազմի մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ եւ ատեստավորման գործընթացը.
9) ներառականության իրացման նպատակով ապահովում է մասնագիտացված աջակցության ծառայություններ, այդ թվում՝ մեթոդական, հոգեբանական, հավելյալ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ անհատական ուսուցման պլանի կազմում, որոնք ցուցաբերվում են ուսանողին եւ ակադեմիական կազմին.
10) որոշում է ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, կազմում եւ հաստատում է տարեկան բյուջեն եւ դրան համապատասխան՝ կատարում ծախսեր.
11) իրականացնում է գիտական եւ նորարարական գործունեություն, ինչպես նաեւ ստացված արդյունքների առեւտրայնացման ուղղությամբ աշխատանքներ.
12) մատուցում է վճարովի կրթական եւ հետազոտական այլ ծառայություններ, ինչպես նաեւ իրականացնում է օրենքով չարգելված եւ իր անմիջական գործունեությանն առնչվող տնտեսական եւ ձեռնարկատիրական գործունեություն.
13) ըստ կրթական ծրագրերի՝ սահմանում է ուսման վարձերի չափերը.
14) իր, ինչպես նաեւ իր աշխատողների մտավոր սեփականության իրացման եւ տարածման նպատակով ստեղծում է ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր եւ կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաեւ հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորներ.
15) սահմանված կարգով տնօրինում է իրեն տրամադրված գույքը եւ այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները.
16) շարունակական ծրագրերի մասով տնօրինում եւ օգտագործում է պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
17) խրախուսում է ուսանողների եւ աշխատակիցների մարզական ակտիվությունը այդ թվում իր կանոնադրության եւ օրենսդրության համապատասխան աջակցելով ուսանողական մարզական ակումբների գործունեությանը.
18) իրականացնում է օրենքներով եւ իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
4. Բուհն իր, ինչպես նաեւ իր աշխատողների մտավոր գործունեության արդյունքների իրացման նպատակով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց: Տնտեսական ընկերությունում բուհի մասնակցության մասնաբաժինը կախված է ստեղծման ժամանակ բուհի ներդրումների չափից: Մասնաբաժնի նվազահգույն չափը որոշվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:
5. Հետազոտական համալսարանը իր կառուցվածքում բացի կրթական ենթակառուցվածքներից ունի առնվազն մեկ գիտական կազմակերպություն, ինչպես նաեւ համաձայն իր կանոնադրության կարող է ունենալ նաեւ ավելի ցածր մակարդակների կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ եւ այլ ենթակառուցվածքներ:
6. Բուհերի կազմակերպական կառուցվածքը պետք է նպաստի որակյալ կրթական ծառայությունների եւ գիտական գործունեության կազմակերպմանը: Բուհն իր ակադեմիական գործունեությունը կազմակերպում է ակադեմիական միավորների միջոցով:
7. Բուհերում կարող են գործել հետեւյալ ակադեմիական միավորները՝
1) Ֆակուլտետներ կամ դպրոցներ,
2) ամբիոններ:
8. Հետազոտական համալսարաններում կարող են գործել՝
3) դոկտորական դպրոցներ,
4) գիտական ինստիտուտներ կամ կենտրոններ:
9. Ֆակուլտետները կամ դպրոցները հանդիսանում են առաջնային ակադեմիական միավորները, որոնք պատասխանատու են ակադեմիական բնագավառում կրթության եւ հետազոտական աշխատանքների իրականացման համար եւ պատասխանատու են բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կրթության որակի համար:
10. Ամբիոնները պատասխանատու են իրենց մասնագիտական շրջանակում կրթական ծրագրերի մշակման եւ դրանց կառավարման, ինչպես նաեւ ակադեմիական մոդուլների մշակման եւ մատուցման համար:
11. Դոկտորական դպրոցները պատասխանատու են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության կենտրոնացված կազմակերպման համար՝ ապահովելով կապը մասնագիտությունների եւ բնագավառների միջեւ:
12. Գիտական ինստիտուտները կամ կենտրոնները պատասխանատու են գիտական գործունեության կազմակերպման եւ իրականացման համար եւ բուհի կանոնադրությամբ եւ ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մասնակցում են բարձրագույն կրթության մակարդակներում հետազոտական մասի կազմակերպման համար:
13. Հետազոտական համալսարանն իր կառուցվածքում բացի կրթական ենթակառուցվածքներից ունի առնվազն մեկ գիտական կազմակերպություն, փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ եւ այլ ենթակառուցվածքներ:
14. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող հանրային գիտական կազմակերպությունը հանդիսանում է համալսարանի ակադեմիական միավոր, որի կարգավիճակի առանձնահատկությունները եւ ինքնավարության շրջանակը սահմանվում են սույն օրենքով եւ հանրային հետազոտական համալսարանի ու հանրային գիտական կազմակերպության կանոնադրություններով:
15. Բուհերը կարող են համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում մատուցել կրթական ծառայություններ կրթության այլ մակարդակներում՝ իրենց առանձին կառուցվածքային միավորների միջոցով, ընդ որում բարձրագույն կրթության մակարդակներից տարբեր մակարդակներում կրթություն իրականացնելու դեպքում բուհը առաջնորդվում է տվյալ մակարդակի կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:
16. Բուհերը, իրենց առանձնահատկությունից ելնելով, կարող են ունենալ այլ կազմակերպական կառուցվածք, որը պետք է ապահովի որակյալ կրթական ծառայությունների մատուցումը եւ կհամապատասխանի հավատարմագրման չափանիշներին:
Հոդված 7. Բուհական ինքնավարությունը եւ հաշվետվողականությունը
1. Բուհն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի իրացման միջոցով՝ բուհական ինքնավարության, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության, կոլեգիալության, մասնակցայնության սկզբունքներով՝ պահպանելով հաշվետվողականության պահանջներն ու որոշումների կայացման թափանցիկությունը:
2. Բուհը, սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, ունի՝
1) ակադեմիական գործունեության ինքնավարություն՝ իր կրթական ու գիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու, իրականացնելու եւ կառավարելու իրավասություն.
2) կազմակերպական գործունեության ինքնավարություն՝ իր կառուցվածքը, կառուցվածքային միավորներն ինքնուրույն սահմանելու, օրենքով սահմանված կարգով կառավարման եւ այլ մարմինները ձեւավորելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաեւ ներքին կանոնակարգերը եւ ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն.
3) մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ իր ակադեմիական, վարչական, տնտեսական եւ օժանդակ կազմի ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու եւ կառավարելու իրավասություն.
4) ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ ինքնուրույն իր բյուջեն ձեւավորելու, ֆինանսական եւ այլ միջոցներ կառավարելու, եկամուտները ձեւավորելու եւ ծախսեր կատարելու իրավասություն.
5) hանրային բուհերի դեպքում՝ «Գնումների մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունները հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացնելու լիազորություն.
3. Բուհի ակադեմիական միավորների կառավարման եւ ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ բուհի կանոնադրությամբ՝ ամրագրելով դրանց ֆինանսական եւ կառավարման որոշակի ինքնավարության երաշխիքներ:
4. Բուհի գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմինները:
5. Բուհը պարտավոր է ապահովել անշեղությունն իր հիմնադիր փաստաթղթով սահմանված առաքելությունից, որի վերահսկողությունն իրականացնում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), Լիազոր մարմինը, կառավարման մարմիններն ու ինքնակառավարման եւ ներկայացուցչական կառույցները:
6. Բուհը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա մայիսի 1-ը, իր կայքում հրապարակում է նախորդ տարվա ընթացքում բուհի ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը:
7. Բուհն իր կայքում հրապարակում է գործող կրթական ծրագրերի եւ շնորհվող որակավորումների մասին տեղեկատվությունը:
8. Բուհն իր կայքում հրապարակում է զարգացման ռազմավարական եւ տարեկան ծրագրերը, ակադեմիական բարեվարքության կանոնակարգը եւ այլ ներքին իրավական ակտեր:
9. Բուհը երաշխավորում է իր ֆինանսական թափանցիկությունը, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա մայիսի 1-ը հրապարակելով նախորդ տարվա ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի եւ մնացորդների մասին տեղեկատվությունը եւ ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
10. Բուհն անկախ հիմնադրից եւ տեսակից պետք է գրանցված լինի բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում, որի միջոցով սահմանված կարգով վարվում է իր ենթակառուցվածքների, վարչական եւ ակադեմիական կազմի, ինչպես նաեւ սովորողների հաշվառումը:
11. Ոչ հանրային բուհերի դեպքում բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում ուսանողների, կլինիկական ռեզիդենտների ու աշխատողների (այդ թվում՝ գիտական եւ ճարտարագիտատեխնիկական) մասին տեղեկատվությանը ներառում է միայն անձի հետեւյալ անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, մասնագիտության եւ որակավորման մասին տվյալները, ընդունման, ազատման, ուսանողների եւ շրջանավարտների դեպքում՝ ավարտելու եւ դիպլոմի ու դրա հավելվածի մեջ սահմանված կարգով ներառման ենթակա անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
12. Բուհը երաշխավորում է իր ինստիտուցիոնալ կարողությունների եւ կրթական ծրագրերի որակը՝ սահմանված պարբերականությամբ անցնելով ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում:
Հոդված 8. Գիտական կազմակերպությունը
1. Գիտական կազմակերպությունը սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում՝
1) կազմակերպում եւ իրականացնում է գիտական գործունեություն, ինչպես նաեւ կարող է իրականացնել նորարարական գործունեություն.
2) հետազոտական համալսարանի հետ համատեղ սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակում կրթության կազմակերպմանը.
3) կարող է այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական, տեխնոլոգիական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով.
4) ինքնուրույն է գիտական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական եւ ճարտարագիտատեխնիկական աշխատողների ատեստավորման ձեւերի եւ պարբերականության ընտրության հարցերում.
5) որոշում է բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, ինքնուրույն իրականացնում է աշխատողների մրցութային ընտրությունը եւ բաշխումը.
6) ըստ կառուցվածքային միավորների՝ կատարում է աշխատողների համալրում՝ սահմանված կարգով, մրցութային եղանակով.
7) կազմակերպում է գիտական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացը եւ ատեստավորումը.
8) hանրային գիտական կազմակերպությունների դեպքում՝ «Գնումների մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունները հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացնելու լիազորություն.
9) իր կանոնադրական նպատակներին հասնելու համար տնօրինում է իր բյուջեն, որը ձեւավորվում է հիմնադրի կողմից հատկացված միջոցներից, գիտական դրամաշնորհային ծրագրերից, իր գործունեության արդյունքի իրացումից կամ այլ օրենքով չարգելված աղբյուրներից: Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների պարագայում բյուջեն համալրվում է նաեւ համալսարանի ունեցած եկամուտներից արվող հատկացումներից, որի նվազագույն չափը սահմանվում է համալսարանի ներքին իրավական ակտերով եւ հաստատվում է ընդհանուր բյուջեի հետ.
10) տնօրինում եւ օգտագործում է պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները իր ենթակառուցվածքների բարելավման եւ գիտական գործունեության կամ նորարարությունների համար, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
11) սահմանված կարգով տնօրինում է իրեն տրամադրված գույքը եւ այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները.
12) իրականացնում է օրենքով եւ իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Հանրային գիտական կազմակերպությունը լինում է երեք տարատեսակի՝
1) հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություն՝ հետազոտական համալսարանի կազմում գործող ինքնուրույն կառուցվածքային միավոր, որն իրականացնում է գիտական գործունեություն հետազոտությունների եւ մշակումների բոլոր տարատեսակներով, ինչպես նաեւ կարող է զբաղվել նորարարական մշակումներով.
2) գերատեսչական պատկանելության գիտական (հետազոտական) կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որը կարող է իրականացնել կիրառական հետազոտություններ, փորձարարական մշակումներ ինչպես նաեւ նորարարական գործունեություն միայն տվյալ գերատեսչության խնդիրների շրջանակներում.
3) գիտական (հետազոտական) հիմնարկ՝ հանրային այլ կազմակերպության (թանգարան, առողջապահական հաստատություն, արտադրական կազմակերպություն) կազմում գործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող հետազոտական կազմակերպություն, որը զբաղվում է հիմնադրող կազմակերպությանը հատուկ հետազոտական խնդիրներով:
3. Գիտական կազմակերպությունն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների հետ կարող է իրականացնել համատեղ գիտական աշխատանքներ եւ ծրագրեր, եթե իր կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունն ունի հիմնարկի կարգավիճակ, որի հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը եւ, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:
5. Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունը մասնակցում է հետազոտական համալսարանի կրթական ծրագրերին՝ կանոնադրությամբ սահմանված կարգով ապահովելով որոշակի կրեդիտներ՝ կրթական ծրագրերի հետազոտական եւ մասնագիտական բնույթի ակադեմիական մոդուլների մասով:
6. Հանրային գիտական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա մայիսի 1-ը, իր կայքում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության, ներառյալ՝ ֆինանսական եւ իր ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվության վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
7. Հանրային գիտական կազմակերպությունը հրապարակում է իր հնգամյա ռազմավարական ծրագիրն ու ակադեմիական բարեվարքության կանոնակարգը:
8. Գիտական կազմակերպության գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները), Լիազոր մարմինը եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:
9. Հանրային եւ միջպետական գիտական կազմակերպությունը անկախ տեսակից պետք է գրանցված լինի բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում, որի միջոցով սահմանված կարգով վարվում է իր ենթակառուցվածքների, վարչական, գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կազմի հաշվառումը: Մասնավոր գիտական կազմակերպությունը պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար պետք է գրանցվի բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ներկայացնելով աջակցության ծրագրի պայմաններով նախատեսված տվյալները:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող հիմնադրամ է, որն իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին եւ ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր եւ արտասահմանյան անդամներին եւ հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:
2. Ակադեմիան իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով՝ Ակադեմիայի ինքնավարության, որոշումների ընդունման կոլեգիալության, մասնակցայնության, անկախության ու օբյեկտիվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով ապահովել պետության եւ հասարակության համար վստահելի գիտական խորհրդատվության տրամադրումը, միջազգային գիտական համագործակցության զարգացումը եւ գիտական արդյունքների հանրահռչակումը:
3. Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքն ու փորձագիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, գիտական գործունեության արդյունավետության եւ արդյունքների գնահատման ձեւերն ու մեթոդներն ինքնուրույն որոշելու, միջազգային գիտական համագործակցության ուղղություններն ու եղանակներն ինքնուրույն ընտրելու եւ ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու իրավասությունն է:
4. Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները եւ Ակադեմիայի անդամների ընտրության կարգը հաստատում է Կառավարությունը: Ակադեմիայի անդամ կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն գիտնականները, որոնք համապատասխանում են գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման կարգով առաջատար գիտաշխատողի տարակարգի համար սահմանված նվազագույն պահանջներին: Ակադեմիայի անդամների առավելագույն թվաքանակը 100 է:
5. Ակադեմիայի կառավարման մարմիններն են՝
1) Ակադեմիայի ընդհանուր ժողովը,
2) Ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը՝ ակադեմիայի նախագահությունը,
3) Ակադեմիայի կառավարման գործադիր մարմինը՝ Ակադեմիայի նախագահը:
6. Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են Ակադեմիայի անդամները, ինչպես նաեւ հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողներից ներկայացուցիչներ, որոնց առաջադրման կարգը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ:
7. Ակադեմիայի նախագահությունը բաղկացած է տասնմեկ անդամից: Ակադեմիայի նախագահության անդամներ կարող են լինել պետական բարձր պաշտոն կամ գիտության եւ կրթության բնագավառների բարձր հեղինակություն վայելող եւ ղեկավար պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք:
8. Նախագահության անդամներից երեքին առաջադրում է Կառավարությունը: Նախագահության մյուս անդամներն ընտրվում են Ակադեմիայի կազմից՝ ընդհանուր ժողովի կողմից՝ հինգ տարի ժամկետով: Ակադեմիայի նախագահության կազմը հաստատում է Կառավարությունը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահության անդամ:
9. Ակադեմիայի նախագահությունն Ակադեմիայի ակադեմիկոսների թվից ընտրում է Ակադեմիայի նախագահին՝ հինգ տարի ժամկետով: Ընտրության արդյունքները հաստատում է Կառավարությունը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահ:
10. Հանրային գիտական կազմակերպություններում ատեստավորման արդյունքում պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողների հետագա վարձատրությունն իրականացվում է Ակադեմիայի միջոցով: Պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողների մասնակցությունը Ակադեմիայի գործունեությանը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ:
11. Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝
1) հետազոտությունների գերազանցության խրախուսումը՝ քննարկումների եւ համաժողովների կազմակերպմամբ.
2) հայագիտական հետազոտությունների աջակցությունը.
3) գիտական գործունեության բազային եւ պետական այլ նախագծերի փորձաքննությանը եւ ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը՝ Կառավարության կողմից սահմանված կարգով.
4) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի վերաբերյալ տարեկան եւ հնգամյա պարբերականությամբ զեկույցների պատրաստումն ու հրապարակումը՝ Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով եւ չափանիշներով.
5) Կառավարությանը եւ հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը.
6) գիտական ամսագրերի հրապարակումը.
7) գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական եւ գիտական-գրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտական գործունեության արդյունքում ստացված գիտելիքի նկատմամբ վստահության ձեւավորումը.
8) գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը՝ այդ թվում սովորողների շրջանում գիտական գործունեության ներկայացման եւ հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ձեւավորման ծրագրերի միջոցով.
9) միջգիտակարգային երկխոսության ապահովումը.
10) հանրային եւ համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը.
11) ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը՝ գիտականորեն կշռադատված, անկախ եւ թափանցիկ եղանակով՝ ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային եւ համամարդկային արժեքի:
12. Ակադեմիան իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է ձեւավորել մասնագիտական (պրոբլեմային) խորհուրդներ՝ ներգրավելով ինչպես Ակադեմիայի կազմի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գիտական կամ կրթական կազմակերպությունների կամ օտարերկրյա, այդ թվում՝ Սփյուռքի գիտնականների:
13. Ակադեմիան որպես հիմնադրամ, իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է դիմել ոլորտը ֆինանսավորող տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ միջազգային:
14. Ակադեմիայի պահպանման համար հատկացվող պետական ֆինանսավորումը տրվում է որպես առանձին բյուջետային միջոցառում՝ բազային ֆինանսավորման ծրագրի կազմում:
15. Ակադեմիան բացի բազային ֆինանսավորումից իր կանոնադրության շրջանակներում կարող է դիմել այլ պետական եւ ոչ պետական ֆինանսավորման ծրագրերի:
16. Ակադեմիան իրեն հատկացված պետական ֆինանսավորման եւ ցանկացած այլ ֆինանսական մուտքերի եւ ծախսերի մասով կանոնադրությամբ սահմանված կարգով հաշվետու է Լիազոր մարմնին եւ հանրությանը:
17. Ակադեմիայի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին: Ակադեմիայի ղեկավար պաշտոնների ցանկը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ: Ակադեմիայի անդամներին՝ գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության եւ 75 տարին լրանալու դեպքում հատկացվում է ամենամսյա դրամական վճար, որի չափը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ:
18. Ակադեմիան յուրաքանչյուր տարի իր կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տարեկան գիտաժողով, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպությունները ներկայացնում են իրենց գիտական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները: Նստաշրջանի արդյունքներով Ակադեմիան գնահատում է ներկայացված հաշվետվությունները եւ ներկայացնում է Լիազոր մարմնին՝ որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ:
Հոդված 10. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը եւ դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները, ուսումնառության ժամկետները
1. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը, ներառյալ գնահատման համակարգը կազմվում են որակավորումների ազգային շրջանակի եւ, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակի համապատասխան մակարդակների բնութագրիչներին եւ պահանջներին համապատասխան:
2. Բուհը կարող է բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնել նաեւ այլ բուհերի, գիտական կազմակերպությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ըստ տեսակի լինում են՝
1) համատեղ կրթական ծրագիր, որն իրականացվում է բուհի եւ այլ բուհի, գիտական կազմակերպության կամ արտադրական կազմակերպության համագործակցությամբ, որի ավարտին շնորհվում է մեկ մասնագիտությամբ որակավորում, որը հավաստվում է ներգրավված բոլոր կազմակերպությունների համատեղ դիպլոմով.
2) կրկնակի որակավորման կրթական ծրագիր՝ մեկ բուհի շրջանակներում կամ երկու կամ ավելի բուհերի համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է երկու մասնագիտություններով որակավորում, որը հավաստվում է կրկնակի որակավորման դիպլոմով կամ կրկնակի որակավորման համատեղ դիպլոմով կամ տարբեր որակավորումներ շնորհող երկու դիպլոմներով:
3. Յուրաքանչյուր կրթական ծրագրի (ներառյալ՝ համատեղ եւ կրկնակի որակավորման կրթական ծրագրի) համար բուհը կազմում եւ հաստատում է կրթական ծրագրի նկարագիր, որը ներառում է ծրագրին ներկայացվող հետեւյալ ընդհանուր պահանջները՝
1) կրթական ծրագրի նպատակը, խնդիրները եւ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները.
2) գնահատման քաղաքականությունը.
3) կրթական ծրագրին ներկայացվող մուտքային (ներառյալ՝ ուսումնառության եւ որակավորման նվազագույն նախապայմանները) եւ ելքային (ներառյալ՝ ամփոփիչ ատեստավորման ձեւերը) պահանջները.
4) ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով, եւ ուսումնառության նվազագույն տեւողությունը, ուսումնառության կազմակերպման ձեւը կամ ձեւերի համադրության հնարավորությունը.
5) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող ակադեմիական մոդուլների ցանկը, դրանց հաջորդականությունը կամ փոխկապակցվածությունը եւ յուրաքանչյուր ակադեմիական մոդուլին հատկացված կրեդիտը.
6) ըստ ակադեմիական մոդուլների հեռավար ձեւով ուսումնառությունը կազմակերպելու հնարավորությունը.
7) շնորհվող որակավորումը, մասնագիտությունը եւ հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտները.
8) գիտելիքների եւ հմտությունների շրջանակը, ինչպես նաեւ դրանց ամբողջական գնահատման գործիքակազմը:
4. Բուհի կրթական ծրագրերն երաշխավորում են բարձրագույն կրթության տարբեր կրթական մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը՝ ապահովելով ԿՓՀ-ի կիրարկումը եւ որակավորման աստիճանների շնորհումը: Հանրային բուհերը կիրառում են ԿՓՀ-ն, իսկ այն բուհերը, որոնք ուսումնական գործընթացը կազմակերպում են այլ կրեդիտային համակարգով, պետք է բուհի կողմից սահմանված կարգով կիրառեն վերջինիս փոխարկման մեթոդաբանությունը՝ ԿՓՀ-ին համադրելիությունն ապահովելու համար:
5. Բուհի կրթական ծրագրերը, պարտադիր ակադեմիական մոդուլներից բացի, կարող են ներառել նաեւ կամընտրական ակադեմիական մոդուլներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին՝ տվյալ ծրագրի շրջանակում ձեւավորել կրթական բովանդակություն՝ իր մասնագիտական հետաքրքրություններին եւ նախասիրություններին համապատասխան:
6. Կրթական ծրագրերը՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների, կարող են իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ:
7. Բուհերում կրթական ծրագրերի դասավանդման լեզուն գրական հայերենն է: Բուհի սահմանած կարգով կրթական ծրագիրը, դրա ակադեմիական մոդուլները, առանձին դասընթացները, դասընթացների առանձին թեմաները կամ հետազոտական աշխատանքը կարող են դասավանդվել կամ իրականացվել օտար լեզվով այն պայմանով, որ տվյալ բուհում առկա են կրթական ծրագիրը տվյալ լեզվով դասավանդելու կարողություն ունեցող մասնագետներ եւ տվյալ լեզվով կրթական անհրաժեշտ ռեսուրսներ: Բուհը պետք է ապահովի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող շրջանավարտներն իրենց մասնագիտության շրջանակներում տիրապետեն գրական հայերենին՝ ապահովելով կրթական ծրագրերի դասավանդումը գրական հայերենով կամ երաշխավորելով մասնագիտությանը համապատասխանող պատշաճ մակարդակով մասնագիտական հայերենի ուսուցում, որի առկայությունը հավաստվում է ծրագրային հավատարմագրման միջոցով:
8. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերում օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաեւ՝
1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն.
2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից.
3) օտարերկրյա պետության բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում.
4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում:
9. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ատենախոսությունը կարող է ամփոփվել օտար լեզվով եթե իրականացվում է օտարերկրացի ղեկավարի կամ համաղեկավարի հետ:
10. Սփյուռքի, ինչպես նաեւ օտարերկրյա ուսանողների ինտեգրումն ապահովելու նպատակով բուհը կազմակերպում է հայոց լեզվի եւ պատմության լրացուցիչ ներածական դասընթաց, որի չափորոշիչը կազմելու օրինակելի տարբերակը հաստատում է Լիազոր մարմինը:
11. Ուսումնական գործընթացի կազմակերպումն ըստ սահմանված տեւողությունների, սկիզբը եւ ավարտը, ինչպես նաեւ ուսանողի արձակուրդի տեւողությունը սահմանում է բուհը:
12. Բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակներում բոլոր ձեւերով իրականացվող կրթական ծրագրերի ուսուցման եւ ակադեմիական արձակուրդի տեւողությունների ուղղորդիչները, ինչպես նաեւ լրիվ եւ մասնակի բեռնվածությամբ եւ հեռավար ուսումնառության կազմակերպման սկզբունքներն ու ուղղորդիչները սահմանվում են բարձրագույն կրթության կազմակերպման մասին Կառավարության որոշմամբ՝ հաշվի առնելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջները:
13. Լրիվ եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կարգը, ինչպես նաեւ հեռավար ձեւով ուսումնառության կազմակերպման կարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը:
14. Բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակներում կրթության համար ծանրաբեռնվածությունը կազմում է 180-240 ակադեմիական կրեդիտ բակալավրի, եւ 60-120՝ մագիստրոսի որակավորում շնորհող կրթական ծրագրերի համար: Ինտեգրված ծրագրերի դեպքում երկու մակարդակների կրեդիտային ծանրաբեռնվածությունները գումարվում են՝ կազմելով ոչ պակաս քան 300 ակադեմիական կրեդիտ: Կրկնակի որակավորման կրթական ծրագրերի դեպքում բարձրագույն կրթության առաջին մակարդակում կրեդիտների ծանրաբեռնվածությունը կազմում է 240-300 կրեդիտ, իսկ երկրորդ մակարդակում՝ 120-150 կրեդիտ:
15. Մեկ ակադեմիական կրեդիտը ներկայացնում է ուսանողի կողմից տվյալ ակադեմիական մոդուլի շրջանակներում կատարած 25-30 ժամ աշխատանք:
16. Կրթական ծրագրերը կարող են ներառել նաեւ փորձնակության կամ պրակտիկայի կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցման բաղադրիչներ՝ արտադրական կամ մասնագիտական ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր տնտեսվարողների, պետական մարմինների կամ այլ կազմակերպությունների հետ, ինչը կարգավորվում է կրթական ծրագրի շրջանակում եւ որի արդյունքում կարող են շնորհել որոշակի ակադեմիական կրեդիտներ, որոնց չափը կրթական ծրագրի ընթացքում չպետք է գերազանցի 30 կրեդիտը:
Հոդված 11. Բարձրագույն կրթության մակարդակները, որակավորումները եւ կրթական ոլորտները
1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակներում՝ որակավորում շնորհող հիմնական կրթական ծրագրերով, ինչպես նաեւ որակավորում չշնորհող լրացուցիչ ծրագրերով.
1) առաջին մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ եւ ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորում.
2) երկրորդ մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ եւ ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում.
3) երրորդ մակարդակում ուսումնառությունը եւ հետազոտական աշխատանքը ամփոփվում են դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, որի արդյունքում անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների եւ որակավորումների ցանկի մասնագիտություններով:
2. Բարձրագույն կրթությունն ըստ կրթական մակարդակների կարող է իրականացվել ինտեգրված կրթական ծրագրերով, որոնց շրջանակում բարձրագույն կրթության հաջորդական երկու մակարդակներին համարժեք ուսումնառությունը իրականացվում է մեկ միասնական կրթական ծրագրով, որի ավարտին շնորհվում է ավելի բարձր կրթական մակարդակին համապատասխանող որակավորում:
3. Ինտեգրված ծրագրերի պարագայում ուսումնառության վերջնարդյունքները համապատասխանում են ավարտական մակարդակի համար սահմանված վերջնարդյունքներին, եւ ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, իսկ դոկտորի որակավորում ստանալու համար հետազոտական աշխատանքն ավարտվում է դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ:
4. Բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակների ինտեգրված ծրագրով ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում, իսկ ինտեգրված բժշկական ծրագրերով ուսումնառած անձին՝ «բժիշկ» կամ «բժիշկ-ստոմատոլոգ» որակավորում:
5. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կամ երկրորդ ու երրորդ մակարդակների ինտեգրված ծրագրերը բուհը սահմանված կարգով իրականացնում է գիտական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շրջանակը նկարագրվում է կրթական ծրագրի նկարագրով:
6. Բարձրագույն կրթության հաջորդ կրթական մակարդակում սահմանված կարգով ուսումնառությունը շարունակելու իրավունք ունեն միայն այն անձինք, որոնք բարձրագույն կրթության նախորդ մակարդակի որակավորում ստացել են հավատարմագրված կամ նախահավատարմագրված ծրագրով:
7. Բուհերը կարող են իրականացնել միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր ինչպես նաեւ լրացուցիչ կրթական ծրագրեր՝ սույն օրենքին եւ «Կրթության մասին» օրենքին համապատասխան:
8. Միկրոորակավորում շնորհող կամ լրացուցիչ կրթական ծրագրի ավարտին անձին տրվում է բուհի կողմից սահմանված ձեւանմուշով ուսումնառությունը հավաստող վկայական կամ հավաստագիր:
9. Բուհերը կարող են ճանաչել եւ սահմանված մասնաբաժնով ներառել միկրոորակավորումներ շնորհող հավատարմագրված կրթական ծրագրերի տրված կրեդիտները բակալավրի կամ մագիստրոսի մակարդակներում:
10. Բուհերում միկրոորակավորումների ճանաչման օրինակելի կարգը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 12. Կարգավորվող մասնագիտություններ
1. Կարգավորվող մասնագիտություններն առանձին կամ ինտեգրված կրթական ծրագրով ուսումնառության արդյունքում ձեռք բերվող մասնագիտություններ են, որոնց ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար ուսանողը որակավորումը ստանալուց հետո պետք է ձեռք բերի հավելյալ, տվյալ մասնագիտական ուղղությանն անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ եւ կարողություններ՝ համապատասխան հետավարտական ուսումնառության միջոցով:
2. Կարգավորվող մասնագիտությունների ցանկը, դրանց ընդունելությանը, ուսումնառության տեւողությանը, կազմակերպման ձեւին եւ ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, որակավորում շնորհող կրթական ծրագրերի լիցենզավորմանը ներկայացվող նվազագույն պայմաններն ու պահանջները, հավատարմագրման չափանիշները, ինչպես նաեւ մասնագիտական ուղղությունների մասնագիտական շրջանակը եւ ուսումնառության վերջնարդյունքները, սահմանում է Կառավարությունը՝ Լիազոր մարմնի ներկայացմամբ՝ համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ՝ ապահովելով ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը սահմանված մասնագիտական բնութագրերին:
3. Կարգավորվող մասնագիտություններով որակավորում շնորհող կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, որի հաջող հանձնելուց հետո ուսանողը ստանում է տվյալ կրթական ծրագրին համապատասխանող որակավորում եւ մասնագիտություն:
4. Կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կազմակերպման կարգերը, ներառյալ հիմնական մասնագիտությունների, նեղ եւ լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, ուսումնառության տեսակները (կլինիկական ռեզիդենտուրա, վերահսկվող պրակտիկա կամ այլ ուսումնառության տեսակներ), դրանց կազմակերպման եւ իրականացման պայմանները եւ վերջնարդյունքներն ըստ մասնագիտական գործունեության ոլորտների հաստատում է Կառավարությունը՝ Լիազոր մարմնի ներկայացմամբ՝ համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:
5. Կարգավորվող մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառության ընթացքում ուսումնառող անձը տվյալ մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան կարող է ծավալել վարձատրվող մասնագիտական աշխատանք (որպես փորձնակ, պրակտիկայի կամ սահմանված այլ պաշտոնում աշխատող)՝ լիցենզավորված մասնագետների վերահսկողությամբ: Ընդ որում, կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառող անձը վարձատրվող մասնագիտական աշխատանք կարող է իրականացնել միայն անցումային անհատական լիցենզիայի առկայության դեպքում եւ աոռղջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված ծավալին համապատասխան:
6. Կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառությունից հետո՝ մասնագիտական գործունեության համապատասխան ոլորտի օրենսդրությանը համաձայն եւ սահմանված կարգով ուսումնառած անձը ենթակա է լիցենզավորման՝ ինքնուրույն մասնագիտական աշխատանք ծավալելու իրավունք ստանալու համար: Լիցենզիայի տեսակները եւ լիցենզավորման գործընթացը սահմանվում է համապատասխան ոլորտների օրենսդրությամբ:
7. Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ինտեգրված կամ դրան համարժեք որակավորում շնորհող բարձրագույն բժշկական կրթությանը հաջորդող հետավարտական լրացուցիչ ուսումնառության փուլ է, որից հետո ուսումնառողը ձեռք է բերում տվյալ բժշկական մասնագիտության ուղղությանն անհրաժեշտ մասնագիտական տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ՝ սահմանված կարգով լիցենզավորվելու եւ տվյալ մասնագիտական ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար:
8. Կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառությունն ըստ հիմնական մասնագիտական ուղղությունների իրականացնում է բժշկական համապատասխան մասնագիտական ուղղվածության բուհը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ներգրավմամբ, իսկ նեղ եւ լրացուցիչ մասնագիտացումներն իրականացում են ինչպես բժշկական համապատասխան մասնագիտական ուղղվածության բուհը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ներգրավմամբ, այնպես էլ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք համապատասխանում են կառավարության կողմից հաստատված պահանջներին:
9. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտությունը ձեռք է բերվում բարձրագույն մասնագիտական կրթության հենքի վրա կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ավարտելուց հետո: Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ավարտած անձն իրականացնում է առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն՝ հիմնական մասնագիտությամբ՝ սահմանված գործունեության շրջանակում:
10. Նեղ մասնագիտացումը հետռեզիդենտական փուլ է, որը նպատակ ունի հնարավորություն տալ ուսումնառողին նեղ մասնագիտացում ձեռք բերելու որեւէ կոնկրետ ոլորտում: Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության նեղ բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտացումը ձեռք է բերվում կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ավարտելուց հետո՝ հիմնական բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտության հենքի վրա: Նեղ մասնագիտացում ձեռք բերած անձը կարող է իրականացնել առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն՝ հիմնական մասնագիտությամբ կամ նեղ մասնագիտացմամբ՝ դրանց համար սահմանված գործունեության շրջանակում:
11. Հիմնական բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտությամբ կամ նեղ բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտացման հենքի վրա ձեռք բերված լրացուցիչ մասնագիտացման արդյունքում բուժաշխատողը ձեռք է բերում հիմնական մասնագիտությամբ/նեղ մասնագիտացմանը համապատասխան նոր ախտորոշիչ կամ բուժական հմտություն/ներ կամ վերապատրաստում, որի/որոնց հենքի վրա կարող է իրականացնել մասնագիտական գործունեություն՝ սահմանված գործունեության շրջանակում:
12. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով յուրաքանչյուր տարի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Լիազոր մարմին է ներկայացնում կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառողների անհրաժեշտ թվաքանակը (վճարովի, պետության կողմից կրթաթոշակի տրմադրմամբ), որը հաստատում է Կառավարությունը՝ Լիազոր մարմնի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնեցմամբ:
13. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրերը ենթակա են հավատարմագրման սույն օրենքով սահմանված Մասնագիտացված կառույցի կողմից՝ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացված մասնագիտական հանձաժողովի ներգրավմամբ:
14. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրերի հավատարմագրման չափանիշները սահմանվում են կլինիկական ռեզիդենտուրայում ուսումնառության կազմակերպման կարգով՝ ոլորտում մասնագիտական շարժունության միջազգային ստանդարտներին համապատասխան:
15. Կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի ընթացիկ մշտադիտարկման կարգը եւ պայմանները սահմանում է Կառավարությունը՝ առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ՝ Լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:
Հոդված 13. Բարձրագույն կրթության դիպլոմը եւ դրա հավելվածը
1. Բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակների կրթական ծրագրերով, ինչպես նաեւ ինտեգրված ծրագրով ուսումնառության ավարտին եւ ամփոփիչ ատեստավորման դրական արդյունքի հիման վրա, անձին տրվում է շնորհված որակավորումը հավաստող դիպլոմ (մասնագիտության եւ, ըստ անհրաժեշտության, մասնագիտացման նշումով) եւ հավելված (դիպլոմին կից տրվող համաեվրոպական ձեւաչափի փաստաթուղթ):
2. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ծրագրերով ուսումնառության եւ հետազոտական աշխատանքի ավարտին՝ ատենախոսության պաշտպանության արդյունքում անձին շնորհվում է գիտական աստիճանը հավաստող դիպլոմ:
3. Դիպլոմի, այդ թվում՝ համատեղ դիպլոմի, եւ դիպլոմի հավելվածի ձեւանմուշի, դրանց լրացման, պատվիրման, բաշխման, հաշվառման, գրանցման եւ պահպանման կարգը՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սահմանում է Լիազոր մարմինը:
4. Դիպլոմները եւ դրանց հավելվածները բուհի կողմից տրամադրվում են անվճար, իսկ դրանց թվային կրկնօրինակները հասանելի են շրջանավարտին՝ Լիազոր մարմնի կողմից վարվող որակավորումների պետական գրանցամատյանի միջոցով:
5. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում համատեղ կամ կրկնակի որակավորման կրթական ծրագրերով) եւ հավելվածին ներկայացվող պահանջները Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
6. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումների, ինչպես նաեւ որակավորում չշնորհող կրթական ծրագրերով կամ կրթական ծրագրի բաղադրիչի շրջանակներում ձեռք բերված միկրոորակավորումների վերաբերյալ տվյալները, ներառյալ դիպլոմների կամ վկայականների թվային տարբերակները եւ սովորողների ակադեմիական առաջխաղացման վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում են Լիազոր մարմնի կողմից վարվող որակավորումների պետական գրանցամատյանում:
7. Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է Լիազոր մարմնի կողմից հաստատված նմուշի ակադեմիական տեղեկանք որը ներառում է տեղեկատվություն ուսումնասիրած դասընթացների ու մոդուլների եւ կուտակած կրեդիտների վերաբերյալ, որի թվային տարբերակը հաշվառվում է որակավորումների պետական գրանցամատյանում:
8. Բարձրագույն կրթության դիպլոմ է համարվում միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով ուսումնառության արդյունքում՝ սահմանված կարգով շնորհված դիպլոմը կամ սահմանված կարգով ճանաչված այլ պետությունների բուհերի դիպլոմը:
9. Բարձրագույն կրթության դիպլոմում նշվում է ուսումնական հաստատության ինչպես նաեւ կրթական ծրագրի հավատարմագրված կամ նախահավատարմագրված լինելու փաստը:
Հոդված 14. Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, անկախ տեսակից կամ կարգավիճակից, ենթակա են լիցենզավորման: Լիցենզիան տրվում է անժամկետ եւ գրանցվում է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում:
2. Բուհերի լիցենզավորման կարգը, որը սահմանում է բուհերի լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները եւ ներառում է լիցենզավորման ընթացակարգը, նախազգուշացման կիրառման եւ լիցենզիայի գործողության դադարեցման ընթացակարգերը՝ Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
3. Լիցենզավորման պայմաններն ու պահանջները սահմանվում են այնպես, որ հավաստեն եւ երաշխավորեն ոլորտի համար սույն օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումը, բուհական համակարգում ուսանողի փորձառության համադրելիությունը եւ բուհի գործունեության համապատասխանությունը որակյալ կրթության պահանջներին եւ օրենսդրությանը:
4. Լիազոր մարմինը պետության կողմից ստեղծված բարձրագույն եւ մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցում (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) գործող՝ բարձրագույն կրթության ոլորտի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա բուհին շնորհում է կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա՝ սույն օրենքի, «Լիցենզավորման մասին» օրենքի, լիցենզավորման կարգի եւ այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ վեց ամիսների ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության, եւ դրական եզրակացության հիմքով:
6. Լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության համար Մասնագիտացված կառույցը լիցենզավորման կարգով սահմանված ընթացակարգով կարող է Լիազոր մարմնին առաջարկել ձեւավորել մասնագիտական հանձնաժողովներ՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
7. Բուհը իր գործունեությունը պետք է իրականացնի միայն լիցենզիայում նշված վայրերում (հասցեներում):
8. Բուհին տրված լիցենզիայում նշվում են լիցենզիայի համար օրենքով սահմանված վավերապայմանները, լիցենզիայի ներդիրում նշվում են լիցենզավորման կարգով սահմանված տեղեկատվությունը, իսկ բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում՝ բուհին վերաբերող տեղեկատվության բաժնում առանձին նշվում է ֆիզիկական ենթակառուցվածքների եւ լիցենզավորման կարգով նախատեսված այլ հիմքերի մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ պատկերային տարբերակով: Գործունեության վայրի (հասցեի) փոփոխության պարագայում բուհին տրված լիցենզիան ենթակա է վերաձեւակերպման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Բուհի գործունեության վայրի կամ կրթական ենթակառուցվածքների ընդլայնման հարցը դիտարկվում է ոլորտային պետական քաղաքականության շրջանակներում եւ հնարավոր է միայն Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգի հետ համապատասխանության դեպքում:
10. Բուհի լիցենզիայի տրամադրման հիմքերն են՝
1) ակադեմիական կազմի եւ կրթական գործընթացին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը՝ մասնավորապես հիմնական աշխատող հանդիսացող համապատասխան որակավորմամբ ակադեմիական կազմի, ժամանակակից լաբորատոր եւ լսարանային բազայի, ուսումնական տարածքների եւ գույքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը, որոնց նկարագիրը սահմանվում է բուհերի լիցենզավորման կարգով.
2) ֆիզիկական ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը՝ մասնավորապես կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ, պատշաճ անվտանգային կահավորմամբ, ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ բուհն ունի սեփականության կամ առնվազն 20 տարով երաշխավորված օգտագործման իրավունք (երկարաժամկետ վարձակալության, անհատույց oգտագործման), որի մեջ մտնում են հիմնական եւ օժանդակ տարածքները, շենքերը, շինությունները.
3) ուսանողի փորձառության պատշաճ ապահովումը երաշխավորող ենթակառուցվածքների առկայությունը, ներառյալ ներառականության ապահովման համար մատչելի միջավայրի առկայությունը (որի նկարագիրը սահմանվում է լիցենզավորման կարգում).
4) ֆինանսական կայունությունը եւ գործունեության երաշխիքները (լիցենզիայով տրվող տեղերի պատիկով՝ յուրաքանչյուր տեղի համար սահմանված չափի, սահմանված կարգով ապահովադրված գումար, գույք կամ այլ համարժեք միջոցներ), ֆինանսական հիմնավորվածության եւ առնվազն հինգ տարվա ֆինանսատնտեսական կայունության պլանի վերաբերյալ հիմնավոր տեղեկատվությունը, ինչպիսին կարող է հանդիսանալ նաեւ անհրաժեշտ ծավալով անձեռնմխելի դրամագլխի առկայությունը, ֆինանսական թափանցիկության երաշխավորման նպատակով հաշվետվողականության ընթացակարգերի առկայությունը.
5) առաջարկվող կրթական ծրագրերի համադրելիությունը բուհի ռազմավարության եւ առաքելության հետ.
6) ներքին իրավական հենքը եւ կառավարման համակարգը՝ ներառյալ հնգամյա ռազմավարական ծրագիրը, ուսուցման, ուսումնառության, հետազոտական գործունեության կազմակերպական եւ կառավարչական իրավական փաստաթղթերի առկայությունը, ուսանողներին տրվող ֆինանսական աջակցության քաղաքականությունը, բուհի ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ կառավարման կազմակերպական կառուցվածքը եւ հաշվետվողականության համակարգը, ներքին կարգապահական փաստաթղթերը ինչպես նաեւ բուհի գործունեության կայունության ապահովման համար անհրաժեշտ մարդկային բավարար ռեսուրսները.
7) բուհի առաքելությունը սահմանող պաշտոնական փաստաթուղթը եւ դրա իրագործումն ապահովող ներքին ընթացակարգերն ու կառույցները, ինչպես նաեւ որակի ապահովման մեխանիզմներն ու կառուցվածքը.
8) բուհի հիմնադրման եւ ծրագիր իրականացնելու նպատակահարմարության հիմնավորումը, որի մաս են կազմում նախնական հետազոտական փաստաթուղթը, մասնագիտական կառույցներից կամ գերատեսչություններից գրությունները, առնվազն հինգ տարվա կտրվածքով հնարավոր օգուտները, մրցակցային առավելության հասնելու տեսլականը.
9) բուհի ուսանողների սահմանային թիվը, որը պետք է համապատասխանի ներկայացված ենթակառուցվածքներին.
10) բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներին համապատասխանությունը.
11) բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգով սահմանված այլ պահանջներին համապատասխանությունը:
12. Բուհի լիցենզիայով սահմանվող ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից:
13. Բուհի լիցենզիայի հայտը մերժվում է, եթե այն չի բավարարում սույն օրենքով սահմանված պահանջներին եւ առկա է դրա վերաբերյալ լիցենզավորման հանձնաժողովի բացասական եզրակացություն:
14. Հետազոտական համալսարանի լիցենզավորման ժամանակ լիցենզավորման պայմաններն ու պահանջները լրացվում են նաեւ իր կազմում գործող գիտական կազմակերպությունների տվյալներով:
15. Բուհը պարտավոր է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր տարի թարմացնել կամ հավաստել բուհի լիցենզիայի եւ իր կրթական ծրագրերի լիցենզիաների վերաբերյալ լիցենզավորման կարգերով սահմանված պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը եւ ներկայացնել լիցենզավորման կարգերով սահմանված հաշվետվությունները:
Հոդված 15. Բուհի նկատմամբ կիրառվող նախազգուշացումը եւ բուհի լիցենզիայի գործողության դադարեցումը
1. Բուհի գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների, բուհի գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում Լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով բուհի նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:
2. Լիցենզիայի տրամադրելուց հետո՝ Մասնագիտացված կառույցի կողմից՝ բուհերի լիցենզավորման կարգով սահմանված պարբերականությամբ իրականացվում է լիցենզավորման պայմաններին եւ պահանջներին համապատասխանության մշտադիտարկում, այդ թվում այցելությունների միջոցով: Անհամապատասխանությունների հայտնաբերման պարագայում սահմանված կարգով բուհին տրվում է նախազգուշացում եւ մինչեւ մեկ տարի ժամանակահատված՝ դրանք վերացնելու նպատակով:
3. Բուհը պարտավոր է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր տարի թարմացնել կամ հավաստել բուհի լիցենզիայի եւ իր կրթական ծրագրերի լիցենզիաների վերաբերյալ լիցենզավորման կարգերով սահմանված պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը եւ ներկայացնել լիցենզավորման կարգերով սահմանված հաշվետվությունները:
4.Լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բուհի թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու եւ այդ խախտման վերացման մասին Լիազոր մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել տասն օրից, որոշում է Լիազոր մարմինը՝ Մասնագիտացված կառույցի առաջարկությամբ՝ հաշվի առնելով խախտման հետեւանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը եւ խախտումը վերացնող բուհի հնարավորությունները:
5. Լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով՝ պատշաճ ձեւով տեղեկացման եղանակով նախազգուշացնում է բուհին՝
1) բուհի կողմից լիցենզիայի գործողության ընթացքում Լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.
2) լիցենզավորման պայմանների եւ պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում.
3) բուհի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին Լիազորված մարմնին եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.
4) ինստիտուցիոնալ մակարդակում ակադեմիական ազնվության խախտման դեպքերի արձանագրման դեպքում, որի ընթացակարգը նկարագրված է լիցենզավորման կարգով.
5) բուհի լիցենզավորման կարգով սահմանված պահանջներին ենթակառուցվածքների անհամապատասխանության առաջացման դեպքում.
6) սահմանված ժամկետում բուհի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրման չդիմելու դեպքում.
7) բուհի ֆինանսական կայունության եւ հետագա գործունեության շարունակման ռիսկերի հայտնաբերման դեպքում.
8) բուհի կողմից լիցենզավորման մասին օրենսդրությամբ նախատեսված տարեկան հաշվետվությունում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների կամ հաշվետվության՝ սահմանված ձեւին չհամապատասխանելու դեպքում.
9) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:
6. Խախտումը համարվում է վերացված՝ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման եւ դրա վերաբերյալ Մասնագիտացված կառույցի դրական եզրակացության հիման վրա:
7. Լիազոր մարմնի որոշմամբ բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է՝
1) բուհի կողմից սույն հոդվածի 5-րդ մասի 1-ից 5-րդ կետեով նախատեսված դեպքերով առնվազն երկու խախտման միաժամանակյա հայտնաբերման դեպքում.
2) կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի արձանագրած խախտումը չվերացնելու դեպքում.
3) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման հանձնելու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.
4) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.
5) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
6) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ բուհի գործունեության դադարեցվելու դեպքերում.
7) սույն օրենքով սահմանված ժամկետում ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցնելու, կամ ինստիտուցիոնալ հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվելու դեպքում.
8) լիցենզավորման կարգով նկարագրված դեպքերում՝ ակադեմիական զեղծարարության հայտնաբերման պարագայում, ներառյալ բարձրագույն կրթության կազմակերպման կարգի եւ որակավորումների ազգային շրջանակով սահմանված չափանիշների խախտմամբ որակավորումների շնորհման դեպքում.
9) լիցենզիայի տրամադրման հիմքերին եւ լիցենզավորման պայմաններին ու պահանջներին առնվազն երկու անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում.
10) սահմանված ժամկետում նախազգուշացումը չվերացնելու կամ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ Մասնագիտացված կառույցի բացասական եզրակացության դեպքում.
11) ինստիտուցիոնալ հավատարմագրից զրկվելու դեպքում.
12) երեք տարի անընդմեջ համալրվում է լիցենզիայով տրամադրված ուսանողների սահմանային թվի կեսից պակասը.
13) բուհի ներկայացրած կրթական ծրագրերի 30 եւ ավել տոկոսը չի ստացել նախահավատարմագրում կամ ծրագրային հավատարմագրում, կամ բուհը չի իրականացնում կրթական ծրագրեր.
14) առկա են սույն օրենքով, «Կրթության մասին» օրենքով եւ «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված այլ դեպքեր:
8. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող եւ տեւական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում՝ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 6 ամսյա ժամկետում:
9. Սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
10. Սույն հոդվածի 7-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված Լիազոր մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ տեղեկացմանը կից ուղարկելով նաեւ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:
11. Բուհն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին Լիազոր մարմնի որոշումը:
12. Սույն հոդվածով սահմանված դեպքում լիցենզիայի դադարացվելուց հետո բուհն իրավունք չունի իրականացնելու կրթական ծրագրեր:
13. Բուհի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում բուհում սովորող ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը համապատասխան կրթական ոլորտում՝ ընդգրկվելով մեկ այլ՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ բուհի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով՝ այդ թվում բուհի կողմից ապահովադրված գումարների հաշվին:
14. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված նախազգուշացնելու եւ 7-րդ մասով նախատեսված դադարեցման որոշումը Լիազոր մարմինը կայացնում է Մասնագիտացված կառույցի եզրակացության հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված է այլ բան:
Հոդված 16. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորումը, նախազգուշացումը եւ կրթական ծրագրի լիցենզիայի գործողության դադարեցումը
1. Բարձրագույն կրթության որակավորում շնորհող բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ենթակա են լիցենզավորման:
2. Ինտեգրված ծրագրերը ենթակա են լիցենզավորման՝ ավելի բարձր կրթական մակարդակի համար նախատեսված պայմաններին համապատասխան:
3. Համատեղ կրթական ծրագրի լիցենզավորման համար դիմում է մեկ բուհ, որն իրականացնելու է ծրագրի վարչարարությունը՝ ներկայացնելով գործընկեր բուհի կամ կազմակերպության հետ համապատասխան պայմանագիրը, որում հստակ սահմանված են ակադեմիական մոդուլների բաշխումը համագործակցող բուհերի միջեւ կամ պրակտիկայի անցկացումը գործընկեր կազմակերպության հետ՝ ներառյալ ֆինանսական հարաբերությունները եւ կրթական ծրագրին առնչվող այլ մանրամասներ: Համատեղ կրթական ծրագրի լիցենզավորման ժամանակ հաշվի են առնվում գործընկեր բուհի կամ կազմակերպության հզորությունները՝ համաձայն համագործակցության պայմանագրի:
4. Բուհերում կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը, որը սահմանում է բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման ընթացակարգը եւ ներառում է լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները, նախազգուշացման կիրառման եւ լիցենզիայի գործողության դադարեցման ընթացակարգերը՝ Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
5. Կրթական ծրագրերի լիցենզավորման պայմաններն ու պահանջները սահմանվում են որպեսզի երաշխավորեն ուսանողի կողմից կրթության վրա ներդրված ժամանակի եւ ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործումը, ծրագրի իրականացման մեջ ներգրավված ակադեմիական կազմի պատշաճ եւ ծրագրին համապատասխան մակարդակը, ծրագրի իրականացման համար օգտագործվող գույքային եւ նյութատեխնիկական հագեցվածության մակարդակը, ինչպես նաեւ ծրագրի վերջնարդյունքների համապատասխանությունը տվյալ մակարդակի համար որակավորումների ազգային շրջանակի եւ, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակի սահմանված բնութագրիչներին եւ պահանջներին:
6. Լիազոր մարմինը Մասնագիտացված կառույցում գործող՝ բարձրագույն կրթության ոլորտի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա բուհին շնորհում է տվյալ կրթական ծրագրով գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա՝ սույն օրենքի, «Լիցենզավորման մասին» օրենքի, լիցենզավորման կարգի եւ այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
7. Կրթական ծրագրերի լիցենզավորման համար փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով Լիազոր մարմինը Մասնագիտացված կառույցի առաջարկով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ՝ ըստ Կառավարության կողմից սահմանված բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում առկա բնագավառների կամ ուղղությունների: Մասնագիտական հանձնաժողովների աշխատակարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանձնաժողովի դրական եզրակացության հիմքով՝ կրթական ծրագրի իրականացման լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ առավելագույնը վեց ամսվա ընթացքում:
9. Կրթական ծրագիրը գիտական կազմակերպության հետ համատեղ իրականացնելիս ներկայացվում է նաեւ գիտական կազմակերպության կողմից ծրագրի իրականացման գործընթացին պայմանագրային հիմքով տրամադրվող մարդկային եւ նյութատեխնիկական եւ հետազոտական ռեսուրսների եւ ենթակառուցվածքների վերաբերյալ, որոնք համալրում են լիցենզավորման պարտադիր պայմանների եւ պահանջների հիմքերը:
10. Բուհին կրթական ծրագրի լիցենզիայի տրամադրման հիմքերն են՝
1) տվյալ մակարդակում եւ առաջարկվող կրթական ծրագրով ուսուցման եւ գիտական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ եւ բուհին պատկանող ու բուհի հաշվեկշռում հաշվառված, պատշաճ մակարդակի վրա գտնվող ուսումնական, արտադրական, կլինիկական պրակտիկայի բազաների, գույքի, համապատասխան սարքավորումների, ինչպես նաեւ գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը.
2) համապատասխան կրթական մակարդակներում կրթական ծրագրով ուսումնառություն ապահովելու համար անհրաժեշտ ակադեմիական կազմի եւ ուսումնաօժանդակ կազմի առկայությունը, որոնց առնվազն կեսը պետք է հանդիսանան բուհի հիմնական աշխատողներ.
3) կրկնակի որակավորման կրթական ծրագրերով՝ երկու մասնագիտություններով կրթություն իրականացնելուն ներկայացվող համատեղ պահանջները.
4) համատեղ կրթական ծրագրերի դեպքում՝ գործընկեր կազմակերպության կողմից ներկայացվում է կրթական ծրագրի համար հատկացվող մարդկային ռեսուրսները, համատեղ կրթական ծրագրի լիցենզիան ստացող բուհի կողմից ներգրավված ակադեմիական կազմի հիմնական աշխատողների մասնաբաժինը պետք է լինի առնվազն քսանհինգ տոկոս.
5) ուսանողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թիվը, որը բուհում իրականացվող այլ կրթական ծրագրերով սովորողների նախատեսված սահմանային թվերի հանրագումարի հետ չպետք է գերազանցի բուհի լիցենզիայով տրամադրված սահմանային թվից.
6) աշխատաշուկայի պահանջարկին ծրագրի համապատասխանության ուսումնասիրությունը եւ ծրագրի իրականացման նպատակահարմարության հիմնավորումը, որի մաս են կազմում նախնական հետազոտական փաստաթուղթը, մասնագիտական կառույցներից կամ շահագրգիռ գերատեսչություններից գրությունները, առնվազն հինգ տարվա կտրվածքով հնարավոր օգուտները, մրցակցային առավելության հասնելու տեսլականը.
7) կրթական ծրագրի համապատասխանությունը պետության ռազմավարական առաջնահերթություններին, որակավորումների ազգային շրջանակի եւ, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակի սահմանված բնութագրիչներին եւ պահանջներին ինչպես նաեւ դրա համադրելիությունը բուհի ռազմավարության եւ առաքելության հետ.
8) որակի ապահովման համակարգը, որը երաշխավորում է ուսումնառության եւ հետազոտության որակի համապատասխանությունը բուհի ռազմավարությանը եւ առաքելությանը, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափանիշներին.
9) ուսուցման եւ գնահատման համակարգը, որը երաշխավորում է կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը եւ հավաստումը, ինչպես նաեւ համապատասխանում է ԿՓՀ մեթոդաբանությանը.
10) համապատասխանությունը բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգով սահմանված այլ պահանջներին:
11. Կրթական ծրագրի առանձին մոդուլներ հեռավար ուսումնառությամբ կազմակերպելու դեպքում լիցենզիայի տրամադրման հիմք են հանդիսանում նաեւ հեռավար ուսումնառության կազմակերպման թվային գործիքակազմի առկայությունը եւ դրա պաշտպանվածությունը:
12. Որակավորում շնորհող կրթական ծրագրերի համար սահմանային տեղերը պետք է լինեն նվազագույնը տաս՝ բակալավրի եւ հինգ՝ մագիստրոսի կրթական մակարդակների համար:
13. Կրթական ծրագրի իրականացման համար բուհին տրված լիցենզիայում նշվում են լիցենզիայի համար օրենքով սահմանված վավերապայմանները, լիցենզիայի ներդիրում նշվում են լիցենզավորման կարգով սահմանված տեղեկատվությունը, իսկ բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգում՝ բուհին վերաբերող տեղեկատվության բաժնում առանձին նշվում է կրթական ծրագրին վերաբերելի՝ լիցենզավորման կարգով նախատեսված հիմքերի մանրամասն նկարագիրը՝ ներառյալ ուսանողների սահմանային թիվը:
14. Բուհում իրականացվող որակավորում շնորհող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը, լիցենզավորման պայմաններն ու պահանջները, նախազգուշացման կիրառման եւ լիցենզիայի գործողության դադարեցման ընթացակարգերը սահմանվում են բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգով, որը Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
15. Լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բուհի թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու եւ այդ խախտման վերացման մասին Լիազոր մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 օրից, որոշում է Լիազոր մարմինը՝ Մասնագիտացված կառույցի առաջարկությամբ՝ հաշվի առնելով խախտման հետեւանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը եւ խախտումը վերացնող բուհի հնարավորությունները:
16. Խախտումը համարվում է վերացված՝ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման եւ դրա վերաբերյալ Մասնագիտացված կառույցի դրական եզրակացության հիման վրա:
17. Լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով՝ պատշաճ ձեւով տեղեկացման եղանակով նախազգուշացնում է բուհին հետեւյալ խախտումների հայտնաբերման դեպքում.
1) բուհը գերազանցել է տվյալ կրթական ծրագրի լիցենզիայով սահմանված ուսանողների սահմանային թիվը.
2) բուհի կողմից լիցենզիայի գործողության ընթացքում Լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.
3) լիցենզիայի տրամադրման հիմքերին եւ լիցենզավորման պայմաններին ու պահանջներին չհամապատասխանելու դեպքում.
4) լիցենզավորման կարգով նախատեսված պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում.
5) բուհի կողմից «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին Լիազորված մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.
6) սահմանված ժամկետում տվյալ ծրագրի ծրագրային հավատարմագրման չդիմելու դեպքում.
7) ենթակառուցվածքների եւ ակադեմիական կազմի անհամապատասխանության առաջացման դեպքում.
8) ծրագրային հավատարմագրից զրկվելու դեպքում.
9) սահմանված ժամկետում նախազգուշացումը չվերացնելու կամ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ Մասնագիտացված կառույցի բացասական եզրակացության դեպքում.
10) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:
18. Բուհին տրված համապատասխան մակարդակի կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը Լիազոր մարմինը դադարեցնում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ՝
1) բուհի ներկայացրած հայտի հիմքով իրեն հատկացված ուսանողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թվի գերազանցման դեպքում մեկ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ նախազգուշացման դեպքում.
2) սահմանված ժամկետում տվյալ ծրագրի հավատարմագրման չդիմելու, կամ տվյալ ծրագրի հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվելու դեպքում.
3) կրթական ծրագրով երեք տարի անընդմեջ սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունքներ գրանցվելու դեպքում.
4) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.
5) սահմանված ժամկետում նախազգուշացումը չվերացնելու կամ այն վերացնելու փաստը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ Մասնագիտացված կառույցի բացասական եզրակացության դեպքում:
19. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը՝ ընդգրկվելով տվյալ կամ մեկ այլ ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում ունեցող բուհի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ բուհի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով՝ այդ թվում բուհի կողմից ապահովադրված գումարների հաշվին:
20. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով՝ Լիազոր մարմնի որոշմամբ:
21. Լիազոր մարմինը նախազգուշացման կամ լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացնում է բուհին՝ տեղեկացմանը կից ուղարկելով նաեւ նախազգուշացման կամ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:
22. Սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ Լիազոր մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից: Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացնում է բուհին:
Հոդված 17. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ բուհի լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):
2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախազգուշացումը կարող է կիրառվել նաեւ տեսչական մարմնի միջնորդագրի հիման վրա:
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով Լիազոր մարմինը բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցնում է տեսչական մարմնի միջնորդագրի հիման վրա:
4. Տեսչական մարմինը բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր կարող է ներկայացնել նաեւ վերահսկողության ընթացքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված այլ հիմքեր հայտնաբերելու դեպքում:
Հոդված 18. Որակի ապահովումը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում
1. Բարձրագույն կրթության եւ գիտության որակի ապահովման համակարգը ներառում է՝
1) բուհերի եւ գիտական կազմակերպությունների որակի ներքին ապահովման համակարգը, որի նպատակն է ապահովել կրթական ծառայությունների եւ գիտական հետազոտությունների որակի վերահսկումը եւ շարունակական բարելավումը.
2) բուհերի որակի արտաքին ապահովման համակարգը, որով հավաստվում է բուհերում կրթական ծառայությունների եւ ընթացակարգերի համապատասխանությունը որակի սահմանված պետական եւ միջազգային չափանիշներին.
3) գիտական կազմակերպությունների որակի արտաքին ապահովման համակարգը, որով գնահատվում է գիտական կազմակերպությունների գործունության համապատասխանությունը միջազգային միտումներին եւ պետության պահանջներին.
4) պետության կողմից ստեղծված Մասնագիտացված կառույցը:
2. Բուհերը եւ գիտական կազմակերպությունները պատասխանատու են կրթական եւ հետազոտական աշխատանքների որակի համար եւ պարտավոր են իրականացնել եւ հանրային եղանակով ներկայացնել իրենց որակի վերաբերյալ ինքնագնահատումներ, որոնք պետք է ներառեն նաեւ տվյալներ Կառավարության կողմից հաստատված կատարողականի ցուցանիշների վերաբերյալ:
3. Բուհերը եւ գիտական կազմակերպությունները որակի չափանիշներն ապահովում են որակի ներքին ապահովման համակարգի միջոցով:
4. Բուհերի որակի արտաքին ապահովումն ու հավաստումն իրականացվում է Մասնագիտացված կառույցի կամ Կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող միջազգային հավատարմագրող կազմակերպությունների կողմից:
5. Որակի ապահովման բնագավառում Մասնագիտացված կառույցը պետք է՝
1) ունենա իր գործունեության իրականացումն ապահովող հրապարակված քաղաքականություններ եւ ընթացակարգեր.
2) գործի անկախ եւ ինքնավար.
3) սահմանված կարգով պարբերաբար անցնի իր գործունեության արտաքին գնահատում.
4) իրականացնի բուհերի եւ դրանց կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատում եւ հավատարմագրում.
5) իրականացնի կանոնադրությունից եւ օրենսդրությունից բխող այլ գործառույթներ:
6. Մասնագիտացված կառույցը բացի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառույթներից, իրականացնում է նաեւ՝
1) հավատարմագրման եւ որակավորումներին ներկայացվող պահանջների կատարման ընթացիկ մշտադիտարկում.
2) հավատարմագրման հանձնաժողովի աշխատանքի կազմակերպում.
3) որակավորումների ազգային շրջանակի եւ ոլորտային որակավորումների շրջանակի փաստաթղթերի մշակման եւ պարբերական վերանայման կազմակերպում:
7. Հանրային գիտական կազմակերպությունների որակի արտաքին գնահատումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից ձեւավորած գիտական փորձագիտական հանձնաժողովների կողմից՝ Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի հեղինակավոր գիտնականների ներգրավմամբ՝ նվազագույնը մեկ անգամ հինգ տարվա ընթացքում, որի ընթացակարգը սահմանվում է Լիազոր մարմնի կողմից:
Հոդված 19. Բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումը
1. Ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրմամբ հավաստվում են՝
1) համապատասխանությունը բուհական գործունեության եւ կրթական ծրագրի իրականացման նվազագույն չափանիշներին.
2) որակի վերահսկման ներքին կառուցվածքի եւ ընթացակարգերի առկայությունը.
3) կրթական ծրագրերի կազմման եւ հաստատման ներքին ընթացակարգերի առկայությունը.
4) ուսանողակենտրոն կրթական միջավայրի առկայությունը.
5) կրթական ծրագրերի մատուցման եւ ուսանողների գնահատման գործող համակարգերի համապատասխանությունը կրթական ծրագրի վերջնարդյունքներին եւ մակարդակին.
6) ակադեմիական կազմի մրցունակության գնահատման եւ շարունակական մասնագիտական զարգացման գործիքակազմերի առկայությունը.
7) կրթական ռեսուրսների եւ ուսանողների աջակցության ենթակառուցվածքների եւ ընթացակարգերի առկայությունը.
8) տեղեկատվության հավաքագրման եւ կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը.
9) հանրային հաշվետվողականության եւ տեղեկատվության պատշաճ մատուցման ընթացակարգերի եւ մեխանիզմների առկայությունը.
10) կրթական ծրագրերի պարբերական վերանայման ընթացակարգերի առկայությունը, այդ թվում աշխատաշուկայի հետ աշխատանքի միջոցով.
11) էթիկական ստանդարտների եւ բարեվարքության հարցերին առնչվող ինստիտուցիոնալ մեխանիզմների առկայությունը.
12) համապատասխանությունը ֆինանսական կայունության չափանիշներին.
13) համապատասխանությունը հավատարմագրման կարգերով նախատեսված այլ չափանիշներին եւ պայմաններին:
2. Բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգերը, պահանջները եւ չափանիշները Լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
3. Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը Կառավարության սահմանած կարգով իրականացնում է Կառավարության կողմից ստեղծված Մասնագիտացված կառույցը, այդ թվում՝ Կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող օտարերկրյա հավատարմագրող կազմակերպության հետ համատեղ՝ սույն օրենքի դրույթներին ու Կառավարության սահմանած կարգերին համապատասխան:
4. Բուհերի կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրումն իրականացնում է Մասնագիտացված կառույցը կամ կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող օտարերկրյա հավատարմագրող կազմակերպությունը՝ առանձին կամ համատեղ՝ սույն օրենքի դրույթներին ու Կառավարության սահմանած կարգերին համապատասխան:
5. Նոր հիմնադրված բուհը ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում բուհի լիցենզիա ստանալուց հինգ տարի հետո՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում:
6. Բուհերը կամ կրթական ծրագրերը լիցենզիան ստանալուց հետո համարվում են նախահավատարմագրված, մինչեւ սահմանված ժամկետներում եւ սահմանված կարգով հավատարմագրումը: Նախահավատարմագրումը հավատարմագրված լինելուն համարժեք ժամանակավոր կարգավիճակ է, որի ընթացքում բուհը կարող է իրականացնել բուհական գործունեություն, իսկ կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպել ուսումնառություն:
7. Ինստիտուցիոնալ հավատարմագրման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բուհերը՝ անկախ հիմնադրից:
8. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի մասնաճյուղերը ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում են բուհի հետ միաժամանակ, որպես բուհի կառուցվածքային միավոր:
9. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցնելու դեպքում բուհի գործունեությունը դադարեցվում է:
10. Լիցենզավորված եւ նախահավատարմագրված նոր կրթական ծրագրերը լիցենզավորվելուց հետո ենթակա են ծրագրային հավատարմագրման՝ լիցենզիայով տվյալ մակարդակում կրթության համար նախատեսված տեւողության (կրթական գործընթացի առաջին շրջափուլի) ավարտից հետո՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում:
11. Համատեղ կրթական ծրագրի հավատարմագրման համար դիմում է ծրագրի վարչարարության համար պատասխանատու բուհը: Հավատարմագրման համար հիմքերը համալրվում են համատեղ կրթական ծրագրի համար գործընկեր բուհի կամ կազմակերպության տրամադրած հզորություններով եւ հավատարմագրման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:
12. Կրկնակի որակավորման կրթական ծրագրերի հավատարմագրման համար անհրաժեշտ է, որ որակավորումներից յուրաքանչյուրը շնորհող կրթական ծրագիրը լինի հավատարմագրված եւ հավաստվի կրթության տվյալ մակարդակի համար սահմանված ծանրաբեռնվածության շրջանակներում դրանց համատեղ իրագործելիությունը:
13. Ծրագրային հավատարմագրման նպատակն է կրթական ծրագրերի որակավորման չափանիշների պահանջներին, որակավորումների ազգային կամ ոլորտային շրջանակներին, տնտեսության եւ պետության կարիքներին, համապատասխանության գնահատումը:
14. Միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրերը, որոնց արդյունքում տրվում են ԿՓՀ կրեդիտներ ենթակա են հավատարմագրման Մասնագիտացված կառույցի կողմից, որի ընթացակարգը սահմանվում է ծրագրային հավատարմագրման կարգով:
15. Կրթական ավելի ցածր մակարդակից ԿՓՀ կրեդիտները կարող են տեղափոխվել բարձրագույն կրթության առաջին մակարդակ այն պարագայում, եթե տվյալ ակադեմիական մոդուլով կրթությունը եւ գնահատումը կազմակերպվում է բարձրագույն կրթության ծրագրերի համապատասխան մոդուլների հետ համադրելի եղանակով, ինչը հավաստվում է Մասնագիտացված կառույցի եզրակացությամբ՝ ԿՓՀ գործարկման կարգին համաձայն:
16. Մասնագիտացված կառույցի կողմից ծրագրային հավատարմագրում ստանալու դեպքում բուհն իրավունք է ստանում հաջորդ փուլում իրականացնել կրթական ծրագրերի ինքնագնահատում պետական չափանիշներով եւ արդյունքները ներկայացնել մասնագիտացված կառույց՝ հավատարմագրման համար:
17. Բուհերի լիցենզիաները, ինստիտուցիոնալ, կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրերը, միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրերի նախնական եւ ծրագրային հավատարմագրերը գրանցվում են լիցենզիաների եւ հավատարմագրերի պետական գրանցամատյանում, որը վարում է Կառավարության կողմից ստեղծված Մասնագիտացված կառույցը:
18. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը շնորհվում է 7 տարի ժամանակահատվածով:
19. Ծրագրային հավատարմագրումը շնորհվում է 5 տարի ժամանակահատվածով: Հավատարմագրման որոշ չափանիշներին համապատասխանության բարելավման նպատակով կարող է շնորհվել պայմանական հավատարմագրում՝ 3 տարի ժամանակահատվածով:
20. Հավատարմագրման արդյունքում բուհին շնորհվում են ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման վկայականներ, որոնց ձեւաչափը հաստատվում է հավատարմագրման կարգով:
Հոդված 20. Օտարերկրյա որակավորումների ճանաչումը
1. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից շնորհված որակավորումները ճանաչվում եւ գնահատվում են Մասնագիտացված կառույցի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների կամ միջազգային կառույցների միջեւ կնքված միջազգային պայմանագրերի համաձայն:
2. Փախստականների, տեղահանված անձանց եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց որակավորումները ճանաչվում են սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, իսկ այն դեպքերում, երբ անձի ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է Լիազոր մարմնի սահմանած կարգով:
Հոդված 21. Բուհ ընդունելությունը
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում ուսանողների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների եւ դրանց կրթական ծրագրերի: Ընդունելությունը կատարվում է առնվազն նախորդ մակարդակի կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բարձրագույն կրթության տվյալ մակարդակի համար բուհն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրերի համար: Բուհը պարտավոր է իր կայքում հրապարակել իր լիցենզիաների եւ ներքին կանոնակարգերի, ինչպես նաեւ՝ ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման վկայականի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ տվյալ կրթական ծրագրի լիցենզիայով նախատեսված սահմանային տեղերի թիվը:
3. Բուհը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը եւ ներքին կանոնակարգերին, ինչպես նաեւ հավատարմագրման կամ նախահավատարմագրման վկայականին: Նշված փաստաթղթերին ծանոթացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են ուսանողի հետ կնքված պայմանագրում:
4. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության (այսուհետ՝ առաջին շրջափուլով ընդունելություն) կարգը, որը ներառում է ընդունելությանը ներկայացվող ընդհանրական պայմանները ինչպես նաեւ «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման կարգը, սահմանում է Կառավարությունը: Դրա հիման վրա բուհը հաստատում ու հրապարակում է ընդունելության մրցույթի կարգը եւ չափանիշները:
5. Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհում կամ բուհի մասնաճյուղում առաջին շրջափուլով ընդունելության համար պարտադիր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող սակայն Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրերով ուսումնառած անձանց՝ «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը:
6. Առաջին շրջափուլով ընդունելություն իրականացնող բուհերը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երեք տարի առաջ, ըստ կրթական ծրագրերի, հրապարակում են ընդունելության կարգը՝ ներառյալ ընդունելության պահանջները եւ գնահատման մեթոդաբանությունը, որը կարող է ներառել՝
1) հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատականին ներկայացվող պահանջ.
2) կամ տվյալ կրթական ծրագրով ընդունելության մոտիվացիոն նամակ.
3) կամ ներբուհական քննություններ հանձնելու պահանջ.
4) կամ հարցազրույցի պահանջ.
5) կամ դիմորդի ինքնակենսագրության (պորտֆոլիոյի) գնահատման պահանջ.
6) կամ կամավորության պահանջ.
7) այլ պահանջներ եւ պահանջների ցանկացած համադրություն:
7. Բուհերի կողմից հրապարակված ընդունելության կարգում փոփոխությունները եւ լրացումները կարող են ուժի մեջ մտնել հրապարակումից երեք տարի հետո, բացառությամբ ավելի նպաստավոր պայմանների սահմանման, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:
8. Ներբուհական քննությունները պետք է կազմակերպվեն միայն հանրակրթության պետական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների շրջանակում:
9. Առաջին շրջափուլով ընդունելությունը բուհը պետք է կազմակերպի արդարության եւ թափանցիկության սկզբունքով՝ ունենալով նաեւ բողոքների պատշաճ արձագանքման հաստատված ներքին ընթացակարգեր:
10. Օտար լեզվով իրականացվող կրթական ծրագրերում ընդունելության համար կառավարության սահմանած ընդհանրական պայմաններին համապատասխան պարտադիր է ծրագրի դասավանդման լեզվի պատշաճ մակարդակով իմացության գնահատման միջազգային ճանաչված կառույցի վկայականի առկայությունը:
11. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով հանրակրթության պետական չափորոշիչները, հաստատում է «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման ստանդարտներն ու չափանիշները ինչպես նաեւ սահմանում է քննական նյութերի ձեւավորման համար պատասխանատու պետական կառույցը:
12. Լիազոր մարմինը հաստատում է արտաքին գնահատման գործընթացի կազմակերպման համար գնահատող կազմակերպությունների ընտրության պայմանները:
13. Բուհերում ընդունելությունը կազմակերպվում է կենտրոնացված թվային հարթակով՝ որի աշխատանքի սկզբունքները սահմանվում են Լիազոր մարմնի կողմից:
14. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք տարին սովորել են օտարերկրյա պետությունների հանրակրթական կամ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում եւ ավարտել դրանք կարող են բուհ ընդունվել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար Կառավարության սահմանած կարգով:
15. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի եւ ինտեգրված կրթական ծրագրերով դիմորդները կարող են դիմել սովորելու մեկ եւ ավելի բուհերի մեկից ավելի կրթական ծրագրերով, եւ կարող են սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով, որոնցից միայն մեկը կարող է լինել լրիվ ծանրաբեռնվածությամբ: Կարգավորվող մասնագիտություններով ուսումնառությունը կազմակերպվում է միայն լրիվ ծանրաբեռնվածությամբ եղանակով:
16. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, զորահավաքային վարժանքների մասնակցելու, առողջական վիճակի պատճառով, ինչպես նաեւ՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս պահպանվում է բուհ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձավճարի չափը (բացառությամբ, տվյալ ուսումնական տարում ուսման վարձավճարի նվազման դեպքի), որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է բուհի սահմանած ժամկետներում ուսումնառության ընդհատման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
17. Բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում, ընդունելության կարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը՝ ելնելով տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ մուտքային որակավորման պահանջներից, ինչպես նաեւ մասնագիտությունների կամ համապատասխան ակադեմիական մոդուլների եւ անհրաժեշտ կրեդիտների շրջանակից, որոնք նկարագրվում են նաեւ կրթական ծրագրի լիցենզավորման փաստաթղթերում:
18. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտ հանդիսացող դիմորդների (օտարերկրյա քաղաքացիների կամ օտարերկրյա ուսումնական հաստատության շրջանավարտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու) ընդունելությունը կատարվում է միջազգային շարժունության սկզբունքների հիման վրա՝ ընդունելության մակարդակին նախորդող մակարդակի համապատասխանող որակավորում ստանալու մասին ճանաչված դիպլոմի առկայության պարագայում՝ Կառավարության հաստատած կարգով:
19. Մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ հիմնական կրթական ծրագրով մասնագետի որակավորում ստացած շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհում՝ Կառավարության սահմանած կարգով:
20. Բուհը ուսանողի հետ կնքում է կրթական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բուհի ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում է դիմորդներին:
21. Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները, ներառյալ՝ այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի չափը, ուսումնառության ամբողջ ընթացքում չի կարող փոփոխվել, բացառությամբ ուսման վարձի նվազեցման դեպքում: Վերականգնված ուսանողի ուսման վարձի չափը սահմանվում է տվյալ ուսումնական տարվա համար սահմանված վարձի չափով եւ նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:
22. Բուհի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են տվյալ կրթական ծրագրով սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ բուհում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների:
23. Բուհն իրավունք ունի սահմանելու ընդունելության հատուկ ընթացակարգ, որով կարող է կազմակերպել կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող այն դիմորդների ընդունելությունը, ովքեր չեն կարող բավարարել սույն հոդվածի 4-րդ կետի պահանջները, այդպիսով ընդունելով իր լիցենզիոն տեղերի ոչ ավել քան 5 տոկոսի չափով ուսանողներ:
ԳԼՈՒԽ 3
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 22. Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները եւ միավորումները
1. Ուսանողը կարող է իր հայեցողությամբ ընտրել կրթական ծրագիրը, սահմանված կարգով զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական մակարդակում ընդհատել կամ շարունակել բարձրագույն կրթությունը՝ բուհի կանոնադրության եւ օրենսդրության համաձայն:
2. Ուսանողն իրավունք ունի՝
1) սովորելու իր ընտրած եւ ընդունված կրթական ծրագրով.
2) բուհի սահմանած կարգով կազմելու ուսուցման անհատական պլան՝ ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ակադեմիական մոդուլները) սահմանված դեպքում՝ պահպանելով դասընթացների մուտքային պայմանները, ինչպես նաեւ բուհի սահմանած կարգով գրանցվելու ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում.
3) առաջարկելու ավարտական աշխատանքի թեման կամ ընտրելու առաջարկվող թեմաներից.
4) անվճար օգտվելու բուհի գրադարաններից, տեղեկատվական պահոցներից եւ լաբորատորիաներից՝ ներգրավվելով հետազոտական խմբերի աշխատանքներին.
5) սահմանված կարգով ստանալու կրթության անհատական կազմակերպմանն ուղղված խորհրդատվություն բուհի կողմից սահմանված կարգով առաջարկված եւ ուսանողի կողմից ընտրված բուհի աշխատակցի կողմից.
6) դիմելու բուհին եւ սահմանված կարգով ստանալու խորհրդատվություն՝ կրթության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման համար.
7) օգտվելու ուսանողական կրթաթոշակ ստանալու իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) սահմանած կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ մինչեւ մեկ տարի ժամկետով.
9) մեկ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում.
10) ԿՓՀ հետ համադրելիության ապահովման պարագայում սահմանված կարգով տեղափոխվելու այլ բուհ կամ այլ կրթական ծրագիր՝ ուսումնառության առանձին փուլեր կամ ուսումնառությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բուհերում).
11) ազատորեն արտահայտելու իր մտքերն ու կարծիքը.
12) իր ուսումնառած կրթական ծրագրերից որեւէ մեկի դադարեցման դեպքում՝ Լիազոր մարմնի սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ բուհի կրթական ծրագրով.
13) օրենքով կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված կարգով մասնակցելու բուհի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին.
14) գնահատելու բուհի ակադեմիական կազմի աշխատանքի եւ առաջարկվող դասընթացների որակը.
15) մասնակցելու բուհում գրոծող մարզական ակումբների գործունեությանը եւ բուհի կանոնադրության եւ օրենսդրության համաձայն կուտակելու կրեդիտներ ուսանողական մարզական գործունեությունից.
15) նախաձեռնելու եւ ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու եւ անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, մասնակցելու կամավորական աշխատանքների:
3. Ուսանողը պարտավոր է՝
1) իր կարողությունները ներդնել սովորելու եւ մասնագիտական առաջընթացի համար.
2) կատարել բուհի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով եւ ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները.
3) պահպանել բուհի կողմից սահմանված ակադեմիական բարեվարքության եւ էթիկայի կանոնակարգի պահանջները:
4. Ուսանողն ունի սույն օրենքով եւ այլ օրենքներով, ինչպես նաեւ բուհի կանոնադրությամբ եւ ուսումնառության պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:
5. Բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել նշված իրավական ակտերով նախատեսված կարգապահական տույժեր՝ ընդհուպ բուհից հեռացնելը:
6. Ուսանողը չի կարող հեռացվել ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
7. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից եւ ժամկետից, իրավունք ունի բուհի կողմից սահմանված կարգով վերականգնելու ուսանողի իր կարգավիճակը, սահմանված կարգով՝ կրթական ծրագրի փոփոխությամբ պայմանավորված լրացնելով նաեւ որոշակի կրեդիտներ: Բժշկական մասնագիտությունների դեպքում վերականգնվելիս անհրաժեշտ է վերահանձնել ամփոփված քննությունները:
8. Ուսանողն ունենում է իր անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման համակարգում, որի միջոցով հետեւում է իր առաջընթացին, տեսնում է իր կուտակած կրեդիտները, ինչպես նաեւ օգտվում է իրեն հասանելիք արտոնություններից ինչպես նաեւ ունենում է հասանելիություն իր փաստաթղթերին:
9. Բուհում կարող են գործել կանոնադրությամբ սահմանված մեկ կամ մի քանի ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործունեության շրջանակը սահմանվում է սույն օրենքով ու բուհի կանոնադրությամբ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչների ընտրության համար բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվում է ուսանողական ինքնակառավարման մարմինների ձեւավորման եւ աշխատանքի կարգը, ներառյալ ընտրությունների պարբերականությունը:
10. Ուսանողական ինքնակառավարման մարմինը պարտավոր է՝
1) ունենալ կազմակերպական հստակ կառուցվածք.
2) ունենալ իր կողմից հաստատված առաքելություն եւ գործունեության հստակ ոլորտներ եւ չշեղվել իր առաքելությունից՝ ուսանողների լավագույն շահերը ներկայացնելուց.
3) ներկայացնել ուսանողական լայն համայնքը՝ ապահովելով ներկայացուցչականությունը եւ ներառականությունը.
4) ձեւավորվել ժողովրդավարական սկզբունքներով՝ բուհի ուսանողների ընտրությամբ՝ ընտրողների մասնակցության առնվազն 40 տոկոսի պայմանով, այդ թվում՝ համապատասխան էլեկտրոնային քվեարկության գործիքների կիրառմամբ.
5) ապահովել հաշվետվողականությունը բուհի սովորողներին՝ պարբերական համաժողովների ինչպես նաեւ այլ հարթակների միջոցով.
6) ապահովել աշխատանքի փոխանցելիությունը՝ վարելով համապատասխան գործավարություն.
7) ենթարկվել ուսանողական համակազմի՝ քվեարկության միջոցով կայացրած որոշումներին.
8) իր ներկայացուցիչների միջոցով բարեխղճորեն մասնակցել բուհի կառավարման մարմինների աշխատանքներին:
11. Ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի եւ այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները եւ հաշվետվողականության կարգը սահմանում է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
12. Արգելվում է ուսանողական մարմինների գործունեության ֆինանսավորման կամ գործունեության համար բուհի տրամադրած միջոցներից բացի այլ միջոցների ներգրավումը:
13. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված պարտավորությունների չկատարման հանգամանքի առաջանալու պարագայում բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակվում են բուհի ուսանողական ինքնակառավարման մարմնի նոր ընտրություններ:
14. Ուսանողական ինքնակառավարման մարմինն իրավասու է բուհի կառավարման բոլոր օղակներից ստանալ տեղեկատվություն կրթության կազմակերպմանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:
15. Ուսանողներն ըստ տարբեր մարզաձեւերի կարող են ձեւավորել մարզական ակումբներ եւ մասնակցել համապատասխան մարզաձեւերի ուսանողական մրցաշարերի:
Հոդված 23. Բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները
1. Բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողների ընտրության, նշանակման (աշխատանքի ընդունման), առաջխաղացման եւ վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականությունները ու դրանց առնչվող դրույթներն ամրագրվում են բուհի եւ գիտական կազմակերպության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով եւ ներքին այլ իրավական ակտերով՝ սույն հոդվածի ընդհանուր դրույթներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջները:
2. Բուհում սահմանվում են ակադեմիական, իսկ գիտական կազմակերպությունում՝ գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կազմի, ինչպես նաեւ ուսումնաօժանդակ, արտադրական, վարչական եւ այլ կազմի աշխատողներ:
3. Ակադեմիական կազմի աշխատողների տարակարգերը եւ պաշտոնեական նվազագույն պահանջները սահմանվում են ակադեմիական կոչումների շնորհման կարգով՝ Կառավարության որոշմամբ:
4. Գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողների տարակարգերը, ներառյալ պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատող տարակարգերը, սահմանվում են գիտական կադրերի ատեստավորման կարգով:
5. Հանրային հետազոտական համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպություններում գիտական կադրերն ատեստավորման արդյունքում պատվավոր առաջատար կամ պատվավոր գլխավոր գիտաշխատողի տարակարգի ստանալուց հետո ենթակա չեն ատեստավորման:
6. Ելնելով իր առանձնահատկություններից բուհը կամ գիտական կազմակերպությունը կարող են սահմանել ակադեմիական կազմի այլ պաշտոններ:
7. Բուհի կանոնադրությամբ ամրագրվում են նաեւ ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների, ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալների), կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոնների իրավունքներն ու պարտականությունները:
8. Վարչական պաշտոն զբաղեցնող անձինք կարող են համատեղությամբ իրականացնել նաեւ ակադեմիական աշխատանք՝ իրենց մասնագիտության եւ որակավորման համապատասխան:
9. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը բուհում չի կարող զբաղեցնել այլ վարչական պաշտոն, բացառությամբ կառավարման խորհրդի կամ ակադեմիական խորհրդի անդամ լինելուց:
10. Բուհի կանոնադրությամբ հաստատված ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավար պաշտոնների աշխատանքը համարվում է ակադեմիական աշխատանք:
11. Բուհի ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան: Նույն անձն իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու հինգ տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխության դեպքում: Բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարի հիմնական շրջանակային լիազորությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ, իսկ գործառնական բնույթի լիազորությունները՝ տվյալ ակադեմիական միավորի կանոնադրությամբ:
12. Բուհի ընտրովի պաշտոններն են՝ ռեկտորի, ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալի, ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարի պաշտոնները: Գիտական կազմակերպությունում ընտրովի պաշտոն է գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
13. Բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բուհի կողմից սահմանված կարգով, մրցութային եղանակով՝ երեքից հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատության ակադեմիական կազմի թափուր պաշտոնների դեպքում՝ մինչեւ երեք տարի ժամկետով: Ակադեմիական կազմի գործունեության արդյունքների գնահատման հիման վրա նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել հինգ տարի ժամկետով՝ առանց մրցութային ընտրության: Մրցույթի արդյունքով ակադեմիական կազմի թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում բուհի ռեկտորը կառուցվածքային միավորների կամ կրթական ծրագրի ղեկավարի առաջարկությամբ կարող է պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին բավարարող անձի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, բայց ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով:
14. Բուհի եւ գիտական կազմակերպության ակադեմիական կազմի աշխատողների համար հնարավորություն է ստեղծվում ունենալու իրենց անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման համակարգում, որի միջոցով կառավարում են իրենց անհատական տվյալները, դիմում են պետական ֆինանսավորման ծրագրերի եւ հետեւում են իրենց մասնակցությամբ ծրագրերի ընթացքին: Հանրային բուհի եւ հանրային գիտական կազմակերպության ակադեմիական կազմի աշխատողների համար նշված համակարգում գրանցումը պարտադիր է:
15. Բուհերը կարող են ներգրավել նաեւ հրավիրյալ դասախոսների կամ հետազոտողների՝ որոշակի սահմանված ժամկետում դասախոսություն կարդալու կամ իր մասնագիտական ոլորտում հետազոտություն իրականացնելու համար՝ ինչի հիմք է հանդիսանում արտադրության կամ հետազոտության ոլորտում վերջինիս ձեռքբերումները:
16. Հրավիրյալ դասախոսի կամ հետազոտողի վարձատրության չափը նշված ժամանակահատվածի համար սահմանվում է բուհի համապատասխան ակադեմիական ստորաբաժանման գիտական խորհրդի երաշխավորությամբ:
17. Հանրային բուհում վարչական, ինչպես նաեւ ակադեմիական ղեկավար պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական պաշտոնում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավար եւ ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների եւ տեղակալների պաշտոնները) նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:
18. Բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական կազմի աշխատողն իրավունք ունի՝
1) իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակներում կազմելու դասընթացի կամ ակադեմիական մոդուլի բովանդակությունը, ընտրելու դասավանդման եւ ուսումնառության մեթոդներ, գիտական հետազոտությունների թեմաներ եւ դրանք իրականացնելու իր ընտրած մեթոդներով՝ տվյալ մակարդակում որակավորումների ազգային շրջանակով եւ առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակներով սահմանված նկարագրերին եւ մասնագիտական կրթական ծրագրի վերջնարդյունքներին համապատասխան.
2) ընտրելու իր հետաքրքրություններին եւ ստեղծագործական ունակություններին համապատասխան գիտական գործունեության ձեւեր, ուղղություններ եւ միջոցներ.
3) գիտական համատեղ գործունեություն ծավալելու նպատակով միավորվելու այլ գիտական աշխատողների հետ եւ կազմակերպելու ժամանակավոր գիտական խմբեր.
4) պատճառաբանված կերպով հրաժարվելու այն հիմնարար կամ կիրառական գիտական հետազոտություններին կամ փորձարարական մշակումներին մասնակցելուց, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու, հասարակության կամ շրջակա միջավայրի վրա կամ հակասում են ակադեմիական էթիկայի չափանիշներին.
5) վարձատրվել կամ եկամուտ ստանալ իրենց հեղինակած կամ իրենց մասնակցությամբ ստացված գիտական կամ նորարարական գործունեության արդյունքի (մտավոր սեփականության) իրացումից.
6) մասնակցելու պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող հետազոտական մրցույթներին.
7) ազատորեն օգտագործելու, տարածելու եւ փոխանակելու գիտական տեղեկատվություն, տպագրելու եւ հրապարակելու սեփական հետազոտությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում օրենսդրությամբ նախատեսված պետական, ծառայողական, առեւտրային եւ այլ գաղտնիք համարվող տեղեկատվություն.
8) իրականացնելու գիտական փորձաքննություն ու խորհրդատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
9) գիտական արդյունքները ներկայացնելու գիտական զեկուցումների, հրապարակումների ու ատենախոսությունների պաշտպանության եղանակով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով.
10) բուհի եւ գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու եւ ընտրվելու բուհի համապատասխան պաշտոններում եւ կառավարման համապատասխան մարմիններում.
11) մասնակցելու բուհի կամ գիտական կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը.
12) օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող այլ իրավունքներից.
13) իրականացնելու օրենքներով չարգելված այլ գործունեություն:
19. Բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական կազմի աշխատողը պարտավոր է՝
1) իրենց աշխատանքում եւ պարտականությունների կատարման ժամանակ պահպանել ակադեմիական ազնվության եւ լրիվության սկզբունքը՝ բացառելով գրագողությունը, տվյալների կեղծումը կամ այլ ակադեմիական զեղծարարությունները եւ իրենց հնարավորությունների շրջանակներում կանխելով դրանց դրսեւորումները.
2) պահպանել իրենց կողմից տրամադրվող կրթության կամ իրականացվող հետազոտության որակի բարձր մակարդակը եւ բարելավել այն՝ ապավինելով տվյալ ոլորտի լավագույն միջազգային չափանիշներին.
3) պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության կանոնադրությամբ ու ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները եւ բարեվարքության սկզբունքները.
4) բուհի սահմանած կարգով եւ ժամկետներում անցնել մասնագիտական զարգացման դասընթացներ.
5) պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության սահմանած ակադեմիական բարեվարքության եւ էթիկայի կանոնակարգի պահանջները.
6) գիտական գործունեությամբ վնաս չհասցնել մարդու կյանքին, առողջությանը եւ շրջակա միջավայրին.
7) իրականացնել գիտական փորձաքննություն եւ խորհրդատվության տրամադրում, կամ հիմնավոր կերպով հրաժարվելու դրանցից.
8) կրթական ծրագիր մշակելիս կամ ակադեմիական մոդուլի դասընթացը մշակելիս կամ վերանայելիս արտացոլել ժամանակակից ակադեմիական եւ մասնագիտական ստանդարտները.
9) ուսանողին գնահատելիս առաջնորդվել գնահատման արդար, թափանցիկ եւ կրթական թիրախներին համապատասխանող մեթոդներով.
10) հրապարակել իր (այդ թվում՝ համահեղինակած) հետազոտության արդյունքները՝ ընթերցողների հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ ունեցող հեղինակավոր գիտական հարթակներում.
11) ըստ անհրաժեշտության ներգրավվել գիտելիքի տարածմանը եւ հանրային հաղորդակցմանը նպաստող միջոցառումներում.
12) իր գործունեությամբ նպաստել բուհի հեղինակության ամրապնդմանը եւ զարգացման ծրագրերի իրականացմանը.
13) սահմանված կարգով եւ պարբերականությամբ անցնել ատեստավորում՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հավաստման նպատակով.
14) կատարել բուհի կամ գիտական կազմակերպության կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով եւ աշխատանքային պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:
20. Բուհի կամ գիտական կազմակերպության ակադեմիական կամ գիտական կազմի աշխատողը կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ենթակա է պարտադիր ատեստավորման, ատեստավորման պայմաններին չբավարարելը հիմք է հանդիսանում աշխատողին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:
21. Գիտական կազմակերպությունում գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողների ատեստավորումն իրականացվում է հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ: Ատեստավորումը նպատակ ունի գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը եւ նրա ստացած գիտական արդյունքները՝ գիտական աշխատողի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու համար:
22. Բուհը եւ գիտական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր աշխատողի աշխատանքի վարձատրության ձեւը եւ աշխատավարձի չափը, ինչպես նաեւ նյութական եւ այլ խրախուսանքի միջոցների տեսակները, չափերը եւ տրամադրման կարգը:
Հոդված 24. Գիտական աշխատողի եւ ակադեմիական կազմի աշխատողների աշխատանքի վարձատրությունը եւ ակադեմիական գործունեության ստաժը
1. Բուհում եւ գիտական կազմակերպությունում ակադեմիական կազմի եւ գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձից, պարգեւատրումներից, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից, ինչպես նաեւ այլ հավելավճարներից, լրավճարներից եւ հավելումներից: Հանրային բուհում եւ հանրային գիտական կազմակերպությունում ակադեմիական կազմի եւ գիտական ու ճարտարագիտատեխնիկական աշխատողի վարձատրության նվազագույն շեմը ըստ տարակարգերի եւ դրանց համապատասխանության նվազագույն պայմանները սահմանում է Կառավարությունը:
2. Դասախոսական կազմի պաշտոնային պարտականությունների կառուցվածքը պետք է ներառի նաեւ գիտահետազոտական գործունեությունը, որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս, որի համամասնությունը դասախոսական աշխատանքի հետ որոշվում է բուհի կանոնադրությամբ եւ աշխատանքային պայմանագրով եւ կարող է փոփոխվել՝ համաձայնագրի հիման վրա:
3. Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ հիմնական աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը եւ կարգը սահմանում է Կառավարությունը՝ գիտական գործունեության բազային ֆինանսավորման կարգում:
4. Պետությունը հանրային բուհում կամ հանրային գիտական կազմակերպությունում գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող եւ վերջին տասը տարում առնվազն ութ տարի Կառավարության սահմանած կարգով գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամսյա դրամական վճարի տրամադրումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գիտության բնագավառի գծով նախատեսվող ընդհանուր հատկացումների շրջանակներում:
6. Սպայական (ռազմաուսումնական) բուհերում ակադեմիական եւ ղեկավար կազմի աշխատողները կարող են հանդիսանալ նաեւ համապատասխան գերատեսչության ծառայողներ, ում համար հաշվառվում է նաեւ նշված գերատեսչությունների ծառայության ստաժ:
Հոդված 25. Կազմակերպությունները եւ միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում
1. Բուհերի եւ գիտական կազմակերպությունների տարածքներում կարող են գործել մասնագիտական միավորումներ, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղեր, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային, սպորտային միավորումներ կամ արհեստակցական միություններ, եթե դրա հնարավորությունը նախատեսված է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
2. Բուհերում եւ գիտական կազմակերպություններում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաեւ կրթության եւ գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների եւ միավորումների գործունեությունը:
3. Բուհերում եւ գիտական կազմակերպություններում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն եւ քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի եւ գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսները օգտագործելը, ինչպես նաեւ քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի եւ գիտական կազմակերպության անունից հանդես գալը:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում սահմանված պահանջների խախտումը քննարկվում է սույն օրենքի եւ բուհերի եւ գիտական կազմակերպությունների ներքին կարգապահական կանոնների համաձայն՝էթիկայի եւ իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակում եւ կարող է հանգեցնել նախատեսված պատասխանատվության, ինչպես նաեւ հիմք է աշխատանքից կամ կառավարման մարմնից ազատման համար:
ԳԼՈՒԽ 4
ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ (ՍՏԵՂԾՈՒՄԸ), ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 26. Բուհի կառավարումը եւ կառավարման մարմինները
1. Բուհի կառավարման մարմիններն են՝
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) ակադեմիական խորհուրդը.
3) կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը (տնօրեն, պետ):
2. Հետազոտական համալսարանների համար բացի սույն հոդվածի առաջին մասում սահմանվածներից՝ կառավարման մարմին է հանդիսանում նաեւ կառավարման (կամ տնօրենների) խորհուրդը:
3. Բուհի կանոնադրությամբ բուհի կառուցվածքում կարող են գործել այլ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ ելնելով բուհի գործունեության առանձնահատկություններից:
4. Բուհերում գործում է էթիկայի եւ իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակ, որը բուհի կազմում գործող մասնակցային ընտրությունների միջոցով ձեւավորվող անկախ մարմին է, որի գործառույթները սահմանվում են սույն օրենքով, էթիկայի եւ իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակի կանոնադրությամբ եւ բուհի ներքին իրավական ակտերով:
5. Բուհերում գործում է ընտրական անկախ մարմին, որը պատասխանատու է բուհի ընտրովի մարմինների ընտրական գործընթացների, կազմակերպման եւ դրանց ժողովրդավարական ու մասնակցային պատշաճ մակարդակով իրականացման համար, որի ձեւավորման կարգն ու աշխատակարգը սահմանվում է բուհի կանոնադրությամբ եւ ներքին իրավական ակտերով, որոնք պետք է երաշխավորեն ընտրական մարմնի անկախ գործունեությունը:
6. Բուհի կառավարումն իրականացվում է սույն օրենքով, «Հիմնադրամների մասին» օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով եւ բուհի կանոնադրությամբ:
7. Բուհի եւ դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում ինչպես նաեւ ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որեւէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նշված հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում բուհի նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից:
Հոդված 27. Հանրային գիտական կազմակերպության կառավարումը եւ կառավարման մարմինները
1. Գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են՝
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) գիտական խորհուրդը.
3) կառավարման գործադիր մարմինը՝ տնօրենը:
2. Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ է հանդիսանում հետազոտական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:
3. Գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակում է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձեւավորվում է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ: Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը սահմանվում է կանոնադրությամբ:
4. Գիտական կազմակերպության գիտական գործունեությունը համակարգում է գիտական խորհուրդը:
5. Հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների կառավարման կառուցվածքը կարգավորվում է հիմնադրի կողմից:
6. Գերատեսչական պատկանելության, ինչպես նաեւ բուհի կազմում չգործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունները պետք է ունենան գիտական խորհուրդ, որի ձեւավորման կարգը սույն օրենքի շրջանակներում սահմանվում է հիմնադիր փաստաթղթով:
7. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի Լիազոր մարմնի կողմից հաստատված, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության եւ հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ, կամ Լիազոր մարմնի կողմից հաստատված, դրան առնվազն համարժեք որակավորում:
8. Հանրային գիտական կազմակերպության տնօրենն իր առաջադրման ժամանակ եւ պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:
9. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները, վերջինիս 65 տարին լրանալիս, իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են:
10. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակվելու եւ պաշտոնի նշանակված անձի լիազորությունները դադարեցնելու պայմանները համապատասխանում են սույն օրենքի 31-րդ հոդվածի 17-րդ եւ 18-րդ մասերի պահանջներին:
11. Հանրային գիտական կազմակերպության տնօրեն ընտրվում է սույն օրենքով եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով, մրցույթի միջոցով, հինգ տարի ժամկետով, որի հետ իրավասու մարմինը կնքում է աշխատանքային պայմանագիր: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն կազմակերպությունում ընտրվել տնօրենի պաշտոնում:
12. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենի ընտրության ժամանակ դիմողների տվյալները համալսարանի հոգաբարձուների խորհրդին է ներկայացվում գիտական կազմակերպության գիտական խորհրդի, համալսարանի ակադեմիական խորհրդի եւ համալսարանի գործադիր մարմնի կարծիքների հետ համատեղ:
13. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենը կազմակերպում է գիտական կազմակերպության ընթացիկ աշխատանքները: Գիտական կազմակերպության վարչական եւ սպասարկման աշխատանքները, եթե կանոնադրությամբ սահմանված չեն առանձնահատկություններ, իրականացվում են համալսարանի կողմից:
14. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունը ունի առանձին բանկային հաշիվ կամ ենթահաշիվ եւ ազատ է տնօրինելու պետական բյուջեով եւ դրամաշնորհներով կամ այլ ծրագրերով իրեն տրամադրված միջոցները՝ միեւնույն ժամանակ դրամաշնորհային եւ արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին, որի առավելագույն սահմանաչափը սահմանվում է համալսարանի կանոնադրությամբ: Ծրագրերով սահմանված լինելու դեպքում գործում է վերադիր գումարի ծրագրով սահմանված սահմանաչափը:
15. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ակադեմիական կազմի աշխատողների ընտրությունը կատարվում է մրցույթով՝ կազմակերպության սահմանած ընթացակարգերով՝ կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորությամբ, որի արդյունքները՝ ընթացակարգային (ներառյալ էթիկական կանոնակարգերը) խախտումների բացակայության դեպքում հաստատում է համալսարանի գործադիր մարմինը:
16. Գիտական կազմակերպության կառավարման կարգը, գիտական խորհրդի ձեւավորման կարգը, անդամների քանակը, աշխատակարգը եւ լիազորությունները սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ:
17. Գիտական կազմակերպության կանոնադրությունը հաստատվում, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձեւով վերակազմակերպվող գիտական կազմակերպությունում մինչեւ սահմանված կարգով տնօրենի ընտրությունը համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է տնօրենի պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
19. Բուհի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվում է միայն այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որեւէ գերատեսչության խնդիրների շրջանակում: Ընդ որում, դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները հետազոտական համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի եւ պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը եւ Լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը:
20. Հանրային կազմակերպությունները կարող են ունենալ հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են բացառապես հիմնադրող կազմակերպության գիտական խնդիրներով, ընդ որում դրանց ստեղծումը պետք է հիմնավորված լինի հիմնադրող կազմակերպության առանձնահատկությամբ:
21. Հետազոտական համալսարանն իր գիտական գործունեությունը կազմակերպում է իր կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններում:
Հոդված 28. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը
1. Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը բուհի կառավարման մշտապես գործող բարձրագույն մարմինն է:
2. Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 20 անդամից:
3. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին առաջադրում է Լիազոր մարմինը՝ գիտության, կրթության, կամ հումանիտար, արվեստների, սպորտի, գործարար միջավայրի բարձր հեղինակություն վայելող անձանցից, այդ թվում՝ Սփյուռքից կամ այլ պետության քաղաքացիներից:
4. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին՝ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ համամասնությամբ ներկայացնում է բուհը՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից՝ ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, հնարավորինս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը, եւ ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից՝ ոչ ավել քան հինգ անդամ:
5. Սպայական (ռազմաուսումնական) հաստատության կառավարման խորհրդի կազմի ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
6. Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, եթե սույն օրենքով կամ «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված հիմքերով տվյալ անդամի կամ հոգաբարձուների խորհրդի լիազորությունները ավելի վաղ չեն դադարեցվում:
7. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորության ժամկետի լրանալուց առնվազն երկու ամիս առաջ բուհի ռեկտորը տեղեկացնում է տվյալ անդամին առաջադրող մարմնին, որն իր սահմանած կարգով 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է ներկայացնում նոր անդամի թեկնածությունը, որը Լիազոր մարմինը ներկայացնում է հաստատման՝ սույն օրենքով նախատեսված պայմաններին համապատասխանության դեպքում, կամ տասնօրյա ժամկետում վերադարձնում է բուհին վերանայման՝ նշելով թե օրենքի որ պայմանին չի համապատասխանում առաջարկը:
8. Հոգաբարձուների խորհրդի անվանական կազմը հաստատում է հիմնադիր մարմնի ղեկավարը՝ Լիազոր մարմնի ներկայացմամբ:
9. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում՝
1) ռեկտորի ներկայացմամբ բուհի տարեկան բյուջեի ու դրա փոփոխությունների, ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների բյուջեի հաստատումը.
2) բուհի ռազմավարական ծրագրի հաստատումը, որը ներկայացնում է գործադիր մարմինը (ռեկտորը)՝ ակադեմիական խորհրդի դրական երաշխավորությամբ եւ ակադեմիական կազմի ու ուսանողության առաջարկների ամփոփաթերթով.
3) ակադեմիական խորհրդի առաջարկով կամ հաստատմամբ հիմնադրին բուհի կանոնադրության մեջ փոփոխությունների առաջարկ ներկայացնելը.
4) բուհի ներքին կառուցվածքի փոփոխության առաջարկության հաստատումը՝ գործադիր մարմնի ներկայացմամբ, ընդ որում հետազոտական համալսարանների պարագայում գիտական կազմակերպությունների կառուցվածքի փոփոխությունը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի առաջարկով.
5) բուհի ակադեմիական միավորների փոփոխության առաջարկը հաստատելը՝ բուհի ակադեմիական խորհրդի որոշմամբ.
6) ակադեմիական խորհրդի դրական եզրակացությամբ ռեկտորի եւ գիտական կազմակերպությունների տնօրենների մրցութային ընտրության կազմակերպման ընթացակարգերի եւ այդ պաշտոններին հավակնողներին ներկայացվող ընտրական հավելյալ պահանջների հաստատումը.
7) ռեկտորի եւ գիտական կազմակերպության տնօրենի ընտրությունը, պաշտոնում նշանակումը եւ պաշտոնից ազատումը՝ թեկնածուների վերաբերյալ ակադեմիական խորհրդի եզրակացության քննարկմամբ.
8) բուհի էթիկայի, բարեվարքության եւ վարվեցողության ներքին կանոնակարգի հաստատումը.
9) ռեկտորի, իսկ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում՝ դրա ղեկավարի առաջարկների հիման վրա, բուհի եւ գիտական կազմակերպության հաստիքացուցակի հաստատումը.
10) ռեկտորի ներկայացմամբ՝ բուհի գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը եւ գնահատումը, այդ թվում՝ համադրելով գործող ռազմավարության հետ.
11) ֆինանսական աուդիտ իրականացնող իրավաբանական անձի ընտրության հաստատումը.
12) բուհի կողմից կանոնադրությամբ սահմանված չափը գերազանցող խոշոր գործարքների վերաբերյալ ռեկտորի առաջարկությունների քննարկումն ու հաստատումը.
13) բուհի կրթական ծրագրերով ուսման վճարների չափի հաստատումը.
14) բուհի աշխատողների կամ ուսանողների մշակումների կամ հեղինակային իրավունքի հիման վրա եւ բուհի մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնադրման առաջարկների քննարկումը եւ դրանցում բուհի մասնակցության սահմանաչափի հաստատումը.
15) սույն օրենքով եւ կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
10. Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից, բացառությամբ բուհի ակադեմիական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչներից:
11.Հոգաբարձուների խորհուրդը կարող է ունենալ ոլորտային հանձնաժողովներ, որոնց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
12. Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) կամ տվյալ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն.
4) կամ տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ է.
5) կամ տվյալ բուհի կառուցվածքային ստորաբաժանման կամ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպության ղեկավար է.
6) հանդիսանում է կուսակցության անդամ կամ զբաղեցնում է հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ:
13. Նշանակումից հետո՝ հոգաբարձուների խորհրդի անդամը հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ բուհի կանոնադրությամբ նախատեսված եղանակով ստորագրում է բուհի առաքելությանը եւ շահերին անվերապահորեն եւ իր կարողությունների ամբողջ ներուժով ծառայելու մասին հանրային հայտարարություն:
14. Հոգաբարձուների խորհուրդն ունի բուհում տեղակայված եւ բուհի բյուջեից վարձատրվող մինչեւ երեք աշխատող ունեցող քարտուղարություն, որը վարում է հոգաբարձուների խորհրդի գործավարությունը, կազմակերպում է նիստերի անցկացումը: Քարտուղարության ղեկավարը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի քարտուղարը, որին ընտրում են մինչեւ հինգ տարի ժամկետով հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ:
15. Հոգաբարձուների խորհրդի նախագահը եւ մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ եւ իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով:
16. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարեցվում է Լիազոր մարմնի միջնորդությամբ՝ հիմնադիր մարմնի ղեկավարի որոշմամբ՝
1) երեք հաջորդական նիստերին անհարգելի չմասնակցելու կամ վերջին տասը նիստերից առնվազն հինգին չմասնակցելու պատճառով.
2) կամ իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով կայացված որոշման հիման վրա.
3) կամ էթիկայի եւ իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակի կողմից էթիկայի խախտումը հաստատող եզրակացության հիման վրա.
4) կամ հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներից որեւէ մեկին չբավարարելու պատճառով.
5) «Հիմնադրամների մասին» օրենքով նախատեսված այլ դեպքերում:
17.Հոգաբարձուների խորհրդի այլ լիազորությունները, նախագահի եւ անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ:
18. Հոգաբարձուների խորհուրդի որոշումները եւ արձանագրությունները հրապարակվում են բուհի կայքում:
Հոդված 29. Բուհի ակադեմիական խորհուրդը
1. Ակադեմիական խորհուրդը՝ բուհի ուսումնամեթոդական եւ գիտական գործունեության կառավարման մարմինն է, որի իրավասությանն են վերապահված բուհի ուսումնամեթոդական, գիտական եւ նորարարական գործունեությանն առնչվող որոշումների ընդունումը:
2. Ակադեմիական խորհուրդը ձեւավորվում եւ գործում է հինգ տարի ժամկետով, սույն օրենքին եւ բուհի կանոնադրությանը համապատասխան:
3. Ակադեմիական խորհրդի անդամների թիվը սահմանվում է բուհի կանոնադրությամբ եւ պետք է ներառի ներկայացուցիչներ բոլոր ակադեմիական միավորներից:
4. Ակադեմիական խորհրդի ի պաշտոնե անդամներ են հանդիսանում ռեկտորը ինչպես նաեւ ակադեմիական գծով պրոռեկտորները, որոնք պետք է կազմեն ոչ ավելի քան ակադեմիական խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը:
5. Բուհի ակադեմիական խորհրդի նիստերը նախագահում է բուհի ռեկտորը, եթե այլ բան նախատեսված չէ բուհի կանոնադրությամբ:
6. Ակադեմիական խորհուրդի կազմի ընդհանուր թվի ոչ պակաս քան 40 տոկոսը պետք է կազմեն բուհի ակադեմիական կազմի ավագ պաշտոններ զբաղեցնող հիմնական աշխատող հանդիսացող ներկայացուցիչները, այդ թվում՝ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների նախագահները, ոչ պակաս քան 30 տոկոսը՝ միջին ակադեմիական կազմի հիմնական աշխատող հանդիսացող ներկայացուցիչները, ոչ ավել քան տասը տոկոսը՝ ուսանողական համակազմի բարձր առաջադիմություն ունեցող ներկայացուցիչները: Պաշտոնների ցանկը եւ դրանց ներկայացվող պահանջները սահմանվում են ակադեմիական խորհրդի ձեւավորման կարգով, որը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
7. Բուհի ակադեմիական խորհրդի իրավասություններին են պատկանում՝
1) կրթական գործընթացի կազմակերպման հարցերի վերաբերյալ ընդհանուր որոշումների կայացումը.
2) կրթական ծրագրերի հաստատումը, դրանց ֆինանսավորման վերաբերյալ ռեկտորին առաջարկություն ներկայացնելը.
3) որակի ներքին ապահովման քաղաքականության եւ ընթացակարգերի հաստատումը եւ դրա իրականացման վերահսկողությունը.
4) ակադեմիական կազմի որակավորման ներքին պահանջների հաստատումը եւ պաշտոնների համալրման մրցութային ընթացակարգերի պահանջների հաստատումը.
5) հետազոտական համալսարանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների կամ մշակումների որակի եւ մակարդակի քննարկումը՝ որակի ներքին ապահովման եւ կազմակերպությունների տնօրենների զեկույցների հիման վրա, եւ առաջարկությունների ներկայացում ռեկտորին ու հոգաբարձուների խորհրդին.
6) կրթական ծրագրերի որակի քննարկումը եւ դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը ռեկտորին.
7) բուհի ակադեմիական ավելի ընդլայնված կազմի ներգրավմամբ գիտաժողովների կամ քննարկումների կազմակերպում՝ բուհին առնչվող ավելի լայն հարցերի քննարկման համար.
8) ակադեմիական կազմի պատվավոր կոչումների շնորհումը՝ օրենսդրությամբ եւ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով.
9) հոգաբարձուների խորհրդին բուհի ռազմավարության վերաբերյալ կարծիքի եւ առաջարկությունների ներկայացումը.
10) բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկություններ ներկայացնելը հոգաբարձուների խորհրդին.
11) ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուների համապատասխանության վերաբերյալ կարծիքի ներկայացում հոգաբարձուների խորհրդին.
12) բուհի կողմից մատուցվող բարձրագույն կրթության որակավորում չշնորհող կրթական ծրագրերի հաստատումը.
13) օրենքով եւ կանոնադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացնումը:
8. Ակադեմիական խորհրդի որոշումները հասանելի են բուհի ակադեմիական կազմի համար եւ տեղադրվում են բուհի կայքում՝ համապատասխան հասանելիությամբ:
9. Ակադեմիական խորհրդի աշխատակարգը հաստատվում է ակադեմիական խորհրդի կողմից:
Հոդված 30. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը
1. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտական գործունեությունը համակարգող եւ կարգավորող կոլեգիալ մարմին է:
2. Գիտական խորհուրդը ձեւավորվում եւ գործում է հինգ տարի ժամկետով, սույն օրենքի եւ գիտական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:
3. Գիտական խորհրդի անդամների թիվը սահմանվում է գիտական կազմակերպության կանոնադրությամբ:
4. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են գիտական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ գիտական կազմակերպության գիտական աշխատողների կողմից ընտրված գիտական կազմի առաջատար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչներ ու գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանած այլ ներկայացուցիչներ այդ թվում այլ կազմակերպություններից:
5. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհրդի իրավասություններին են պատկանում օրենքով եւ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝
1) գիտական կազմակերպության կառուցվածքային փոփոխության առաջարկության ներկայացումը.
2) գիտական գործունեությանն առնչվող ներքին փաստաթղթերի հաստատումը.
3) գիտական կազմակերպությունում իրականացվող հետազոտությունների եւ մշակումների մակարդակի եւ որակի հսկողությունը.
4) տնօրենի տարեկան զեկույցի հաստատումը.
5) գիտական կազմակերպության զարգացման ռազմավարության հաստատումը, որը հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում պետք է ներդաշնակ լինի համալսարանի ընդհանուր ռազմավարությանը:
Հոդված 31. Հանրային բուհի ռեկտորը
1. Հանրային բուհի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը:
2. Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն տասը տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության փորձ, որից առնվազն հինգը կրթության կամ գիտության ոլորտում ղեկավար պաշտոնում: Ռեկտորի թեկնածուին ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են բուհի կանոնադրությամբ:
3. Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները, վերջինիս 65 տարին լրանալիս, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դադարեցվում են: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն բուհում ընտրվել ռեկտորի պաշտոնում, այդ թվում՝ բուհի վերակազմավորման կամ կազմակերպական-իրավական ձեւի փոփոխության դեպքում:
4. Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է միջազգային մրցույթի միջոցով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով եւ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
5. Հանրային բուհի ռեկտորը պետք է ունենա Լիազոր մարմնի կողմից հաստատված, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության եւ հետազոտությունների ոլորտի կառավարիչների կրթական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ, կամ Լիազոր մարմնի կողմից հաստատված դրան առնվազն համարժեք որակավորում:
6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ եւ պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:
7. Հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, հիմնադիրի կողմից ընտրության արդյունքները հաստատելուց հետո:
8. Ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ պակաս քան վեց ամիս առաջ, բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով հայտարարվում է ռեկտորի ընտրություն՝ բաց միջազգային մրցույթի միջոցով: Նոր ռեկտորը ստանձնում է իր պարտականությունների կատարումը բուհի գործող ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտի օրը:
9. Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց միջազգային մրցույթ՝ համապատասխան հիմքը առաջանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, մրցույթի տեւողությունը սահմանելով ոչ պակաս քան վեց ամիս: Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում մինչեւ սույն օրենքով եւ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը՝ ռեկտորի պարտականությունների կատարումը բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դրվում է պրոռեկտորներից մեկի վրա:
10. Ռեկտորի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, բուհի կանոնադրությամբ եւ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով:
11. Սպայական բուհի պետի (համապատասխան հանրային բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի) պաշտոնը զինվորական պաշտոն է, որում նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով:
12. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպվող բուհում մինչեւ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը, բուհի հիմնադիրը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտորի պաշտոնակատար, ով պետք է բավարարի սույն հոդվածով ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջներին:
13. Ռեկտորի լիազորություններին են պատկանում՝
1) բուհի ընթացիկ կառավարումը եւ բուհը ներկայացնելը.
2) հրամանների արձակումը.
3) աշխատողների հետ պայմանագրերի կնքումը, այդ թվում՝ ակադեմիական միավորների ղեկավարների ներկայացմամբ.
4) բուհի կանոնադրության եւ օրենսդրության համաձայն ուսանողներին ընդունելն ու ազատելը.
5) կրթական ծրագրերի վճարների մասին առաջարկություն ներկայացնելը հոգաբարձուների խորհրդին.
6) բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվության ներկայացումը հոգաբարձուների խորհրդին եւ ակադեմիական կազմին.
7) ռազմավարական ծրագրի ներկայացումը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը.
8) հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենի հետ պայմանագրի կնքումը:
14. Ռեկտորը պատասխանատու է բուհի ֆինանսական գործունեության եւ պատշաճ կառավարման համար, ինչպես նաեւ ֆոնդերի եւ այլ գույքի համար:
15. Ռեկտորի հետ պայմանագիրը խզվում է հոգաբարձուների խորհրդի ընդհանուր թվի երկու երրորդի կողմից ռեկտորի հաշվետվությունը չընդունելու պարագայում կամ ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ անհամապատասխանություն առաջանալու պարագայում:
16. Ռեկտորի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝
1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
2) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
3) որը նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված եւ իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
17. Ընտրության արդյունքում ռեկտորի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե՝
1) նա դիմում է այդ մասին.
2) լրացել է նրա 65 տարին.
3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.
6) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված հանգամանքները.
7) նա իր գործառույթներն իրականացնելիս բուհին իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է բուհի կամ գիտական կազմակերպության տարեկան բյուջեի հինգ տոկոսը.
8) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
10) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.
11) առաջացել է սույն օրենքով նախատեսված այլ հանգամանք:
Հոդված 32. Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը
1. Հանրային հետազոտական համալսարանի կառավարման խորհուրդը կառավարման կոլեգիալ մարմին է, որի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, ակադեմիական գործունեության համար պատասխանատու պրոռեկտորները եւ համալսարանի կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների եւ ֆակուլտետների ղեկավարները:
2. Կառավարման խորհրդի նախագահը ի պաշտոնե հետազոտական համալսարանի ռեկտորն է:
3. Կառավարման խորհուրդը քննարկում է համալսարանի ընդհանուր կառավարման խնդիրները, տարբեր ակադեմիական միավորների ընթացիկ կառավարման համաչափության ապահովման եւ խնդիրների վաղաժամ բացահայտման ու լուծման նպատակով:
4. Կառավարման խորհրդի լիազորությունների շրջանակը սահմանվում է հետազոտական համալսարանի կանոնադրությամբ իսկ աշխատակարգը հաստատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից՝ ռեկտորի առաջարկությամբ:
Հոդված 33. Էթիկայի եւ իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակը
1. Յուրաքանչյուր լիցենզավորված բուհ իր կառուցվածքում պետք է ունենա էթիկայի եւ իրավունքի պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Էթիկայի գրասենյակ) որը պետք է ստանա, գնահատի եւ առաջարկի լուծումներ ուսանողների, ակադեմիական կազմի եւ աշխատակազմի կողմից բարձրացրած բողոքներին, որոնք վերաբերում են ակադեմիական, գործառնական, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող հարցերին:
2. Էթիկայի գրասենյակի աշխատանքը հիմնված է անկողմնակալության, արդարության եւ իրավազորության սկզբունքների վրա:
3. Էթիկայի գրասենյակի քննարկման ենթակա հարցերից են՝
1) ակադեմիական խնդիրներ, որոնք ներառում են գնահատման վեճերին, դասավանդման կամ մատուցման հարցերին, ակադեմիական կազմի վարվեցողությանը կամ կրթական պրոցեսի հետ կապված այլ հարցերի.
2) վարչարարական խնդիրներ, ներառյալ ընդունելությունը, ֆինանսական աջակցությունը կամ բուհական այլ ծառայություններ.
3) էթիկական խնդիրներ, ներառյալ ակադեմիական էթիկայի հարցեր, խտրականության դրսեւորումներ, ոտնձգություններ կամ իրավունքի անտեսում.
4) ենթակառուցվածքների կամ գույքային պայմանների խնդիրներ, որոնք խոչընդոտում են անձնական հարմարավետությանը կամ կրթական գործընթացին.
5) կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր:
4. Դիմումները էթիկայի գրասենյակ են ներկայացվում գրավոր, էլեկտրոնային եղանակներով կամ բուհի կողմից վարվող այլ ուղիներով՝ անվանական կամ անանուն՝ պայմանով, որ դրանք պարունակում են բավարար հիմնավորումներ, որոնք գրասենյակը քննարկում է կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, եւ որոշում է համապատասխան գործողության տեսակը:
5. Էթիկայի գրասենյակի գործողությունները կարող են լինել՝
1) ապահովել հարցի անկողմնակալ լուծում՝ համաձայն բուհի կանոնադրության եւ ընթացակարգերի.
2) անհրաժեշտության դեպքում, հարցին լուծում տվող մարմնի կողմից այն չլուծելու դեպքում դիմել այդ մարմնից ավելի բարձր բուհական մարմիններին, կամ կախված իրավիճակից՝ առաջարկել դիմումատուին դիմել օրենքներով սահմանված այլ պատասխանատու մարմինների.
3) աշխատողին կամ ուսանողին տալ խորհրդատվություն ակադեմիական էթիկայի տեսանկյունից խնդրահարույց հետազոտության կամ մշակումների աշխատանքներին մասնակցության վերաբերյալ.
4) տեղեկացնել բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին կամ բուհին՝ գիտական աստիճանի շնորհման կամ պաշտոնին նշանակելու որոշումը չեղարկելու անհրաժեշտության մասին՝ աստիճանի շնորհման գործընթացի ժամանակ էթիկայի նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում:
6. Էթիկայի գրասենյակին հասցեագրված բոլոր բողոքները պետք է քննվեն անանունության սկզբունքի խիստ պահպանմամբ՝ ներգրավված բոլոր կողմերի իրավունքներն ու գաղտնիությունը ապահովելու նպատակով:
7. Կողմնապահությունը բողոքների քննարկման ժամանակ արգելվում է եւ կարող է հանգեցնել կանոնադրությամբ սահմանված կարգապահական տույժերի:
8. Բուհը էթիկայի գրասենյակի միջոցով պարտավոր է վարել բողոքների ներքին գրանցամատյան՝ ապահովելով դրա գաղտնիությունը եւ համապատասխանությունը տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրությանը:
9. Յուրաքանչյուր տարի բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման միասնական հարթակում բուհը տեղադրում է բողոքների եւ դրանց տրված լուծումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի ձեւաչափը հաստատվում է Լիազոր մարմնի կողմից:
10. Որակի արտաքին ապահովման մշտադիտարկման շրջանակներում Մասնագիտացված կառույցի կողմից կարող են իրականացվել էթիկայի գրասենյակի աշխատանքի կազմակերպման մակարդակի ստուգումներ:
11. Էթիկայի գրասենյակի աշխատանքի անհամապատասխանությունը հավատարմագրման կարգով սահմանված չափանիշներին եւ դրա վերաբերյալ նախազգուշացումից հետո խնդիրը չլուծելը կարող է հանգեցնել բուհի հավատարմագրումից զրկվելու:
12. Բողոք ներկայացնող անձինք կարող են էթիկայի գրասենյակի որոշումները բողոքարկել բուհի հոգաբարձուների խորհրդում:
13. Էթիկայի գրասենյակի կառուցվածքը, բյուջեն, ձեւավորման եւ կառավարման կարգը, ինչպես նաեւ լիազորությունների եւ գործառույթների իրականացման ընթացակարգերը սահմանող ներքին իրավական ակտերը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
14. Էթիկայի գրասենյակի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն է:
15. Էթիկայի գրասենյակի կառուցվածքը, տրամադրվող բյուջեն եւ ներքին իրավական ակտերը պետք է նպաստեն էթիկայի կոմիտեի անխափան աշխատանքին:
Հոդված 34. Բուհի եւ գիտական կազմակերպության հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը
1. Բուհը եւ գիտական կազմակերպությունը ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բուհը եւ գիտական կազմակերպությունը ստեղծվում են հիմնադրի որոշմամբ:
3. Բուհը կարող է իր գործունեությունը ծավալել միայն լիցենզավորումից հետո:
4. Բուհի կանոնադրության մեջ փոփոխություն կարող է անել միայն հիմնադիրը:
5. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող հանրային գիտական կազմակերպությունը հիմնադրվում է համալսարանի հետ միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ որպես հետազոտական համալսարանի հիմնարկ, որի կանոնադրությունը հաստատվում է հետազոտական համալսարանի կանոնադրության հետ միաժամանակ:
ԳԼՈՒԽ 5
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 35. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում Կառավարության լիազորությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում Կառավարությունը՝
1) ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է հանրային բուհն ու հանրային գիտական կազմակերպությունը եւ հաստատում դրանց կանոնադրությունները.
2) հաստատում է բարձրագույն կրթության մասնագիտությունների եւ դրանց դասիչների ցանկերը, ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը, դրանց ուսուցման ձեւերը եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերը՝ ապահովելով միջազգային համադրելիությունը.
3) հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգը՝ ներառյալ բուհի լիցենզավորման պայմաններն ու պահանջները եւ լիցենզիայի դադարեցման հիմքերը.
4) հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը՝ ներառյալ լիցենզավորման պայմաններն ու պահանջները եւ լիցենզիայի դադարեցման հիմքերը.
5) հաստատում է բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգը, որն իր մեջ ներառում է հավատարմագրման համար պահանջվող նվազագույն չափանիշները եւ պայմանները, ինչպես նաեւ միջազգային հավատարմագրող հեղինակավոր կազմակերպությունների ընտրության չափանիշները.
6) հաստատում է որակավորումների ազգային շրջանակը՝ ներառյալ դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական նկարագրիչները.
7) հաստատում է կարգավորվող մասնագիտությունների ցանկը եւ դրանցով ուսումնառության առանձնահատկությունները՝ ներառյալ դրանց ուղղությամբ հետավարտական ուսումնառությանը (կլինիկական ռեզիդենտուրա կամ այլ ուսումնառության տեսակներ) ընդունելությանը եւ ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, կրթական ծրագրերին ներկայացվող նվազագույն պայմաններն ու պահանջները, ինչպես նաեւ մասնագիտական ուղղությունների վերջնարդյունքները եւ հավաստագրերին ներկայացվող պահանջները.
8) սահմանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ուսման վարձի առավելագույն չափը՝ ըստ մասնագիտությունների եւ որակավորումների.
9) հաստատում է հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման կարգը՝ ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշները.
10) հաստատում է պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը՝ ներառյալ կրթաթոշակների տարատեսակները, պահանջներն ու չափանիշները, թիրախային խմբերը, այդ թվում՝ միջպետական պայմանագրերով կամ որոշակի ձեռքբերումեր ունեցող օտարերկրյա ուսանողներին.
11) հաստատում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը, այդ թվում՝ նոր խմբագրությամբ, դրա մեջ կատարում փոփոխություններ եւ լրացումներ.
12) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակա ուղղությունները եւ միջնաժմկետ եւ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը.
13) հաստատում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.
14) հաստատում է գիտական գործունեության բազային, թիրախային եւ դրամաշնորհային ֆինանսավորման կարգերը, որոնք ներառում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական փորձաքննության կարգը, յուրաքանչյուր ֆինանսավորման ձեւով կատարողականի գնահատման մեխանիզմները, իսկ բազային ֆինանսավորման պարագայում նաեւ արտաքին գնահատման հանձնաժողովի ձեւավորման կարգը, գիտական կազմակերպությունների կառուցվածքին ներկայացվող չափանիշները կազմակերպությունների գործունեության արդյունքային ցուցանիշները, գիտական կազմակերպությունների տարակարգման չափանիշները, ինչպես նաեւ՝ գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական կազմակերպության հիմնական աշխատող հանդիսացող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը եւ կարգը.
15) հաստատում է հանրային բուհերին տրամադրվող բազային եւ թիրախային ֆինանսավորման ձեւերը եւ կարգերը, ներառյալ կատարողականի ցուցանիշների ձեւավորման սկզբունքները եւ ֆինանսավորման կարգավորման՝ կատարողականի վրա հիմնված մեխանիզմները.
16) հաստատում է հայագիտության եւ հումանիտար գիտությունների բնագավառի զարգացման ռազմավարությունը.
17) հաստատում է պետական գիտական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշները եւ ատեստավորման կարգը.
18) հաստատում է գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ առնվազն աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը եւ կարգը.
19) հաստատում է գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի հավելավճարի տրամադրման կարգը եւ չափանիշները.
20) հաստատում է բարձրագույն կրթության կազմակերպման մասին կառավարության որոշումը, որով սահմանվում են բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ մակարդակներում բոլոր ձեւերով իրականացվող կրթական ծրագրերի ուսուցման եւ ակադեմիական արձակուրդի տեւողությունների ուղղորդիչները, լրիվ եւ մասնակի բեռնվածությամբ եւ հեռավար ուսումնառության կազմակերպման սկզբունքներն ու ուղղորդիչները, բարձրագույն կրթության առաջին մակարդակի եւ ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության ընդհանրական պայմանները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության կամ օտարերկրյա ուսումնական հաստատություններից տեղափոխության կարգը, սովորողների ակադեմիական շարժունության կարգը, ուսանողի ուսումնառության ընդհատման եւ ուսանողական իրավունքների վերականգնման սկզբունքները, բուհերի եւ կրթական ծրագրերի միջեւ տեղափոխման կարգը եւ սահմանափակումները, որակավորումները հավաստող դիպլոմների եւ հավելվածների ձեւերը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ կարգավորումներ.
21) հաստատում է երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման եւ գիտական աստիճանի շնորհման կարգը, ներառյալ՝ ընդունելության եւ ուսումնառության կազմակերպման պահանջները, ինչպես նաեւ գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը.
22) հաստատում է ակադեմիական կոչումների շնորհման կարգը, ներառյալ՝ դրանց ներկայացվող նվազագույն պահանջները եւ ակադեմիական կոչումների շնորհման ընթացակարգը.
23) հաստատում է հանրային հետազոտական համալսարանի կառուցվածքում գործող հանրային գիտական կազմակերպությունների ցանկը.
24) ստեղծում է բարձրագույն եւ մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցը, որն ունի հիմնադրամի կազմակերպական իրավական ձեւ եւ հաստատում է դրա կանոնադրությունը.
25) իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 36. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում Լիազոր մարմնի լիազորությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում Լիազոր մարմինը՝
1) մշակում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների պետական քաղաքականությունը եւ համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, վերահսկում դրանց իրականացումը.
2) հաստատում է ԿՓՀ մեթոդաբանությունը, ներդրման եւ գործարկման կարգը.
3) հաստատում է ըստ բարձրագույն կրթության մասնագիտություններին համապատասխան կրթական ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրված ծրագրով) ցանկը.
4) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակները.
5) հաստատում է բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումների գնահատման եւ ճանաչման կարգը.
6) բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպմանն աջակցելու նպատակով հաստատում է խորհրդատվական բնույթի մեթոդաբանություններ, ուղեցույցներ, օրինակելի կարգեր, այդ թվում՝ ակադեմիական բարեվարքության օրինակելի կանոնակարգը.
7) հաստատում է հանրային բուհի գործունեության կատարողականի ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը.
8) հաստատում է ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման պետական գրանցամատյանի վարման կարգը.
9) հաստատում է որակավորումների պետական գրանցամատյանի վարման կարգը.
10) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը.
11) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորող մարմնին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձեւերը.
12) հաստատում է գիտական գործունեության բազային, գիտական դրամաշնորհային եւ թիրախային ֆինանսավորման ձեւերով իրականացվող ծրագրերի հրավերների փաթեթները, որոնք նկարագրում են համապատասխան ընթացակարգերը, փորձաքննության ձեւերը եւ ընթացակարգերը, եւ դրանց արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.
13) հաստատում է գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կադրերի համապետական ատեստավորման ընթացակարգը.
14) հաստատում է կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կրթական ծրագրերը՝ տվյալ մասնագիտական գործունեության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ.
15) հաստատում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձեւերին համապատասխան ընթացակարգերը եւ դրանցով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.
16) հաստատում է գիտության եւ բարձրագույն կրթության ոլորտների կառավարիչների վերապատրաստման, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող ակադեմիական մոդուլի ծրագիրը եւ դրան առնվազն համարժեք որակավորումների ցանկը եւ դրանք շնորհող բուհերին ներկայացվող պահանջները.
17) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող գիտական պարբերականներին ներկայացվող նվազագույն չափանիշները.
18) կազմակերպում է ոլորտների բյուջետավորման եւ պետական բյուջետային ֆինանսավորման գործընթացները.
19) հաստատում է ակադեմիական էթիկայի եւ վարվեցողության սկզբունքները.
20) հաստատում է բուհի լիցենզիայի կամ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսումնառության շարունակելու կարգը.
21) հաստատում է հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման ծրագրերի հրավերների փաթեթները՝ ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա գնահատման կարգը, եւ դրանց արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.
22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ Կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:
Հոդված 37. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի լիազորությունները
1. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն՝
1) մասնակցում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաեւ մշակում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.
2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
3) հաստատում է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգի նկարագիրը եւ վարման կարգը, դրա միջոցով իրականացնում է ոլորտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձեւավորում եւ վարում.
4) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների եւ որակավորումների ցանկի մասնագիտություններին համապատասխան հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների կազմը՝ համաձայն գիտական աստիճանի շնորհման կարգի.
5) հաստատում եւ համապատասխան դիպլոմով ամրագրում է գիտական աստիճանը՝ հիմք ընդունելով մասնագիտական խորհրդի որոշումը եւ որակավորման գործի ուսումնասիրությունը.
6) հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների աշխատանքի կանոնակարգը.
7) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է ակադեմիական կոչումները՝ հիմք ընդունելով բուհերի գիտական խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
8) աջակցում է գիտական արդյունքի առեւտրայնացմանը եւ գործնական կիրառություններին եւ նորարարական գործունեության իրականացմանը.
9) կազմակերպում է գիտության հանրայնացման դրամաշնորհային ծրագրեր, հաստատում է դրանց հրավերները, փորձաքննության ձեւերն ու ամփոփում արդյունքերը.
10) կազմակերպում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձեւերին համապատասխան գործընթացները եւ իրականացնում է երաշխավորված ծրագրերի ֆինանսավորումը.
11) իրականացնում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մշտադիտարկում եւ գնահատում.
12) կազմակերպում է որակավորումների պետական գրանցամատյանի եւ կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգի աշխատանքը.
13) համապատասխան մարմինների հետ իրականացնում է աշխատաշուկայի վերլուծություն եւ ներկայացնում է առաջարկություններ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ըստ մասնագիտությունների կրթաթոշակային տեղերի բաշխման վերաբերյալ.
14) բազային ֆինանսավորման միջոցառման շրջանակներում կազմակերպում է գիտության ոլորտի ենթակառուցվածքի եւ նյութատեխնիկական բազայի արդիականացմանը միտված, ինչպես նաեւ գիտական արդյունքի առեւտրայնացման, տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման, նորարարական գործունեության աջակցության ու գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության ծրագրեր, հաստատում է ծրագրերի հրավերների փաթեթները, ներառյալ գնահատման մեթոդաբանությունը եւ ֆինանսավորման երաշխավորվախ միջոցառումների ցանկը.
15) կազմակերպում է գիտական գործունեության բազային, գիտական դրամաշնորհային եւ թիրախային ֆինանսավորման ձեւերով ինչպես նաեւ ոլորտի պետական այլ ֆինանսավորման գործընթացները.
16) մշակում եւ հաստատում է պետական բյուջեից գիտական գործունեության ֆինանսավորման շրջանակներում բազային, գիտական դրամաշնորհային եւ թիրախային ծրագրերի մշտադիտարկման եւ արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը եւ կազմակերպում դրանց իրականացումը.
17) մշակում եւ հաստատում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորման հայտերի, պայմանագրերի, համաձայնագրերի եւ հաշվետվությունների ձեւերը.
18) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով մշակում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների եւ այլն) ձեւաչափերը, ըստ դրանց՝ հավաքում է համապատասխան տեղեկություններ եւ ստացված տվյալների հիման վրա սահմանված կարգով վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ.
19) իր լիազորությունների շրջանակներում համապատասխան պետական մարմինների հետ կազմակերպում է ռազմատեխնիկական եւ այլ ծրագրերի գիտական փորձաքննությունը կամ մասնակցում է դրանց, ինչպես նաեւ սահմանված կարգով մասնակցում է ծրագրերի իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) աշխատանքներին.
20) հավաքում է բուհական եւ գիտական գործունեության արդյունքների վերաբերյալ տվյալներ, իրականացնում է գիտաչափական եւ այլ տեսակի վերլուծություններ, ձեւավորում եւ վարում է հաշվառման համակարգը՝ որը հիմնվում է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգի վրա.
21) իր իրավասության սահմաններում իրականացնում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների պետական բյուջետային գործընթացը, այդ թվում՝ բյուջետային հայտի մշակման եւ բուհերի ու գիտական կազմակերպությունների ֆինանսավորման աշխատանքները.
22) իրականացնում է գիտական աստիճանի շնորհման կարգով նախատեսված գործառույթները.
23) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
24) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունները, ինչպես նաեւ իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն կարող է ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, մասնագիտական եւ խորհրդակցական մարմիններ՝ հաստատելով դրանց աշխատակարգը եւ անվանական կազմը:
ԳԼՈՒԽ 6
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 38. Բուհի եւ գիտական կազմակերպության գործունեության նյութատեխնիկական հիմքերը
1. Հանրային բուհի եւ հանրային գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով բուհին կամ գիտական կազմակերպությանը սեփականության կամ անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով կարող է տրամադրել շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:
2. Բուհին եւ գիտական կազմակերպությանն անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով տրված գույքը չի կարող լինել գրավի առարկա, ինչպես նաեւ չի կարող փոխանցվել կամ հանձնվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց որպես սեփականություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
3. Բուհը եւ գիտական կազմակերպությունը սեփականության իրավունք ունեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուհին նվիրատվության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, բուհի եւ գիտական կազմակերպության գործունեության արդյունք համարվող մտավոր ու ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:
4. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները բուհերին եւ գիտական կազմակերպություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ եւ հողամասեր ու այլ գույք:
5. Հանրային բուհերը եւ հանրային գիտական կազմակերպությունները հաշվետու տարվա գործունեության արդյունքներով շահույթ ձեւավորելու դեպքում զուտ ֆինանսական շահույթի առնվազն 10 տոկոսի չափով ուղղում է անձեռնմխելի կապիտալի համալրման համար:
6. Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բուհի կամ գիտական կազմակերպության անձեռնմխելի կապիտալի գումարները կարող են ներդրվել պետական պարտատոմսերում կամ առեւտրային բանկերում որպես ավանդ, կամ համապատախան ներդրումային ռազմավարության դեպքում՝ այլ տեղերում: Ներդրումներից ստացված եկամուտը բուհը կարող է օգտագործել իր ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման կամ կանոնադրական նպատակների համար:
7. Հանրային բուհերի ձեւավորած անձեռնմխելի կապիտալի համալրմանը կարող է մասնակցություն ունենալ նաեւ պետությունը:
8. Հանրային բուհը եւ հանրային գիտական կազմակերպությունն իրավունք ունեն իրենց ամրացված կամ սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքները կամ գույքը հանձնել վարձակալության կրթական, հրատարակչական, գիտական գործունեություն ծավալող, ինչպես նաեւ բուհին կամ գիտական կազմակերպությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Տրամադրված տարածքները վարձակալության հանձնելուց ստացված վճարները բուհի կամ գիտական կազմակերպության սեփականությունն են: Վարձակալության տրամադրվող տարածքների սահմանաչափերը հաստատվում են բուհական գործունեության կազմակերպման մասին կառավարության որոշմամբ:
Հոդված 39. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ֆինանսավորումը
1. Բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ֆինանսավորման աղբյուրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը.
2) այլ աղբյուրներից ստացված դրամաշնորհները.
3) վճարովի ուսուցման ծառայություններից ստացված եկամուտները.
4) հիմնադրամի եւ իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
5) գիտական արդյունքի ներդրումից եւ իրացումից գոյացած միջոցները.
6) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները եւ նվիրաբերությունները, այդ թվում՝ հանգանակությունների միջոցով.
7) այլ պետություններից ստացված ֆինանսավորումը.
8) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:
2. Բուհերը պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետեւյալ ձեւերով՝
1) ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ ակադեմիական կազմի աշխատավարձերի սահմանված սանդղակով վարձատրությունը կազմակերպելու նպատակով, որը կախված չէ բուհին տրամադրվող պետական կրթաթոշակների թվից: Ինստիտուցիոնալ ֆինանսավորման հիմք են հանդիսանում բուհի գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշները.
2) կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձեւով ուսման վարձի լրիվ կամ մասնակի կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով փոխհատուցում այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման համար Կառավարության սահմանած պահանջները եւ չափանիշները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր.
3) դրամաշնորհային ֆինանսավորում, որը տրամադրվում է բուհի զարգացմանն ուղղված նորարարական ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով.
4) թիրախային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում:
3. Պետական բյուջեից կրթաթոշակ կարող է տրամադրվել միայն հավատարմագրված կրթական ծրագրերի շրջանակներում բարձրագույն կրթություն ստացող ուսանողներին:
4. Գիտական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձեւերն են՝ բազային, թիրախային եւ գիտական դրամաշնորհային.
1) բազային ֆինանսավորումը հատկացվում է հանրային գիտական կազմակերպություններին՝ գիտական գործունեության իրականացման, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման եւ գիտական կադրերի պատրաստման նպատակներով: Գիտական կազմակերպությունների պետական նշանակություն ներկայացնող ենթակառուցվածքների ինչպես նաեւ ոլորտում առանձին ծրագրերի իրականացման համար պետության կողմից ստեղծված կազմակերպությունների պահպանման ու զարգացման համար կարող են տրամադրվել առանձին հատկացումներ՝ բազային ֆինանսավորման շրջանակներում.
2) թիրախային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով եւ հատկացվում է գիտական կազմակերպություններին՝ հետազոտությունների եւ մշակումների ոլորտում զարգացման գերակա ուղղություններին համապատասխանող համալիր ծրագրերի եւ պետական կարիքներից բխող հետազոտական ծրագրերի իրականացման նպատակով.
3) գիտական դրամաշնորհային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով եւ հատկացվում է գիտական աշխատողներին կամ գիտական խմբերին՝ նրանց նախաձեռնությամբ ներկայացված հետազոտական նախագծերի, ինչպես նաեւ գիտության ոլորտի զարգացմանը միտված այլ ծրագրերի իրականացման նպատակով:
5. Գիտական գործունեության բազային ֆինանսավորման ձեւերով՝
1) ենթակառուցվածքների պահպանման համար հատկացվող ֆինանսավորումը տրամադրվում է միայն հանրային գիտական կազմակերպությանը՝ իր ֆիզիկական ենթակառուցվածքների ներառյալ գիտական սարքավորումների ընթացիկ պահպանումն իրականացնելու նպատակով եւ կարող է վերանայվել՝ գույքային փոփոխությունների պարագայում.
2) հիմնարար եւ կիրառական հետազոտությունների ինչպես նաեւ փորձարարական մշակումների իրականացման համար ֆինանսավորումը տրամադրվում է գիտական փորձաքննության հիման վրա՝ մինչեւ հինգ տարի ժամկետով՝ հաշվի առնելով կատարողականի արտաքին գնահատման եւ Ակադեմիայի եզրակացությունները, ինչպես նաեւ համապետական ատեստավորման արդյունքները.
3) պետական նշանակություն ներկայացնող ենթակառուցվածքների պահպանման համար հատկացվող ֆինանսավորումը տրամադրվում է գիտական կազմակերպությունների այն ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման համար, որոնք բացի գիտական նշանակությունից ունեն նաեւ պետական նշանակություն.
4) գիտական կադրերի պատրաստմանն ուղղված ֆինանսավորումը հատկացվում է մրցութային հիմունքներով՝ գիտական կազմակերպության աշխատողների գիտական շարժունության ծրագրերի իրականացման եւ երիտասարդ կադրերի ներգրավման համար.
5) բազային ֆինանսավորման շրջանակներում ֆինանսավորում կարող է տրամադրվել նաեւ այլ կազմակերպությունների՝ գիտության հանրայնացման, հետազոտության ոլորտի աջակցող գործունեության, միջազգային կառույցներին՝ որպես անդամության վճարների եւ ոլորտի զարգացմանը միտված այլ ծրագրերի իրականացման համար:
6. Գիտական գործունեության դրամաշնորհային եւ թիրախային եղանակով պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվում է գիտական փորձաքննության հիման վրա՝ մինչեւ հինգ տարի ժամկետով մրցութային եղանակով՝ հայտերի հիման վրա:
7. Գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձեւով մրցութային ծրագրերի շրջանակներում մեկ ամսից ավելի տեւողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով օրապահիկի եւ գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցութային ծրագրերի պայմաններով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ձեւերով պետական ֆինանսավորումը տրամադրվում է որպես դրամաշնորհ՝ անհատույց եւ անվերադարձ:
9. Մրցութային եղանակով ֆինանսավորման կազմակերպման ժամանակ գիտական փորձաքննության ձեւերը եւ դրանց համադրությունները՝ կախված մրցույթի նպատակներից սահմանվում են մրցույթի հրավերով:
10. Կառավարության կողմից կարող են հաստատվել նաեւ առանձին հատկացումներ՝ կարեւորագույն նշանակության հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների համար՝ Կառավարության հաստատած ծրագրերի հիման վրա՝ գիտական փորձաքննության արդյունքում երաշխավորված լինելու պարագայում:
11. Հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների ծրագրի համար ֆինանսավորում նախատեսվում է ծրագրի ամբողջ ժամանակահատվածի համար ու ծրագրով նախատեսված միջանկյալ արդյունքների ապահովման դեպքում չի կարող ընդհատվել հաջորդ բյուջետային տարիներին:
12. Գիտության առանձին բնագավառներում հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհային միջոցները մրցութային կարգով տրամադրվում են՝
1) գիտական կազմակերպությանը.
2) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության գիտական աշխատողների առանձին ներկայացուցիչներին.
3) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչներից կազմված խմբերին:
13. Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սուբյեկտների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ֆինանսաբանկային եւ հաշվապահական սպասարկումը ապահովում է բուհը կամ գիտական կազմակերպությունը՝ հանդիսանալով պայմանագրի կողմ:
14. Պետական ֆինանսավորում ստացող բուհը եւ գիտական կազմակերպությունը պարտավոր են Կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի Լիազոր մարմնին ներկայացնել հաշվետվություն՝ տրամադրված միջոցների ծախսման վերաբերյալ:
15. Բացի նշված ֆինանսական ներդրումներից պետության կողմից բուհական եւ գիտական համակարգի արդիականացման համար իրականացվում են նաեւ կապիտալ ներդրումային ծրագրեր՝ խոշոր հետազոտական սարքավորումների, կրթական գիտական կամ սպասարկող ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք հատուկ ծրագրերի միջոցով տրամադրվում են հանրային կազմակերպություններին՝ ուղիղ կամ մրցութային եղանակով:
16. Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների պետական բյուջետավորումն իրականացվում է առանձին բյուջետային ծրագրերով:
17. Հանրային բուհերը եւ հանրային գիտական կազմակերպությունները իրենց ֆինանսական գործընթացները վարում են հանրապետության առավել բարձր վարկանիշ ունեցող առեւտրային բանկերի միջոցով՝ հայտարարագրելով բոլոր հաշիվները եւ դրանց շարժերը:
18. Բուհերին եւ գիտական կազմակերպություններին արգելվում է չհայտարարագրված հաշիվներով ֆինանսական գործարքների իրականացումը:
Հոդված 40. Գիտական փորձաքննությունը
1. Գիտական փորձաքննության հիմնական սկզբունքներն են՝
1) փորձագիտական գնահատման անաչառությունը.
2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածության, ամբողջականության եւ հավաստիության համար պատասխանատվությունը.
3) փորձագետի անկախությունը փորձաքննության օբյեկտի հեղինակներից.
4) փորձագիտական գործունեության կազմակերպվածությունն ու մեթոդաբանական ապահովվածությունը.
5) համաշխարհային գիտական եւ գիտատեխնիկական առաջընթացի արդի մակարդակը, տեխնիկական եւ էկոլոգիական անվտանգության նորմերն ու կանոնները հաշվի առնելը.
6) փորձագետի մասնագիտական բարձր մակարդակը.
7) փորձագետի իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ փորձագետի պարտականությունների կատարման հետ կապված հետապնդումներից:
2. Գիտական փորձաքննության հիմնական խնդիրներն են՝
1) փորձաքննության օբյեկտի համալիր ուսումնասիրությունը եւ հիմնավորված փորձագիտական եզրակացության պատրաստումն ու տրամադրումը.
2) փորձաքննության օբյեկտի գիտական մակարդակի գնահատումը եւ դրա ներդրման դեպքում նաեւ գիտական, սոցիալական, տնտեսական, էկոլոգիական, ֆինանսական եւ իրավական հետեւանքների կանխատեսումը.
3) փորձաքննության օբյեկտի վերաբերյալ փորձագետին առաջադրված հարցերին ամբողջական անդրադարձը:
3. Պարտադիր գիտական փորձաքննության ենթակա օբյեկտներն են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրված հիմնադրամներից ֆինանսավորման ենթակա կամ ֆինանսավորվող՝ ստեղծման եւ ներդրման տարբեր փուլերում (գաղափար, իրականացման ընթացք, արդյունք) գտնվող գիտական գործունեության նախագծերը, ծրագրերը, փորձարարական մշակումները, տեխնոլոգիաները, ինչպես նաեւ գիտական գործունեության այլ արդյունքը.
2) գիտական գործունեության օբյեկտ, որի նկատմամբ առաջացել է հիմնավորված փորձագիտական եզրակացություն ստանալու անհրաժեշտություն, որի արդյունքում տրվում է այն ընդունելու, ներդնելու, օգտագործելու, ֆինանսավորելու եւ տարածելու նպատակահարմարության վերաբերյալ երաշխավորություն:
4. Գիտական փորձաքննությունը կարող է կազմակերպվել անհատ փորձագետների (այդ թվում նաեւ օտարերկրյա) ներգրավմամբ կամ փորձագետներից բաղկացած փորձագիտական խորհուրդների ձեւավորմամբ կամ միջազգային փորձագիտական կառույցների ներգրավմամբ կամ նշված ձեւերի համադրությամբ:
5. Գիտության ոլորտի պետական ֆինանսավորման ծրագրերի համար փորձաքննությունը կազմակերպում է բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն: Պետական այլ գերատեսչության կողմից գիտական ծրագրերի ֆինանսավորման պարագայում, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է սահմանվել փորձաքննության այլ կազմակերպիչ:
6. Գիտության ոլորտի պետական ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում փորձաքննության կազմակերպման մեթոդաբանությունը, փորձաքննության կազմակերպման ձեւը կամ ձեւերի համադրությունը, ինչպես նաեւ ներգրավվող փորձագետների քանակի, փորձաքննության թիրախների եւ փորձաքննության առջեւ դրվող խնդիրների ցանկը եւ մեթոդաբանության ընտրությունը վերապահված է Լիազոր մարմնին, կամ ծրագրի հայտարարությունը հաստատող պետական կառավարման մարմնին:
7. Փորձաքննության կազմակերպիչը փորձագետին ներգրավում է փորձագետի գրավոր համաձայնությամբ՝ ներկայացնելով փորձաքննության նկատմամբ ակնկալիքները, փորձագետի իրավունքները եւ պարտականությունները:
8. Սույն հոդվածի իմաստով փորձագետ է համարվում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող եւ գիտական փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությունը, վերլուծությունն ու գնահատումը կատարող ֆիզիկական անձը, որն իր փորձագիտական աշխատանքը կատարելիս առաջնորդվում է միայն փորձաքննության օբյեկտի վերաբերյալ համակողմանի, անկողմնակալ եւ հիմնավոր եզրակացություն տրամադրելու սկզբունքով.
9. Փորձագետը փորձաքննության օբյեկտի վերաբերյալ մասնագիտական անկողմնակալ եւ համակողմանի եզրակացություն պատրաստելու համար իրավունք ունի կազմակերպչից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն ինչպես նաեւ փորձաքննության օբյեկտի վերաբերյալ ազատորեն արտահայտել իր մասնագիտական կարծիքը, ինչպես նաեւ փորձագետն իրավունք ունի պահանջել չբացահայտել իր անձը, եթե այդպիսի բան արդեն իսկ նախատեսված չի փորձաքննության կազմակերպման մեթոդաբանությամբ:
10. Փորձագետն իրավունք ունի նաեւ պատճառաբանված հրաժարվել փորձաքննության մասնակցելուց:
11. Փորձագետի իրավունքները եւ պարտականությունները ծագում են փորձաքննություն կատարելու նպատակով իր հետ կնքած պայմանագրի կամ իր կողմից գրավոր տրված համաձայնության հիմքով:
12. Փորձագետի հիմնական պարտականություններն են՝
1) փորձաքննություն իրականացնելու պահանջներին ու ժամկետին համապատասխան եւ սահմանված ձեւաչափով փորձաքննություն կատարելը.
2) փորձաքննության կազմակերպչի պահանջով իր մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր ներկայացնելը.
3) փորձագիտական եզրակացության կամ փորձագիտական երաշխավորության հիմնավորվածության, ամբողջականության եւ հավաստիության ապահովումը.
4) փորձաքննություն կատարելուց հրաժարվելը, եթե առկա է շահերի բախում՝ փորձաքննության օբյեկտի հեղինակություն կամ համահեղինակություն կամ այլ տիպի գործոններ, որոնք կարող են ազդել փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության, գնահատման ու վերլուծության անաչառության վրա.
5) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրություն, գնահատում եւ վերլուծություն իրականացնելիս հետազոտությունների եւ մշակումների ոլորտի զարգացման համաշխարհային արդի մակարդակը հաշվի առնելը.
6) փորձաքննության օբյեկտի նկատմամբ հեղինակային եւ արդյունաբերական սեփականության իրավունքները պահպանելը, փորձաքննության կազմակերպչին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկությունների մեջ պարունակվող հեղինակային եւ արդյունաբերական սեփականության իրավունքների մասին տեղեկացնելը պայմանագրով նախատեսված ժամկետներում.
7) փորձաքննության տրամադրված նյութերի մեջ պարունակվող տեղեկատվության հրապարակում թույլ չտալը, եթե փորձաքննություն իրականացնելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
8) անհրաժեշտության դեպքում փորձաքննության օբյեկտի գիտական գործունեության բնագավառին հարակից կամ գիտության, տեխնոլոգիաների կամ արտադրության այլ բնագավառների անկախ փորձագետների լրացուցիչ ներգրավման վերաբերյալ հարց բարձրացնելը:
13. Փորձագետն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
14. Փորձաքննության կազմակերպչի եւ փորձագետների միջեւ հարաբերությունները կարգավորվում են ծառայությունների մատուցման պայմանագրով: Փորձաքննության կազմակերպիչը որոշում է փորձաքննության օբյեկտը, ձեւակերպում է փորձաքննության խնդիրներն ու հարցերը, հաստատում փորձաքննություն իրականացնելու ժամկետը, փորձաքննության դիմաց փորձագետներին վճարման չափը, քննարկում է ներկայացված փորձագիտական եզրակացությունները:
15. Փորձագետը փորձաքննությունը կատարում է կազմակերպչի հետ կնքած պայմանագրի կամ փորձաքննության պայմանների մասին տրված գրավոր, կամ թվային գործիքակազմով տրված համաձայնության հիման վրա եւ արդյունքը ներկայացնում կազմակերպչի սահմանած ձեւաչափով՝ փորձագիտական եզրակացության, փորձագիտական երաշխավորության կամ այլ տեսքով:
16. Փորձաքննության ֆինանսավորման աղբյուրը որոշում է փորձաքննության կազմակերպիչը:
17. Փորձագիտական աշխատանքը՝ կախված փորձաքննության կազմակերպման մեթոդաբանությունից կարող է իրականացվել վճարովի եւ անվճար հիմունքներով:
18. Պետական փորձաքննության իրականացումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներից:
19. Լիազոր մարմնի կողմից առանձին ծրագրերի համար կարող են սահմանվել փորձաքննության այլ տարբերակներ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սկզբունքների պահպանման պայմանով:
20. Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կարող են կիրառվել տարբեր մեթոդներ՝ հարցազրույց, տպագրված նյութի փորձաքննություն, նախատիպի դիտարկում կամ փորձարկում, ենթակառուցվածքների ուսումնասիրություն:
21. Առանձին ծրագրերի դեպքում փորձաքննությունը կարող է արտապատվիրվել միջազգային մասնագիտացված կառույցների, որոնք ունեն գիտական փորձաքննության կազմակերպման փորձ եւ կարող են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սկզբունքների պահպանումը:
Հոդված 41. Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող ուսանողները
1. Բուհերը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրերի ուսման վարձը եւ որոշել դրանց չափը, Սփյուռքի ուսանողների համար չի կարող սահմանվել ավելի բարձր ուսման վճար քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
2. Ուսման վարձի չափը պետք է նշված լինի ընդունելության հայտարարության մեջ:
3. Բուհերը կարող են նաեւ հաստատության սահմանած կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ:
4. Արգելվում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ:
5. Օտարերկրյա ուսանողներին կրթական ծառայություններ մատուցելու համար, բուհի կողմից կարող է սահմանվել ուսման վարձի ավելի բարձր չափ:
6. Պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակի տրամադրման կարգը ներառյալ դրան հավակնելու եւ դրանից զրկվելու պայմանները սահմանվում են Կառավարության որոշմամբ:
7. Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման համար տրամադրվող կրթաթոշակի կարող են հավակնել միայն հավատարմագրված կրթական ծրագրերով լրիվ բեռնվածությամբ առաջին անգամ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը զրկվում է այդ կրթաթոշակը ստանալու հնարավորությունից:
8. Բուհը վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին, ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 5 տոկոսի չափով իրականացնում է ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ նախապես հաստատված եւ հրապարակված պայմաններով:
9. Պետական բյուջեից ֆինանսական աջակցության կրթաթոշակ կարող են ստանալ Կառավարության կողմից առաջատար ճանաչված օտարերկրյա բուհում Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն հանդիսացող մասնագիտություններով բարձրագույն կրթություն ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ կառավարության սահմանված կարգով:
10. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում պետության կողմից ուսումնառության կրթաթոշակի ձեւով ուսումնառության վարձի լրիվ փոխհատուցմամբ բարձրագույն կրթություն կարող են ստանալ միջպետական պայմանագրերով նախատեսված կրթաթոշակային տեղերի շրջանակներում կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան բուհ ընդունվելու դեպքում:
11. Բուհերն ուսանողների տվյալ տարվա ուսման վարձի փոխհատուցման եւ ուսանողական ֆինանսական խրախուսումների տրամադրման վերաբերյալ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը Լիազոր մարմին ներկայացնում են հաշվետվություն:
12. Հանրային բուհերը իրենց լիցենզիոն տեղերի մինչեւ 40 տոկոսի չափով ապահովում են ուսման վարձի փոխհատուցման համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ուսումնառությունը, ընդ որում այդ ուսանողների համար կիրառվում է կառավարության կողմից ըստ մասնագիտությունների եւ որակավորումների սահմանված ուսման վարձի չափը:
13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպում է պետությունը՝ ուսումնառության կրթաթոշակների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
Հոդված 42. Ակադեմիական քաղաք
1. Ակադեմիական քաղաքը ուսումնական, գիտական եւ հարակից հաստատությունների համալիր է, որը միտված է ապահովելու կրթության, գիտության եւ արդյունաբերության ոլորտների միջեւ կապն ու համագործակցությունը՝ համապատասխան բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներով հանդերձ:
2. Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգի իրականացման, դրա ենթակառուցվածքների նախագծման, կառուցման եւ կառավարման աշխատանքների իրականացումը համակարգում է Կառավարության կողմից ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը:
3. Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է գումարային առնվազն 700 հեկտար մակերեսով տարածքների վրա:
4. Կառավարությունը հաստատում է Ակադեմիական քաղաքի գործունեության կարգը եւ զարգացման հայեցակարգը, որը սահմանում է՝
1) ակադեմիական քաղաքի շինարարական նորմերը ու սահմանափակումները.
2) ակադեմիական քաղաքին հարող տարածքներում շինարարական նորմերն ու սահմանափակումները.
3) ակադեմիական քաղաքում եւ դրան հարակից տարածքներում գործունեության տեսակների սահմանափակումները.
4) ակադեմիական քաղաքի տարածքում մարդատար տրանսպորտային միջոցների երթեւեկության սահմանափակումները.
5) սպասարկող տրանսպորտային միջոցների մուտքն ու տեղաշարժը ակադեմիական քաղաքի տարածքում.
6) տարածքում սովորողների եւ աշխատողների կեցության կազմակերպման կարգը՝ ներառյալ մասնավոր բուհերի կամ այլ կազմակերպությունների կողմից կեցության ծառայությունների մատուցման հնարավորությունը.
7) ակադեմիական քաղաքի տնտեսական եւ քաղաքային գործունեության հայեցակարգը.
8) ակադեմիական քաղաքում շենքերի եւ շինությունների նախագծման չափանիշները եւ դիզայնի նորմերը.
9) ակադեմիական քաղաքում բուհական ենթակառուցվածքների տեղակայման եւ նոր ենթակառուցվածքների ստեղծման սկզբունքները.
10) ակադեմիական քաղաքի միասնականության եւ գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ կարգավորումներ:
5. Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տեղանքում արգելվում է սահմանված քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող կառուցապատում:
6. Ակադեմիական քաղաքի տարածքից առանձին հողամասեր կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանված որոշակի պարտավորություններով եւ սահմանափակումներով, որոնք տարածվում են պետության կողմից հողամասը օտարելուց հետո սեփականության իրավունքով հողամասի ձեռք բերման հաջորդող բոլոր գործարքների վրա եւ ենթակա են կատարման եւ պահպանման բոլոր սեփականատերերի կողմից: Ակադեմիական քաղաքի տարածքում գտնվող նման հողամասեր նկատմամբ կիրառվում են իրավունքների հետեւյալ սահմանափակումները, սահմանվում են հետեւյալ պարտավորությունները եւ պայմաները՝
1) հողամասում կառուցվող շենքերի եւ շինությունների գործառնական նշանակությունը, նպատակային օգտագործումը ենթակա չէ փոփոխության.
2) հողամասում կառուցված շենքերի եւ շինությունների հիմնական վերանորագման աշխատանքների իրականացման արդյունքում շենքերի եւ շինությունների արտաքին/ֆասադային մասերը ենթակա չեն փոփոխության.
3) ակադեմիական քաղաքի գործունեության կարգով եւ զարգացման հայեցակարգով սահմանված այլ սահմանափակումներ:
7. Ակադեմիական քաղաքի տարածքում մասնավոր կազմակերպությունները կարող են կազմակերպել գործունեություն իրենց համար հատկացված հատվածներում, եթե այն բխում է Ակադեմիական քաղաքի զագացման հայեցակարգից:
8. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն իրականացնում է Ակադեմիական քաղաք տեղափոխման արդյունքում ազատված եւ չօգտագործվող բուհական եւ գիտական ենթակառուցվածքների կառավարումը, այդ թվում մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ, որից ստացված եկամուտն օգտագործվում է Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով, իսկ չօգտագործված եւ որոշակի ծրագրերի իրականացման համար չառանձնացված գումարն օգտագործվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով:
9. Բուհերը պատասխանատու են Ակադեմիական քաղաքում իրենց օգտագործմանը հանձնված գույքի պահպանման եւ նպատակային օգտագործման համար:
10. Ակադեմիական քաղաքում տեղակայված հանրային բուհերին գույքը հանձնվում է անժամկետ օգտագործման իրավունքով՝ տվյալ հանրային բուհի կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան, իսկ միջպետական կամ մասնավոր բուհերին՝ պայմանագրով սահմանված ժամկետով:
11. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ամբողջ գործունեությունը ներառյալ ֆինանսական հոսքերը թափանցիկ են, ինչն ապահովվում է նաեւ ժամանակակից մեդիա տեխնոլոգիաների միջոցով:
12. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպում է համատեղ օգտագործման ենթակառուցվածքների համակարգումը եւ պատասխանատու է դրանց պահպանման ու զարգացման համար:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 43. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ այն կարգավորումների, որոնց համար սահմանված է ուժի մեջ մտնելու այլ ժամանակահատված:
2. Սույն օրենքի պահանջները բուհերի վրա տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2026/2027 ուսումնական տարվանից սկսած իսկ գիտական կազմակերպությունների դեպքում՝ 2026 թվականից:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ «Բարձրագույն կրթության կազմակերպման մասին» Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, այդ դրությամբ գիտությունների թեկնածուի եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվում են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին:
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
6. Սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված Մասնագիտացված կառույցը ստեղծվում է մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:
7. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները հրապարակվում են 2027 թվականի հունվար ամսվա առաջին տասնօրյակում, իսկ նույն մասով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվում է 2029-2030 ուսումնական տարվանից թվականից: Մինչեւ սույն մասն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի եւ «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:
8. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
9. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2029-2030 ուսումնական տարվանից, նշված ժամանակահատվածից շուտ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչ այդ՝
1) Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվում է բուհի ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաեւ հիմնադրի եւ Լիազոր մարմնի ներկայացուցիչներից,
2) Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից հինգին առաջադրում է Լիազոր մարմինը իսկ հինգին՝ հիմնադիրը,
3) Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին՝ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է բուհը՝ հինգին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, հնարավորինս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը, եւ հինգին՝ ուսանողական ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներից:
10.Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասը պարտադիր չի սույն հոդվածի 9-րդ մասի հիմքով ձեւավորվող հոգաբարձուների խորհրդի հիմնադիրի եւ Լիազոր մարմնի ներկայացուցիչների համար:
11. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքը, բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 4.1-4.3 մասերի, 8-րդ հոդվածի 2-րդ մասի 21) կետի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի եւ 2-րդ մասի 10-րդ կետի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը:
14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը:
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» 2015 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-23-Ն օրենքը:
16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գերատեսչական պատկանելության, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 27-րդ հոդվածի 19-րդ մասի կարգավորումները՝ մինչեւ կառավարության որոշմամբ եւ սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային հետազոտական համալսարանների կազմում ներառվելը:
17. Օրենքով նախատեսված դեպքերում՝ կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում չեն գործում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանվող բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների աշխարհիկ բնույթին վերաբերող սկզբունքը ինչպես նաեւ 14-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված սահմանափակումը:
18. Հայաստանի Հանրապետությունում բուհերի միջազգային վարկանիշավորման աղյուսակներում առաջին հիսունյակում գտնվող բուհերի մասնաճյուղեր հիմնադրելիս կառավարության կողմից կարող են սահմանվել այդ մասնաճյուղերի գործունեության համար լիցենզավորման եւ դրանց կազմակերպական-իրավական ձեւին եւ գործունեության բնույթին վերաբերող այլ պայմաններ:
Հոդված 44. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով՝ օրենքի 14-րդ եւ 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան մինչեւ 2028 թվականը դիմել բուհի եւ ծրագրային լիցենզավորման, որից հետո համարվում են առաջին անգամ լիցենզավորված, եւ ենթակա են հավատարմագրման՝ 19-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում եւ պայմաններով:
2. Մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող կրթական ծրագրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշմամբ սահմանված կարգով ծրագրային հավատարմագրում չանցած բժշկական մասնագիտություններով որակավորում շնորհող ծրագրերի, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համարվում են նախահավատարմագրված, եւ դրանց շրջանավարտներին շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից:
4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ուսումնառության գործընթացի կազմակերպումը ներդնել 2026 թվականից: Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը՝ գիտության թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճանների հայցման համար սահմանված կարգով ու ժամկետներում հաստատված ատենախոսության թեմաների համար գիտական աստիճանի շնորհման գործընթացը շարունակվում է կարգավորվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով: Սույն մասի ուժի մեջ մտնելու պահից «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար թեմաների հաստատումը դադարեցվում է:
5. Սույն օրենքի 27-րդ հոդվածի դրույթներին համապատասխան գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձեւավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում:
6. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» պարբերությունն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հուլիսի 1-ից: Մինչեւ 2029 թվականի հուլիսի 1-ը գործող մասնավոր բուհերը վերակազմակերպվում (վերակազմավորվում) են հիմնադրամների կամ հիմնում են հիմնադրամներ եւ դիմում են բուհի եւ կրթական ծրագրերի լիցենզավորման:
7. Սույն օրենքի 9-րդ հոդվածում հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողներին վերաբերող դրույթները սկսում են գործել 2027 թվականից: Մինչ այդ, սույն օրենքն ուժի մեջ մտնելու հետո՝ վեց ամսվա ընթացքում հաստատվում է Ակադեմիայի կանոնադրությունը, եւ սահմանված ժամկետներում կազմակերպվում է Ակադեմիայի նոր անդամների ընտրությունը եւ ձեւավորվում Ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը՝ նախագահությունը, որի Ակադեմիայի կազմի անդամներն առաջադրվում են Ակադեմիայի կողմից՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին բավարարող անձանցից: Ակադեմիայի նախագահությունը կազմակերպում է Ակադեմիայի նախագահի ընտրությունը, նախագահի ներկայացմամբ հաստատում Ակադեմիայի կառուցվածքն ու ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց՝ սույն օրենքով Ակադեմիային վերապահված գործառույթները կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով:
8. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը գործում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ ռեկտոր հանդիսանալու հանգամանքը չի դիտարկում:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրերը եւ լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը համարվում են նախահավատարմագրված եւ պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում անցնել ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում:
10. Խոշորացված Հետազոտական համալսարանների ձեւավորման ժամանակ բուհին կամ գիտական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ բուհի կամ գիտական կազմակերպության վերակազմավորման արդյունքում անցնում է հանրային բուհի կամ հանրային գիտական կազմակերպության տնօրինմանը համապատասխանաբար:
11. Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկությունների հետ: Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը իրենց գործունեությունը կարող են շարունակել իրենց տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է միայն ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում:
12. Ակադեմիական քաղաք տեղափոխված հանրային բուհերին եւ գիտական կազմակերպություններին անհատույց տրամադրված անշարժ գույքը սեփականության իրավունքով տրամադրվում է ակադեմիական քաղաք հիմնադրամին, որը իրականացնում է այդ գույքի շահագործումը՝ գույքի շահագործման ռազմավարության շրջանակներում, որը մշակվում է միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերությունների կողմից եւ հաստատվում է կառավարության կողմից: Ենթակառուցվածքների շահագործումից առաջացող ողջ եկամուտն ուղղվում է ակադեմիական քաղաք ծրագրի իրականացմանը, կամ ակադեմիական քաղաք հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում