Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հետո հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր մասերով.
«Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի եւ դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետեւյալ դեպքերում.
ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, երբ այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթները ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գնտվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.
բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` 500.000 դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, երբ այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթները ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գնտվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.
գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործը ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքում:
Անհուսալի դառնալուց հետո հինգ տարվա ընթացքում չգանձված պարտավորությունները դադարում են եւ հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: