Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ծանուցման ենթակա գործունեության տեսակները եւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացման ծանուցման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենսդրական այլ ակտերով:
2. Էլեկտրոնային հաղորդկացության բնագավառում ծանուցման ենթակա գործունեության տեսակները եւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները՝
1) ծանուցում՝ ծանուցման ենթակա գործունեության իրականցման համար լիազոր մարմնին օրենքով սահմանված կարգով տեղեկացում.
2) ծանուցման ենթակա գործունեության տեսակ՝ գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է ծանուցում.
3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաեւ պետական կամ համայնքի հիմնարկ, որն օրենքով սահմանված կարգով ներկայացրել է ծանուցում եւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանված կարգով չի մերժվել.
4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում՝ գործընթաց՝ կապված ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման հետ.
5) լիազոր մարմին՝ մարմիններ, որոնց ներկայացվում է ծանուցում եւ որոնք լիազորված են սույն օրենքով սահմանված կարգով իրականացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում.
6) պատշաճ ձեւով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձեւով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձեւով):
Հոդված 4. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման սկզբունքները
1. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման սկզբունքներն են`
1) անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը.
2) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման հրապարակայնությունը.
3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի օրինականության ապահովումը.
4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից ծանուցման ենթակա գործունեության իրականացման պահանջների խախտման համար պատասխանատվության սահմանումը:
Հոդված 5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակը
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակներն են`
1) շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը.
2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) ապրանքների եւ ծառայությունների որակի բարձրացումը.
4) գործունեության որոշ տեսակների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացումը:
Հոդված 6. Ծանուցման պահանջը
1. Ծանուցում անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցման ենթակա գործունեությամբ կարող է զբաղվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Գ Լ ՈՒ Խ II
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 7. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները
1. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերը:
2. Ծանուցում ներկայացրած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Անհատ ձեռնարկատերը, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, իրավունք ունեն զբաղվել ծանուցման ենթակա բոլոր գործունեության տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով:
4. Ծանուցման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաեւ պետական կամ համայնքի հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է օրենքով:
5. Պետական կամ համայնքի հիմնարկի կողմից ծանուցման հետ կապված գործընթացն իրականացվում է իրավաբանական անձանց համար՝ սույն օրենքով նախատեսված կարգով:
6. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ՝ ծանուցումը ներկայացնելուց 5 աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չի մերժվում:
7. Եթե ծանուցման մեջ առկա են իրավաբանական անձի անվանման (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան, ազգանվան) եւ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի կամ անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի եւ համարի) անհամապատասխանություններ, ապա ծանուցումը համարվում է չներկայացված եւ ծանուցում ներկայացրած անձը ձեռք չի բերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք: Ծանուցումը չներկայացված համարվելու հիմքը հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում ծանուցումը համարվում է չներկայացված, ապա անձը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել նոր ծանուցում:
Հոդված 8. Լիազոր մարմինները
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինները:
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու (այդ թվում՝ դատական կարգով դադարեցնելու համար դատարն դիմում ներկայացնելու) հարցերը քննելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիազոր մարմինները կամ նրանց իրավահաջորդները:
3. Լիազոր մարմինները պարտավոր են պահպանել ծանուցում ներկայացրած անձանց առեւտրային եւ օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:
4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաեւ նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունն իրենց պաշտոնական կայքում հրապարակելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապեության կառավարության սահմանված կարգով տրամադրում են պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապեության կառավարության լիազորած մարմնին:
5. Բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի եւ կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին հայտնում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 9. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը
1. Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձիք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից եւ ծանուցման մեջ նեկայացված տեղեկատվությունը (բացառությամբ՝ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի եւ համարի), ինչպես նաեւ հաշվառման ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ) հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Լիազոր մարմինը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումն իրականացնում է ըստ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի անվանման եւ պետական գրանցման համարի, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անվան, ազգանվան եւ պետական հաշվառման համարի, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անվան, ազգանվան եւ անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի եւ համարի:
3. Եթե ծանուցում ներկայացրած անձը ներկայացված տեղեկատվութան մեջ կատարել է սխալներ (այդ թվում նաեւ՝ վրիպակներ, բացթողումներ, թերություններ), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության, ապա լիազոր մարմինը հաշվառումն իրականացնում է ըստ ներկայացված տեղեկատվության: Սխալ ներկայացված տեղեկատվության ներկայացման անբարենպաստ հետեւանքների ռիսկը կրում է ծանուցում ներկայացրած անձը:
4. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին պատշաճ ձեւով տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները եւ փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Լիազոր մարմինը պարտավոր է պատշաճ ձեւով տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակել պաշտոնական կայքում:
5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը պարտավոր է վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի)) փոփոխման մասին պատշաճ ձեւով տեղեկացնել լիազոր մարմնին այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումը ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակում իր պաշտոնական կայքում:
7. Սույն հոդվածը՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի գտնվելու վայրի փոփոխման մասով, տարածվում է միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում:
Հոդված 10. Ծանուցման ձեւերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների եւ հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգերը
1. Ծանուցման ձեւերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման եւ հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ III
ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 11. Ծանուցման վավերապայմանները
1. Ծանուցումը պետք է բովանդակի հետեւյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝
1) իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը.
բ. պետական գրանցման համարը.
գ. գտնվելու վայրը.
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել:
2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը.
բ. բնակության կամ հաշվառման վայրը.
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը եւ սերիան).
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել:
Հոդված 12. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանի վարումը
1. Լիազոր մարմինները վարում են ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններ:
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառվման գրանցամատյաններում պետք է նշվեն`
1) իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը
2) իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը.
3) գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).
4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան եւ համարը.
5) գործունեության տեսակը.
6) ծանուցման ներկայացման ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ).
7) տեղեկություններ՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին.
8) հաշվառման ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ).
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում եւ կնքում է լիազոր մարմինը: Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառվման գրանցամատյանները վարվում են նաեւ էլէկտրոնային տարբերակով:
Հոդված 13. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին տեղեկատվություն
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:
2. Լիազոր մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառմա գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք:
4. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ անվճար:
5. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաեւ նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։
6. Լիազոր մարմինները ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, դադարեցման կամ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները, դրանք ընդունելու օրվանից, իսկ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին եւ հրապարակում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
7. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ վերականգնման, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում` դրանց ստացման օրվանից՝ տասն օրվա ընթացքում:
Հոդված 14. Պետական տուրքը
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաեւ այլ վայրում եւս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:
2. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:
Հոդված 15. Պետական տուրքի վճարումը
1. Անձը պարտավոր է վճարել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար սահմանված պետական տուրքը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը ներկայացնել լիազոր մարմնին ծանուցման հետ միաժամանակ:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ծանուցումը ներկայացնելիս անձը ծանուցման հետ միաժամանակ կարող է ներկայացնել ծանուցման ենթակա տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար նախկինում վճարած պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Հոդված 16. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի մերժումը
1. Լիազոր մարմինը մերժում է ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը, եթե՝
1) ծանուցում ներկայացրած անձը չի վճարել ծանուցում ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար սահմանված պետական տուրքը.
2) ծանուցում ներկայացրած անձի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
4) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով.
5) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվել ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով:
2. Մերժման մասին ընդունվում է պետական լիազոր մարմնի որոշում (հրաման), որում նշվում է մերժման հիմքը, բողոքարկման կարգը եւ այն ընդունելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ուղարկվում է ծանուցում ներկայացրած անձին:
Հոդված 17. Գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը
1. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ ծանուցման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները եւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման փոփոխվող կամ նոր վայրը:
2. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացում:
3. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում եւս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու ծամուցման դեպքում լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակում իր պաշտոնական կայքում: Ծանուցման ենթակա նույն գործունեությամբ մեկից ավելի վայրերում իրականացնելու դեպքում հաշվառման մեջ նշվում են ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման բոլոր վայրերը:
4. Սույն հոդվածի պահանջները տարածվում են միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում:
Հոդված 18. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը տվյալ գործունեությամբ զբաղվող անձին ծանուցման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
2. Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետեւանքները հնարավոր է վերացնել ծանուցում ներկայացրած անձի գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն ամբողջովին չի կասեցվում:
3. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ընթացքում անձը չի կարող իրականացնել որեւէ գործողություն ծանուցված գործունեության մասով, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաեւ կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն:
4. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ժամկետի ընթացքում ծանուցում ներկայացրած անձի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է որպես առանց ծանուցում ներկայացնելու ծանուցման ենթակա գործունեության իրականացում եւ առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:
5. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով): Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման որոշամաբ (հրամանով) պետք է հստակ սահմանվեն կասեցման պատճառները, իրավական հիմքերը եւ ժամկետները, իսկ ծանուցված գործունեության առանձին գործառույթներ կամ գործողություններ իրականացնելու իրավունքը կասեցնելու որոշմամբ (հրամանով) նաեւ՝ կասեցվող գործառույթներ կամ գործողություններ իրականացնելու իրավունքը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները չպարունակող ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին հրամաններն (որոշումներն) անվավեր են:
7. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն (որոշումը) այն ընդունելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ուղարկվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին:
8. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում այդ մասին լիազոր մարմնի հրամանը (որոշումը) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին հրամանով (որոշմամբ) ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
9. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը վերացված է համարվում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիազոր մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիազոր մարմինն այլ հրաման (որոշում) չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում եւ դրա մասին հաշվառված անձին չի հայտնում:
10. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը վերացած է համարվում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման տարեկան պետական տուրքերի, ինչպես նաեւ դրանց` վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:
11. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով ծանուցված գործունեությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տեւական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում:
Հոդված 19. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման դեպքերը
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կարող է կասեցվել`
1) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու դեպքերում.
2) ծանուցման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ ծանուցման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքում.
3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող կողմից ծանուցման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում.
5) ծանուցում ներկարայցրած անձի դիմումի համաձայն.
6) սույն օրենքով նախատեսված դեպքերում ծանուցված գործունեության դադարեցման մասին լիազոր մարմնի կողմից դիմում ներկայացնելու դեպքում.
7) տարեկան հերթական պետական տուրքը չվճարելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է մինչեւ կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից նշված ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է լիազոր մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:
6. Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին ժամանակավորապես ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում հերթական տարեկան պետական տուրքի վճարման ամսաթվից:
Հոդված 20. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումը
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կարող է դադարեցվել`
1) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
2) լիազոր մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու անգամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կամ այդ գործունեության առանձին գործառույթի կամ գործողության իրականացման իրավունքի կասեցման դեպքում.
3) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կամ դրա առանձին գործառույթ իրականացնելու դեպքում.
4) ծանուցում ներկայացրած անձի դիմումի համաձայն:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է դատական կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մինչեւ դատարանի կողմից ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում լիազոր մարմինը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը համարվում է վերացված:
4. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումը կարող է ներկայացվել՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով կասեցման մասին երկրորդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում.
2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով խախտումը հայտնաբերելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը տվյալ գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար կրկին կարող է ներկայացնել ծանուցում՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվելուց վեց ամիս հետո:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով):
8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:
9. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնելու մասին դիմումները լիազոր մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմում ներկայացվելու օրվանից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ հրաման (որոշում) չի ընդունվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ դադարեցված:
10. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով:
11. Լիազոր մարմնի կողմից կարող է սահմանվել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման հետեւանքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, այլոց իրավունքներին եւ ազատություններին:
12. Եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման հետեւանքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով) պետք է սահմանվեն նաեւ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք դադարեցնելու հետեւանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետեւանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետեւանքների վերացման ժամկետ:
13. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված՝ լիազոր մարմնի որոշումը (հրամանը) ծանուցում ներկայացրած անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե ծանուցում ներկայացրած անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Հոդված 21. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման մասին որոշումների բողոքարկումը
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման մասին որոշումը չվերացնելու մասին լիազոր մարմնի որոշումները (հրամանները) կարող են բողոքարկվել դատական կամ վարչական կարգով:
Գ Լ ՈՒ Խ IV
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը
1. Գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:
2. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ
տեսակը |
||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | ||||
. | գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում |
3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվել առանց սահմանափակման, բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանաի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:
4. Սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-5-րդ եւ 8-րդ կետերում նշված գործունեության տեսակների իրականացնող անձանց արգելվում է որեւէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Սույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
5. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիազոր մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետեւյալ կերպ՝
ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ.
ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
6. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում ծանուցում, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:
7. Միայն սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք են պարտավոր ծանուցում ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:
8. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների եւ «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:
Գ Լ ՈՒ Խ V
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 23. Առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը
1. Արգելվում է առանց ծանուցման զբաղվել սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով:
2. Առանց ծանուցման սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն եւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման կամ պետական հաշվառման վկայականում ծանուցված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել ծանուցման պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաեւ չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն
Գ Լ ՈՒ Խ VI
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանաի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան գործունեության լիցենզիա ստացած անձը համարվում է սույն օրենքով սահմանված նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ:
3. Լիազոր մարմինները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում սույն օրենքով սահմանված կարգով իրականացնել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանաի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության լիցենզիա ստացած անձանց հաշվառում լիցենզիա ստանալու համար ներկայացված տեղեկատվությանը համապատասխան եւ հաշվառված անձանց վերաբերյալ սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաշվառման ամսաթիվը, որը այդ անձին տրամադրված լիցենզիայի տրամադրման ամսաթիվն է, հրապարակել իր պաշտոնական կայքում եւ հրապարակելուց հետ մեկ ամսվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապեության կառավարության լիազորած մարմնին:
4. Նոր գործունեությունը ծանուցման ենթակա կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը պաշտոնապես հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը «Լիցենզավորման մասին» Հայաստանաի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է լիցենզավորման:
5. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
6. Սույն օրենքով սահմանված լիազոր մարմիններ են համարվում մինչեւ սույն օրնեքի ուժի մեջ մտնելը համապատասխան գործունեությունը լիցենզավորող մարմինները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չսահմանվեն լիազոր այլ մարմիններ: