Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 462. Վարժական հավաքից խուսափելը
1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսեւորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որեւէ այլ եղանակով խուսափման ձեւով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել եւ ներգրավվել է վարժական հավաքին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: