Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի երկրորդ պարբերություւնում՝
1. Առաջին նախադասությունում «լիցենզավորման» բառից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերը, «գործունեությունն առանց լիցենզիայի» բառերից հետո լրացնել «կամ առանց ծանուցման» բառերը եւ «տրման» բառից հետո լրացնել «կամ ծանուցվող գործունեության» բառերը:
2. Երկրորդ նախադասությունում «կամ թույլտվության» բառերից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերը, իսկ «լիցենզիայի տրման» բառերից հետո լրացնել «կամ ծանուցում ներկայացված անձանց հաշվառելու» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Անհրաժեշտությունը.
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվում է լիցենզավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը: Մասնավորապես արձանագրվել են հետեւյալ խնդիրները.
- լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձինք պետք է բավարարեն որոշակի պահանջների, որոնց հավաստիացման համար պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր.
- լիցենզիայի որոշ տեսակների տրամադրումը կրում է ծախսատար եւ ժամանակատար բնույթ, սակայն ըստ էության հսկողության էական մեխանիզմներ չի պարունակում.
- լիցենզիա ստանալու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ եւ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը բացակայում է.
- պարզ լիցենզիաներ տրամադրելիս լիազոր մարմինն ըստ էության կատարում է հաշվառման գործառույթ, իսկ բարդ լիցենզիաների որոշ տեսակների տրամադրման ժամանակ զուտ փաստաթղթային ուսումնասիրություն:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը եւ հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը, առաջարկվում է.
- ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող.
- էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը.
- սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը: