Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-358-06.09.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի.

1) 2-րդ կետի «կառավարման մոնիթորինգը (մշտադիտարկումը)» բառերը փոխարինել «վարման վերահսկողությունը» բառերով.

2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 ) -րդ կետով.

«21 ) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) եւ վճարման մեթոդական ղեկավարումը».

3) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «եւ ստուգում տվյալների հավաստիությունը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի.

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան.».

2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 ) -րդ կետով.

«21 ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի պահանջով տրամադրել կենսաթոշակների նշանակմանը (վերահաշվարկմանը) եւ վճարմանը վերաբերող փաստաթղթերը (կենսաթոշակի գործերը).»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ 2004թ. ապրիլի 15-ին եւ հունիսի 2-ին կայացած խորհրդակցությունների թիվ ՀՆԱ-11 եւ ՀՆԱ-14 արձանագրությունների համաձայն` մշակվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը հավաքագրում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, նշանակում եւ վճարում է կենսաթոշակները, ինչպես նաեւ ֆինանսավորում է զբաղվածության եւ սոցիալական ապահովագրության պետական առանձին ծրագրերը՝ միաժամանակ իրականացնելով նաեւ նշված գործառույթների կատարման վերահսկողությունը:

Այս համատեքստում առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որպես կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին, վերահսկողություն կիրականացնի կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման եւ վճարման` օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ, որի շրջանակներում իրավունք կունենա ստուգումներ կատարել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներում: Դրանց իրականացումը պայմանավորված կլինի նախ եւ առաջ ստացված տեղեկատվության վերլուծության եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ կկրի պլանային (կանխարգելիչ) բնույթ: Վերը նշվածի անհրաժեշտությունը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ ներկայումս հանրապետությունում պետական մարմինների գործունեությունը` օրենսդրությանը համապատասխան լինելու հանգամանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինները (ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն եւ այլն) ուղղակի չեն կարող վեր հանել կենսաթոշակային բնագավառի նեղ մասնագիտական խնդիրները (օրինակ, կենսաթոշակը նշանակված է օրենսդրությամբ սահմանված կարգով, թե ոչ), իսկ մյուս կողմից, նշված մարմինների վերահսկողությունը եւ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի անմիջական եւ ամենօրյա աշխատանքը պետք է իրականացվեն առանց մեկը մյուսով պայմանավորելու:

Ելնելով վերոշարադրյալից` օրենքի նախագծով նախատեսվում է նախարարությանը վերապահել վերահսկողության լիազորություններ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից իրականացվող պետական նպատակային ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ պետական կենսաթոշակների նշանակման եւ վճարման նկատմամբ: