Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8576-09.11.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 2-ի «առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ « առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման վերաբերյալ ծանուցում ներկայացրած եւ առեւտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.»

Հոդված 2.   Օրենքի 3.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 3.1 Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը

1.  Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպման   գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

2.  Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպիչը  պարտավոր է ծանուցել գործունեություն իրականացման մասին, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, եւ գործում են առեւտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:

3.  Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետեւյալ պարտադիր պայմանները`

ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման  եւ հաշվառման համարը, ամսաթիվը.

բ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման կամ հաշվառման համարը եւ ամսաթիվը.

գ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը եւ դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները:

4.  Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը ուժի մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու  օրվանից մինչեւ նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առեւտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է: Սույն մասի պահանջները չեն տարածվում առեւտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:

5.  Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) եւ հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասում «կազմակերպման լիցենզիա ունեցող» բառերը հանել եւ «7-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի՝ 1-ին մասի ե), զ) եւ է) կետերում «լիցենզավորման» բառը փոխարինել «ծանուցման» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,  «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվում է լիցենզավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը: Մասնավորապես արձանագրվել են հետեւյալ խնդիրները.

- լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձինք պետք է բավարարեն որոշակի պահանջների, որոնց հավաստիացման համար պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր.

- լիցենզիայի որոշ տեսակների տրամադրումը կրում է ծախսատար եւ ժամանակատար բնույթ, սակայն ըստ էության հսկողության էական մեխանիզմներ չի պարունակում.

- լիցենզիա ստանալու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ եւ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը բացակայում է.

- պարզ լիցենզիաներ տրամադրելիս լիազոր մարմինն ըստ էության կատարում է հաշվառման գործառույթ, իսկ բարդ լիցենզիաների որոշ տեսակների տրամադրման ժամանակ զուտ փաստաթղթային ուսումնասիրություն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը եւ հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը, առաջարկվում է.

-  ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող.

-  էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը.

-  սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը: