Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10861-26.05.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 60.1. Ընդերքօգտագործման կանոնները խախտելը

1. Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության եւ օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

3. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ՝ փլուզումներ, սողանքներ, սելավներ եւ այլ վնասակար երեւույթներ՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի  հազարապատիկի չափով:

4. Երկրաբանական եւ մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

5. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հինգհարյուրապատիկի չափով:

6. Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում՝ հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հինգհազարապատիկի չափով:

7. Յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանութային աշխատանքների կատարման միջոցով գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ չիրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

8. Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ)  արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանելը.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:

9. Սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված՝ հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների միջոցով իրականացնելը կամ օգտակար հանածոն բեռնատար ավտոմոբիլով տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

10. օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը սահմանված կարգին համապատասխան չներկայացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: