Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Կազմակերպությունն ազատվում է իր կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման, կամ իր առանձնացված uտորաբաժանման կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաշվառման համար պետական տուքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտին կանոնադրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
Քաղաքացիական հասարակության կառույցները, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները (այսուհետ՝ ՀԿ) առանցքային դեր ունեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության, հանրային կառավարման թափանցիկության, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կայացնելիս հասարակության տարբեր շերտերի շահերի ապահովման գործընթացում: Ուստի, ՀԿ-ների ազատ եւ արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը կարեւոր նախապայման է հասարակության կայուն զարգացման համար:
Վերջին 25 եւ հատկապես՝ անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՀԿ-ների գործունեության բարեփոխմանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվել:
1989 թվականի հոկտեմբերի 30-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունեց «Քաղաքացիների միավորումների կանոնադրությունները գրանցելու ժամանակավոր կարգի մասին» հրամանագիրը, որով ըստ էության հիմք դրվեց ՀԿ-ների ստեղծման եւ գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների կանոնակարգմանը:
1996թ. հոկտեմբերի 22-ին ընդունվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ կազմակերպության հիմնադիր կարող էին լինել նաեւ հասարակական կազմակերպությունները: Այդ օրենքով նախատեսված էր նաեւ հասարակական կազմակերպությունների միություն, որտեղ իրենց գործունեությունը համակարգելու, իրավունքները պաշտպանելու, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում ընդհանուր շահեր ներկայացնելու նպատակով կարող էին միավորվել ՀԿ-ները: Օրենքով ամրագրված էին նաեւ տարիքային սահմանափակումներ՝ ՀԿ-ի հիմնադիր կարող էր լինել 18 տարին լրացած անձը, իսկ անդամ՝ 10 տարին լրացած անձը:
2001 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվեց գործող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որով մասնավորապես՝ վերացվեցին նախորդ օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, ինչպես նաեւ ամրագրվեց, որ ՀԿ-ում կարող են միավորվել միայն ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատեց եւ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում: Նախագիծն առաջացրեց բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը: Բարձրացված հարցադրումները, այդ թվում՝ նախագծում չներառված, սակայն լուծում պահանջող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի շուրջ համախմբված ավելի քան 300 ՀԿ-ների նպատակն էր մասնակցել եւ ավարտին հասցնել ՀԿ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության բարեփոխման աշխատանքները: Իրականացվեցին մի շարք մասնագիտական հետազոտություններ Քաղաքացիական հասարակության ցանցի, Հանրային խորհրդի, «Գործընկերություն հանուն բաց հասարակության», «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոնի» (BCNL/ՇՀԻԲԿ), ԵՄ Խորհրդատվական Խմբի եւ այլ կառույցների կողմից:
Հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաեւ մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը», որտեղ մասնավորապես արձանագրվեցին հետեւյալ խնդիրները՝
1) Օրենսդրական դասակարգումը (տեսակների սահմանումը): Ոչ առեւտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում է այնպիսի կազմակերպական-իրավական ձեւը, որով կարող են միավորվել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածով նախատեսված՝ իրավաբանական անձանց նույն միությունում, որը ոչ առեւտրային կազմակերպության տեսակ է, ոչ առեւտրային եւ առեւտրային կազմակերպությունները չեն կարող միավորվել: Գործող օրենսդրությամբ նախատեսված չէ նաեւ սահմանափակ մասնակցությամբ կամ առանց անդամության ՀԿ, որը մի շարք բնագավառներում, օրինակ՝ գիտահետազոտական, մշակութային, սպորտային եւ այլն, ՀԿ-ների գործունեության համար նախընտրելի կազմակերպական-իրավական ձեւն է:
2) Անվանումը: Գործող օրենսդրությամբ նախատեսված են ՀԿ-ների անվանմանն առնչվող մի շարք պահանջեր, մասնավորապես՝ կազմակերպության գործունեության բնույթի արտահայտումը, այլ կազմակերպական-իրավական տեսակ մատնանշող բառերի օգտագործման արգելքը եւ այլն, սակայն բացակայում է ՀԿ-ների եւ այլ կազմակերպությունների անվանումների կամ խորհրդանիշների շփոթության աստիճան նման լինելու արգելքը: Բացի այդ, թերի է կարգավորված ՀԿ-ների անվանման պաշտպանության, ինչպես նաեւ անվանմանը ներկայացվող պահանջների ապահովման գործընթացում ՀՀ պետական գրանցման ռեգիստրի գործակալության իրավասությունների շրջանակը:
3) Գրանցումը: Չնայած վերջին տարիների ընթացքում առկա է զգալի առաջընթաց առեւտրային կազմակերպությունների գրանցման հարցում, մասնավորապես՝ գրանցումը կատարվում է մեկ պատուհանի սկզբունքով, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տիպային փաթեթը պատրաստվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության ցանկացած գրասենյակում, վերացվել է տարածքային տարանջատումը, այդուհանդերձ՝ ոչ առեւտրային կազմակերպությունների զգալի մասը, այդ թվում՝ ՀԿ-ները կարող են գրանցվել միայն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության կենտրոնական ստորաբաժանումներում՝ Երեւան քաղաքում: Նշված հանգամանքը խոչընդոտում է մարզերի քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը: Ավելին, նշված կազմակերպությունների գրանցման համար հասանելի չի առցանց գրանցման համակարգը: Բացի այդ, ՀԿ-ների գրանցման համար օրենքով սահմանված է 21 օրյա ժամկետ, մինչդեռ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով իրավաբանական անձանց գրանցման ընդհանուր ժամկետը 2 աշխատանքային օր է: Ավելի ուշ ընդունվելու կապակցությամբ՝ նշված օրենքում առկա են կարգավորումներ, որոնք լիովին չեն համապատասխանում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին:
4) Իրավական կարգավորումների ազատականացումը: Գործող օրենսդրությունը ՀԿ-ների կառավարման հարցում բավականին ազատական մոտեցում է դրսեւորել՝ կազմակերպության կառուցվածքի ձեւավորումը թողնելով կանոնադրությանը: Նման մոտեցումը արդարացված է՝ հաշվի առնելով, որ այն թույլ է տալիս կանոնադրությամբ սահմանել ՀԿ-ի գործունեության առանձնահատկություններին առավել համապատասխանող կառուցվածք: Սակայն, դեռեւս առկա է թերկարգավորում, մասնավորապես՝ ՀԿ-ի գործունեության վայրը, կառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված լիազորությունները եւ այլն կանոնադրությունում ներառելու պահանջները բերում են կանոնադրության ծանրաբեռնմանը, իսկ համապատասխան տվյալների փոփոխության դեպքում՝ նաեւ կանոնադրության փոփոխությանն ու դրա պետական գրանցմանը:
5) Ֆինանսական կայունության ապահովում: ՀԿ-ների գործունեության արդյունավետության ապահովման կարեւոր նախադրյալներից է դրանց ֆինանսական կայունության ապահովումը: Այդ առումով կարեւոր գործիք կարող է հանդիսանալ ՀԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, որը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ: Ներկայումս ՀԿ-ները ձեռնարկատիրական գործունեությամբ կարող են զբաղվել միայն առեւտրային կազմակերպություն ստեղծելու կամ այդպիսի կազմակերպության մասնակիցը դառնալու միջոցով: Մինչդեռ, ԵԽ անդամ երկրներում, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության, ոչ առեւտրային կազմակերպությունների համար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք նախատեսված է: Նման կարգավորում առկա է նաեւ ԱՄՆ-ի եւ մի շարք այլ զարգացած երկրների օրենքներում:
6) Կամավորության ինստիտուտի օրենսդրական հստակ սահմանումը: Թեեւ կամավորականությունը մշտապես եղել եւ մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը, սակայն կամավորների աշխատանքի ընթացքում առաջացող հարաբերությունները ՀՀ օրենսդրությամբ թերի են կարգավորված, որը խոչնդոտում է մասնավորապես՝ ՀԿ-ների կողմից իրականացվող ծավալուն եւ հանրային նշանակության ծրագրերում օրինական հիմունքներով կամավորների ներգրավմանը:
7) Հաշվետվողականությունը եւ հանրային վերահսկողությունը: Ի տարբերություն առեւտրային կազմակերպությունների՝ ՀԿ-ների գործունեությունը հաճախ ունի հասարակական ավելի մեծ նշանակություն, քանզի ՀԿ-ները ակտիվ եւ էական դերակատարում ունեն հանրային կառավարման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ՝ կրթությունը, սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը եւ այլն: Ուստի, ՀԿ-ների գործունեությունն ունի մեծ նշանակություն նաեւ հասարակության լայն շրջանակների համար եւ ըստ այդմ՝ պետք է լինի հնարավորինս թափանցիկ եւ վերահսկելի: Հասարակությունը պետք է տեղեկացված լինի մասնավորապես՝ ՀԿ-ների գործունեության, ներգրավված միջոցների, դրանց աղբյուրների եւ գործունեության ընդհանուր արդյունքների վերաբերյալ: Սակայն, մյուս կողմից՝ հաշվետվողականության համակարգը պետք է անհամաչափ բեռ չստեղծի ՀԿ-ների համար, ուստի դա պետք է գործի միայն օրենքով նախատեսված որոշակի պայմաններում՝ ապահովելով կիրառվող միջոցների համաչափությունը: Բացի այդ, նշված գործընթացն առվել արդյունավետ դարձնելու նպատակով նպատակահարմար է ներդնել ֆինանսական գործունեության աուդիտը, որը ներկայումս իրականացվում է ոչ առեւտրային այլ կազմակերպությունների՝ կուսակցությունների եւ հիմնադրամների դեպքում, սակայն ՀԿ-ներ դեպքում՝ կարգավորումը բացակայում է:
8) Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների՝ որպես առանձին կազմակերպական-իրավական ձեւի նախատեսում եւ օրենսդրական կարգավորում. Որպես հիմնադրամների առանձնահատուկ տարատեսակ առաջարկվում է սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը (ԱԿՀ): ԱԿՀ-ն հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի՝ որպես առանձին ինստիտուտի, առանձնահատկությունները կսահմանվեն օրենքով:
ԱԿՀ-ի որպես նվիրատվություն ստացած գումարի ազատ տնօրինման իրավունքը կսահմանափակվի օրենքով. ԱԿՀ-ները պարտավորված կլինեն տվյալ միջոցները ներդնել, եւ ներդրումից ստացված շահույթը կարող են տնօրինել միայն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան:
ԱԿՀ-ները միջազգային պրակտիկայում համարվում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ մշակութային եւ կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը: Նշված ինստիտուտի ներդնումը կնպաստի մշակութային եւ կրթական կազմակերպությունների գործունեության կայունության եւ արդյունավետության բարձրացմանը, քանի որ հաճախ նման կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտում է ֆինանսական միջոցների սղությունը կամ դրամական հոսքերի անկայունությունը: ԱԿՀ-ները կարող են կիրառվել առողջապահական, կրթական, համայնքային զարգացման եւ այլ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Օրենքով ԱԿՀ-ի նախատեսումը հնարավորություն կտա ունենալ հավելյալ գործիք՝ ուղղված ՔՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովմանը: Միեւնույն ժամանակ հստակ օրենսդրական կարգավորումը կնվազեցնի հարկերից խուսափելու, փողերի լվացման եւ այլ չարաշահումների ռիսկերը, կապահովի գործունեության թափանցիկությունը եւ կխթանի մասնավոր անձանց կողմից ֆինանսական միջոցների տրամադրումը:
Առաջարկվող լուծումները
Վերը նշված խնդիրների լուծման նպատակով մշակվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որից հետո՝ ՀԿ-ների եւ շահագրգիռ այլ կառույցների հետ անցկացվեցին մի շարք քննարկումներ: Բազմաթիվ առաջարկությունների հիման վրա լրամշակված եւ սույն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացվող ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում են մասնավորապես հետեւյալ լուծումները՝
1) նախատեսել ՀԿ-ի 2 տեսակ՝ անդամության վրա հիմնված (եթե կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների պարտադիր անդամություն նախատեսված է) եւ սահմանափակ անդամություն ունեցող (եթե կազմակերպության կանոնադրությամբ անդամների թիվը սահմանափակված է կամ նախատեսված են անդամության համար անհրաժեշտ պայմաններ).
2) ՀԿ-ի անդամ կարող են լինել նաեւ իրավաբանական անձինք, բացառությամբ՝ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների եւ արհեստակցական միությունների, ինչպես նաեւ օրենքով եւ (կամ) իրենց կանոնադրությամբ՝ ՀԿ հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն չունեցող իրավաբանական անձանց.
<font size="2" face="Arial A