Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
1. Անհրաժեշտությունը .
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում առեւտրի եւ ծառայությունների վայրի կազմակերպիչի լիցենզավորման գործընթացը, առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:
1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) որոշ ձեւակերպումներ ժամանակավրեպ են եւ աննպատակահարմար, մասնավորապես՝
1) օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքի գնապիտակ պետք է ստորագրվի պաշտոնատար անձի կողմից, որը գտնում ենք աննպատակահարմար է եւ ժամանակի ավելորդ կորուստ կարող է առաջացնել տնտեսվարողի համար,
2) օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի բ) ենթակետում նշվում է, որ ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պետք է պարտադիր նշված լինի վառարանից արտադրանքի հանման ժամը, որը անվերահսկելի պահանջ է,
3) օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետում նշվում է, որ հանրային սննդի օբյեկտի վաճառողը կամ աշխատողը՝ բարմենը, մատուցողը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստավածության մասին դիպլոմ կամ վկայական, սույն դրույթը կարող է խոչընդոտ առաջացնել այն անձանց համար ովքեր (օր. ուսանողները) ցանկություն են հայտնում կարճաժամկետ (սեզոնային) աշխատանք իրականացնել,
4) օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողին ներկայացվող պահանջները, սակայն տվյալ պահանջի խախտման համար որեւէ պատասխանատվության միջոց սահմանված չէ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով, հաշվի առնելով այլ պետությունների մասնավորապես ԵՄ անդամ պետությունների ուսումնասիրված փորձը, որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.
Ուժը կորցրած ճանաչել հանրային սննդի օբյեկտում աշխատող՝ բարմենին, մատուցողին մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի առկայության պարտադիր պահանջները,
Հանել պաշտոնատար անձի կողմից գնապիտակների ստորագրման, ուղեկցող հաշվարկային փաստաթղթում վառարանից հացի հանման ժամի նշված լինելու պահանջները,
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորումների հետ կապված տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզավորման գործընթացը ծանուցման փոփոխման արդյունքում տնտեսավարող սուբյեկտների ծախսերը կնվազեն 103 970 791 ՀՀ դրամով կամ կարգավորման հետ կապված ծախսերը կնվազեն 72,28 տոկոսով