Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1097-02.06.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ին ընդունված N ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետում «հզորությամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սպառողի կողմից կարող է մատուցվել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ եւ սույն օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ:»:

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաեւ սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումը սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում «28» թիվը փոխարինել «60» թվով:

Հոդված 6. Օրենքի 56.1-ին հոդվածի 4-րդ մասում «չեն կարգավորման» բառերից հետո լրացնել «, այդ հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն (այդ թվում՝ առուվաճառքին) առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ» բառերը եւ նույն հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ինքնավար էներգաարտադրողը շուկայի կանոններով սահմանված կարգով կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով՝ առանց հետագայում այն վերականգնելու իրավունքի:»:

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասում «կարգավորումները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն օրենքի 56.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: