Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-900-18.11.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի  Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-243-Նօրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր? 10-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«10. Սույն օրենքով սահմանված եւ հաշվարկված կենսաթոշակների չափը չորս զավակ ունեցող, կենսաթոշակառու  մայրերին ավելացվում է նախատեսված կենսաթոշակից   20%-ով  ավելի, հինգ զավակներ ունեցող մայրերին? 40%-ով ավելի, իսկ վեց եւ ավելի զավակներ ունեցողներին` 60%-ից ավելի»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԸ

 Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը

1. Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:

Կենսաթոշակի իրավունք ունեցող` տասնչորս տարին լրացած անձը կարող է կենսաթոշակ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ:

2. Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը կայացվում է, եթե ներկայացված փաստաթղթերը եւ առկա տեղեկատվությունը բավարար են անձին կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է աշխատանքային ստաժում չհաշվառված ժամանակահատված:

7. Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին  որոշում կայացվում է, եթե`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար.

4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:

8. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին  որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին  պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաեւ կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի եւ դրա իրականացման կարգի վերաբերյալ:

9. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 Օրենքի նախագծի ընդունմամբ չորս եւ ավելի զավակներ ունեցող բազմազավակ մայրերի կենսաթոշակները որոշակիորեն կավելանա: Բնականաբար, ֆինանսական այս աջակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա ծնելիության աճին, այսինքն` բազմազավակ մայրերը եւ` երեխայի ծնունդով պայմանավորված, եւ` կենսաթոշակի անցնելուց որոշակի ֆինանսական աջակցություն կստանան: Նկատի ունենալով, որ ծնելիության աճը մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է, ուստի այս նպատակին պետական ֆինանսական միջոցներ ուղղելը կարծում ենք արդարացված անհրաժեշտություն է: