Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը դատարանն առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու, անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածը լրացնել նոր 5.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Դատարանն անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ձեւափոխելու, իսկ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր, եթե տվյալ հայցի ապահովման միջոցը կիրառելու մասին որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկել առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու: Այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա այն դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկվում վերաքննիչ դատարանի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո չորս ամսվա ընթացքում: