Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 22-րդ կետով.
« 22) Նպատակային ուսուցում` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. Ուսանողը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, ՀՀ կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:
Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բուհը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին եւ երրորդ պարբերություններում «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: