Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9041-02.12.2015-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 27-րդ կետով.

« 27) Նպատակային ուսուցում` մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. Ուսանողը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, ՀՀ կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բուհը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունում «հաստատությունների,» բառից հետո լրացնել «նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ » բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: