Հոդված 1. «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-111-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Ծանուցման ժամկետները
1. Պետական լիազոր մարմինը, որոշումն ընդունելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով անմիջապես տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն այն փոստով ուղարկում է հայտատուին: Հայտատուն կարող է նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ նաեւ առձեռն:
2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով ծանուցելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով ծանուցելու դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «վճարումը հաստատող փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, նաեւ զեղչով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «՝ 10-օրյա ժամկետում,» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 56.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «10-օրյա ժամկետում» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: