Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս, անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 155-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգիրք 314-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 314. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը
1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք կամ էլեկտրոնային եղանակով հաստատելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքը համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի բովանդակությանը:
2. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմում, որը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը՝
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը.
բ. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.
գ. երկիրը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
դ. անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը:
2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝
ա. անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.
բ. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.
գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
դ. հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝ կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը եւ հաստատող փաստաթղթերի պատճենները,
ե. անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը:
3. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժելու դեպքում դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը:
4. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժվում է, եթե չի ներկայացվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտության հաստատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ (կամ) փաստաթղթերը:
5. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական անձի անուն, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.
2) Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.
3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
4) նշում Հայաստանի Հանրապետության եւ տեղեկանքի ներկայացման երկրի միջեւ գործող՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կիրառման նպատակով, եթե նման համաձայնագիր առկա է.
5) համակարգի կողմից գեներացվող համապատասխան ծածկագիր եւ ծածկագիր պարունակող QR կոդ:
6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ հարկային տարիների ռեզիդենտությունը հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ըստ տարիների եւ երկրների տրամադրվում է առանձին:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածները տարածվում են այն դեպքերի վրա, երբ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո:
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ռեզիդենտության հաստատման հետ կապված կարգավորումները տարածվում են 2025 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա, իսկ ֆիզիկական անձանց ռեզիդենտության հաստատման հետ կապված կարգավորումները տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա: Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները: