Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի,» բառով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի.
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից:
Կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաեւ առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդության քննարկումը եւ լուծումը, ինչպես նաեւ կալանավորված անձի կողմից դրա կապակցությամբ կայացված որոշման բողոքարկումն իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ վերջիններիս կողմից ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ եւ փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա:
Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ նրա տեսակցության տեւողությունը կարող է սահմանափակվել պաշտպանի հետ տեսակցության սահմանափակման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով եւ կարգով:
Եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության եւ բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին՝ այդ որոշման պատճենը տրամադրելով ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաեւ տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին: Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձն ինքն է ընտրում այն փաստաբաններին կամ պաշտպաններին, ում հետ պետք է տեսակցի:»,
2) երկրորդ մասը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով,
3) երրորդ մասում «պաշտպանը» բառը փոխարինել «փաստաբանը կամ պաշտպանն» բառերով,
4) չորրորդ եւ հինգերորդ մասերը «տեսակցությունը» բառից հետո լրացնել «օրինական ներկայացուցչի,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը «մարդու իրավունքների պաշտպանին» բառերից հետո լրացնել «փաստաբանին կամ» բառով:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Նախագծի մշակման նախապատմությունը
Քննարկման ներկայացվող նախագծի մշակման համար հիմք են ծառայել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը քրեական գործով որպես պաշտպան ներգրավված փաստաբանից դիմում է ստացել այն մասին, որ ոչ աշխատանքային օր լինելու պատճառով իրեն քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ: Մարդու իրավունքների պաշտպանն այդ մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարին եւ եզրահանգել, որ, փաստորեն, քրեական վարույթին մասնակցող պաշտպաններին ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող իրենց պաշտպանյալների հետ տեսակցել թույլ չտալը համընդհանուր պրակտիկա է: Պատճառն այն է, որ այդ հիմնարկների գործունեությունը կանոնակարգող՝ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ արգելվում են նշված կատեգորիայի անձանց տեսակցությունն իրենց պաշտպանների հետ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Սա, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, խախտում է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց իրավունքները, ինչպես նաեւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին:
Վերը նշված խնդրի լուծման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագիծ: Սահմանված կարգով շրջանառելուց եւ շահագրգիռ մարմիններից ու կազմակերպություններից ստացված նկատառումներն ամփոփելուց հետո նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ կառավարության մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի 2015թ թվականի փետրվարի 12-ի նիստում հիշյալ նախագծի քննարկման արդյունքում փաստաբանների կամ պաշտպանների հետ ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցության իրավունքի իրացման մեխանիզմների համապարփակ կարգավորման նպատակով ՀՀ արդարադատության նախարարին տրվել են հետեւյալ հանձնարարականները.
«1) օգտվելով միջազգային հաջողված փորձից՝ լրամշակել որոշման նախագիծը՝
ա. նախատեսելով պաշտպանյալի հետ փաստաբանի տեսակցության ընթացակարգերը՝ այդ իրավունքի հնարավոր չարաշահումների դեպքերը բացառելու նպատակով,
բ. կարգավորումներ նախատեսելով ձերբակալված անձանց մասով՝ մի կողմից իրավաբանական օգնությունն ապահովելու, մյուս կողմից անհրաժեշտ քննչական գործողություններն անհարկի չսահմանափակելու նպատակով,
գ. նախատեսելով փաստաբան չհանդիսացող անձի կողմից իրավաբանական օգնություն ցուցաբերելու ողջամիտ եւ անհրաժեշտ դեպքեր»:
Ի կատարումն նշված հանձնարարականի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության իրավունքի ապահովման ոլորտի ՀՀ օրենսդրության ամբողջական ուսումնասիրություն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ օրենսդրությունն ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման, դրանց պատշաճ իրացման մեխանիզմների առումով համակարգային կատարելագործման կարիք ունի: Հարցն այն է, որ նշված կատեգորիայի անձանց իրավունքները երաշխավորող, դրանց իրականացման ու պաշտպանության կարգը սահմանող ակտերի միասնական համակարգ գոյություն չունի: Բացի այդ, առկա են բազմաթիվ հակասություններ հավասար կամ տարբեր իրավական ուժ ունեցող ակտերի միջեւ: Սրանք գլխավորապես այնպիսի հարցեր են, որոնք համակարգային առումով ենթակա են լուծման ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքով: Ընդ որում, նոր օրենսգրքի հայեցակարգն արդեն իսկ ենթարկվել է միջազգային փորձաքննության. դրա առաջնահերթ խնդիրների թվում սահմանված է ոլորտի կարգավորումների միասնականացումը:
Այդուհանդերձ, հաշվի առնելով քրեական արդարադատության շրջանակներում ազատությունից զրկված անձանց իրավունքների իրականացման եւ պաշտպանության մեխանիզմների հրատապ կատարելագործման անհրաժեշտությունը՝ քրեակատարողական օրենսդրության գործող համակարգի պայմաններում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագիծ: Հարցի լուծման ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ գործնականում օրենսդրական քննարկվող նախագծի լուծումների լիարժեք իրացման երաշխավորման նպատակով մշակվել են նաեւ այդ նախագծի լուծումներով պայմանավորված՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծեր, որոնք Կառավարության քննարկմանը կներկայացվեն օրենքի նախագծի ընդունումից անմիջապես հետո: Այդ նախագծերը սահմանված կարգով ամբողջական փաթեթով շրջանառվել են եւ ամփոփվել շահագրգիռ մարմիններից ու կազմակերպություններից ստացած դիրքորոշումների հիման վրա:
Վերոգրյալով հանդերձ, քննարկման ներկայացվող նախագծում տեղ գտած դրույթների սահմանման հիմնավորումները հանգում են հետեւյալին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական եւ դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում առանձնակի կարեւորվում է քրեական արդարադատության ոլորտում հայտնված անձանց իրավունքների եւ օրինական շահերի, դրանց լիարժեք իրացումն ապահովող համակարգերի սահմանումն ու նորովի արժեւորումը: Ընդ որում, անհրաժեշտ է ներդնել ինստիտուցիոնալ եւ ընթացակարգային այնպիսի մեխանիզմներ, որոնք այդ իրավունքների պաշտպանությունը կդարձնեն ոչ թե պատրանքային, այլ իրական:
Այս առումով, հատկապես կարեւոր է քրեական արդարադատության համակարգում առավել խոցելի վիճակում, այն է՝ քրեակատարողական հիմնարկներում եւ ազատությունից զրկման մյուս վայրերում գտնվող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխավորումը՝ հիմք ընդունելով ոլորտի միջազգային իրավաբանության պահանջներն ու առաջադեմ երկրների փորձը:
Հատկապես արդիական է քրեական վարույթի շրջանակներում ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, նրանց համար հարկադրանքի այդ միջոցների կրման հետ կապված արժանապատիվ պայմանների ստեղծումը՝ հետագայում հասարակություն նրանց վերինտեգրման ապահովման նպատակով: Մյուս կողմից, անհրաժեշտ է ստեղծել երաշխիքներ հարկադրանքի այդ միջոցների կատարման համար պատասխանատու մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործունեության համար՝ առանց վնասելու այն հիմնարկների անվտանգությունը, որտեղ պահվում են նշված կատեգորիայի անձինք:
Վերոգրյալ մոտեցումներով էլ պայմանավորված՝ անհրաժեշտ է նախեւառաջ կատարելագործել ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց իրավաբանական օգնության ու, մասնավորապես, պաշտպանության իրավունքի իրականացման հետ կապված հարցերը:
Ընդհանրապես, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական հասարակությունում անձի հիմնարար իրավունքներից է, իսկ դրա պատշաճ իրացումն ապահովող իրավական կանոնների առկայությունը ժամանակակից իրավական պետությանը բնորոշ կարեւոր գործոն է: Այս իրավունքի իրականացումից է հաճախ կախված անձի մյուս իրավունքների իրականացումը:
ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:
Սահմանադրական մեջբերված նորմերը հետագա ամրագրում են ստացել ճյուղային օրենսդրության մեջ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասն, իբրեւ սկզբունք, ամրագրում է կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքը եւ դրա ապահովումը: Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, ինչպես նաեւ 65-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանում են, որ կասկածյալը եւ մեղադրյալն իրավունք ունեն առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցվել իրենց պաշտպանի հետ` առանց դրանց թվի եւ տեւողության սահմանափակման[1] : Ձերբակալված կամ կալանավորված անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն ամրագրված է նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում:
Ինչպես երեւում է մեջբերված դրույթների ուսումնասիրությունից, կասկածյալի կամ մեղադրյալի կողմից իրենց պաշտպանի հետ անարգել տեսակցելու իրավունքի նկատմամբ սահմանափակումներ (այդ թվում՝ ժամանակային) չեն տարածվում: Ավելին, օրենքով ամրագրված է իմպերատիվ պահանջ առ այն, որ այս տեսակցությունները պետք է լինեն անարգել՝ առանց դրանց թվի եւ տեւողության սահմանափակման:
Սրա հետ միասին, պաշտպանի հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հնարավոր դեպքերն օրենքում սպառիչ կարգավորում ունեն: Օրինակ՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց մի շարք իրավունքների իրականացումը` այդ թվում, տեսակցությունների սահմանափակման միջոցով: Մեկ այլ դեպքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման ուժով կասկածյալի հետ պաշտպանի տեսակցության տեւողությունը կարող է սահմանափակվել, եթե առկա է կասկածյալի մասնակցությամբ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Ամեն դեպքում, պաշտպանի հետ կասկածյալի տեսակցության ժամկետը չի կարող 2 ժամից պակաս լինել:
Քննարկվող հարցի վերաբերյալ այլ մոտեցումներ են տեղ գտել ՀՀ կառավարության՝ ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի գործունեությունը կարգավորող որոշումներում:
Այսպես, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 144-րդ կետի համաձայն` երկարատեւ տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատեւ տեսակցությունը տրամադրվում եւ անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000 -1700 -ը ընկած ժամանակահատվածում:
ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի թիվ 595-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգի 125-րդ կետը սահմանում է, որ գիշերային ժամերին խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին եւ առողջությանն ամիջական վտանգ է սպառնում, ինչպես նաեւ անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Նմանատիպ կարգավորում է բովանդակում նաեւ ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը (92-րդ կետ) եւ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերի ներքին կանոնակարգը (55-րդ կետ):
Մեջբերված նորմերի ուսումնասիրությունը նախ եւ առաջ վկայում է, որ ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցելը հնարավոր է միայն աշխատանքային օրերին եւ աշխատանքային ժամերին, եւ այս կանոնը տարածվում է նաեւ պաշտպանի հետ տեսակցությունների վրա: Բացի այդ, ձերբակալված կամ կալանավորված անձն իրավաբանական օգնության իրավունքի իրականացման նպատակով տեսակցելու հնարավորություն ունի բացառապես իր պաշտպանի հետ: Այս կարգավորումներն, ըստ էության, սահմանվել են՝ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաեւ քրեական գործի քննության ընթացքում հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությունը:
Քննարկվող հարցի առավել ամբողջական բացահայտման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի ոլորտի միջազգային չափանիշների եւ արտասահմանյան երկրների օրենսդրական փորձի ուսումնասիրությունը:
Այսպես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1988 թվականի Կալանավորված կամ ազատազրկված անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի 18-րդ սկզբունքը սահմանում է, որ կալանավորված կամ ազատազրկված անձն ունի իր փաստաբանի հետ հաղորդակցվելու եւ խորհրդակցելու իրավունք: Նույնը սկզբունքը նախատեսում է, որ կալանավորված կամ ազատազրկված անձին պետք է տրամադրվեն բավարար ժամանակ եւ պայմաններ իր փաստաբանի հետ խորհրդակցելու համար: Կալանավորված կամ ազատազրկված անձի՝ փաստաբանի այցելության, նրա հետ առանց ահապաղելու կամ գրաքննության եւ լիարժեք գաղտնիության պայմաններում խորհրդակցելու եւ հաղորդակցվելու իրավունքը չի կարող կասեցվել կամ սահմանափակվել, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական կարգավորումներով սահմանված այն դեպքերի, երբ դատարանի կամ իրավասու այլ մարմնի կողմից համարվել է անհրաժեշտ՝ անվտանգության եւ սահմանված կարգի ապահովման նպատակով (18-րդ սկզբունքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասեր):
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, թեեւ ուղղակիորեն չի սահմանում հանցանք կատարելու մեջ մեղադրվող եւ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի՝ փաստաբանի կամ պաշտպանի հետ անարգել հաղորդակցվելու իրավունքը, այդուհանդերձ Եվրոպական դատարանն ընդունում է, որ պաշտպանի եւ նրա պաշտպանյալի տեսակցությունները պետք է լինեն անարգել, առանց քանակի եւ տեւողության սահմանափակումների: Եվրոպական դատարանի գնահատմամբ, պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ պաշտպանի եւ նրա պաշտպանյալի հաղորդակցությունների քանակն ու տեւողությունը արհեստականորեն սահմանափակելուց:
Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում է հանցանքի կատարման մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի նվազագույն իրավունքները, որոնց թվում կարեւոր նշանակությամբ է առանձնանում քրեական գործով սեփական պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ եւ միջոցներ ունենալու իրավունքը: Եթե կոնվենցիոն այս պահանջը դիտարկենք 6-րդ հոդվածի լույսի ներքո եւ քննարկման առարկա դարձնենք հանցագործության մեջ մեղադրվող անձի օրինական շահերի պաշտպանության ողջ ընթացքը, ապա կստացվի, որ պաշտպանությանը նախապատրաստվելու համար բավարար ժամանակ ունենալու գաղափարն ինքնին ենթադրում է այնքան ժամանակ, որն անհրաժեշտ է փաստաբանին պաշտպանությունն իրականացնելու համար, ընդ որում` վերջինիս համար խոչընդոտներ սահմանելն անթույլատրելի է հենց արդար դատաքննության տեսանկյունից:
Այս առումով, Եվրոպական դատարանի Ջասպերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռի ուսումնասիրությունից հետեւում է, որ եվրոպական դատարանը ելնում է պաշտպանության միասնական իրավունքի գաղափարից (Jasper v. the United Kingdom գործով 2000 թվականի փետրվարի 16-ի վճիռը, գանգատ թիվ 27052/95): Հետեւաբար, կախված պաշտպանության բնույթից եւ գործառույթներից, գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ պաշտպանության իրականացումը կախվածության մեջ է դրվում պաշտպանյալի հետ թեկուզ մեկ հանդիպումից (դիրքորոշման համաձայնեցում, որեւէ նյութի կամ ապացույցի քննարկում, միջնորդություն ներկայացնելու կամ բացարկ հայտնելու հնարավորության քննարկում եւ այլն): Հակառակ դեպքում, ոչ միայն կարող է վնասվել պաշտպանության արդյունավետության, այլ նաեւ մասնագիտական պարտքի պատշաճ կատարման եւ պաշտպանյալի շահերը չվնասելու փաստաբանական սկզբունքները, ինչից անխուսափելիորեն կտուժի ոչ միայն արդարադատությունը, այլեւ փաստաբանության ինստիտուտի նկատմամբ հանրային վերաբերմունքը:
Իսանովն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռում Եվրոպական դատարանը արձանագրել է, որ դատական նիստերն անցկացվել էին յուրաքանչյուր աշխատանքային օր եւ տեւել ամբողջ օր, որոնց ընթացքում դիմումատուին եւ նրա փաստաբանին չէին ընձեռվել խորհրդակցելու եւ հաղորդակցվելու բավարար հնարավորություններ, եւ նրանք ստիպված էին հաղորդակցվել դատական նիստերի դահլիճում՝ դատավարության բոլոր մասնակիցների ներկայությամբ: Այնինչ, հանգստյան եւ ոչ աշխատանքային օրերին, փաստաբանի մուտքը քրեակատարողական հիմնարկ եղել է արգելված: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ նման սահմանափակումներն անխուսափելիորեն հանգեցրել են դիմումատուի կողմից իր փաստաբանների հետ հաղորդակցվելու եւ նրանց հարցեր հղելու անհրանինությանը, ինչն էական նշանակություն է ունեցել պաշտպանության նախապատրաստման համար (Isanov v. Azerbaijan գործով 2013 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 16133/08, կետ 168):
Նշված խնդիրների բացահայտման համատեքստում առանցքային է նաեւ արտասահմանյան երկրների օրենսդրական փորձի ուսումնասիրությունը:
Եվրոպական մի շարք երկրների (օրինակ՝ Գերմանիա, Ֆինլանդիա, Նիդեռլանդներ եւ այլն) օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս վեր հանել տեսակցությունների իրավունքի իրացման առնչվող մի շարք ընդհանուր պահանջներ, որոնք վերաբերում են տեսակցությունների նվազագույն տեւողությանը, այդ իրավունքի սահմանափակման իրավական հիմքերին եւ այլն: Այս առումով, հատկանշական է, որ, օրինակ, Գերմանիայի Բանտային ակտը նախատեսում է տեսակցության իրավունքի սահմանափակում միայն այն դեպքերում, երբ վտանգված է քրեակատարողական հիմնարկի անվտանգությունն ու կարգը կամ քրեական օրենսգրքի իմաստով ազգական չհանդիսացող անձանց հետ տեսակցությունը, եթե մտավախություն կա, որ վերջիններս ազատությունից զրկված անձի վրա կարող են ունենալ վնասակար ազդեցություն կամ խոչընդոտել նրա ինտեգրմանը: Նիդերլանդներում տեսակցությունները կարող են մերժվել միայն քրեակատարողական հիմնարկի անվտանգության, հասարակական կարգի եւ ազգային անվտանգության պահպանման, հանցագործությունների կանխարգելման կամ հանցագործությունից տուժողների պաշտպանության նպատակով:
Բացի այդ, ելնելով ազատությունից զրկված անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի կարեւորությունից՝ եվրոպական երկրների մեծ մասում նախատեսվում են տեսակցության իրավունքի անարգել իրականացման լրացուցիչ երաշխիքներ այն դեպքում, երբ տեսակցությունը կապված է իրավական հարցերի լուծման հետ: Այս առումով, օրինակ, Գերմանիայի Բանտային ակտը սահմանում է, որ տեսակցությունները պետք է թույլատրվեն, եթե դրանք ուղղված են ազատությունից զրկված անձի առողջության պահպանմանը կամ վերջինիս ինտեգրմանը, կամ կապված են անձնական, իրավական կամ գործնական խնդիրների հետ, որոնք հնարավոր չէ լուծել գրավոր եղանակով, այլ անձանց միջոցով կամ հետաձգել մինչեւ դատապարտյալի ազատ արձակումը: Բացի այդ, ակտի 26-րդ հոդվածն ամրագրում է, որ պաշտպանի կամ փաստաբանի հետ տեսակցությունները՝ կապված իրավական խնդիրների լուծման հետ, պետք է թույլատրվեն:
Ֆինլանդիայում ազատությունից զրկված անձանց տեսակցության իրավունքի հետ կապված հարցերն իրենց ամրագրումն են գտել Քրեակատարողական ակտում եւ 2006 թվականի հունիսի 21-ի նույնանուն որոշման մեջ: Այս օրենսդրական ակտերի համաձայն՝ ազատությունից զրկված անձինք ունեն տեսակցությունների իրավունք այդ նպատակով սահմանված ժամերին՝ պայմանով, որ դրանք չեն խոչընդոտի քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը: Սակայն տեսակցությունները կարող են թույլատրվել նաեւ ցանկացած այլ ժամանակ, եթե դա անհրաժեշտ է ազատությունից զրկված անձանց հետ կապ հաստատելու համար կամ այլ հատուկ նպատակով, (օրինակ՝ անհետաձգելի հարց լուծելու համար): Տեսակցության ժամերը յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում կարող են որոշակիորեն տարբերվել, սակայն դրանք, որպես կանոն, կազմակերպվում են հանգստյան օրերին (շաբաթ եւ կիրակի)՝ հիմնարկի այլ աշխատանքներին չխանգարելու նպատակով:
Նիդերլանդների Քրեակատարողական սկզբունքների ակտի համաձայն՝ փաստաբանները կարող են այցելել իրենց վդտահորդներին առանց ժամանակային սահմանափակումների:
ՌԴ Գերագույն դատարանն իր հերթին 2006թ. մարտի 2-ի որոշմամբ անվավեր է ճանաչել ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի կանոնների 83-րդ կետը, որով նախատեսվում է փաստաբանի հետ ազատազրկվածի տեսակցության սահմանափակում դատապարտյալի համար ոչ աշխատանքային ժամերին եւ միայն վերկացից մինչեւ քուն ընկած ժամանակահատվածում:
Վերը շարադրված միջազգային կարգավորումների եւ փորձի հիման վրա էլ ստորեւ ներկայացվում են «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում եւ դրա հետ կապված՝ ՀՀ կառավարության որոշումներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների հիմնավորումներն՝ ըստ առանձին հարցերի:
Տեսակցությունը պաշտպանությունը ստանձնելու նպատակով ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցության եկած փաստաբանի հետ:
Ինչպես երեւում է վերը նկարագրված ուսումնասիրությունից, ՀՀ գործող իրավակարգավորումները ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահում են միայն իր պաշտպանին տեսակցելու իրավունք: Ընդ որում, այդ մասին հստակ սահմանում են թե՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, թե՛ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերի կանոնակարգերը:
Նման կարգավորումներն, ըստ էության, բացառում են քրեական վարույթի շրջանակներում անազատության մեջ գտնվող անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը որեւէ այլ սուբյեկտի կողմից. միակ հնարավոր սուբյեկտը քրեական գործով պաշտպան ներգրավված անձն է:
Իրականում, գործնականում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ձերբակալված կամ կալանավորված անձին անհրաժեշտ է տեսակցել դեռ պաշտպան չհանդիսացող փաստաբանին՝ վերջինիս կողմից պաշտպանությունն իրականացնելու համաձայնության համար: Ներկայում փաստաբանները հանդիպում են որոշակի բարդությունների: Մասնավորապես, ասենք, ձերբակալված անձի ազգականի հրավերով փաստաբանը ցանկանում է այցելել ձերբակալվածին՝ վերջինիս պաշտպանությունը ստանձնելու եւ քրեական գործին՝ որպես պաշտպան ներգրավվելու համար: Փաստաբանը նման դեպքերում ստիպված է սպասել քննիչին եւ ազատությունից զրկման վայր այցելել քննիչի հետ միասին: Հակառակ դեպքում նրան թույլ չի տրվի մուտք գործել այդ վայր: Այսպիսի պրակտիկան խնդրահարույց է այն առումով, որ, օրինակ, փաստաբանը կարող է ստիպված լինել քննիչին սպասել մի ամբողջ օր այն պատճառով, որ վերջինս, թեեւ օբյեկտիվորեն, պետք է իրականացնի անհետաձգելի քննչական գործողություններ: Սա ուղղակիորեն ազդում է ձերբակալված անձի պաշտպանության իրավունքի վրա: Բացի այդ, գործնականում հնարավոր են նաեւ այնպիսի իրավիճակներ, երբ քննիչի հետ ձերբակալված անձին այցելության եկած փաստաբանը չներգրավվի պաշտպան՝ ձերբակալված անձի կողմից համաձայնության չգալու պատճառով: Այս դեպքում քննիչը ստիպված կլինի ձերբակալվածներին պահելու վայր այցելել եւս մեկ անգամ՝ այլ փաստաբանի հետ:
Ելնելով նշված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից՝ նախագծերով առաջարկվում են այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայր մուտք գործել նաեւ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանին:
Պաշտպանի եւ պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն նաեւ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին:
Նախագծերում առաջարկվող կարգավորումները կոչված են լուծելու նաեւ գործնականում առաջացող այնպիսի իրավիճակներ, որոնք խոչընդոտում են ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավաբանական օգնության լիարժեք եւ համապարփակ ապահովմանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է, օրինակ, շաբաթ օրը, եւ վերջինս նույն օրը տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ: Տվյալ իրավիճակում ստացվում է, որ անձը զրկվում է ձերբակալման, խափանման միջոցի ընտրման պահից իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից (ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդված) միայն այն պատճառով, որ պաշտպանի հետ տեսակցությունը ոչ աշխատանքային օրերին արգելված է քրեակատարողական հիմնարկների եւ ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգերով: Ուստի եւ, նախագծերում առաջարկվող կարգավորումների համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի եւ պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն է ընձեռվում նաեւ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին:
Ավելին, վերոնշյալ կարգավորումներն հավասարապես վերաբերում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում պահվող այն դատապարտյալներին, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթին ներգրավված են որպես մեղադրյալ: Հարցն այն է, որ նման դեպքերում քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալներին կալանավորելու անհրաժեշտությունը բացակայում է: Այսինքն՝ նրանք կալանավորված անձ չեն, սակայն մեղադրյալ լինելու դատավարական կարգավիճակի ուժով ունեն պաշտպանության իրավունք:
Կալանավորված անձի տեսակցությունը պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգերի ներկայիս կարգավորումները կալանավարված անձին հնարավորություն են ընձեռում տեսակցել միայն քրեական գործով պաշտպան ներգրավված փաստաբանի հետ՝ իրավաբանական օգնություն ցույց տվող անձանց շրջանակից դուրս թողնելով քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբաններին: Նման սահմանափակումներն, ինքնին կարող են հանգեցնել կալանավորված անձի իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի ոտնհարմանը: Իրականում հնարավոր չէ բացառել իրավիճակներ, երբ, ասենք, ամիսներ շարունակ անազատության մեջ գտնվող անձը կարող է ունենալ քաղաքացիական, վարչական, աշխատանքային կամ այլ ոլորտներում իրավաբանական օգնության կարիք: Ավելին, հնարավոր են իրավիճակներ, երբ կալանավորված անձը, ով, ընդ որում, հնարավոր է քրեական գործով պաշտպան չունենա, փաստաբանական խորհրդատվություն ստանալու կամ փաստաբանական ծառայությունների դիմելու կարիք ունենա, ասենք, քրեակատարողական մարմնի աշխատակիցների գործողությունները բողոքարկելու, քաղաքացիաիրավական գործարք կնքելու կամ կտակ կազմելու համար: Հետեւաբար, հաշվի առնելով նման գործնական խնդիրները լուծելու անհրաժեշտությունը՝ նախագծերով առաջարկվող կարգավորումները հնարավորություն են ընձեռում կալանավորված անձանց աշխատանքային օրերին եւ ժամերին սեփական միջնորդության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, առանձին, անարգել տեսակցել տվյալ քրեական գործով որպես պաշտպան չներգրավված այլ փաստաբանի հետ՝ իրավական այլ ոլորտներում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով: Սակայն, այս դեպքում կալանավորված անձը պետք է միջնորդություն ներկայացնի վարույթն իրականացնող մարմնին, որում պետք է հիմնավորի իրավաբանական օգնություն ստնալու անհրաժեշտության առկայությունը: Ներկայացված միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը քննարկում է եւ կայացնում համապատասխան որոշում: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդության քննարկումը եւ լուծումը, ինչպես նաեւ կալանավորված անձի կողմից դրա կապակցությամբ կայացված որոշման բողոքարկումը տեղի է ունենում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ի տարբերություն պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի՝ պաշտպան չհանդիսացող փաստաբանի եւ կալանավորված անձի տեսակցությունները կարող են տեղի ունենալ միայն աշխատանքային օրերին եւ ժամերին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նմանատիպ կարգավորումների առկայությունը նորույթ է ՀՀ իրավական համակարգում եւ գործնական իրացման տեսանկյունից գտնվում է ապրոբացիոն փուլում:
Տեսակցություն քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հավաստագրի հիման վրա:
Գործող օրենսդրական կարգավորումները ձերբակալված կամ կալանավորված անձի պաշտպանությունը ստանձնած պաշտպանի մուտքը քրեակատարողական հիմնարկ կապում են վարույթն իրականացնող մարմնի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ուղարկված գրության հետ, առանց որի վերջինս չի կարող տեսակցել իր պաշտպանյալին:
Գործնականում գոյություն ունեցող այս հարցն առաջարկվում է լուծել նախագծերում: Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հավաստագիրը փաստաթուղթ է, որը կհավաստի, որ տվյալ պաշտպանը քրեական գործով ձերբակալված կամ կալանավորված կոնկրետ անձի պաշտպանն է: Այս փաստաթուղթը, ի թիվս պաշտպանի անձը հաստատող փաստաթղթի եւ իրավաբանական գործունեության արտոնագրի կամ փաստաբանի վկայականի, հիմք կծառայի պաշտպանին տեսակցության թույլ տալու համար:
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած լուծումների համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակացության համար կալանավորված անձի միջնորդության հիման վրա կայացրած որոշման հիման վրա տալիս է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված հավաստագիր: Վերջինս նշված վայրի վարչակազմի համար հիմք է, որպեսզի թույլատրվի փաստաբանի մուտքն այդ վայր: Այդպիսի լուծումը նաեւ կարեւոր է այն իմաստով, որ կապահովվի փաստաբանական գաղտնիքը, ինչպես նաեւ կալանավորվածի անձնական կյանքի գաղտնիությունը: Մասնավորապես, բանն այն է, որ այս կերպ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը տեղյակ չի լինում՝ ինչ կոնկրետ խնդրի հետ կապված է կալանավորված կոնկրետ անձի հետ տեսակցության եկել փաստաբանը: Վարչակազմի ներկայացուցչի համար բավարար է քրեական վարույթն իրականացնող մարմնի հավաստագիրը փաստաբանի մուտքը թույլատրելու համար:
Տեսակցելու տեւողության սահմանափակման իրավական հնարավորություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ, եթե առկա է կասկածյալի մասնակցությամբ դատավարական այլ գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա վարույթն իրականացնող մարմինը կարող է սահմափակել տեսակցության տեւողությունը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կասկածյալին եւ նրա պաշտպանին, սակայն տեսակցության տեւողությունը բոլոր դեպքերում չի կարող երկու ժամից պակաս լինել:
Չարաշահումներից խուսափելու եւ քրեական գործի վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով նախագծում, ինչպես նաեւ դրա հիման վրա ընդունվելիք ՀՀ կառավարության որոշումների նախագծերում առաջարկվում է լուծում, որի ուժով՝ պաշտպանի եւ ձերբակալված անձի տեսակցությունների վրա տարածվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը:
Տեսակցության եկած ոչ բոլոր փաստաբանների կամ պաշտպանների հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն:
Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն ապահովելու ազատությունից զրկված անձանց լիարժեք իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը՝ միեւնույն ժամանակ նպատակ ունենալով բացառել այդ իրավունքի հնարավոր չարաշահման դեպքերը: Հենց այս նպատակով էլ առաջարկվում է, որ եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին: Ընդ որում, նախատեսվում է նաեւ նշված սահմանափակման հիմքը, այն է՝ քրեակատարողական վայրի անվտանգության եւ բնականոն աշխատանքի ապահովումը: Բացի այդ, իրավաբանական օգնության լիարժեք ապահովման տեսանկյունից որպես լրացուցիչ երաշխիք ամրագրվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձն ինքը կարող է ընտրել այն փաստաբաններին կամ պաշտպաններին, ում հետ ցանկանում է տեսակցել:
Որպես լրացուցիչ մեխանիզմ՝ նախատեսվում է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պետք է կայացնի գրավոր որոշում, որի պատճենը ենթակա է տրամադրման ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաեւ տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին:
Օրինական ներկայացուցչի հետ տեսակցություն:
Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձանց տեսակցություններին օրինական ներկայացուցիչների հետ, ապա, ըստ գործող օրենսդրական կարգավորումների, ձերբակալված կամ կալանավորված անձին օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն՝ ստացվում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձի օրինական ներկայացուցչի հետ տեսակցելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է քրեական վարույթն իրականացնող անձի թույլտվությունը:
Օրենքի նախագծով առաջարկվում է փոխել այդ տրամաբանությունը եւ սահմանել, որ, որպես սկզբունք, օրինական ներկայացուցչի հետ ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունները թույլատրելի են, քանի դեռ չեն արգելվել վարույթն իրականացնող մարմնի կողմից: Ստացվում է՝ օրինական ներկայացուցչի մուտքը ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայր չի թույլատրվի, եթե առկա է դրա հատուկ արգելք: Այսպիսի կարգավորումն առավել նպաստավոր է անձի իրավունքների տեսանկյունից:
Հարցի լուծման նմանատիպ տրամաբանություն է ընկած նաեւ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի հիմքում՝ կապված նախնական քննության տվյալների հրապարակման հետ: Մասնավորապես, եթե ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթական են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ (հոդված 201, մաս 1-ին), ապա Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներով, վարույթի մասնավոր մասնակիցները եւ վարույթին օժանդակող անձինք իրավունք ունեն հրապարակել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրենց հայտնի դարձած նախաքննության տվյալները, եթե քննիչը գրավոր չի արգելել դրանց հրապարակումը (հոդված 188, մաս 1-ին):
Փաստաբան չհանդիսացող անձի կողմից իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքերի նախատեսման վերաբերյալ Կառավարության պետաիրավական կոմիտեի հանձնարարականի իրացումը նախագծերում:
Ինչպես նշվել է սույն հիմնավորման առաջին մասում, ՀՀ կառավարության մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի 2015թ թվականի փետրվարի 12-ի նիստի հանձնարականի 1-ին կետի գ) ենթակետով ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է նախատեսել փաստաբան չհանդիսացող անձի կողմից իրավաբանական օգնություն ցուցաբերելու ողջամիտ եւ անհրաժեշտ դեպքեր: Այս առումով, հաշվի առնելով անազատության մեջ պահվող անձանց իրավաբանական օգնության իրավունքի ապահովման վերաբերյալ միջազգային փորձը եւ չափանիշները, ինչպես նաեւ ՀՀ իրավական համակարգի համադրված ուսումնասիրության արդյունքները, կարծում ենք՝ այդպիսի լուծումը նպատակահարմար չէ: Այդ դեպքում չափազանց բարդ կարող է լինել իրավաբանական օգնության իրավունքի իրացման համատեքստում հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ապահովումը:
Բացի այդ, ՀՀ գործող օրենսդրական կարգավորումները նախագծերում առաջարկվող լուծումների հետ միասին գործնականում կարող են ապահովել ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության իրավունքի պատշաճ իրացումը: Մասնավորապես, ձերբակալված անձինք ազատությունից զրկման 72 ժամյա ժամկետի ընթացքում տեսակցության հնարավորություն կունենան ինչպես պաշտպանի, այնպես էլ պաշտպանության նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ: Կալանավորված անձինք, նշված սուբյեկտներից բացի, ունեն նաեւ պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցելու հնարավորություն: Դատապարտյալները նույնպես ունեն փաստաբանների հետ տեսակցելու իրավունք: Նրանք կարող են տեսակցություններ ունենալ նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ (վերջիններիս թվում հաճախ լինում են նաեւ փաստաբաններ):
Վերջապես, այս կատեգորիայի անձինք կարող են ունենալ տեսակցություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդական գործունեություն իրականացնող խմբերի ներկայացուցիչների հետ:
Այսպիսով, նախագծով եւ դրա հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն, ոլորտի միջազգային չափանիշներին ու փորձին համապատասխան, ապահովել ձերբակալված եւ կալանավորված անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: Դրանք նպատակ ունեն նաեւ վերացնել առկա հակասությունները ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների միջեւ:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը:
Նախագծում եւ դրա հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող մշակվելիք նախագծերում առաջարկվող լուծումները նպատակ ունեն ապահովել ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության լիարժեք իրացումը՝ վերացնելով առկա խոչընդոտները:
Նախ, առաջարկվող փոփոխությունները ձերբակալված եւ կալանավորված անձանց հնարավորություն են ընձեռում տեսակցել ոչ միայն իր պաշտպանի, այլեւ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ: Ընդ որում՝ թե՛ պաշտպանի, թե՛ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ տեսակցությունները կարող են տեղի ունենալ նաեւ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին:
Հաջորդ կարեւոր քայլը վերաբերում է պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի՝ քրեակատարողական հիմնարկ առանց քննիչի ուղեկցության մուտք գործելուն, քանի որ այսուհետ վերջիններս քրեակատարողական հիմնարկ մուտք գործել կկարողանան քննիչի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ուղղված հավաստագրի հիման վրա:
Առաջարկվում է նաեւ թույլատրել կալանավորված անձի՝ սեփական միջնորդության հիման վրա տեսակցությունը քրեական վարույթին չներգրաված փաստաբանի հետ, եթե դա կապված է, ասենք, քաղաքացիական, վարչական, աշխատնքային կամ ցանկացած այլ ոլորտում իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտության հետ:
Եվ ի վերջո, առաջարկվում է նաեւ մեխանիզմ, որը հնարավորություն կտա բացառել չարաշահումների հնարավոր դեպքերը: Մասնավորապես, նախ, եթե կալանավորված կամ ձերբակալված անձին տեսակցելու է եկել մեկից ավելի փաստաբան կամ պաշտպան, ապա կալանավորված կամ ձերբակալված անձանց պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության եւ բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին: Ընդ որում, ձերբակալված կամ կալանավորված անձն ինքը կարող է ընտրել փաստաբաններին կամ պաշտպաններին, ում հետ ցանկանում է տեսակցել: Բացի այդ, ձերբակալված անձի եւ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ տեսակցությունները կարող են սահմանափակվել, եթե առկա է ձերբակալվածի մասնակցությամբ դատավարական այլ գործողություն կատարելու անհրաժեշտություն, սակայն ամեն դեպքում, տեսակցության ժամանակահատվածը չի կարող երկու ժամից պակաս լինել:
4. Ակնկալվող արդյունքը:
Ինչպես օրենքի, այնպես էլ դրա հիման վրա Կառավարության որոշումների նախագծերում առաջարկվող փոփոխությունների առաջնային նպատակն է ապահովել ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: Այս առումով, նախագծերի ընդունումը կնպաստի հատկապես Եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների ամբողջական կատարմանը:
Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կլուծվեն գործնականում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը եւ սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը՝ միեւնույն ժամանակ ապահովելով քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ու քրեական գործի քննության ընթացքում հանրային շահի պաշտպանությունը:
Եվ ի վերջո, այն հակասությունները, որոնք այսօր գոյություն ունեն այս ոլորտում գործող օրենսդրական ակտերի միջեւ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են ձերբակալված կամ կալանավորված անձանց, մասնավորապես` փաստաբանի հետ տեսակցությանը վերաբերող մի շարք դրույթներ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման պարագայում` ազատությունից զրկման վայրերում ազատությունից զրկված անձանց փաստաբանները (ձերբակալվածների դեպքում՝ պաշտպանները) հնարավորություն կունենան իրենց վստահորդներին տեսակցել նաեւ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
[1] Կասկածյալի մասով բացառություն է արվում օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասում, որին կանդրադառնանք սույն հիմնավորման հետագա շարադրանքում: