Armenian ARMSCII Armenian
Կ-8861-28.10.2015,07.12.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Գրավի առարկա իրեղեն ապացույցները եւ գրավի առարկա առգրավված այլ առարկաները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետ են վերադարձվում դրա օրինական տիրապետողին բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի վնասում պատշաճ ապացուցմանը:

1.2. Կալանքի տակ գտնվող իրեղեն ապացույցների՝ կալանքից ազատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 238 հոդվածի1.1-ին մասով: »:

Հոդված 2 . Օրենսգրքի 238-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Գրավի առարկան կալանքի տակ լինելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավառուի միջնորդությամբ կայացնում է որոշում այդ գույքն իրացնելու նպատակով կալանքից ազատելու մասին, եթե գրավի առարկան չի հանդիսանում՝

ա) հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք.

բ) ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք.

գ) քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույք, որի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձինք դատական կարգով վիճարկում են:

Գրավառուի պահանջները բավարարելուց ու գույքի իրացման ծախսերը նվազեցնելուց հետո մնացած միջոցները գրավառուն փոխանցում է քրեական վարույթ իրականացնող մարմնի դեպոզիտ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: