Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8863-28.10.2015,07.12.2015-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 50-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 50. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում` բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 236 հոդվածով սահմանված կարգով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման եւ գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:

Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում, գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Դատական կարգով պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ: Արտադատական կարգով վաղաժամկետ կատարման կամ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ (բռնագանձման ծանուցում) ներկայացված լինելու կամ ներկայացվելու դեպքում, գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը եւս բավարարվում է առաջնահերթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում` վերջինիս դեպքում գրավառուն իրավասու է ինքնուրույն եւ իր հայեցողությամբ բռնագանձում տարածել այդ գույքի նկատմամբ եւ իրացնել այն, այդ թվում երրորդ անձին ի սեփականություն հանձնել` պարտավորության նկատմամբ առաջացած դրական մնացորդի նկատմամբ ապահովելով ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը:

2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնում նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվում է գրավ դրված գրավառուի մոտ:

3. Սույն հոդվածը տարածվում է այն գրավի առարկայի վրա, որից բավարարում ստանալու գրավառուի նախապատվության իրավունքը սահմանված է օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: