Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «պահանջելիս» բառից հետո լրացնել «կամ ժամկետանց պարտավորությունների դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելիս» բառերով:
Հոդված 2 . Օրենքի 44.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով գրավի առարկան գրավառուի կողմից իրացվելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.»:
Հոդված 3. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոդված 50. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը
1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման եւ գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:
Գրավ դրված գույքի վրա արգելանք դնելը արգելք չէ գրավի առարկան գրավառուի կողմից բռնագանձվելու եւ իրացվելու համար: Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Դատական կարգով պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ: Արտադատական կարգով վաղաժամկետ կատարման կամ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ (բռնագանձման ծանուցում) ներկայացված լինելու կամ ներկայացվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը եւս բավարարվում է առաջնահերթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, վերջինիս դեպքում գրավառուն իրավասու էինքնուրույն եւ իր հայեցողությամբ բռնագանձում տարածելու այդ գույքի վրա եւ իրացնելու այն, այդ թվում՝ երրորդ անձին ի սեփականություն հանձնելու` պարտավորության նկատմամբ առաջացած դրական մնացորդի նկատմամբ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը: Գրավի առարկայի իրացման եւ գրավով ապահովված պարտավորությունների բավարարումիցհետո մնացած գումարի վրա բռնագանձում է տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, եւ այդ գույքի վրա բռնագանձում չի տարածում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո գույքը համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչեւ գույքի հարկադիր աճուրդով իրացումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գրավի իրացման նախընտրելի եղանակի մասին գրավառուն պարտավոր է հարկադիր կատարողին տեղեկացնել հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Եթե նշված մեկամսյա ժամկետում գրավառուն հարկադիր կատարողին չի տեղեկացնում գրավի առարկայի՝ իր կողմից բռնագանձման նախընտրելի տարբերակի մասին, ապա գործընթացը շարունակվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։»:
Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: