Armenian ARMSCII Armenian
Կ-8864-28.10.2015,07.12.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.

«Հոդված 33.1. Գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկությունները եւ դրանց տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ գրավառուի կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկություններն արտացոլվում են անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում:

2. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններն արտացոլում է իրավական կադաստրի տեղեկատվության կազմում, ինչպես նաեւ տրամադրում է առանձին տեղեկանքով՝ սույն օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով՝ սույն օրենքով սահմանված համապատասխան վճարի մուծման դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) հիփոթեք դրված գույքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով սահմանված կարգով բռնագանձման արդյունքում իրացնելու, այդ թվում՝ հրապարակային սակարկություններով վաճառվելու կամ գրավառուին սեփականության իրավունքով անցնելու դեպքում.»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.1-ին հոդվածով.

« Հոդված 41.1.Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման գործընթացում պետական գրանցման առանձնահատկությունները

1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկողի (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի)՝սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված դիմումը:

2. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա:

3. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն, գրավի իրավունքը գրանցելիս գրանցման մատյանում եւ գրանցման վկայականում գրավի իրավունքի սուբյեկտի անվան (անվանման) համար նախատեսված դաշտում լրացվում է «արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) որպես արժեթղթի սեփականատեր գրանցված անձ» արտահայտությունը:

4. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի տեղաբաշխման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, թողարկողը (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձը) անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում տեղաբաշխման կայացման կամ չկայացման մասին տեղեկանք` տրված արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից: Այն դեպքում, երբ՝

1) տեղաբաշխումը կայացել է, թողարկողը (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձը) անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում նաեւ տեղաբաշխման վերջնական ծավալների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա վերջնական ծավալների փոփոխության դեպքում իրականացվում է գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում.

2) տեղաբաշխումը չի կայացել, թողարկողը (կամ թողարկողի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձը) անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում նաեւ հիփոթեքի պետական գրանցումը չեղարկելու դիմում:

5. Ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած՝ արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահից:

6. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում՝ հիփոթեքի դադարման պետական գրանցումը պայմանագրի կողմերից որեւէ մեկի, իսկ դատական կարգով հիփոթեքը դադարելու դեպքում շահագրգիռ անձի դիմումով իրականացվում է՝

1) հիփոթեքով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների դադարման դեպքում.

2) հիփոթեք դրված գույքի ոչնչացման դեպքում.

3) հիփոթեք դրված գույքը հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների բավարարման նպատակով բռնագանձման արդյունքում գույքն իրացնելու կամ գրավառուներին սեփականության իրավունքով անցնելու դեպքում.

4) հիփոթեքը դադարեցնելու մասին համաձայնագիր կամ հիփոթեքը դադարեցնող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ներկայացնելու դեպքում:

7. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում՝

1) հիփոթեքով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների դադարման հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ է համարվում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից հիփոթեքով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը.

2) հիփոթեք դրված գույքի ոչնչացման հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ են համարվում սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը.

3) հիփոթեք դրված գույքը հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների բավարարման նպատակով բռնագանձման արդյունքում գույքն իրացնելու կամ գրավառուներին սեփականության իրավունքով անցնելու հիմքով հիփոթեքի պետական գրանցումը համարվում է դադարեցված հիփոթեքի առարկայի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման պահից.

4) հիփոթեքը դադարեցնելու մասին համաձայնագիր ներկայացնելու հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ է համարվում հիփոթեքը դադարեցնելու մասին համաձայնագիրը.

5) հիփոթեքը դադարեցնող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ներկայացնելու հիմքով հիփոթեքի դադարման պետական գրանցման համար հաստատող փաստաթուղթ է համարվում հիփոթեքը դադարեցնող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:»:

Հոդված 4. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին ենթակետով.

«12.1) գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկություններն իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլելու, գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար՝ 1000 դրամ.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: