Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11331-04.08.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ գլխի վերնագրում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքը լրացնել 19.1-ին հոդվածով՝ բովանդակությամբ.

«Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձեւավորման ոլորտում

1. Լիազոր մարմինը իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում եւ նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաեւ հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետում «նպատակով,» բառից հետո լրացնել «կամ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում,» բառերը.

2) 6-րդ, 6.1-ին եւ 6.2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

«7) Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնել սթափության վիճակի ստուգում:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում.»:

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով սահմանված անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումները կամ շահերի բախման կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածը՝ 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասով եւ 3-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը: