Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6.1-ին կետում «եւ բացահայտման» բառերը փոխարինել «, բացահայտման եւ պետական վիճակագրության վարման» բառերով.
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության կանոնադրություններում կատարվում են փոփոխություններ, որոնք ուժի մեջ մտնելու օրվանից հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը գործում է ներքին գործերի նախարարության կազմում:
3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայության այդ պաշտոնները զբաղեցվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը սահմանելու մասին» N 288-Ա որոշմամբ սահմանված կարգով:
4. Ոստիկանության ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, եւ պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը: