Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11361-13.08.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Աղբավայրը տնօրինողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը տնօրինող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումը կրկնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը տնօրինող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: