Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11394-20.08.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքի /այսուհետ՝ օրենք/ 7-րդ գլուխը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 7
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 29. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու հիմքերը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց ղեկավարները կամ փաստաթուղթը ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների, իրավակարգի քաղաքական եւ տնտեսական շահերի պաշտպանության նպատակով կարող են սահմանափակել տեղեկությունների հասանելիությունը՝ դրանք դասելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին, եթե այդ տեղեկությունները պետական գաղտնիքի տարրեր են պարունակում, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:

2. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չեն:

Հոդված 30. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումները

1. Արգելվում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասել.

 1) հասարակական կարծիքի հարցումների արդյունքները.

 2) ընդհանրացված վիճակագրական հետազոտությունները կամ վերլուծությունները.

 3) տնտեսական եւ սոցիալական կանխատեսումները.

4) շրջակա միջավայրի պահպանության  եւ արտանետումների մասին տվյալները.

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների  աշխատանքի կամ գործառույթների հաշվետվությունները, պարտականությունների կատարման որակի կամ կառավարչական սխալների վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանք  չեն բացահայտում  պետական գաղտնիք կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք.

6) տեղեկություն, որը վնասում է կամ կարող է վնասել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձի, իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակությունը, բացառությամբ անձնական տվյալների կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալների, որոնց բացահայտումը կխախտի տվյալների սուբյեկտի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.

7) սպառողների շահերի պաշտպանությունից բխող ապրանքների եւ ծառայությունների որակի մասին տեղեկությունները.

8) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատվիրված հետազոտությունների կամ վերլուծությունների արդյունքները, եթե դրանք  չեն բացահայտում  պետական գաղտնիք կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք.

9) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային միջոցների օգտագործման մասին փաստաթղթերը, այդ թվում՝ բյուջեից վճարված կամ վճարվող աշխատավարձերը եւ այլ վարձատրությունները կամ փոխհատուցումները, եթե դրանք  չեն բացահայտում  պետական գաղտնիք կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք.

10) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գույքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունը, եթե դրանք  չեն բացահայտում  պետական գաղտնիք կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք.

11) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գույքի վերաբերյալ տեղեկությունը, եթե դրանք  չեն բացահայտում  պետական գաղտնիք կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք.

12) անձանց իրավունքների, ազատությունների, պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահվում են գրադարանների բաց ֆոնդերում կամ կազմակերպությունների բաց տեղեկատվական համակարգերում.

13) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ անձանց իրավունքները եւ ազատությունները, դրանց իրականացման կարգերը սահմանող իրավական ակտերը.

14) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դիմումների եւ հանրագրերի քննարկման եւ դրանց արդյունքներով որոշումների կայացման կարգերը.

15) սահմանված կարգով քննարկված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դիմումների եւ հանրագրերի վերաբերյալ կայացված որոշումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

16) բյուջեի կատարման, տնտեսության ընդհանուր վիճակի եւ բնակչության կարիքների մասին տեղեկությունները.

17) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:

Հոդված 31. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիությունը

1.  Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք իրավունք ունեն առնչվելու սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին, այն ծավալով, որն անհրաժեշտ է իրենց պարտականությունները պատշաճ կատարելու համար: Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց սահմանափակումներ սահմանած մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված համապատասխան պաշտոնատար անձի թույլտվության:

Հոդված 31.1. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիության սահմանափակումները

1. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիությունը սահմանափակվում է այդ տեղեկության մշակման, պատրաստման կամ ստացման պահից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մինչեւ այն պատճառի վերանալը կամ իրադարձության վրա հասնելը, որոնք  նախատեսված են տվյալ տեղեկությունը որպես սահմանափակ տարածման դասակարգելու հիմնավորմամբ,  մինչեւ հինգ տարի ժամկետով: Մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված համապատասխան պաշտոնատար անձը կարող է երկարաձգել տեղեկության հասանելիության սահմանափակման ժամկետը եւս մինչեւ երկու տարով, եթե հասանելիության սահմանափակում սահմանելու հիմքը կամ պատճառը չի վերացել:

2. Պետական մարմինների կողմից վերահսկողության, հսկողության եւ ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերին հասանելիության սահմանափակումը գործում է մինչեւ համապատասխան մարմնի կողմից որոշումների ընդունումը եւ ուժի մեջ մտնելը, եթե չկա տեղեկության հասանելիությունը սահմանափակելու օրենքով նախատեսված այլ հիմք:

3. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետները հաշվարկվում են այդիպիսի սահմանափակում կիրառելու՝ տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու պահից:

Հոդված 31.2. Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն դասակարգելու  կարգը

1.  Համապատասխան մարմնի ղեկավարը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք կարող են դասակարգվել որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն՝ նշելով սույն օրենքով կամ այլ օրենքով նախատեսված հիմքը: Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասում է տեղեկությունները մշակող (կատարող) կամ հաստատող (ստորագրելու իրավասություն ունեցող) պաշտոնատար անձը կամ համապատասխան մարմնի ղեկավարը:

2. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության տեղեկակիրների վրա կատարվում է «Ծառայողական օգտագործման համար» նշում: Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն մշակող /պատրաստող/  անձը պարտավոր է տեղեկակիրի վերեւի աջ անկյունում մեծատառով կատարել «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» նշումը կամ «ԾՕՀ» հապավումը, որի տակ լրացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների անվանումը կամ անվանման հապավումը կամ կրճատ անվանումը, հղում սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկի համապատասխան կետին, սահմանափակման գործողության վերջնական ժամկետը եւ վերը նշված նշումը կատարելու ամսաթիվը:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (իրավաբանական անձանց) համապատասխան պաշտոնատար անձինք տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն դասակարգելուց հետո պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել բոլոր նրանց, ում փոխանցել է այդ տեղեկությունը:

4. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարությունն իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (իրավաբանական անձանց) ոչ գաղտնի գործավարություն իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանումների կողմից:

5. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման համակարգի մարմինների միջեւ (այդ թվում՝ պահպանությունը) իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից դուրս՝ այդ թվում թղթային տարբերակով, փաստաթղթաշրջանառության դեպքերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների, հասարակական կարգի պահպանության ոլորտում լիազորված մարմինների համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարության կարգը սահմանվում է կառավարության կողմից:

Հոդված 31.3. Հասանելիության սահմանափակումը վերացնելը

1. Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասած պաշտոնատար անձը պարտավոր է վերացնել սահմանափակումը, եթե վերացել են տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու հիմքերը կամ լրացել է սահմանափակման՝ օրենքով սահմանված ժամկետը եւ սահմանափակման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը բացակայում է:

2. Եթե տեղեկության հասանելիության սահմանափակումը վերացվում է, ապա տեղեկակրի «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերի կամ «ԾՕՀ» հապավման վերեւում կամ ներքեւում հոծ տառերով կատարվում է «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԱԾ է» նշումը:

3.Սահմանափակումը վերացնելուց հետո տվյալ փաստաթղթի փաստաթղթաշրջանառությունը եւ գործավարությունն իրականացվում է ընդհանուր կանոններին համապատասխան:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են տեղեկության հասանելիության սահմանափակումը վերացնելու մասին անհապաղ տեղեկացնել բոլոր նրանց ում փոխանցել է այդ տեղեկությունը:

Հոդված 31.4. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների  պահպանությունը եւ պաշտպանությունը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության միջոցներ, պահպանելու եւ պաշտպանելու համար.

1) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության ամբողջականությունը՝ պատահական կամ դիտավորյալ չարտոնված փոփոխություններից.

2) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունը՝ պատահական կամ դիտավորյալ ոչնչացումից.

3) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության բացահայտման կամ հրապարակման սահմանափակումները՝ պատահական կամ դիտավորյալ  տարածումից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցները կիրառվում են «Ծառայողական օգտագործման համար» նշումով բոլոր տեղեկակիրների համար:

3. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն հրապարակած կամ այդպիսի տեղեկության փաստաթղթաշրջանառության կարգը խախտած անձինք ենթակա են  կարգապահական պատասխանատվության:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը համապատասխան մարմինները պարտավոր են ընդունել մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը: